Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Մեր մեծերը» շարքից՝ նվիրված հայ մեծանուն վիպասան Հակոբ Պարոնյանին

10:39, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Մեր մեծերը» շարքից՝ նվիրված հայ մեծանուն վիպասան Հակոբ Պարոնյանին

Ապրիլի 7-ին Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Մեր մեծերը» շարքից՝ նվիրված հայ մեծանուն վիպասան Հակոբ Պարոնյանին:
     Դասն սկսվեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Մադոյանի ներածական խոսքով: Վերջինս ներկայացրեց մեծ երգիծաբանի կարճատև ու դժվարին կյանքի անցած ուղին և վիպասանի ապրած ժամանակաշրջանը: Հազարավոր թելերով կապված լինելով իր դարաշրջանի հասարակական կյանքին ու կենցաղին՝ Պարոնյանն առանց նորարարության նկատմամբ որևէ գայթակղության կամ մերժողական կեցվածքի ցուցաբերում էր հետազոտողի որոնող միտք, երևույթները գնահատելու և մարդկային հոգու խորքերը թափանցելու աստվածատուր կարողություն ու նոր խոսք ասում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու ազգային գործընթացի մասին: Այդ գնահատականները այսօր էլ պահպանում են իրենց բացառիկ արդիականությունը: Հիրավի, Պարոնյանի տարերքը երգիծանքն է: Գեղարվեստական այլաբանության բարդ միջոցներից մեկը երգիծանքն է, որտեղ հնարավոր է ամեն ինչ՝ չափազանցություն ու կասկած, ժամանակների ու իրադարձությունների փոխստեղծում, գոյություն ունեցողի ու երևակայականի միացում, ասելիքի պատկերային ու հասկացութային ձևակերպում: «Երգիծանքը, -ասում է Ժան Պոլը, - ազատության հնարավորություն է տալիս, ինչպես որ ազատությունը հեգնելու հնարավորություն է ստեղծում»: Այս չափանիշներով էլ կառուցված են Պարոնյանի ոչ միայն գեղարվեստական սյուժեներն ու պատկերները, այլև հրապարակախոսական, քննադատական և այլ բնույթի ստեղծագործությունները: Պարոնյանը ծիծաղի մեծ վարպետ է և իր ուրույն ու առանձնահատուկ տեղն ունի հայ երգիծաբանության մեջ: Ավելին, իբրև քաղաքական երգիծաբան, նա հավասարը չունի համաշխարհային գրականության մեջ, առավել ևս երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին: Այս ասպարեզում լինելով պիոներ՝ Պարոնյանը մնաց անհասանելի քաղաքական երգիծանքի իրենից հետո եկած հայ խոշորագույն վարպետների՝ Ե. Օտյանի և Նշան Պեշիկթաշլյանի համար: Եթե կենցաղային երգիծանքով Պարոնյանը կարող է արժանի տեղ գրավել Մոլիերի կողքին, ապա իբրև քաղաքական երգիծաբան, նա բարձր է Մոլիերից: Պարոնյանն իր ուրույն տեղն ունի հայ գրականության այն երախտավորների շարքում, ում ստեղծագործությունները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը և համամարդկային արժեքներ են: Ուսուցչուհուն շարունակեցին 10-րդ դասարանի աշակերտները՝ մանրամասն ներկայացնելով մեծ երգիծաբանի կենսագրությունը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Դասի ընթացքում հնչեցին ինչպես մեծերի խոսքերը մեծ երգիծաբանի մասին, այնպես էլ Պարոնյանի՝ թևավոր խոսքի արժեք ստացած մտքերը: Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով՝ պաստառ՝ նվիրված Պարոնյանին, փոքրիկ գրքույկներ՝ Պարոնյանի մտքերն ամփոփող, աշակերտների կողմից պատրաստված գրքույկ, սահիկահանդես՝ նվիրված Պարոնյանին: Աշակերտները ներկայացրեցին «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը գրելու շարժառիթը, համառոտ ներկայացվեց սյուժեն: Դասը ընդմիջվեց բեմականացմամբ: Աշակերտներն իրենց յուրօրինակ խաղով բացահայտեցին Պարոնյանի հումորը, սատիրան՝ բնութագրելով Աբիսողոմ աղային, «մեծապատիվ մուրացկաններից» լրագրին, քահանային, բանաստեղծին և այլոց: Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում:

«Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛ լեզվական ընտիր վճիտ բացատրությամբ»:
     Մ. Մամուրյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
492 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ