Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Սատանայի կերպարանափոխությունները

22:30, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Սատանայի կերպարանափոխությունները

Միջնադարյան նշանավոր «դևաբան» Լալուայը հետևյալն է գրել.

«Չկա մի այնպիսի չորքոտանի կենդանի, որի կերպարանքը սատանան առած չլինի: Այս մասին վկայել են անապատներում մեկուսացած ճգնավորները: Այսպես, օրինակ, Եգիպտոսի անապատում ապրած սուրբ Ավգուստինոսին սատանան գայլերի, առյուծների ու ցուլերի կերպարանքներով է հայտնվել: Աղոթքի ժամանակ սուրբ Իլարիոնին անդադար հայտնվել են ոռնացող գայլը, կողկոնձացող աղվեսն ու վիթխարի շունը: Երբեմն սատանան ճգնավորներին հայտնվում է նույնիսկ Հոբի գրքում հիշատակված Լևիաֆանի տեսքով: Բայց չգոհանալով չորքոտանիների տեսքով՝ սատանան հայտնվում է նաև թռչունների, ճանճերի, բոռերի և այլ արարածների տեսքով: Եթե անհրաժեշտ է լինում՝ մարդկային ցեղի թշնամին նույնպիսի դյուրությամբ որևէ անշունչ առարկայի (խոտ, թուփ, մացառ, ծառ, ոսկի, արծաթ, կրակ, ջուր, քամի, կայծակ և այլն) կերպարանք է առնում: Ժողովրդական պատումներում սատանան կերպափոխում է հենց մարդկանց աչքերի առաջ: Օրինակ՝ հսկայից վերածվում է թզուկի, թռչնից՝ գազանի, կրակից՝ ոսկու և այլն»:

Միջնադարյան մեկ այլ դևաբան՝ Յոհան Վիրը, պատմում է այն մասին, թե ինչպես մի կուսանոցում սատանան կատակներով երկար ժամանակ տանջում է միանձնուհիներին: Նա, օրինակ, որպես պտտահողմ ներխուժում է նրանց ննջարաններ, ապա սկսում է վիներով կամ տավիղներով այնպիսի կրակոտ պարեղանակներ նվագել, որ միանձնուհիներն սկսում են ինքնաբերաբար ցատկոտել ու պարել: Այդ դժոխային պարահանդեսի ամենաթեժ պահին որտեղից որտեղ մի վիթխարի արու շուն է հայտնվում, որը նետվում է հատկապես այն միանձնուհիների վրա, որոնք մինչև մենաստանում հայտնվելը ինչ-որ առանձնահատուկ մեղք էին գործել: Քյոլնի մերձակայքում գտնվող մեկ այլ մենաստանում սատանաները շնիկների կերպարանք են առնում ու փորձում են սողոսկել միանձնուհիների փեշերի տակ: Մեկ ուրիշ կանացի մենաստանում էլ սատանաները կատուների կերպարանքով են այս նույն բանն անում:

Սատանան հատկապես սիրում է այծի կերպարանքով հայտնվել:

Անհրաժեշտության դեպքում նա նաև մահացած մարդկանց կերպարանք է առնում: Վերն հշատակված Լելուայը պատմել է այն մասին, թե ինչպես է սատանան գայթակղել մի կնոջ, որի ամուսնուն դեռ նոր էին կախաղան հանել: Բայց այս «եղելությունը» Լալուայն այնպես է խճճել, որ հնարավոր չէ այնպես վերապատմել, որ գոնե մի քիչ ճշմարտանման ստացվի: Զգալով, որ իր ընթերցողին դժվար թե կարողանա համոզել՝ հեղինակն անմիջապես մեկ այլ նմանատիպ «փաստի» է անդրադառնում, որպեսզի դրա օրինակով բացատրի, թե ինչ է ուզում ասել: Նա պատմում է, թե դևը ոմն Նիկոլ Օբրիի սկզբում հայտնվում է նրա հանկարծամահ եղած հոր կերպարանքով: Հանգուցյալն իր այս դստերը խնդրել էր իր հոգեհանգստի համար մի քանի պատարագ մատուցել և ուխտագնացություն կատարել: Այս ամբողջ ընթացքում մահացածն անդադար հետևել էր դստեր գործողություններին: Պարզամիտ կինը, ամենևին չկասկածելով, որ տեսնում է իր հանգուցյալ հոր հոգին, կատարում է այն բոլոր բարեպաշտական «սխրանքները», որոնք սատանան իրենից պահանջում էր: Երբ դևը համոզվում է, որ այս կինը կատարելապես հնազանդվում է իր պահանջներին, փոխում է իր կերպարանքը ու ներկայանում է տձև ու այլանդակ ուրվականի տեսքով, անմիջապես փոխում է իր պահանջների բնույթն ու սկսում է նրան մղել մե՛րթ ինքնասպանության, մե՛րթ զանազան մահացու մեղքերի:

Մեկ այլ դևաբան՝ Բոդենը, գրի է առել այսպիսի մի «դեպք»: Մի ձորում հավաքված մարդկանց խմբին հանկարծ հայտնվում է կնոջ կերպարանք առած չար ոգին: Կինն անդադար հեծկլտում է, և այն հարցին, թե ով է նա և ինչ է ուզում, չար ոգին կնոջ բերանով պատասխանում է, թե ինքն այն մահացած կնոջ հոգին է, որը հանգիստ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ իր պատիվն արատավորողները իր համար մի քանի անգամ պատարագ չեն մատուցել: Դրանից բացի, չար ոգին նաև մի քան կատարելապես իրական ու սրտառուչ եղելություններ է պատմում՝ չափազանց զարմացնելով ու լիովին համոզելով մարդկանց, որ իրենց առջև այդ մահացած կնոջ հոգին է կանգնած: Բայց ձորում գտնվող տղամարդկանցից մեկը, բարեբախտաբար, որոշում է, որ պետք է կնոջը փորձել.

-Եթե դու ուզում ես, որ մենք քեզ հավատանք, - ասում է նա, - ապա բարձրաձայն ասա . «Ողորմեա՛ ինձ, Տե՛ր, քո մեծ ողորմածությամբ…»:

Բայց տեսիլքն ի զորու չի լինում կատարել այս պահանջը, ու նրան շրջապատող բոլոր տղամարդկանց աչքերը բացվում են, ու նրանք տեսնում են, որ դա ոչ թե հանգուցյալ կնոջ հոգին է, այլ սատանան:

Մեկ ուրիշ դևաբան, որի անունը Լաֆատեր է, օրինակ, պատմում է, թե երբ Հենրիխ 2-րդ կայսրի կնոջը՝ Կունիգունդային, կասկածում են ամուսնական անհավատարմության մեջ, լուր են տարածում, թե նա հանցագործ կապի մեջ է պալատականներից մեկի հետ: Այդ լուրը հիմնված էր այն բանի վրա, թե բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ պալատականը գիշերները դուրս գալիս կայսրուհու ննջարանից: Ընդ որում այդ կասկածյալ պալատականը հենց սատանան է եղել, որն այդ պալատականի կերպարանքն է առել, որպեսզի կայսրուհուն կործանի: Հետագայում կայսրուհին փայլուն կերպով «ապացուցում է», որ դա սատանան է եղել: Նրա անմեղության ապացույցն այն էր, որ ոտաբոբիկ անցնում է շիկացած երկաթի վրայով, ո նրա ոտքերն անվանաս են մնում:

Մեկ այլ դևաբան, որի անունը Դելանկր է, պատմում է, թե Սարդինիա կղզում գտնվող Կալյարի քաղաքում շատ հարուստ ու պատվավոր ընտանիքից սերված մի կույս է ապրել: Նա կրքոտ սիրահարվում է իր համաքաղաքացի մի գեղեցիկ երիտասարդ ազնվականի, բայց նրանից թաքցնում է նրա հանդեպ տածած կիրքը: Փորձության տանող սատանան, չափելով նրա հրապուրանքի խորությունը, միանգամից հասկանում է, որ կարող է նրա կիրքն այնպես օգտագործել, որ կույսը կործանվի: Եվ, ահա, նա կույսի կրքի առարկայի՝ երիտասարդ ազնվականի կերպարանքն է առնում ու սկսում է նրան սիրատածել: Սիրատոչոր աղջիկը խաբվում է, որովհետև սատանան այնքան շատ էր նման երիտասարդին, որ աղջիկը նրան չէր կարողացել զանազանել իսկականից: Մարդկության թշնամին չի գոհանում աղջկա անմեղությունը խաթարելով ու ճշմարիտ ճանապարհից շեղելով, այլև կեղծում է ամուսնության խորհուրդը: Խաբված աղջիկը նրա իշխանությանն է տրվում՝ լիովին համոզված լինելով, թե թեկուզև ծնողներից գաղտնի, այնուամենայնիվ իր սիրեցյալի հետ է նշանվում: Այդ ընթացում այնպես է պատահում, որ աղջկա մայրը մի անգամ նրա պարանոցին սուրբ մասունքներ պարունակող մի հմայիլ է գցում: Երբ աղջիկն այդ «զորեղ» հմայիլով հանդիպում է իր խորհրդավոր ամուսնուն, վերջինս, բնականաբար, նրան անմիջապես լքում է: Որոշ ժամանակ նրա վերադարձին սպասելով ու նրանից ոչ մի լուր չստանալով՝ նա նրան նամակ է գրում; Եվ հենց այստեղ էլ բացահայտվում է սատանայի խարդավանքը: Գեղեցիկ երիտասարդը, ստանալով աղջկա նամակը, ապշում է: Նա հեշտությամբ ապացուցում է, որ ինքը ոչ մի դեպքում չէր կարող նշանվել այդ աղջկա հետ այն ժամանակ, որի մասին ասում էր պարզամիտ աղջիկ, որովհետև նշյալ ժամանակ նա Կալյարիում չի ապրել: Խաբված աղջիկն հասկանում է, որ ինքը սատանայի զոհն է դարձել, ու մենաստան է մտնում, որպեսզի աղոթքներով քավի իր գործած «ակամա» մեղքը:

Սիրային հրապուրանքի հողի վրա տեղի ունեցած մի պատմություն էլ Յոհան Վիրն է իր ներկայացրած անհեթեթ պատմությունների գրքում շարադրել: Այդ պատմության հերոսուհին մի հարուստ միանձնուհու սպասուհի է եղել: Մի գյուղացի երիտասարդ խոստանում է այս աղջկա հետ ամուսնանալ, բայց հետո երիտասարդը մեկ ուրիշ աղջկա է սիրահարվում: Խաբված աղջիկն այն աստիճան է հուսահատվում ու զայրանում, որ հեռանում է մենաստանից: Նա դեռ նոր էր մի քանի վերստ ճանապարհ անցել, երբ նրա դիմաց սատանան է ելնում՝ մեկ այլ երիտասարդի կերպարանք առած: Սատանան նրա հետ զրույցի է բռնվում ու պատմում է, թե աղջկան դավաճանած երիտասարդը որքան վատն է եղել: Սատանայի նպատակն է եղել այդ պատմություններով աղջկան հուսահատության գիրկը նետել և ինքնասպանության մղել: Զգալով, որ ինքը գրեթե հասել է իր նպատակին՝ սատանան աղջկան համոզում է մի տեղ գնալ իր հետ: Աղջիկը պատասխանում է, թե այդ վայրում ճահճից բացի ուրիշ ոչինչ չկա և որ ինքն անիմաստ է համարում այնտեղ գնալը: Աղջկա այս պատասխանից անմիջապես հետո սատանան անհետանում է, իսկ աղջիկն ուշագնաց է լինում: Ուշքի գալով՝ նա վերադառնում է մենաստան, բայց երկար ժամանակ բողոքում է, թե իրեն չար ոգի է հետապնդում, որն իրեն սպառնում առևանգել:

Այս նույն հեղինակը նաև հետևյալ պատմություն է հրամցրել իր ընթերցողներին: Վիտենբերգցի մի վաճառականի կին ամուսնու բացակայության օրերին տանը պարբերաբար ընդունում է իր սիրեկանին: Մի անգամ էլ, երբ ամուսինը դարձյալ տնից բացակայում էր, կնոջ սիրեկանը գալիս է: Նրանք սեղան են նստում, ուտում են, խմում ու լավ ժամանակ են անցկացնում: Երբ գալիս է հրաժեշտ տալու պահը, առևտրականի կնոջ սիրեկանը ակնթարթորեն կաչաղակ է դառնում, թառում է պահարանին ու մարդկային ձայնով ասում է.

«Ահա թե ինչպիսին է քո սիրեկանը»:

Այս խոսքերից հետո չար ոգին անհետանում է ու այլևս չի վերադառնում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2369 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ