Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ

18:15, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ
     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» բացման արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նախարարը շրջել է կենտրոնում և ծանոթացել դրա հնարավորություններին: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվել է ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ: «Սա Պոլիտեխնիկի հերթական ծրագիրն է, որի շրջանակում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար շատ կարևոր կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը: Ըստ էության՝ ինժեներատեխնիկական կրթության ուղղությամբ կարևոր քայլ է կատարվում երկու հարթության մեջ: Առաջինը տեխնիկայի, լաբորատորիաների ձեռքբերումն է տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝ այսպիսով ստեղծելով առաջավոր տեխնոլոգիական լաբորատորիաների համակարգ և երկրորդ՝ փորձ է արվում համադրվող հարթակ ստեղծել, որպեսզի տարբեր ուղղություններով առկա ռեսուրսները հնարավորինս ճիշտ ուղղորդվեն դեպի կիրառական գիտություն: Արդյունքում՝ ուսանողները միանգամից ձեռք կբերեն իրենց աշխատանքի հիմնական հմտությունները: Եթե մենք հաջորդ քայլը կատարենք և կարողանանք գիտական կենտրոններ և համալսարաններ կապել մեկ ցանցի մեջ, ապա աստիճանաբար կուտակված այս ողջ ռեսուրսը կկարողանա ծառայել ողջ հանրապետությանը՝ այսպիսով Հայաստանը դիտարկելով իբրև մեկ հարթակ: Արդյունքում՝ ուսանողները կստանան շարժունակություն և կկարողանան պտտվել այս գիտակրթական դաշտում», -ընդգծել է նախարարը:
     Նշենք, որ ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ ծրագրային միջոցառումներ՝ կազմակերպվել է նորարարությունների դպրոց, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքետինգի գծով, ինչպես նաև ձեռք են բերվել աննախադեպ ու եզակի սարքեր: ՀԱՊՀ-ն ձեռք է բերել արևային մարտկոցների անալիզատոր (տեստեր), տպասալիկների պատրաստման, դրանց վրա էլեկտրոնային տարրերի տեղադրման ու մոնտաժման կիսաավտոմատ սարք, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների լաբորատորիայի համար գնվել են հանրահայտ FLUKE (Ֆլյուկ) ընկերության եզակի վերլուծական սարքերը։
     Ծրագրի շրջանակում նաև գնվել է հայտնի «PANalytical B.V.» հոլանդական ընկերության ռենտգենյան դիֆրակտոմետրը։ Այս սարքը օգոստոսի 17-ին տեղադրվել է համալսարանի 1-ին մասնաշենքում։ Այն բավականին թանկարժեք է՝ 214625 եվրո։ ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը, նկատի ունենալով սարքի եզակի բնույթը և կրթագիտական կարևոր նշանակությունը, այն ազատել է հարկերից ու տուրքերից։ Սարքը հնարավորություն կտա մեծ ճշտությամբ և նյութերի լայն տիրույթում հետազոտել ինչպես Պոլիտեխնիկում մշակված, այնպես էլ Հայաստանի այլ կազմակերպություններում մշակվող ու կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները։ Ընդ որում, հնարավորություն կլինի հետազոտել նաև նանոչափային թաղանթները։ Այսօր արդեն ռենտգենյան դիֆրակտոմետրը կարող է լիարժեք շահագործվել՝ նպաստելով թե՛ համալսարանի ուսումնահետազոտական և նորարարական աշխատանքներին, թե՛ Հայաստանի գիտական ու արտադրական կազմակերպություններում կատարվող հետազոտություններին ու ճարտարագիտական մշակումներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2838 | 0 | 0
Facebook