Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Անդրադարձ հայոց պատմության մեծագույն դավաճաններից մեկի՝ մելիք Շահնազարի թողած տխուր ժառանգությանը և Իրանի նոր տիրոջ՝ թուրքական ղաջար ցեղից սերված Աղա-Մահմեդ խանի ասպարեզ գալուն

20:24, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Անդրադարձ հայոց պատմության մեծագույն դավաճաններից մեկի՝ մելիք Շահնազարի թողած տխուր ժառանգությանը և Իրանի նոր տիրոջ՝ թուրքական ղաջար ցեղից սերված Աղա-Մահմեդ խանի ասպարեզ գալուն

Արղությանն իր զեկուցը պատրաստեց Մոլդովայի Յաշ քաղաքում: Այդ այն ժամանակն էր, երբ նա, իշխան Պոտյոմկինի առաջարկությամբ և աջակցությամբ, հայերին Մոլդովայից գաղթեցնում էր Ռուսաստան:

Բայց այս զեկույցը ներկայացնելուց մեկ տարի անց հենց Յաշում մահանում է իշխան Պոտյոմկինը: Մեկ տարի անց մեռնում է Վարանդայի մելիք Շահնազարը` հայոց պատմության մեծագույն դավաճաններից մեկը: Ինչպես ամեն մի դավաճան, սա էլ մեռնելու պահին հարուստ իշխանավոր էր, որն առատ ու լի կյանք էր վայելել, որն իր բարեկեցությունն ու դրա խաղաղ վայելումը ձեռք էր բերել անարգ միջոցներով: Նա իր խիղճը փորձել է հանգստացնել ձևական կրոնասիրությամբ, Ամարասի վանքի շինությամբ: Նույնիսկ այդ բարեպաշտական գործը նա կատարել էր ի դժբախտություն Ղարաբաղի հայության, որովհետև այդ վանքը, մելիք Շահնազարի հովանավորությամբ, իր աթոռանիստն է դարձնում Իբրահիմ խանի հավատարիմ ծառա Իսրայել կաթողիկոսը:

Իր աղջկան ստիպելով կրոնափոխ լինել ու ամուսնանալ Իբրահիմ խանի հետ` մելիք Շահնազարն ինքը մահմեդականների նման մի քանի կին է պահել: Նրան հնարավորինս ծաղրի է ենթարկել իր իսկ ծաղրածուն` Պըլը-Պուղին (Խենթ Պողոս): Բազմակնության վրա հիմնված ընտանիքում, ինչպիսին մելիք Շահնազարինն էր, բնական պիտի լինեին վեճերը` մանավանդ ժառանգական հարցերի վերաբերյալ: Մելիք Շահնազարի մահվանից հետո նրա չորս որդիներից հորը հաջորդողը մելիք Ջամշուդն է եղել, որը, սակայն, հոր օրինակին չի հետևել ու Իբրահիմ խանի հավատարիմ ծառան չի դարձել: Բայց արդեն ուշ էր, և որդին ոչ միայն չկարողացավ քավել հոր մեղքերը, այլև դարձավ հոր ստեղծած վիճակի զոհը: Թեև նրա սիրտը Մեժլում և Աբով մելիքների հետ է եղել, բայց նա այլևս մենակ էր իր երկրում, և Իբրահիմ խանը նրան զսպելու բոլոր միջոցներն ուներ: Գանձակի խանի մոտ ապաստան գտած Մեժլումի ու Աբովի միաբանությունն էլ երկար չի տևում: Նրանք ինչ-ինչ պատճառով իրարից խռովում են, և մելիք Աբովն իր հպատակների հետ գնում է Վրաստան` Հերակլից որպես բնակության տեղ ստանալով Բոլնիսի ձորը, իսկ մելիք Մեժլումը գնում է Գանձակ` դրա թուրք տիրողի հետ Իբրահիմ խանի դեմ պայքարը շարունակելու:

Ահա այս ժամանակաշրջանում ասպարեզ է ելնում Իրանի նոր տերը՝ թուրքական ղաջար ցեղից սերված Աղա-Մահմեդ խանը, իրանական գահին Ղաջարական հարստության հիմնադիրը: Քանի որ Հարավային Կովկասի բոլոր խաները, այդ թվում նաև Վրաստանի Հերակլ թագավորը, հրաժարվում են ընդունել նրա գերիշխանությունը, Աղա-Մահմեդ խանը նախապատրաստվում է մեծ արշավանքի նրանց բոլորի դեմ: Ղարաբաղի Իբրահիմ խանը, հույս չունենալով, որ կարող է դիմակայել Իրանի նոր տիրակալին, Հերակլին առաջարկում է պաշտպանական դաշինք կնքել ընդդեմ ընդհանուր ահեղ թշնամու: Ընդհանուր վտանգը նորից մերձեցնում է հին դաշնակիցներին, բայց միևնույն ժամանակ Վրաստանի թագավորի դեմ է հանում իր դաշնակցին՝ Գանձակի Ջավադ խանին, որը հողային վեճեր ուներ իր եղբորորդի Ռահիմ խանի հետ: Հերակլը Ռահիմ խանի կողմն է բռնում՝ փորձելով ստիպել Ջավադ խանին, որ նա գորհացում տա իր եղբորորդու պահանջին: Հերակլից վիրավորված Ջավադ խանը հարաբերություններ է սկսում Աղա-Մահմեդ խանի հետ՝ հորդորելով փութացնել նրա արշավանքը Հերակլի դեմ: Մինչ այս հորդորը դեռևս տատանվող շահը վճռականությամբ է համակվում ու իր գործողությունները նախ և առաջ ուղղում է Ղարաբաղի Իբրահիմ խանի դեմ: Նա 50 հազար զորքով Արդեբիլ քաղաքից արշավում է Ղարաբաղի վրա: Իբրահիմ խանն օգնություն է խնդրում Հերակլից: Հերակլը նրան օգնական զորք է ուղարկում՝ իր որդու՝ Ալեքսանդրի հրամանատարությամբ: Խանի և Հերակլի միացյալ զորքը կարողանում է դիմակայել պարսից առաջապահ զորքերին ու նույնիսկ դուրս մղել Ղարաբաղի տարածքից: Աղա-Մահմեդ խանը շուտով նոր արշավանք է ձեռնարկում: Նա իր ամբողջ բանակը 3 մասի է բաժանում: Մի մասը, եղբոր՝ Ալի-Ղուլի խանի առաջնորդությամբ, ուղարկում է Երևանի վրա, մյուս մասն ուղարկում է դեպի Մուղանի դաշտ՝ Թալիշի, Շամախու և Նուխու խաների դեմ գործելու համար, իսկ երրորդ մասը 1795 թվականի օգոստոսին ինքն անձամբ տանում է Շուշու վրա: Շուշու ամրոցի պաշարումը 33 օր է տևում: Ամրոցի շրջակա գյուղերի հայ ազգաբնակչությունը՝ թվով 12 հազար տուն, ամրանում է Շուշին շրջապատող խորը և անմատչելի կիրճերում, իսկ բերդում գտնվող հայերն էլ զենք են վերցնում և բերդի թուրքերի ու Իբրահիմի վարձած 3 հազար լեզգի զինյալների հետ միասին կռվում են ընդհանուր թշնամու դեմ: Թուրքական ավանդազրույցն ասում է, թե շահը Շուշին սկսում է ռմբակոծել թնդանոթներից արձակվող խոշոր քարերով: Շահը, դրան զուգահեռ, Իբրահիմ խանին նաև պարսկերեն լեզվով հետևյալ չափածո երկտողն է ուղարկում.

«Երկնքից քարեր են տեղում կարկտի պես,

Ո՜վ անմիտ, քո ապակին («շուշա», Շուշի անվան հետ կապված բառախաղ) կփշրվի դրանցից»:

Իբրահիմ խանն էլ այսպես է պատասխանում.

«Ճիշտ է, արարիչն ինձ ապակիով է շրջապատել, բայց այդ ապակին նա քարի մեջ է դրել»:

Իսկ հայկական ավանդությունը պատմում է, թե բերդի պաշտպան հայերը 60 հոգուց բաղկացած մի խումբ են կազմել, որն անակնկալ հարձակումներով մեծ վնասներ է հասցրել պարսից բանակին: Աղա-Մահմեդ խանը հրամայել է ամեն միջոց գործադրել՝ խմբի անդամներին բռնելու համար: Բայց հրամանը մասամբ է կատարվել: Բռնվել են միայն երեսունը, իսկ մնացածը կարողացել են խուսափել կալանավորումից, մտել են բերդ և շարունակում են պայքարը պարսիկների դեմ: Ինչպես վկայում են թուրքական ավանդազրույցները՝ քաջագործություններով աչքի է ընկել հատկապես Դիզակի մելիք Աբբասը:

Բռնված բերդականներին Աղա-Մահմեդ խանը սոսկալի պատժի է ենթարկել: Նա հրամայել է ձիերն այնպես պայտել, որ մեխերը դուրս ցցված լինեն սմբակների տակից: Ապա գերիներին փռել է տվել գետնին ու պայտած ձիերով կոխկրտել է տվել նրանց: Սմբակներից դուրս ցցված մեխերը քրքրելով սպանել են թշվառներին:

Շուշիի պաշարումը որևէ օգուտ չէր խոստանում պարսիկներին, այդ իսկ պատճառով նրանք դադարեցնում են պաշարումը և դրա փոխարեն ավերում են շրջակա բոլոր բնակավայրերը: Աղա- Մահմեդ խանը խաբեությամբ բռնել է տալիս 52 հայ գյուղապետերի ու նրանց պահում է իր բանակում ու միաժամանակ զորքը մտցնում է այն կիրճերը, որոնցում ապաստանել էին հայկական գյուղերի բնակիչներն ու կարողանում է շատերին գերել:

Զգալով, որ Շուշվա գրավումը երկար ժամանակ է պահանջելու, Աղա-Մահմեդ խանը որոշում է Իբրահիմ խանի հետ հետո հաշիվները մաքրել ու զորքը շարժում է դեպի Վրաստան: Երևանը պաշարման մեջ պահող իր եղբորը նա հետևյալն է գրել.

«Հայտնի լինի քեզ, որ թեև Շուշվա բերդի բնակիչները՝ ղարաբաղցիները, այժմ թուլացած են, բայց դեռ չհրամայեցի վերցնել Շուշին, որովհետև մտադիր եմ այդտեղ ձմեռել. իսկ մինչ այդ այստեղ թողնելով Սուլեյման խանին, ուզում եմ 20 հազար զորքով գնալ Վրաստան և քեզ հրամայում եմ՝ Երևանի մոտ թողնել մոտ 4 հազար զորք ու պատրաստ լինել մնացած զորքի հետ ինձ մոտ գալու՝ սպասելով իմ հրամանին: Բայց եթե Երևանի խանը պատանդ տա իր կնոջն ու որդուն, կարող եք Երևանը հանգիստ թողնել»:

Շահի այս գրությունը տանող սուրահանդակներին Հերակլ թագավորի զինվորները բռնում են ճանապարհին: Թագավորը գրությունն անմիջապես ուղարկում է Գուդովիչին, որպեսզի ռուսական զորախմբի հրամանատարն անհերքելի ապացույց ունենա պարսից արշավանքի մասին, բայց Գուդովիչը դարձյալ անտարբեր կեցվածք է որդեգրում:

Երևանը գրավելու համար ուղարկված պարսկական բանակի հրամանատարությունը պահանջում է Երևանի տակավին պատանի Մահմուդ խանի հնազանդությունը, բայց նրա շրջապատը խորհուրդ է տալիս դիմադրել՝ հույս ունենալով, որ Հերակլն օգնության կհասնի: Երևանի բերդն ունեցել է 7 հազար զինվորական, որոնցից 3 հազարը՝ հայ: Ազգաբնակչության մի մասն ապաստանում է բերդում, իսկ մի մասը փախչում է լեռներ ու այլ վայրեր: Երկիրը դարձյալ ամայանում է: Անպաշտպան մնացած Էջմիածինն աղետից փրկելու համար Ղուկաս կաթողիկոսը գնում է պարսից բանակ, ընծաներ է մատուցում Ալի- Ղուլի խանին, հայտնում է Մայր Աթոռի հնազանդությունը պարսից գահին ու խնդրում է թույլ չտալ, որ պարսից զորքերը կողոպտեն վանքը: Ղուկասի խնդրանքը չի մերժվում, բայց, ինչպես արևելքում է ընդունված, հատուցում է պահանջվում: Կաթողիկոսը պետք է 10 հազար թուման վճարեր: Ղուկասը զորքերի հրամանատարին ու խաներին աղաչում է նվազեցնել գումարը: Ի վերջո համաձայնություն է կայացվում, որ կաթողիկոսը պետք է վճարի 4 հազար թուման: Այս գումարով Ղուկասն ազատում է ոչ միայն Էջմիածնի վանքը, այլև շրջակա հայկական գյուղերը, որոնց բնակչությունը փախել հավաքվել էր Վաղարշապատում: Բայց դրա փոխարեն պարսիկներն ավերում են Գառնիի գավառը, հրդեհում են շինությունները և արտերից հավաքված հացահատիկը:

Ալի-Ղուլի խանը ռազմական գործողություններ է սկսում Երևանի դեմ, բայց շուտով հաշտություն է կնքվում: Գանձակի խանի կողմից ուղարկված Յաղուբ բեկը կարողանում է Մահմուդ խանի խնամակալներին համոզել, որ դիմադրությունն անօգուտ է, ուստի Երևանը հնազանդվում է Աղա-Մահմեդ խանին: Մահմուդ խանի կինն ու նորածին որդին պատանդ են տրվում պարսիկներին, և Ալի-Ղուլի խանն իր բանակով հեռանում է Երևանից ու գնում է Գանձակ՝ միանալով շահի բանակին:

Հարկ է նշել, որ Երևանի խանը, հայոց կաթողիկոսի միջնորդությամբ, օգնություն ստանալու համար, բանակցություններ էր սկսել վրաց թագավորի հետ: Ղուկաս կաթողիկոսի նամակներից տեղեկանում ենք, որ խանն իր մարդկանցից մեկին՝ Մուսթաֆա բեկին, այդ նպատակով ուղարկում է Հերակլի մոտ: Խանի առաջարկությամբ՝ կաթողիկոսը նույնպիսի հանձնարարություն է տալիս Թիֆլիսում գտնվող վիրահայոց թեմի առաջնորդ Մարտիրոս վարդապետին: Հերակլն ի վիճակի չէր օգնել Երևանի խանին, և վերջինս իր ուժերով էր դիմակայելու Ալի-Ղուլի և Ջաֆար-Ղուլի խաների 20000-անոց զորքին, որ հուլիսի վերջերին մոտենում է Երևանին և բանակ է դնում Չարբախում; Պարսից զորքը պաշարում է Երևանը, և բանակի հրամանատարությունը բանակցություններ է սկսում քրդերի ղեկավարների հետ՝ նրանց իր կողմը գրավելու համար: Երևանի պաշարումը 35 օր է տևում, և այդ ընթացում, ինչպես վերն ասվեց, Արարատյան երկիրը մեծ ավերմունքների է ենթարկվում: Պաշարված երևանցիները համառորեն դիմադրել են ու մեծ վնասներ են հասցրել թշնամուն: Զրկված լինելով արտաքին որևէ օգնությունից՝ Երևանի խանը վախեցել է, որ շահն ի վերջո կարող է իր բոլոր ուժերը կենտրոնացնել Երևանի դեմ, և այդ ժամանակ ոչ ոք չէր կարողանա երաշխավորել ոչ միայն քաղաքի բնակչության, այլև բերդում գտնվող մեծամեծների կյանքի ապահովությունը, ուստի նա շահին հնազանդություն հայտնելը նախապատիվ է համարում հետագա անհույս դիմադրությունից: Երևանի խանի ու Ալի-Ղուլի խանի միջև հաշտությունը կնքվում է 1795 թվականի օգոստոսի վերջերին: Երևանի Մեհմեդ խանը պարտավորվում է լինել Աղա- Մահմեդ խանի հպատակը, նրան հարկեր տալ ու պահանջի դեպքում օգնել զորքով ու զենքով: Մնացածի մասին վերն արդեն ասվեց:


     (շարունակելի)
    

     Նկարում՝ Աղա-Մահմեդ խան Ղաջարը

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2215 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ