Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կանաչ շինարարությունը՝ տոնականության ֆոնին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:38, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Կանաչ շինարարությունը՝ տոնականության ֆոնին
    
Կձեւավորվի (կնորացվի) նաեւ երկու այգի

    
2018 թվականը Երեւանի համար լինելու է կարեւոր իրադարձությունների տարի։ Մեր մայրաքաղաքը նշելու է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100—ամյակը, Երեւանի հիմնադրման 2800—ամյակը, ինչպես նաեւ ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31—րդ գագաթնաժողովը։ Պատմական այս իրադարձություններն արժանավայել կերպով կազմակերպելու աշխատանքների շարքում ամենեւին երկրորդական չէ քաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովումը։
     Ի՞նչ է արվելու։ Այս մասին զրուցել ենք Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ։
     Ըստ նրա, ոռոգման ցանցի վերականգնման (ավելի ճիշտ կլինի ասել՝ կառուցման, քանի որ շատ տեղերում հնից ոչինչ չի մնացել) շարունակվող ծրագրում այս տարի էական կարեւորություն ունեցող անելիք է Արաբկիր վարչական շրջանի Մանկական զբոսայգու («մալականի այգի») ոռոգման ցանցում լրացուցիչ ջրաքանակ ավելացնելու ենթածրագիրը, որի արդյունքում էապես բարելավվելու է ոչ միայն Արաբկիրի, այլեւ Կենտրոն վարչական շրջանի ոռոգման վիճակը։ Հզոր պոմպակայան է կառուցվելու այգու տարածքում, որով Հրազդան գետից որոշակի քանակությամբ ջուր է վերցվելու։ «Այդ ջուրը կմտնի այգու ոռոգման ցանց, միաժամանակ ցանցն էլ կմիացվի գործող մագիստրալային ջրագծին, որն անցնում է Փափազյան, Խաչատրյան, Մամիկոնյան փողոցներով, Կոմիտասի ու Բաղրամյան պողոտաներով ու հասնում Դեմիրճյան փողոց։ Ջրաքանակի ավելացումը հանգեցնելու է նրան, որ բարելավվելու է ինչպես նշյալ փողոցների կանաչապատ տարածքների ոռոգման վիճակը, այնպես էլ շահելու է Կենտրոն վարչական շրջանը։ Ասեմ, որ Արաբկիրի մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ ջրաքանակով», — ասաց Սուրեն Մաքսապետյանը։
     Ոռոգման ցանց է կառուցվելու նաեւ Մոսկովյան փողոցում (Մաշտոցի պողոտայից Նալբանդյան փողոց ընկած հատված) ։ Այստեղ ցանց կա, սակայն հին եւ քայքայված լինելու պատճառով չի գործում։ Երկկողմանի նոր ցանցը ջուր կստանա Կամերային թատրոնի հարեւանությամբ գտնվող խորքային հորից եւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի խորքային ջրերից։ Ցանցի երկու ծայրերից ջուր ստանալը առավել արդյունավետ կդարձնի ոռոգումը։
     Ոռոգման նոր ցանցեր կունենան նաեւ Մանանդյան եւ Շիրակի փողոցները (Շենգավիթ վ/շ) ։ Մանանդյան փողոցում առկա են գազոնի բավական մեծ մակերեսներ, բայց ոռոգման ցանց չկա։ Շիրակի փողոցում նախորդ տարիներին խորքային հոր կառուցվել է, անցկացվել է նաեւ ոռոգման ցանց, սակայն փողոցի միջնամասում ցանց չկա։ Աշխատանքները կատարվելու են այս հատվածում։
     Շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթը կավարտվի առաջիկա օրերին, եւ աշխատանքները կսկսվեն։ Հունիսի սկզբին նշված բոլոր հատվածներն արդեն ապահովված կլինեն ոռոգման նորացված ցանցերով, որոնց ընդհանուր երկարությունը հասնելու է 6—7 կմ—ի։ Հարցիս, թե արդյոք քիչ չէ՞ այդ ծավալը, Սուրեն Մաքսապետյանը պատասխանեց. «Այստեղ էականը ցանցի երկարությունը չէ, այլ նշանակությունը։ Արաբկիր վարչական շրջանում անկախ պոմպակայանի կառուցումը շատ կարեւոր նշանակություն ունի։ Դրանից ստացվող ջուրը առկա ցանցի բազմաթիվ ճյուղավորումներով հասնելու է շատ մեծ մակերեսով տարածքներ» ։

     Ծաղիկը քաղաքի ժպիտն է
    
    
Վերջին տարիներին մեր աչքը սովորել է մայրաքաղաքը գարնանը, ամռանն ու աշնանը ծաղկաշատ տեսնելու իրողությանը։ Այս տարի էլ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու են ակտիվ լինել։ Արդեն կանաչին են տալիս կակաչամարգերը, որոնցում սկսել են բացվել առաջին կակաչները։ Մեկ ամսվա կյանք, բայց գարնանային քաղաքի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող բազմերանգ այս ծաղիկներին փոխարինելու կգան բազմամսյա ծաղիկները, որոնց 1.1 մլն սածիլները, ինչպես վարչության պետի տեղակալն ասաց, արդեն բերվել են Հոլանդիայից։ Ծաղիկների յոթ տեսակի սածիլներ են ներկրվել, որոնք այս օրերին գտնվում են քաղաքի ջերմոցներում վերատնկման պրոցեսում։ Քանի որ այս տարի գարունը շուտ է բացվել, այդ սածիլները կակաչներին կփոխարինեն 15—20 օր շուտ։ «Այս տարի ծաղկային ձեւավորումների աշխատանքում ներգրավված է նաեւ քաղաքի դիզայները։ Նրա տրամադրած սխեմատիկ պատկերներով եւ մեր մասնագետների կարողություններով կյանքի կկոչենք ամենայն հնարավորը, — ասաց Սուրեն Մաքսապետյանը՝ ավելացնելով, — ծաղկային ձեւավորումներն ավելի տպավորիչ դարձնելու համար կօգտագործվեն նաեւ մետաղական կոնստրուկցիաներ՝ թափվող ծաղիկների ծաղկամաններով։ Անցյալ տարի քաղաքի մի շարք հատվածներում տեղադրել էինք այդպիսիք, այդ ձեւաորումները համահունչ էին իրենց միջավայրին, որից շահեց քաղաքը։ Այդպիսի ձեւավորումները կկատարվեն հիմնականում Կենտրոն վարչական շրջանում» ։ Ավելացնենք, որ արդեն սկսվել է բուսահողի ներկրումը մայրաքաղաք։ Ամեն տարի 10—12 հա սիզամարգերի հողի բարելավում է կատարվում։ Գազոն ստեղծելու համար ուժեղ հողն անհրաժեշտություն է, մինչդեռ շատ հատվածներում տարիների ընթացքում գործածված հողը հոգնել է, ուժազրկվել։

     Նորացվող կանաչ տարածքներ
    
    
Արդեն փետրվարին Ալ. Մյասնիկյանի արձանի հետեւում, Բեյրութի, Իտալական, Գր. Լուսավորչի եւ Խորենացու փողոցներով պարփակված տարածքում գտնվող այգին միջավայրից առանձնացվեց շինհրապարակի մասին ազդարարող պաստառներով։ Դա նշանակում էր, որ այգին վերակառուցվելու կամ բարեկարգվելու է։ Հայտնի դարձավ, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը նվիրաբերության կարգով ստանձնել է այգու վերակառուցումը, որը կրելու է «Երեւան—2800» անվանումը։ Հիմնադրամը ոչ միայն իր միջոցներով վերակառուցելու է մոտ 1 հա մակերես ունեցող այգու ջրային համակարգը, մյուս կառուցվածքները, այլեւ բարեկարգելու է տարածքը։ Այնուհետեւ իրականացնելու է ինժեներատեխնիկական եւ կանաչ տարածքների սպասարկումը։ Համաձայն պայմանավորվածության՝ աշխատանքները պիտի ավարտվեն մինչեւ սեպտեմբերի 25—ը։ Ասել է թե՝ մինչեւ «Էրեբունի—Երեւան—2800» տոնակատարությունը։ «Ծանոթ լինելով ներկայացված նախագծին՝ հույս ունեմ, որ հանգստի շատ գեղեցիկ գոտի է ստեղծվելու», — ասաց Սուրեն Մաքսապետյանը։
     Հանգստի բարեկարգ եւ կանաչապատ մի անկյուն էլ ստեղծվելու է Էրեբունի թանգարանից քիչ ներքեւ, նույնանուն փողոցի սկզբնամասում գտնվող անօգտագործելի տարածքում։ Սա՝ համայնքային բյուջեի միջոցներով։ Ըստ իմ զրուցակցի, վարչական շրջանները նույնպես իրենց ուժերով կանաչ տարածքների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ կատարելու են։ Թե ինչ ծավալի՝ կախված կլինի նրանց ունեցած հնարավորություններից։

     «Խտրական» ծառատունկ
    
    
Ինչո՞ւ խտրական։ Որովհետեւ բոլոր ծառատեսակները հավասարապես չեն դառնալու ծառատունկի տնկանյութ։ Հաշվվել է, որ որոշ ծառատեսակներ այնքան էլ չեն համապատասխանում Երեւանի բնակլիմայական պայմաններին. պահանջում են ավելի մեծ ուշադրություն ու խոնավություն։ Նախորդ տարիներին Իրանից ներկրված մշտադալարներն, օրինակ, այնքան էլ չհարմարվեցին։ Նույնիսկ կպչելուց, մեկ տարի զարգանալուց հետո մասամբ չորացան։ Շեշտը դրվելու է Հայաստանում աճեցրած տնկիների վրա, մասնավոր արտադրողներից են վերցվելու։ Տնկվելու են մեր քաղաքի չոր կլիմային հարմար ծառատեսակներ՝ սոսի, կաղնի, հացենի, թխկի, ակացիա եւ այլն։ Հարեւան Իրանից արդեն ստացվել է գնդաձեւ ակացիաների եւ կիպարիսների տնկանյութի նախատեսված քանակությունը։ Զբոսայգիներում տնկելու համար ներկրվել է 160 կիպարիս։ Մարտի 31—ի շաբաթօրյակին դրանք, ինչպես նաեւ վերը թվարկված ծառատեսակների տնկիները կհանձնվեն հողին։ Վարչական տարածքներից արդեն ստացվել են առաջարկվող տարածքների հասցեները։
     Անցյալ տարի Իսակովի պողոտայում, հասուն ծառերի արանքներում 2500 գնդաձեւ ակացիա տնկվեց։ Այդ ծառատեսակը շատ է կենսունակ, գրեթե 90 տոկոս կպչողականություն ունի, սակայն սաղարթի չափերով զիջում է մյուս ծառատեսակներին։ Իսակովի պողոտայում դրանք տնկվեցին այն հեռանկարով, որ հասակ առնելուց հետո փոխարինեն հիվանդ, սաղարթային տեսքը կորցրած ծառերին, հատկապես բարդիներին։ Փոխարինումն արդյո՞ք լիարժեք կլինի։ Հարցին ի պատասխան պարոն Մաքսապետյանն ասաց. «Գնդաձեւ ակացիաները շատ լավ են ենթարկվում ձեւավորման։ Չձեւավորելու դեպքում կստանանք երեք—չորս մետր բարձրության սաղարթ։ Բացի այդ, Իսակովի պողոտայի ծառապատման ամբողջ բեռը գնդաձեւ ակացիաների վրա չի մնալու։ Եղած ծառերը չեն կտրվելու, եթե չեն չորանում կամ վնասվում։ Կենսունակ ծառերը մնալու են։ Միտքն այն է եղել, որ ապահովվի այս պողոտայի արդյունավետ ծառապատման անընդհատությունը» ։
     Իսկ թե որքան մեծ է Երեւանի գլխավոր՝ հարավ—արեւմտյան դարպասը համարվող Իսակովի պողոտայի կանաչ հանդերձի անթերի լինելու նշանակությունը, կարծում ենք, միանգամայն հասկանալի է։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3487 | 0 | 0
Facebook