Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2018թ․ ընթացքում մայրաքաղաքում կանաչապատման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:49, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
2018թ․ ընթացքում մայրաքաղաքում կանաչապատման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու
     Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով, առաջիկա շաբաթներին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելու է Մանկական զբոսայգու («Մալականի այգի») ոռոգման ցանցում լրացուցիչ ջրաքանակ ավելացնելու ենթածրագիրը, որի արդյունքում էապես կբարելավվի նաեւ Կենտրոն վարչական շրջանի ոռոգման վիճակը։ Այգու տարածքում կառուցվելու է հզոր պոմպակայան է, որով Հրազդան գետից ջուր կվերցվի։ Ջրաքանակի ավելացման շնորհիվ կբարելավվի Երեւանի Փափազյան, Խաչատրյան, Մամիկոնյան, Դեմիրճյան փողոցների, Կոմիտասի ու Բաղրամյան պողոտաների կանաչապատ տարածքների ոռոգման վիճակը։
    
     Ոռոգման ցանց է կառուցվելու նաեւ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից Նալբանդյան փողոց ընկած հատված։ Երկկողմանի նոր ցանցը ջուր կստանա Կամերային թատրոնի հարեւանությամբ գտնվող խորքային հորից եւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի խորքային ջրերից։
    
     Ոռոգման նոր ցանցեր են կառուցվելու նաեւ Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան եւ Շիրակի փողոցներում։ Շինարարական աշխատանքների համար մրցույթը կավարտվի առաջիկա օրերին, եւ աշխատանքները կսկսվեն։ Հունիսի սկզբին նշված բոլոր հատվածներն արդեն ապահովված կլինեն ոռոգման նորացված ցանցերով, որոնց ընդհանուր երկարությունը հասնելու է 6-7 կմ-ի։
    
     Մաքսապետյանի խոսքով, այս տարվանից կարճատեւ կյանք ունեցող ծաղիկներին մայրաքաղաքում փոխարինելու կգան բազմամսյա ծաղիկները, որոնց 1.1 մլն սածիլները արդեն բերվել են Հոլանդիայից։ Ներկրվել են 7 տեսակի սածիլներ, որոնք այժմ գտնվում են ջերմոցներում վերատնկման պրոցեսում։ Ծաղկային ձեւավորումներն ավելի տպավորիչ դարձնելու համար կօգտագործվեն նաեւ մետաղական կոնստրուկցիաներ՝ թափվող ծաղիկների ծաղկամաններով։ Արդեն սկսվել է բուսահողի ներկրումը մայրաքաղաք։ Ամեն տարի 10-12 հա սիզամարգերի հողի բարելավում է կատարվում։
    
     Սուրեն Մաքսապետյանը հայտնել է, որ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ուժերով արագացված տեմպերով իրականացվում են վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքներ։ «Երեւան-2800» անվանումը ստացած մոտ 1 հա մակերես ունեցող այգում վերակառուցվում է այգու ջրային համակարգը եւ բարեկարգվում տարածքը։ Պայմանավորվածության համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ սեպտեմբերի 25-ը, երբ անցկացվելու է «Էրեբունի-Երեւան-2800» տոնակատարությունը։
    
     Կանաչապատ մի անկյուն էլ ստեղծվելու է Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող անօգտագործելի տարածքում՝ համայնքային բյուջեի միջոցներով։
    
     Քանի որ որոշ ծառատեսակներ չեն համապատասխանում Երեւանի բնակլիմայական պայմաններին, այսուհետ շեշտը դրվելու է Հայաստանում աճեցրած տնկիների վրա, որոնք գնվելու են մասնավոր արտադրողներից։ Ըստ Մաքսապետյանի, տնկվելու են չոր կլիմային հարմար ծառատեսակներ՝ սոսի, կաղնի, հացենի, թխկի, ակացիա եւ այլն։ Իրանից արդեն ստացվել է գնդաձեւ ակացիաների եւ կիպարիսների տնկանյութի խմբաքանակը։ Զբոսայգիներում այս տարի կտնկվի 160 կիպարիս։ Ծառատունկը կիրականացվի մարտի 31-ին նախատեսված շաբաթօրյակի ընթացքում։
Աղբյուրը` Մեդիամաքս
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2943 | 0 | 0
Facebook