Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հնդկաստանում մեկընդմիշտ հաստատված ու երբեք իր նախնյաց երկիր ոտք չդրած նախկին դերձակը փորձել է Հայաստանը մանր-մունր կաշառքներով «ազատագրել»

19:16, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
Հնդկաստանում մեկընդմիշտ հաստատված ու երբեք իր նախնյաց երկիր ոտք չդրած նախկին դերձակը փորձել է Հայաստանը մանր-մունր կաշառքներով «ազատագրել»

«Ազատագրել» -ը չակերտել եմ, որովհետև նրա ուզածն այն է եղել, որ ազատագրվելիք տարածքների տերն այս անգամ էլ Վրաստանի Հերակլ 2-րդ թագավորն ու նրա սերունդները դառնան:

Կարելի է մտածել, թե այս վաճառականն ամբողջ կյանքում էրվել-խորովվել է հայրենիքի սիրուց ու նրա փրկության համար պատրաստ է եղել ամեն մի զոհողության, բայց նրա կենսագրությունն ամենևին էլ այդ մասին չի վկայում…


     Հնդկահայ մեծահարուստ վաճառական Շահամիր աղա Շահամիրյանը մեծ հույսեր է կապել Վրաստանի Հերակլ թագավորի հետ, տևական ժամանակ հավատացել է, թե հայոց փրկությունն այս թագավորի օգնությամբ է լինելու, իսկ Հերակլը փորձել է օգուտ քաղել վիթխարի հարստության տեր այս վաճառականից: Նա հատուկ սուրհանդակներ է ուղարկել Շահամիրյանի մոտ, ամենայն ուշադրությամբ քննության է առել նրա առաջարկները: Բայց Շահամիրյանն այնքան կարճատես է եղել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանն անցել է Ռուսաստանի հովանավորության տակ, չի գիտակցել, որ Հերակլը ոչինչ չի կարող անել Հայաստանի ազատագրման գործում: Ընդհակառակը, նրան թվացել է, թե Ռուսաստանի հովանավորությունը ոչ միայն ուժեղացնելու է Վրաստանին, այլև նրա պատմության աշխարհակալական փուլի սկիզբն է դնելու` ինչպես նախատեսված էր Գեորգիևյան պայմանագրով: : Այս պայմանագրի կնքումից երեք տարի անց Հերակլը Շահամիրյանին վրաց իշխանի տիտղոս է շնորհում` «բազմատեսակ հավատարմության համար»: Ասում են, թե Շահամիրյանն էլ շատ թանկարժեք քարերով պերճացված մի ոսկյա կախազարդ ու շղթա է ուղարկել Հերակլին, և վրաց թագավորի աչքում այս նվեր-կաշառքը «բազմատեսակ հավատարմության» արժեք է ունեցել: Շահամիրյանի նամակագրությունից երևում է, որ Հնդկաստանից Վրաստան միայն այդ թանկարժեք կախազարդը չէր ընծա ուղարկվել: Ընծաներ են ուղարկվել վրաց արքունիքի բոլոր անդամներին ու բարձրաստիճան անձանց: Իշխանական տիտղոսն էլ ավելի է ոգևորում Շահամիրյանին, և բանակցությունները Հերակլի հետ որոշակի կերպարանք են առնում: 1876-ին Հերակլը Հնդկաստան է ուղարկել Հովսեփ անունով մի հիգհարյուրապետի ու ոմն վաճառական Կիրակոսի: Նրանք իրենց հետ տարել են Հերակլի հրովարտակը, որով Շահամիրյանին ժառանգաբար իշխանական տիտղոս էր շնորհվում, և մի նամակ, որի բովանդակությունն անհայտ է: Հաջորդ տարի Շահամիրյանը պատասխանում է այդ նամակին: Նա վրաց թագավորին առաջարկում է հրապարակել «Գիր շնորհաց», այսինքն` բոլոր հայերին ուղղված մի նամակ, որը պիտի պարունակեր հայ ազգին հովանավոր լինելու խոստում ու հայրենիքից հեռացածներին հայրենիք վերադառնալու հրավեր: Շահամիրյանն առաջարկում է, որ վրաց թագավորն արտոնություններ խոստանա վերադարձողներին և չափավոր հարկ գանձի: Շահամիրյանը Հերակլին է ուղարկում նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեկ օրինակ, որպեսզի Հերակլն այն կարդալ տա և իմանա հայերի, մանավանդ Բագրատունիների, անցյալը, այսինքն` իր նախահայրերի պատմությունը:

Հերակլին Հայոց աշխարհի տեր դարձնելու իր բուռն ցանկությունը Շահամիրյանը հիմնավորում էր այն հանգամանքով, որ նա ծագումով այն նույն Բագրատունի տոհմից է, որը մի ժամանակ թագավորել է Հայաստանում: Հերակլին հիշեցնելով, թե նրա տոհմային ժառանգության մի մասը (Հայաստանը) դեռ գտնվում է պարսից տիրապետության տակ, հիշեցնելով, թե որքան ամոթալի է, որ քրիստոնյաները գտնվեն մահմեդականների լծի տակ, Շահամիրյանն ասում է, թե այժմ, երբ սպառվել է Սեֆեվիների տոհմը, և Պարսկաստանը նմանվում է երերուն ալիքների, ժամանակն է, որ Հերակլն իր իշխանությունը տարածի նաև պարսիկների վրա: Դա, անտեղյակ ուտոպիստ Շահամիրյանի կարծիքով, շատ հեշտ է, ընդամենը պետք է գույքի, կյանքի ապահովություն ու դավանանքի ազատություն խոստանալ: Շահամիրյանը Հերակլին հիշեցնում է, թե, ըստ պարսիկների ավանդության, Իրանի գահը Սեֆեվիներից պետք է անցնի Պարսկաստանի երեք վալիներից մեկին, իսկ Հերակլն այդ վալիներից մեկն է: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող ժառանգության բաժինը վերադարձնելու համար Շահամիրյանը խորհուրդ է տալիս նախապատրաստվել, սպասել հարմար ժամանակի, իսկ մինչև այդ հարմար ժամանակը գալը պետք է գրավել այնտեղ բնակվող հայերի սիրտը: Իսկ սրտերին տիրելու լավագույն միջոցը ժողովրդավարական օրենսդրությունը պետք է լինի: Երբ Հերակլի ազատագրած Հայաստանում այդ օրենսդությունը միանգամից կդրվի գործողության մեջ, Թուրքիայի հայերն անմիջապես կհասկանան, թե ինչ սքանչելի բան է այդ ժողովրդավարական օրենսդրությունը և երբ պահը գա, արդեն լիակատար համոզմունքով իրենց երկիրը կմիացնեն ազատ Հայաստանին:

Նույն գրությունով Շահամիրյանը շնորհակալություն էր հայտնում Հերակլին` իրեն իշխանական տիտղոս շնորհելու համար, բայց ավելացնում էր, թե իշխանի տիտղոս կրելն առայժմ անհարմար է, որովհետև ինքը վաճառական է, և իշխանական կոչումը պետք է բարձր պահել: Այդ է պատճառը, որ նա ոչ ոքի չէր հայտնում, որ իշխան է դարձել և նույնը խնդրում է թագավորին: Նա Հերակլին վստահեցնում էր, թե երբ վերջացնի իր վաճառականական գործունեությունը, այն ժամանակ կուզենա սեփական հող ունենալ` իշխանավայել ապրելու համար:

Շահամիրյանը նաև գրում է Ղուկաս կաթողիկոսին` պնդելով, որ հայերը պետք է միավորվեն վրացիների հետ ու ընդունեն Ռուսաստանի հովանավորությունը: «Ազատված Հայաստանը, - ասում էր Շահամիրյանը, - պիտի սպասի Հայկի սերունդներից մեկին, որպեսզի նրա ձեռքը տա իր կառավարությունը, իսկ եթե չկա այդպիսի սերունդ, պետք է, ուրեմն, Բագրատունիներից մեկին ընդունել: Թո'ղ կաթողիկոսը ջանք թափի վրաց Բագրատունիների հետ միավորվելու ուղղությամբ: Հարկավոր է այդ Բագրատունիներից մեկին ամուսնացնել մի ազնվատոհմ հայ օրիորդի հետ, որպեսզի նա լինի Հայոց տան ժառանգորդ: Վրաց իշխանը պիտի ընդունի հայ առաքելական դավանանք»:

Թե ինչ է պատասխանել Հերակլը, անհայտ է, բայց Ղուկաս կաթողիկոսի պատասխանը նշանավորվում է նրանով, որ մերկ հակադրությունն է այն երազանքների, որ հեռուներում հարմարավետության մեջ ապրող մեծահարուստ Շահամիրյանն առաքում է հայրենիք` այդ հայրենիքին երջանկացնելու համար: Ղուկաս կաթողիկոսը տաքուկ պայմաններում ապրող այդ ուտոպիստին կոչ էր անում իրատես լինել, ըմբռնել, որ հայ ժողովուրդը իր նման առոք-փառոք վիճակում չի գտնվում, որ այն շրջապատված է բազում թշնամիներով, ենթակա է անողոք տիրապետողների ու չի կարող քաղաքական որևէ շարժում սկսել: Եվ ի՞նչ էր ասում նա կաթողիկոսին ի պատասխան: Ռուս-թուրքական պատերազմի ավարտին (1791 թ.) Յաշ քաղաքում հավաքվել էին պատերազմող կողմերի լիազորները: Դրանց մեջ է եղել նաև Հովսեփ Արղությանը: Շահամիրյանն իր ծրագրերով շատ էր ոգևորել Արղությանին, և վերջինս էլ նրան էր ոգևորել ռուսաց արքունիքում իր ձեռք բերած հաջողությունների՝ վերին աստիճանի ուռճացված նկարագրություններով՝ հատկապես «հայոց խնամակալ» Պոտյոմկինով: Եվ Շահամիրյանը հավատացել էր, թե Յաշիի «կոնգրեսը» հրամանելու է հայերի ու վրացիների հարևաններին կամովի հեռանալ Ախալցխայից, Բայազետից, Երևանից, Խոյից և այլ վայրերից ու այդ շրջանները հանձնել Հերակլ թագավորին: Մարսից իջած այդ փողատերը կարծել է, թե այդ տարածքներին տիրողները գլխիկոր հեռանալու են՝ նույնիսկ վնաս չպատճառելով հայերին: Հեռուներում ապրող հայ քաղաքագետի «ձայնը տաք տեղից էր գալիս», ու նա բացարձակապես չէր հասկանում, որ ամենևին հեշտ չէ քանդել դարավոր թնջուկը:

Ե՛վ Սիմեոն կաթողիկոսը, և՛ Ղուկաս կաթողիկոսը բացասաբար են վերաբերվել Շահամիրյանի ծրագրին, բայց ազատագրական շարժման նկատմամբ այս երկու կաթողիկոսները տարբեր վերաբերմունք են ունեցել: Սիմեոնը սկզբունքորեն դեմ է եղել ապստամբական շարժմանը: Նա համոզված է եղել, որ ապստամբություները միայն ու միայն կվնասեն ժողովրդին: Ղուկասը ևս, դեմ լինելով ապստամբությանը, համախոհն էր այն գոծիչների, որոնք ջանում էին ռուսական զորք բերել մեր տարածաշրջան ու այդ զորքի միջոցով ազատագրել Հայաստանը: Նա բազմիցս դիմել է ռուսաց արքունիքին, մեծապես հավատացել է Ռուսաստանի օգնությանը, սակայն Խամսայի մելիքությունների կործանումը սթափեցրել է նրան, ու նա այլևս չի հավատացել ռուսների խոստումներին ու Շահամիրյանին էլ նույնն է հորդորել:

Շահամիրյանի միայն մի ցանկությունն է գործնական հետևանք ունեցել: Հերակլի հրամանով նրա որդին՝ գահի ժառանգորդ Գիորգին, 1790 թվականի նոյեմբերի 10-ին հատուկ կալվածագրով Շահամիրյանին է տալիս իրեն պատկանող Լոռին՝ բոլոր գյուղերով ու հողերով: Դա, ինչ խոսք, բավականին մեծ ընծա էր: Եթե Շահամիրյանը առևտրական գործերի մեջ մխրճված վաճառական չլիներ, կարող էր այնտեղ նույնիսկ մի փոքրիկ իշխանություն հիմնել և գոնե շատ մասնակիորեն իրագործել իր ծրագրերը: Մարդիկ պատրաստ էին: Հենց այդ ժամանակներում էր, որ Ղարաբաղի հայությունը հեռանում էր երկրից ու տարբեր կողմերում գաղթականություն էր սփռում: Բայց Շահամիրյանը տեղից չի շարժվում, չի փորձում տեր կանգնել իրեն ընծայված երկրամասին: 1792 թվականին նա Ղուկաս կաթողիկոսին գրում է, թե մտադիր է Լոռի քաղաքն ու քաղաքի շրջակա գավառը տալ Ղարաբաղից վտարված մելիք Աբովին: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի հարավային մասը պետք է առահավետ կորած համարել հայության համար, իսկ դես ու դեն սփռված հայ բնակչությանը մեկտեղելու համար հարկավոր էր հաշտություն կնքել Շուշու խանի հետ, նույնիսկ դաշինք հաստատել նրա ու մելիքների միջև: Այնուհետև մելիք Մեժլումի և մելիք Աբովի որդիները, որոնք պահվում էին Շուշու բերդում, այդ դաշնադրության շնորհիվ կստանային իրենց հայրական կալվածքները՝ Ջրաբերդը և Գյուլիստանը, մելիք Աբովն իր ժողովրդի հետ կհաստատվեր Լոռում, իսկ մելիք Մեժլումը՝ Շամքորում: Դաշնադրության շնորհիվ հաստատված խաղաղության պայմաններում հայությունը որոշ ժամանակ անց այնքան կբազմանար ու կհզորանար, որ չորս մելիքությունները կկարողանային հեշտությամբ զսպել Իբրահիմ խանին:

Շահամիրյանի այս ծրագիրը Հերակլը պիտի իրականացներ, և նա այն ներկայացնում է վրաց թագավորին: Վերջինս կարող էր այդ գործը գլուխ բերել, բայց գլուխ չբերեց: Իսկ նա ինչո՞ւ պիտի հայերի համար օգտակար ու ցանկալի բաներ աներ: Շահամիրյանի դիմումից մի քանի տարի անց թագաժառանգ Գիորգին նրան հայտնում է, թե մելիք Աբովը Լոռիում ապրելու ցանկություն չունի և թե կալվածքի կառավարումն ստանձնել ցանկացող ուրիշ մարդիկ էլ չկան: Գիորգին Շահամիրյանին համոզում էր՝ անձամբ գալ ու տիրանալ իր ստացվածքին ու հանգստանալ հայրենի հողի վրա: Վրաց արքունիքն անկեղծորեն ցանկացել է, որ այդ մեծահարուստը բնակվի իր երկրում: Բացի այդ, դարավերջի 2-3 տասնամյակների քաղաքական իրադարձությունների ու հատկապես Դաղստանի լեռնականների հաճախակի հարձակումների հետևանքով Լոռին գրեթե ամբողջովին ամայացել էր, և Վրաստանի իշխանությունների համար շատ ցանկալի էր, որ այդ հարուստ լեռնաշխարհը վերակենդանանա՝ ընդունելով նորանոր եկվոր հայեր: Եթե Շահամիրյանը գնար Լոռի, անշուշտ, նրա առաջ ոչ մի խոչընդոտ չէր հարուցվի: Նա առանց դժվարության կարող էր այնտեղ մեծաթիվ հայ գաղթականություն բնակեցնել ու հավաքել Ղարաբաղի ցիրուցան եղած հայությանը: Բայց այս հրավերն էլ նրան տեղից չկարողացավ շարժել: Հայրենիքի ազատագրման վերաբերող նրա ծրագրերը թղթի վրա մնացին: Այս «հայրենասերը» իր դիզած հարստությունից ոչինչ չի հատկացնում գոնե այն կրթական գործին, որն ինքն իսկ այնքան կարևորում էր իր դժբախտ հայրենիքի վերածնության ծրագրում:

1798 թվականին նա մեռնում է: Թաղվում է իրեն պատկանող հնդկական գյուղում: Շահամիրյանի ժառանգները վատնում են իրենց հոր թողած վիթխարի հարստությունը, այդ հարստությունը, պատկերավոր ասած, «շներոց է լինում»: Անառակ կյանք վարող նրա որդիներն այնպիսի դրության են հասնում, որ նրանց վերջին շառավիղը 19-րդ դարի առաջին քառորդում արդեն մի անտուն սրիկա էր, որի համար բանտերում ապրելը բարօրություն է համարվել:

Լոռին անտեր է մնում: Վրաստանում հաստատվելուց հետո ռուսաց կառավարությունը մի որոշակի ժամանակ սպասում է Շահամիրյանի ժառանգներին, որ գան ու տիրանան իրենց հոր սեփականությանը: Բայց քանի որ ոչ ոք չի գալիս, Լոռին արքունական կալվածք է դառնում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2830 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ