Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկդիմի քաղաքականության նոր դրսևորումները (նախորդի շարունակությունը)

10:33, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Երկդիմի քաղաքականության նոր դրսևորումները (նախորդի շարունակությունը)

Եվ գեներալ Պոտյոմկինը, չբավականանալով հայերին փաղաքշելով, սկսում է նախապատրաստվել արշավանքի: Աստրախանում արշավանքի համար երկու տարվա պաշար է նախապատրաստվում: Հունիսի 2-ին գեներալ Պոտյոմկինը Ղուկաս կաթողիկոսին հետևյալ նամակն է գրում.

«…Բախտավոր կլինեմ ես, եթե Աստծու ձեռքը, որ օրհնում է Մեծ Եկատերինայի բոլոր մտադրությունները, առաջնորդի ինձ հաջողությամբ ի կատար ածելու առաջիկա մեծ գործերը: Աջակցեք նաև դուք, ամենահարգելի հովիվ, այսքան աստվածահաճո և օգտակար գործին: Ձեր ջերմեռանդությունը հավատի մեջ, ձեր բարձրագույն աստիճանի արժանավորությունը, ձեր մեծ սրտի ձիրքերը թող լինեն հայ ազգի սրտերն ուղղող: Կանչեցեք նրանց, թող ամենքը գան Մեծ Եկատերինայի ամուր վահանի տակ: Թող հաստատուն հույս դնեն նրա անհաղթելի զենքի վրա, թող սրտի ջերմեռանդությամբ գան ճաշակելու այն երջանկությունը, որ վայելում են բոլոր ազգերը նրա օրհնյալ ձեռքի տակ:

Ես լիահույս եմ, որ ձեր բարձր սրբազնությունը, Աստծուց ձեր վրա թափված իմաստությամբ, կըմբռնեք այսքան օրհնյալ ժամանակի ամբողջ ուժն ու կարևորությունը և կպատրաստեք ժողովրդական սրտերը` նույնն ըմբռնելու: Հայ ժողովրդին ճնշող լուծը ծանր է և չար: Աստծո ձեռքը պատրաստում է այդ լծի խորտակումը: Եկատերինայի սուրը պատրաստ է պաշտպանել այդ ժողովրդին, նրա զորքը, որ հանձնված է ինձ, մոտ է. բայց այդ զորքը բազմաթիվ է, այն կպահանջի հարկավոր և անհրաժեշտ կերակուր: Այստեղից հեռու գտնվող սահմաններն անծանոթ են ինձ: Ձեզ, սրբազան Տեր, ես խնդրում եմ հրամայել և պատրաստել բնակիչներին, որպեսզի այն զինվորները, որոնք գնում են նրանց ազատելու, ուտելիքի պակասություն չունենան: Ձերդ սրբազնությունը կարող է հավաստիացնել, որ հացի ոչ մի հատիկ առանց վճարի չի վերցվի, մեկ հատիկ շյուղ անգամ չի խլվի, բայց այնպես լինի, որ չափավոր գնով կարելի լինի վաղօրոք պատրաստել այն ամենը, ինչ հարկավոր է զորքերին կերակրելու համար»:

Ղուկաս կաթողիկոսը պատասխանը, սակայն, ռուս զորավարի սպասումները չէր գոհացնում: Այն բավականին սառն էր, և պատճառը Ղուկասի շրջահայց զգուշությունն էր, որը նրան հուշել էր, որ պետք է անհասկանալի լինելու աստիճան խրթին ոճով պատասխանել:

Իսկ Խամսայի մելիքներն ու Աղվանքի Հովհաննես կաթողիկոսը, ընդհակառակը, գեներալ Պոտյոմկինին խնդրում էին փութացնել «ազատարար» արշավանքը և խոստանում էին ռուսներին այնքան առատ պաշար տրամադրել, որը կբավարարի 30 հազարից ավելի զինվոր հինգ տարի կերակրելու համար: Թե ինչ էր փոխվել այս երկու նամակների գրության միջակայքում, դժվար է ասել, բայց երկրորդ նամակի տակ նաև Ղուկաս կաթողիկոսն էր ստորագրել:

Այս նամակները գրելու տարում՝ 1783 թվականի հուլիսի 24-ին, Վրաստանի Գիորգիևյան բերդում, ուր ապրում էր գեներալ Պոտյոմկինը, ստորագրվում է մի պայմանագիր, որի համաձայն Վրաստանի Հերակլ թագավորը հպատակություն է հայտնում Ռուսաստանին: Խաղաղ նվաճման վերաբերյալ այս պայմանագրում էական էր հատկապես դրա երկրորդ կետը, որով Ռուսաստանը խոստանում էր օգնել Հերակլին ոչ միայն վրաց թագավորությունը պաշտպանելու, նրա կորցրած հողերը վերադարձնելու, այլև նրա սահմաններն ընդարձակելու գործում: Այս նպատակով Թիֆլիսում պետք է հաստատվեր ռուսական երկու գումարտակ:

Վրաց ժողովուրդը և թագավորը ցնծությամբ ընդունեցին ռուսական զորքի մուտքը Թիֆլիս, իսկ 1874-ի հունվարին Հերակլը մեծամեծ պատիվներով ընդունում է կայսրուհու դեսպան Թամարային և կայսրուհուն հավատարմության երդում է տալիս:

Ղարաբաղի հայ մելիքների ու Հերակլի բանակցությունները ռուսների հետ և նույնիսկ Գեորգիևյան դաշնությունը գաղտնիք չեն մնում. մահմեդական բնակչությունը նորից միաբանվում է վերահաս վտանգին դիմադարձելու համար: Պարսկաստանը դեռ թույլ էր, անիշխանության մատնված և չէր կարող դիմադրել, և նրա փոխարեն պիտի գործեր Թուրքիան: Ախալցխայի վրացական ծագում ունեցող Սուլեյման փաշան սուրհանդակ է ուղարկում Կոստանդնուպոլիս` տեղեկացնելով, թե ռուսական գործողությունները սարսափի են մատնել ամբողջ Անատոլիան: 1783 թվականի հունիսին Տրապիզոնի նահանգի ծովափնյա բնակիչներն սկսում են փախչել երկրի խորքը, երբ լուր է տարածվում, որ ռուսական նավատորմը մոտենում է: Թեպետ հետո հայտնի է դառնում, որ երևակայած նավատորմը թռչունների երամ է եղել, այնուամենայնիվ, սարսափահար ժողովուրդը երկար ժամանակ չի համարձակվում վերադառնալ: Թուրքական իշխանությունները գաղտնի միջոցներով են փորձել պայքարել ռուսական առաջխաղացման դեմ` Կովկասի զանազան վայրեր ուղարկելով իրենց գործակալներին` համաիսլամական միություն ստեղծելու քարոզով: Սուլեյման փաշան Շուշու Իբրահիմ խանին գրում է.

«Անիծյալ ռուսները Կովկասի լեռների վրայով ճանապարհ բացին: Այդ ճանապարհը նրանց հնարավորություն է տալիս տեղափոխել ոչ միայն հարկավոր իրերը, այլև թնդանոթներ և զորքերին կերակրելու համար անհրաժեշտ ամեն ինչ: Նրանց զորքերը մաս առ մաս մտնում են Վրաստան և այս ամսվա վերջին նրանք պատրաստ կլինեն Պարսկաստան ու Օսմանյան երկրներ ներխուժելու համար` որպեսզի կլանեն մեզ` ինչպես ամառային առատահոս հեղեղը կլանում է ամեն ինչ»:

Հասկանալով, որ ռուսական զորքերի Թիֆլիսում հաստատվելը լուրջ սպառնալիք է Ղարաբաղի իր խանությանը` Իբրահիմը պաշտպանական դաշինք է կնքում Խոյի, Նուխու և Բաքվի խաների հետ:

Գեներալ Պոտյոմկինը ծրագրել էր արշավանքի պատրաստ բանակը բաժանել երկու մասի. մի մասը Ղզլարից դեպի Դերբենդ պիտի շարժվեր` գրավելու Կասպից ծովի ափամերձ շրջանները, իսկ մյուս մասը` Մոզդոկից դեպի Թիֆլիս, իսկ այստեղից էլ Ղարադաղ ու Ղարաբաղ: Դեռ 1783-ի նոյեմբերին նա իշխան Պոտյոմկինին հարցրել էր, թե «Կառավարման ի՞նչ ձև պետք է տրվեր Ղարաբաղից ու Ղարադաղից կազմվող նոր պետությանը, արդյո՞ք Երևանի նահանգը պետք է մտցնել այդ նոր պետության մեջ, թե՞ այն պիտի հանձնվի Վրաստանին»: Սակայն 1784-ի հունվարին, այն ժամանակ, երբ զգուշավորությունից ձերբազատված Ղուկաս կաթողիկոսն իր աղերսագրերում իշխան Պոտյոմկինին ու իր ծիրանափառ տարփածուին ողողում էր օրհնությունների տարափով, Շուշու խանի ներկայացուցիչը գնում է գեներալ Պոտյոմկինի մոտ և հայտնում, որ ցանկանում է Ռուսաստանի հպատակը դառնալ: Գեներալը պայմաններ չի առաջադրում, այլ միայն պատասխանում է, որ Իբրահիմը պիտի միանգամայն վստահի կայսրուհու վեհանձնությանն ու գթասրտությանը; Այս պատասխանն ստանալուց հետո Իբրահիմը դիմում է Հերակլին, որն այդ ժամանակ նրա դաշնակիցն էր. նրանք դաշնակցել էին Գանձակին տիրելու համար: Հեռացնելով Գանձակի Մահմեդ խանին` Հերակլն ու Իբրահիմը Գանձակի երկու կառավարիչ են նշանակում: Ահա այս դաշնակցին դիմելով` Իբրահիմը նրան խնդրում է, որ նա երաշխավոր դառնա, որ ռուսներին հպատակվելով` ինքը չի զրկվի իր խանությունից, դրա մշտական տիրապետող կճանաչվի: Բուրնաշովի թելադրանքով` Հերակլն անորոշ պատասխան է տալիս այս խնդրանքին:

Ռուսաց կառավարությունը սկսում է փոխել իր ծրագրերը. Արշավանքն առկախում է ու բանակցություններ է սկսում մի շարք պարսիկ իշխանավորների հետ: Ռուսներին հպատակվելու դիմում է հղում Գիլանի խանը: Ուրմիայի ասորիները ևս դեսպան են ուղարկում Թիֆլիս` խնդրելով, որ ռուսներն ընդունեն իրենց հպատակությունը: Առավել էական էր Ալի Մուրադ խանի դիմումը: Սա մտադիր էր տիրանալ Պարսսկաստանի գահին: Մի քանի հաղթական ճակատամարտերից հետո սա կարողանում է հասնել իր նպատակին և 1784-ին պատգամավոր է ուղարկում իշխան Պոտյոմկինի մոտ` շատ ձեռնտու առաջարկությամբ: Նա խնդրում էր, որ Ռուսաստանն իրեն ճանաչի Պարսկաստանի շահնշահ` փոխարենը խոստանալով Ռուսաստանին հանձնել Կասպից ծովի ափերը, Ղարաբաղը, Ղարադաղը, Նախիջևանի և Երևանի խանությունները: Իշխան Պոտյոմկինը որոշում է անմիջապես բանակցություններ սկսել այս շատ ձեռնտու առաջարկի շուրջ, բայց դեսպանության առաքումը ձգձգվում է: Միայն 1784-ի վերջին է Պոտյոմկինի դեսպանը ճանապարհվում Սպահան, բայց ճանապարհին լուր է առնում, որ Ալի Մուրադը մահացել է, ուստի վերադառնում է Ռուսաստան:

Իսկ իր տիրապետական իրավունքները պաշտպանելու համար այդքան միջոցներ ձեռնարկած Իբրահիմ խանը համարձակություն է ստանում հայերի նկատմամբ նոր բռնություններ գործադրել, իսկ հայերը, տեսնելով, որ գեներալ Պոտյոմկինը խոստումներն իրականացնելու համար գործուն քայլեր չի կատարում, նորից են դիմում Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին և շուտափույթ օգնություն են խնդրում, որովհետև Իբրահիմ խանը պատրաստվում էր ծանր հարված հասցնել հայերին: Մելիքները նաև պատվիրակներ են ուղարկում գեներալ Պոտյոմկինի մոտ:

«Այժմ, - գրում են նրանք, - հարմար ժամանակ է գործողությաններ սկսելու համար, որովհետև առյուծները քնած են որջերում, իսկ աղվեսներն ազատ ու աներկյուղ շրջում են դաշտերում» : Մելիքների պատգամավորը վստահեցնում էր Պոտյոմկինին, թե հայերը լիովին պատրաստ են, և երբ ռուսական զորքերը շարժվեն դեպի Ղարաբաղ, մելիքներն անմիջապես հինգ հազար հեծյալից ու հետևակից բաղկացած զորք կհավաքեն:

Հովսեփ Արղությանն էլ Աստրախանից Ղզլար է մեկնում` գեներալ Պոտյոմկինի հետ անձամբ խոսելու համար ու մի քանի անգամ էլ նամակ է գրում «Հայոց խնամակալին», ինչպես ստրկական շողոքորթությամբ նա մեծարում էր իշխան Պոտյոմկինին: Դրանցից մեկում հետևյալն ենք կարդում.

«Նրանց (Ղարաբաղի մելիքներին) ազատություն պարգևեցեք, ձերդ պայծառափայլություն, եղեք պատճառ, որ մեծ կայսրուհու (Եկատերինա 2-րդի) սրբազան պատկերը դրոշմվի Արարատի սրտում՝ իբրև հուշարձան ամբողջ աշխարհի համար, և թող անդադար բարբառեն բոլոր ազգերը, թե սա է հայերի փրկիչը, և ձերդ պայծառափայլության անունը հավիտյան փառաբանեն»:

Բայց ռուսական արշավանքը չի կայանում: Որպեսզի հայերը լիովին չհուսահառվեն, իշխան Պոտյոմկինն առաջարկում է, որ նրանք մի լիազոր ներկայացուցիչ ուղարկեն իր մոտ: Ղուկաս կաթողիկոսն շտապ կատարում է այդ առաջարկը և ուղարկում է Ստեփան Դավթյան անունով մեկին, որն ստանում է «Արարատյան դեսպան» մեծադղորդ անունը: Մի որոշ ժամանակ իր մոտ պահելուց հետո Պոտյոմկինը սրան ուղարկում է Պետերբուրգ:


     Նկարում` գեներալ Պավել Պոտյոմկինը:


     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4764 | 0 | 0
Facebook