Անդրադարձ ղարաբաղցի խիզախ հայերից երեքի մասին ավանդապատումներին
Երբ 18-րդ դարի 80-ական թվականներին կայսերական Ռուսաստանը Ղարաբաղի հայերին օգնելու վերաբերյալ խոստումը չի կատարում և հետաձգում է դեպի Այսրկովկաս արշավանքը` հայերին մենակ թողնելով գազազած թշնամիների հանդիման, երկիրը փորձում է սեփական ուժերով իր ազատության ու փրկության համար պայքարել: Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից ավելի վաղ գերված մելիք Մեժլումն ու մելիք Աբովը փախչում են Շուշու բանտից` պայքարը գլխավորելու համար: Ըստ ժողովրդական ավանդապատման` մելիքներին ազատել են նրանց խիզախ խմբապետներ Թյուլի Արզումանը, Դալի Մահրասան և Զաքար Մելքումը: Նրանք ներթափանցում են Շուշու բերդ, տապալում են բանտի դռները և փախցնում են երկու մելիքներին:
«Հիմա Թյուլի Արզումանի մասին: «Թյուլի» թուրքաց լեզվով «ավազակ» է նշանակում, բայց ոչ այն տեսակ ավազակ, որը գիշերը ծածուկ մտնում է քնած մարդկանց տունն ու կողոպտում: Թյուլին բացահայտ է գործել, օր-ցերեկով քարավաններ, գյուղեր ու քաղաքներ է կողոպտել: Այսպես էր նաև Արզումանը (մի՞թե կողոպուտով ու ավազակությամբ են պայքարում թշնամու դեմ): Նա մելիք Աթամի հոր` մելիք Իսրայելի հովվի որդին էր, մանկության օրերին ոչխարներ է արածեցրել, իսկ հետո մելիք Աթամի ընտիր զորապետներից մեկն է դարձել: Փանահ խանն այն աստիճան էր նեղված Թյուլի Արզումանից, որ մի հնարքով նրա հորը` Սարգսին, բռնել է տալիս ու նետում է Շուշու բերդ` իբրև պատանդ: Մի օր խանը Սարգսին ասում է. «Խրատի'ր քո որդուն, որ դադարե չարագործություներից. նա Ղարաբաղի երկիրն ավերակ դարձրեց Մազե կամուրջը կարոտ դարձրեց մարդկանց անցուդարձին»: «Ես Արզուման որդի չունեմ, - պատասխանում է ծերունի հայրը»: «Ինչպե՞ս չունես», - հարցնում է խանը բարկությամբ, - մի՞թե այդ արյունարբու Արզումանը, որ կողոպտում է իմ երկիրը, հրդեհում է իմ գյուղացիների տները, որ ամեն օր ինձ հանգստություն չի տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ»: «Այո', իմ որդին չէ, - պատասխանում է դառնացած ծերունին, - եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չպիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ»: Խանը հրամայում է հանդուգն ծերունուն իսկույն գլխատել: Մի անգամ Արզումանը հանդիպում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որն իր ծառաների հետ դեպի Շուշու բերդ էր գնում: Նա սուրը մոլլայի պարանոցին է դնում ու ասում է. «Եթե կխոստովանես, որ Քրիստոսն Աստված է, չեմ սպանի»: Մոլլան խոստովանում է: Արզումանն այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս, ապա բաց է թողնում սարսափահար մոլլային: Այս դեպքի մասին տեղեկացնում են Իբրահիմ խանին: Խանն իր մոտ է կանչում մոլլային ու բարկությամբ հարցնում է. «Մի՞թե դու խոստովանել ես, որ Քրիստոսն Աստված է»: «Այո' - - պատասխանել է մոլլան, - իսկ դուք, վեհափառ խան, եթե Արզումանի ձեռքն ընկնեիք, ոչ միայն կասեք, որ Քրիստոսն Աստված է, այլև կհավելեիք` Արզուման, դու աստվածների աստվածն ես»: Ջրաբերդը մեկ այլ խիզախ որդի էլ է ունեցել: Դա Չալաղան յուզբաշին է եղել: Րաֆֆին նրա մասին հետևյալն է պատմում. «Չալաղան յուզբաշու պատմությունը կարճ է. այն բովանդակվում է հենց իր մականվան մեջ, որ ժողովուրդը տվել է նրան: Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ: Եվ, իրավ, նա ավելի շատ մի ավազակապետ էր, քան զորապետ: Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երից Մանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում են ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ: Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետ» -ը: Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդն իր սիրելի հերոսին իր արհեստի անունով է կոչում: Նաև հայտնի չէ, թե նա՞ էր արդյոք այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին ռուսաց արքունիքին և իրենց հայրենիքի համար փրկություն էին խնդրում: Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով»: |