Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհակալը՝ սիրերգակ

19:35, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Աշխարհակալը՝ սիրերգակ

Օսմանյան կայսրության մեծագույն սուլթանը՝ Սուլեյման Առաջին Փառահեղը, որի գահակալության օրոք կայսրությանն են միացվել Հռոդոս կղզին, Բոսնիան, Հերցոգովինան, Սլովենիան, Տրանսիլվանիան, Հունգարիան, Բաղդադը, Բասրան ու ամբողջ Իրաքը, Խուժիստանը, Լուրիստանը, Բահրեյնն ու Պարսից ծոցի իշխանությունները, նաև բանաստեղծ է եղել: Այս ռազմատենչ միապետի ներշնչանքի աղբյուրը Լեհաստանից գերեվարված ու սուլթանի հարեմին հանձնված Հյուրեմ Սուլթանն (եվրոպական գրականությունը նրան Ռոքսելան է անվանում) է եղել: Ուղղափառ քահանայի այս աղջիկը կարողանում է սովորական հարճի կարգավիճակից բարձրանալ ու դառնալ սուլթանի օրինական կինը: Սուլեյմանը նույնիսկ թույլ է տալիս, որ նա մինչև իր կյանքի վերջն արքունիքում մնա՝ դրանով իսկ կոտրելով օսմանյան այն ավանդությունը, որի համաձայն, երբ գահաժառանգները չափահաս էին դառնում, նրանց իրեն ծնող մոր հետ հեռացնում էին մայրաքաղաքից:

Արդ, սուլթանն այս կնոջն այնքան է սիրել, որ նրան հետևյալ բանաստեղծությունն է նվիրել:


     Իմ միհրաբի թագ, իմ հարստություն, իմ սեր, իմ պայծառ լուսին,

Իմ մտերիմ ընկերուհի, իմ գաղտնիք, իմ ամեն ինչ, իմ միակ սեր,

Հիասքանչների մեջ իմ ամենագեղեցիկը,

Իմ գարուն, բոլոր ուրախությունների ակունք, լույսի աղբյուր, իմ շողշողուն աստղ, գիշերվա լուսատու,

Իմ քաղցր շաքար, իմ գանձ, իմ վարդ, միակն այս աշխարհում, որն ինձ չի հիասթափեցնում,

Իմ Կոստանդնուպոլիս, իմ Քարաման, իմ Անատոլիայի կենտրոն,

Իմ, Բադախշան, իմ Բաղդադ ու իմ Խորասան,

Իմ սևահեր, իմ կամարահոն, նվաղուն ու նենգ աչքերով իմ սեր,

Ես անդադար քո գովքն եմ անում,

Ես՝ խռովահույզ սրտով սիրահարվածս, երջանիկ եմ:

Նկարում՝ Հյուրեմ Սուլթանը

Ծան. Միհրաբը մզկիթի խորանն է, որն ուղղված է Մեքքայի կողմը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4961 | 0 | 0
Facebook