Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

Մարդկության քրեական ժամանակագրություն. հունվարի 29

12:48, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Մարդկության քրեական ժամանակագրություն. հունվարի 29

1997 թվականի հունվարի 29-ին Նյու Յորքի դատարանը տասնամյա բանտարկության է դատապարտում «Յապոնչիկ» մականունով Վյաչեսլավ Իվանկովին` ռուսական մաֆիայի ղեկավարին:


     56-ամյա քրեական հեղինակությանը ֆինանսական խարդավանքների, շորթման ու ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանձնումը խոչընդոտելու նպատակով կեղծ ամուսնություն ձևակերպելու մեղադրանք էր ներկայացվել: ԱՄՆ-ից արտաքսումը տեղի էր ունենալու այն պատճառով, որ նա վիզաների ձևակերպման ժամանակ իր մասին կեղծ տեղեկություններ էր ներկայացրել:

Ապագա գողը «Յապոնչիկ» մականունն ստացել է Իրկուտսկի բանտում: 1974 և 1981 թվականներին Իվանկովին ձերբակալում են ոսկերիչների ու հնություններ հավաքող անձանց բնակարանները թալանելու, ինչպես նաև Մոսկվայի ձիարշավարանի բուկմեքերներից շորթումներ կատարելու համար: Առաջին ձերբակալության ժամանակ փաստաբան Գենրիխ Պադվան կարողանում է դատավորներին համոզել, թե իր պաշտպանյալը «հոգեպես անկատար» անձնավորություն է ու հաջողացնում է, որ նրան ընդամենը հնգամյա պատիժ տրվի: Երկրորդ անգամ նույնատիպ մեղքերի համար Իվանկովին 14 տարվա բանտարկություն է սպառնացել, բայց փաստաբանների ջանքերի շնորհիվ նա 1991 թվականին վաղաժամ ազատվել է: ԱՄՆ մեկնելու օրն ընկերներին հրաժեշտ տալու ժամանակ նա հայտարարել է, թե գնում է բիզնեսով զբաղվելու:

Չորս տարի անց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Յապոնչիկին ձերբակալում են (խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերվում է չորս անձնագիր՝ երկու ռուսական, մեկ բրիտանական և մեկ լեհական): Նրան մեղադրանք է ներկայացվում «Սամիթ ինտերնեշնլ» խորհրդատվական ընկերության սեփականատերեր Ալեքսանդր Վոլկովից և Վլադիմիր Վոլոշինից 2, 7 միլիոն դոլար շորթում կատարելու մեջ: Հետաքննության ընթացքում պարզվում է, որ այդ փողը պատկանել է ռուսական «Չարա» բանկին (բանկի նախագահը Յապոնչիկին խնդրել էր այդ գումարը վերոհիշյալ անձանցից «պոկել»): Դատավարության ժամանակ ռուսական մաֆիայի «կնքահոր» պաշտպանությունը ստանձնում է Նյու Յորքի ամենաբարձր վարձատրվող փաստաբաններից մեկը՝ Բարրի Սլոտնիկը (12-ամյա փաստաբանական գործունեության ընթացքում նա ոչ մի դատական գործ տանուլ չէր տվել, մեկժամյա աշխատանքի համար պաշտպանյալները նրան հազար դոլար են վճարել): Մեծ է եղել հավանականությունը, որ Յապոնչիկը կարող էր արժանանալ 20 տարվա բանտարկության, բայց Սլոտնիկը նրան ներկայացնում է որպես բռնապետական համակարգի ու ԿԳԲ-ի զոհ, կոմունիստական բռնատիրության դեմ պայքարի մարտիկ, և դատարանը Յապոնչիկին իննամյա բանտարկության է դատապարտում:

2004 թվականի հուլիսին նա ազատ է արձակվում, բայց անմիջապես հանձնվում է Ռուսաստանին: Մոսկվայի դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացնում 14 տարի առաջ Թուրքիայի երկու քաղաքացու սպանության մեջ: Մեկ տարի անց երդվյալ ատենակալների կոլեգիան նրան միաձայն արդարացնում է: Դատախազությունը բողոքարկում է այս որոշումը՝ այն հիմնավորմամբ, թե 12 երդվյալներից յոթը քրեական անցյալ ունեցող անձինք են ու որոշում կայացնելիս նրանք անաչառ չեն եղել: Բայց նրանց չի հաջողվում դատարանի վճիռը չեղարկել: 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը դատավճիռն օրինական է ճանաչում:

Վյաչեսլավ Իվանկովի մայրը նյարդային հիվանդություն է ունեցել, իսկ հայրը հարբեցող է եղել: Մանկության տարիներին նա թույլ առողջություն է ունեցել: Դպրոցոմ սկսել է սպորտով զբաղվել, որպեսզի ամրապնդի առողջությունը: 14 տարեկանից սկսել է գողություն անել: Ութերորդ դասարանից հետո ընդունվել է եկեղեցական ուսումնարան՝ միաժամանակ զբաղվելով օդային մարմնամարզությամբ: Պարապմունքներից մեկի ժամանակ ընկել է ու գանգի վնասվածք ստացել, բայց բժշկի չի դիմել: Դրանից հետո մարզումները դադարեցրել է ու ընդհանրապես հեռացել ուսումնարանից: Աշխատանքի է անցել կենցաղսպասարկման ձեռնարկությունում՝ որպես խառատ: Քսան տարեկանում ամուսնացել է ասորուհի Լիդիա Այվազովայի հետ:

1965 թվականին նա գրպանահատություն է կատարում, բռնվում է ու տարվում է միլիցիայի բաժանմունք: Քանի որ ձերբակալության ժամանակ դիմադրում է, ուղարկում են դատաբժշկական փորձաքննության: Ախտորոշվում է «շիզոֆրենիա», և 1966 թվականի հուլիսի 18-ին նրան ուղարկում են հարկադիր բուժման: Բայց նա հիվանդանոցից փախչում է: 1966 թվականին նրան նորից ձերբակալում են ու նորից ուղարկում բուժման: 1967 թվականին փորձագիտական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ նա լիովին առողջացել է:

Շուտով նա ստեղծում է իր հանցավոր խումբը, որի անդամները, որպես ոստիկաններ, խուզարկություններ են կատարում ապօրինի եկամուտներ ստացող մարդկանց տներում ու նրանց ամբողջովին «ունեզրկում են»: Իրենց այլ զոհերին նրանք տարել են անտառ ու դաժան տանջանքների ենթարկելով շորթել են փող ու թանկարժեք իրեր:

1974 թվականին կովկասցիների հետ կռվի ժամանակ մի կովկասցի է սպանվում: Իվանկովին ձերբակալում են: Նրա մոտ կեղծ անձնագիր ու վարորդական վկայական է հայտնաբերվում: Նորից հոգեբուժական փորձաքնություն, և հանձնաժողովը նրան առողջ է ճանաչում, իսկ դատարանը որոշում է դատապարտել 7 ամիս 15 օր բանտարկության: Նա Բուտիրկայի բանտ է նետվում, որտեղ էլ «օրենքով գող» է հռչակվում:

Բանտից դուրս գալով՝ նա ամուսնալուծվում է: Որոշ ժամանակ բանջարեղենի խանութում «ապրանքագետ» է ձևակերպվում, ու այդ ընթացքում դառնում է Մոսկվայի քրեական աշխարհի հեղինակություններից մեկը: Նրա ղեկավարած հանցախումբը միլիցիոների համազգեստով ու կեղծված փաստաթղթերով հաճախակի խուզարկություններ է կատարում ստվերային գործարարների օբյեկտներում ու տներում՝ բռնագրավելով թանկարժեք իրեր ու փող, նրանք կատարում են նաև բնակարանային գողություններ:

Նորից բանտում հայտնված Յապոնչիկին ազատելու համար 1991 թվականին միջնորդում են Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Ռոզենբաումն ու ակնաբույժ Սվյատոսլավ Ֆեոդորովը:

1992-ին Յապոնչիկը Գերմանիա է մեկնում, այնուհետև՝ ԱՄՆ:

2009 թվականի հուլիսի 28-ին նրա նկատմամբ մահափորձ է կատարվում: Նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է սեպտեմբերի 14-ին:

Թաղում են «Վագանսկովսկայա» գերեզմանոցում: Թաղմանը 500 մարդ է մասնակցել: 2011-ի ամռանը նրա գերեզմանին հուշարձան է կանգնեցվում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2375 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով