Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում կայացել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլը: Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Ռազմամարզական խաղերի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը: Մարզային միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ: Ուսումնական հաստատությունների սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված ռազմամարզական խաղերն ունեցել են հինգ հիմնական մրցաձևեր: «Կարգապահ և ներդաշնակ» , «Արագ և դիպուկ» , «Բանիմաց և հնարամիտ» , «Բարձունքի գրավում» , «Ամենագիտակն ու խելացին» խորագրերն ունեցող մրցույթները հիմնականում միտված են եղել սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակությանը, արիության, խիզախության, տոկունության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության արմատավորմանը: Մարզային փուլի կազմակերպման և իրականացման նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ, Զառի և Քասախի միջնակարգ դպրոցների ջոկատները: Մրցանակային տեղեր գրաված դպրոցական ջոկատները, ինչպես նաև անհատական տարբեր խրախուսանքների ներկայացված աշակերտները պարգևատրրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից սահմանված պատվոգրերով և հուշանվերներով: Հավելենք, որ «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլին մասնակցել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 12 ուսումնական հաստատությունների 120 սաներ: Կոտայք Կրթություն Մշակույթ
|