Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՉԿԱՐԴԱՑՎԱծ ՆԱՄԱԿԸ

20:28, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
ՉԿԱՐԴԱՑՎԱծ ՆԱՄԱԿԸ

Ամառային տաք օր էր:
     Ամենուր բուրում էր ճկուն ճյուղերը կախ գցած ակացիայի հոտը...
     Արմինեն ուրախ-ուրախ քայլում էր գյուղի նեղ և քարքարոտ ճանապարհով և մտածում, որ մի քանի օրից բուհի ընդունելության քննությունների համար մայրաքաղաք պետք է գնա:
     Նա եթե գյուղի ամենագեղեցիկ աղջիկը չէր, ապա ամենագեղեցիկներից մեկն էր։ Նրա գեղեցկությունն այնքան անթերի էր, որ կարծես քանդակագործի հրաշագործ ձեռքերով քանդակված լիներ:
     Արմինեի վրա շատ ուզող աչք կար, բայց նա որոշել էր սովորել, սակայն դեռ չէր վերցրել ավարտական վկայականը, երբ նրան փախցրեց գյուղի ամենահարուստ, բայց տարիքով շատ մեծ փեսացուն։
     Օրերն անցնում էին լալով։ Նրա երազանքը մնացել էր չիրականացած:
     Արմինեն իրեն շատ միայնակ ու դժբախտ էր զգում։
     Նրան արգելել էին հայրական տուն գնալ, հարազատներին էլ՝ իրեն տեսնելու գալ։ Պատահում էր, որ մեկ- մեկ հինգ տարեկան քույրիկն էր գալիս Արմինեին տեսնելու, իսկ հարազատներին միայն հեռվից էր տեսնում:
     Նա գրկում էր իր փոքրիկ քույրիկին և արցունքները հազիվ զսպելով ժպտում էր, շոյում, համբուրում:
     Անցան հինգ երկար ու ձիգ տարիներ, և այդ ընթացքում Արմինեն երեք երեխա ունեցավ: Նրանք ուժ ու ցանկություն էին տալիս նրան ապրելու։
     Արմինեն շատ զրկանքներ էր կրում, երբեմն էլ առանց որևէ պատճառի ամուսինը ծեծում էր։ Մի անգամ ամուսինը դաժանորեն ծեծեց, երբ նրա վերջին երեխայի ծննդաբերության ժամանակը մոտ էր:
     Ամուսինը կեղտոտ փողեր էր աշխատում, այդ պատճառով գրեթե միշտ հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր լինում և շատ անգամ էր մատնվում խուճապի:
     Այդպիսի վիճակի մեջ ընկնելով՝ լայն բացած աչքերը հառում էր Արմինեի վրա և սկսում այնքան հարվածներ տեղալ ձեռքով ու ոտքով, երբեմն էլ նույնիսկ դագանակով, մինչև Արմինեն ուշաթափվում էր:
     Ուշքի գալով երեխաների սուր ճիչերից ու աղեկտուր ձայներից՝ քիչ-քիչ սթափվում էր:
     Այս անգամ նրա մոտ ուժեղ արնահոսություն էր
     սկսվել և ստացած վերքերից ու կապտուկներից նրա մարմինը թուլացել էր ուժեղ ցավերից ու արյան կորստից:
     Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ և ժամանակից շուտ ծննդաբերեց՝ մի գեղեցիկ աղջնակ:
     Արմինեն գաղտնի նամակ էր գրել ամուսնուն՝ թողնելով հեքիաթների գրքում, որն ընթերցում էր երեխաներին քնեցնելիս:
     Երբ Արմինեին դուրս գրեցին հիվանդանոցից, ծնողներն Արմինեի համար տուն էին վարձել, որ ամուսնուց հեռու լիներ:
     Ամուսնու դեմ դատական հայց ներկայացրեցին: Դատարանը խոշոր չափերի գումարի հափշտակության համար և հղի կնոջը մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար նրան տասնհինգ տարվա ազատազրկման պատիժ նշանակեց:
     Իսկ ունեցվածքը քույրերը բաժանեցին իրենց միջև:
     Անցավ քսանհինգ տարի։ Արմինեի նախկին ամուսինն արդեն մահացել էր: Երեխաները բոլորն էլ ունեին բարձրագույն կրթություն և կիրթ ու խելացի մարդ էին դարձել:
     Նրանք բոլորը միասին ապրում էին մայրաքաղաքում և երջանիկ էին Արմինեի հետ միասին, բայց նրանք որոշել էին տեր կանգնել գյուղի լքված տանը, նորոգել ու վերադառնալ այնտեղ ապրելու:
     Դա թեև Արմինեի փափագն էր, այսուհանդերձ զավակներն էլ չհակառակվեցին, այլ ընդհակառակ, տունը նորոգող վարպետ և բանվորներ գտան, որոնց վճարեցին և սկսեցին նորոգման գործին իրենք էլ մասնակցել՝ չնայած իրենց զբաղվածությանը:
     Տունը նորոգելու օրերին էր, երբ հին ու փոշոտված իրերի մեջ Արմինեն հանկարծ տեսավ հեքիաթների գիրքը: Աչքերի առաջ պատկերվեց անցյալը: Տհաճությամբ և դողդոջուն ձեռքերով գիրքը վերցրեց: Թերթելիս աչքն ընկավ քսանհինգ տարի առաջ գրված նամակը, որն ամուսինն այդպես էլ չկարդաց:
     Նա կարդաց խունացած և այդպես էլ չկարդացված նամակը և հուզմունքից ու չսպիացած վիրավորանքներից սկսեց հեկեկալ...


     Լյուդմիլա Շելլունց
     18-01-2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3638 | 0 | 0
Facebook