Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
05:36, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
    
    

Պարոն Վարչապետ, Դուք ձեր պաշտոնը ստանձնում եք Մայիսի մեկին, կարծում եմ խորհրդանշական է, որ այս թավշյա հեղափոխությունը գլխավորելուց ու հաղթելուց հետո, դուք զբաղացնում եք այս պաշտոնը հաղթանակի ամսվա առաջին օրը։ Դուք անհնարինը դարձրեցիք հնարավոր: Դուք տարաք ձեր ետևից տասնյակ հազարներ, բաց ձեռքերով կանգնեցիք ոստիկանների առաջ, գրկախառնվեցիք Ձեզ բերման ենթարկողների, Ձեզ բանտարկողների ու վարկաբեկողների հետ։


    

Դուք կարողացաք տանից դուրս հանել անգամ այն մարդկանց, ովքեր միայն խոհանոցում էին դժգոհում իրեց կյանքից: Ովքեր հուսահատ ուսերն էին թափահարում ու վանկարկում, որ երկիրը երկիր չի: Դուք ի լուր աշխարհի հայտարարեցիք, որ սա սիրո հեղափոխություն է: Դուք հազարամյա ժողովրդի դեմքին ժպիտ դակեցիք, ստիպեցիք, որ մարդկանց աչքերում առկայծի վաղվա օրվա նկատմամբ հավատը, վերացրեցիք փշալարերը։Ապրիլը վերածեցիք ապրելու ամսվա:


    

Դուք զինվեցիք եռագույնով ու ազատության ջահը ձեռքներիդ շրջեցիք Հայաստան աշխարհով: Քրիստոնեական առաքելությամբ վարվեցիք դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանայիք որ ձեզ հետ վարվեն։ Իսկ արդյո՞ք ներել եք այն մարդկանց, ովքեր Ձեզ դատապարտեցին ազատազրկման, ովքեր նաև Ձեր պարանոցին կապեցին մարտի մեկը, ովքեր ձեզանից յոտ տարի էին ուզում խլել, ովքեր ձեզ որակում էին խորհրդարանական խեղ կատակ, արևմուտքի գործակալ, ճարտասան լեզվանի, ով միայն փայլուն հռետոր է և վերջ։
     Հուսամ որ ներել եք․․․


    

Քաղաքականության մեջ գուշակությամբ զբաղվողները հիմարներ են: Ով կմտածեր, որ մենք ականատեսը կլինենք ներքաղաքական այս զարգացումների։ Պատմությունը կերտվում է ամենաանսպասելի ժամանակներում: Մեր սերունդը փաստորեն հեղափոխական է: Մենք ուրիշ ենք, մենք անկախության սերունդն ենք, Արցախի պատերազմի տարիներին մեծացած սերունդը, ազգային զարթոնքի սերունդը, մութ ու ցուրտ տարիների սերունդը, դատարկ խանոթների, հացի հերթերի, հարևաններով մի օջախի շուրջ հավաքվող և մի պատառ սև հաց ստացած ու իրար մեջ կիսող սերունդն ենք: Վզկապ երբեք չկապած սերունդը, լենինին չմեծարած սերունդը: Մենք չունենք անցյալ: Մեզ ապագան է պատկանում: Հեղափոխական սերունդ….


    

Սակայն ավագների հետ զրուցելիս, շատերը զգոնությամբ հիշում են 91 թվականի անկախացման տոնախմբությունները, ինչպես Անկախության տոնը վերանվանեցին անտերության տոն: Ինչպես էին փողոցում բղավում ԼևՈ՛Ն ԼևՈ՛Ն: Հետո հիշեցին նույն Լևոնին հասցեյագրված անեծքները, հրաժարականի խրախճանքը, ինչպես էին ազգովի տոնում նրա հեռացումը․.․ Հրաշքով կիսադատարկ խանութներից շոմպայն գտնում և հյուրասիրում միմյանց: Ավագ սերնդի հետ խոսելիս գրեթե բոլորը փաստում են, որ էյֆորիկ վիճակը անցնում էր շուտ, մեկ երկու տարուց։


    

Մի թե այդ նույն շոմպայն հյուրասիրողները չէին, որ 2007-ին սկսեցին վանկարկել պայքար պայքար մինչև վերջ, Լևոն նախագահ…Քոչարյանի հետ կապում էին երկրի տնտեսության վերածնունդը, արժանապատվության վերականգնումը, միջազգային հարթակներում դիրքերի ամրապնդումը…Ինչպես են հիմա հիշում Քոչարյանին:
     Հետաքրքիր բան է չէ հեղափոխությունը:


    

Պարոն Վարչապետ վստահ եմ, որ գիտակցում եք, թե որքան մարդկանց եք ժպիտ տվել, քանիսն են հավատում վաղվա օրվան, գիտակցում եք չէ, որ ի տարբերություն նախորդների, իշխանության եք եկել սիրով ու Ձեր իսկ նվիրած ժպիտները այլևս իրավունք չունեք խլել մարդկանցից։Այս բարդ ժամանակաշրջանում Դուք ստանձնում եք Հայաստան աշխարհի ղեկը, իսկ մենք աշխարհասփյուռ Ձեր դեսպաններն ենք, ովքեր և երեկ և այսօր կանգնած են Ձեր կողքին:


    

Մի ամբողջ ազգ հավատում է Ձեզ… Թող Ձեզնից առկայծող սերն ու ջերմությունը խթանի մեր երկրի զարգացումը, թող սպիանա մեր ազգի արյունահոսող վերքը, թող վերջապես աղետի գոտին վերակառուցվի, թող ամրանա հայոց բանակը և դավադիր գնդակից օջախի ծուխ չմարի, թող ձեր օրոք հայրենիք սփյուռք կապը քարկապ ընկնի, թող տարեց մարդը կյանքի մայրամուտը ապրի արժանավայել, գիտնականը գիտությամբ զբաղվի, մանկավարժը սերունդ կրթելով, բժիշկը կյանքեր փրկելով: Թող ամեն բան հայտնվի իր տեղում ու օրինականությունը դառնա ապրելակերպ, հավասարություն բնավորության գիծ:


     Պարոն Վարչապետ, ձեզ համբերություն, ուժ, եռանդ, առողջություն, որ կարողանաք կյանքի կոչել մեր ամենանվիրական գաղափարները։ Որ Հայաստան աշխարհը դարձնեք ծաղկուն բանկավայր, որտեղից մարդիկ չեն հեռանա, այլ հակառակը: Անկախությունից ի վեր երբեք իշխանության եկած մարդը չի արժանացել այսքան սիրո ու ծափահարությունների։ Դա պարտավորեցնող է։ Դուք պատասխանատու եք պատմության առաջ:


    

Տարիները կանցնեն մենք էլ կանցնենք ու երբ նոր սերունդը ամենակարող գրիչը ձեռքին կսկսի սրբագրել քսանմեկերրորդ դարի երրորդ տասնամյակի պատմությունը, երանի գրի, որ տարիներ առաջ, Նիկոլի թվին Հայաստանի Հանրապետությունը ապրում էր իր ամենագեղեցիկ, ամենաապայծառ, ամենաառաջադեմ ժամանակաշրջաններից մեկը։ Տա Աստված, որ այս ժամանակահատվածի մասին խոսելիս սերունդները ձեռքները դնեն սրտներն, որ ձայնը դողա հուզմունքից, որ փշաքաղվեն ամեն մի ձեռքբերում նշելիս, իսկ մենք, այս հեղափոխության ականատեսներս, խոր ծերության օրոք գրկելով մեր թոռներին, պատմենք թե ինչպես տարիներ առաջ, Նիկոլի թվին Երկիրը դարձավ երկիր, ինչպես ամեն մի քաղաքում ու գյուղում թնդաց հայեցին ու հայկականը, ծածնվեց եռագույնը ու խորհրդանշեց պատմության մի նոր ժամանակաշրջանի մեկնարկ։Ինչպես ոտքի կանգնեց մի ողջ ժողովուրդ ու գնաց Նիկոլի ետևից: Ձոր ու քաղաք, սար ու հովիտ ողողեց սիրով ու բաց ձերքերով գրկեց մերձավորին:


    

Պարզվեց որ Նիկոլի թիվը ոչ թէ երեկն էր, այլ այսօր ու վաղն է: Ապրենք այնպես, որ նայելով մեր թոռների աչքերի մեջ չամաչենք, ինչպես օրինակ նախկին Բոլշեվիկները, Ֆաշիստները, Պինոչետները, Բոնդեռները…
     Մենք հավատում ենք, որ սա սիրո հեղափոխություն է, ուստի և հավատում ենք, որ ՙՙՆիկոլի թվին՚՚ արտահայտությունը Դուք վերափոխելու եք բարեկեցության և բարգավաճման հոմանիշի։
     Տա Աստված որ այդպես լինի, Նիկոլի թվին, Դուխով առա՛ջ։

Շարքային, բայց ՀՀ հպարտ քաղաքացի Ռաֆայել Մնացականյան:


    

Հայի ամերիկյան օրագիրը շարքից 30/ապրիլի/2018թ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
43004 | 0 | 0
Facebook