Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանկան արարքը` նրա ապագա գործունեության չափորոշիչ

14:22, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Մանկան արարքը` նրա ապագա գործունեության չափորոշիչ

Աբբասյան հարստության խալիֆ Ալ Մութադիդը (857 – 902 թթ.) մի անգամ, իր վեզիրի ուղեկցությամբ, շրջայց է կատարում պալատում: Նա կանգ է առնում իր կանանցից մեկի՝ Շահաբի սենյակի դռան մոտ ու սկսում է վարագույրի արանքից թաքուն հետևել, թե ինչ է անում այս կնոջից ծնված իր որդին՝ ապագա խալիֆա Աբուլ Ֆադլ ալ Մուքթադիրը:

Այդ ժամանակ ընդամենը հնգամյա Աբուլ Ֆադլն իր հասակակից տասը ստրուկ տղաների հետ հատակին նստած է եղել: Նրանց առջև արծաթյա սկուտեղի վրա խաղողի ողկույզ է դրված եղել: Տարվա այդ ժամանակաշրջանում խաղող ճաշակելու հնարավություն շատ քչերն են ունեցել, իսկ տղան ողկույզից մեկ հատիկ ինքն է կերել, ապա սկսել է մնացածը հերթով բաժանել իրեն շրջապատող ստրուկ երեխաներին: Երբ հերթը նորից իրեն է հասել, նա դարձյալ մեկ հատիկ է կերել ու սկսել է նորից հերթով բաժանել, մինչև որ խաղողը վերջացել է:

Որդու գործողությանը հետևող հայրը զարյրացած հեռացել է իր ննջարան: Տեսնելով նրա ծայրահեղ դժգոհությունը՝ վեզիրը խնդրել է ասել, թե ինչն է նրա զայրույթն հարուցել:

«Եթե ես չվախենայի դժոխքի կրակներից ու խայտառակվելուց, - պատասխանել է խալիֆը, - ես այդ տղային հենց այսօր կսպանեի, որովհետև նրա մահն օգտակար կլիներ մուսուլմաններին»:

«Տեր իմ, ասում է վեզիրը, - բայց ի՞նչ է արել այդ տղան»:

«Ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Ես կառավարում եմ այս պետությունը, և ես եմ այս երկրում կարգ ու կանոն հաստատել: Ինձանից առաջ պետությունը լրիվ քայքայված էր: Բայց ես մեռնելու եմ և գիտեմ, որ իմ մահվանից հետո ժողովուրդ իմ որդուն է խալիֆ ընտրելու: Գահ կբարձրացնեն Ալի ալ Մուքթաֆիին, բայց ես կարծում եմ, որ նրան վիճակված չէ երկար ապրել, որովհետև ծանր ախտով (սկրոֆուլոզ) է տառապում: Նա շուտով կմեռնի, և ժողովուրդը, ցանկանալով, որ իշխանությունն իմ ընտանիքի ձեռքում մնա, Ջաֆարից ավելի ավագը չի գտնի ու նրան կընտրի: Իսկ նա իր բնույթով առատաձեռն է: Ինքդ էլ տեսար, թե ինչպես էր այդ տղաներին կերակրում հենց նրանով, ինչն ինքն էր ուտում ու հավասար բաժանում էր այդ հազվագյուտ ուտելիքը: Այնինչ, սովորաբար, տղաները ժլատ են լինում: Գահին մոտ կանգնած կանայք նրա խելքը կուտեն, ու նա կսկսի նրանց բաժանել կուտակածս փողերը՝ ճիշտ այնպես, ինչպես նոր բաժանեց խաղողը, ու նա կկործանի պետությունը: Ծայրամասային երկրամասերը կկորսվեն, պետության գործերում կատարյալ անկարգություն կտիրի, խռովարարները կապստամբեն, ու այնպիսի իրադարձություններ տեղի կունենան, որ Աբբասյաների իշխանությունը կտապալվի: Հիշի՛ր ասածս»:

Շուտով ճակատագիրն իր ծանր գավազանն իջեցնում է Աբբասյանների տան վրա. Ալ Մութադիդը մեռնում է: Նրանից հետո կարճ ժամանակ խալիֆ է դառնում Ալ Մուքթաֆին, իսկ նրա մահվանից հետո գահն անցնում է Ալ Մուքթադիդին: Ամեն անգամ, երբ վեզիրը տեսնում է, թե ինչպես է հարբում այս խալիֆն ու շարունակ փող պահանջում ու այն բաժանում իր կանանց ու հարճերին կամ այն ծախսում զանազան նվերներ գնելու վրա, սրտի կսկիծով շարունակ հիշում է խալիֆի խոսքերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4396 | 0 | 0
Facebook