Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

#ֆորում2018. Ինչպե՞ս բարելավել կրթական ծրագրերը և կրթված մասնագետներ թողարկել

13:55, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
#ֆորում2018. Ինչպե՞ս բարելավել կրթական ծրագրերը և կրթված մասնագետներ թողարկել

«Որակի ապահովման 4-րդ ֆորումը հասավ իր նպատակին: Կարծում եմ, որ ֆորումի մասնակիցներն իրենց ուսումնական հաստատություն կգնան՝ իրենց հետ տանելով երկօրյա բուռն քննարկումների արդյունքները, բարձրացված հարցերն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն, կփորձեն լուծումներ փնտրել», - ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովմանա զգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ամփոփելով ապրիլի 16-17-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցած «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով ֆորումը:
    
    

Պարոն Թոփչյանը նշում է, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի շնորհիվ բուհերը փոփոխել են իրենց ռազմավարությունները, կրթական գործընթացները կանոնակարգող ներքին փաստաթղթերը: Գործընթացի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատություններում ադմինիստրատիվ մակարդակում որակն ապահովված է, ժամանակն է աշխատելու մասնագիտության կրթական ծրագերրի որակի ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ:

«Մեծ հաշվով դասախոսը, որը կրթական գործընթացի հիմնական դերակատարն է, պետք է իր արած գործի արդյունավետությունը գնահատի և ապահովի մեխանիզմներ ժամանակին համընթաց ընթանալու, աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար», - ասում է պարոն Թոփչյանը՝ հավելելով որ ֆորումն ուղերձ է դասախոսներին, որ փնտրեն նորարարական մոտեցումներ, որոնցով կապահովեն ուսուցանող գնահատում, որպեսզի ուսանողը կիսամյակի ընթացքում ոչ թե մեկ անգամ քննություն հանձնի և այդքանով ավարտվի սովորելու գործընթացը, այլ շարունակաբար սովորի:

«Հրավիրել ենք հեղինակավոր փորձագետների Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից, որոնք այս երկու օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց երկրի լավագույն փորձը», - ասում է պարոն Թոփչյանը:

Երկօրյա ֆորումի ընթացքում Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը ներկայացրեց բուհերի ռազմավարության և պետության կարիքների համապատասխանեցման եվրոպական փորձը:

Հոլանդացի մասնագետը Հայաստանյան կրթության ոլորտի ներկայացուցիչներին պատմեց նաև նախաբակալավրական կրթության ոլորտում Նիդեռլանդների անցած ճանապարհի, քաղած դասերի և լավագույն փորձի մասին: Նա նշեց, որ կարճ շրջափուլով կրթություն իրականացնելիս սկզբում անհաջողության են մատնվել, սակայն որոշակի փոփոխություններից հետո բարեփոխումն հաջողել է:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ նախաբակալավրական կրթությունը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել: «Ներկայում մարդիկ, որոնք ուզում են մասնագիտություն փոխել, մագիստրատուրա են դիմում: Սակայն մագիստրատուրան բոլորովին այլ նշանակություն ունի: Նախաբակալավրական կրթությունը հնարավորություն կտա համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերել կարճ ժամանակում և վերաորակավորվել», - ասում է նա:

Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։

Մեծ Բրիտանիայի Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր Անն Մունը պատմեց, թե ինչպես են իր երկրում ուսումնական հաստատությունները փոխկապակցում կրթության տարբեր մակարդակները, կրթական ծրագրերի վերջնարդյունքն ու ընթացիկ գնահատումը և այլն:

Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած բուհ-գործատու համագործակցության մոդելը, առկա արդյունքները, որի կիրառումը կնպաստի աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմանը: Ֆորումի մասնակիցները հարցեր հղեցին զեկուցողներին՝ հստակեցնելու, թե ինչպես կարող են մոդելը տեղայնացնել և կիրառել իրենց ուսումնական հաստատություններում:

Ֆորումի մասնակիցները քննարկեցին «Միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ» հարցը: Մեծամասնության կարծիքով` մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն մասնագետներ, իհարկե, չանտեսելով ընդհանուր կրթությունը: Կրթված մարդ ունենալու գործում շեշտադրվեց դպրոցի դերը:
    
    

Երկօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլում սպասվող փոփոխություններին, որակի ապահովման շրջանակներում գիտակցված բարեփոխումների անհրաժեշտությանը:
    
    

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, կարևորելով ՈԱԱԿ նախաձեռնած մասնագիտական քննարկումները, առաջարկեցին տարվա մեջ մեկից ավել անգամ որակի ապահովման շահակիցների համաժողովներ կազմակերպել:
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
555 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ