Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղբայրասպանության ծանր հետևանքները

22:21, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Եղբայրասպանության ծանր հետևանքները

Վարանդայի մելիքների ոստանը՝ Ավետարանոցը, մելիք Հուսեինի ժամանակ Ղարաբաղի քաղաքական կյանքի շատ նշանավոր կենտրոն էր դարձել: Մելիք Հուսեինը, ինչպես վկայում է նրա տապանաքարը, ոչ ոքի հարկատու չի եղել, այսինքն՝ գրեթե լիակատար անկախության է հասել հենց Նադիր շահի ժամանակ, քանի որ շատ օսմանյան թուրք էր ջարդել: Ավանդությունը պատմում է, թե Հուսեինի մահից հետո նրա դուստր Գայանեն գլխավորում է այն դավադրությունը, որ կազմակերպել էր մելիք Եգանը (մելիք Ավանը) օսմանցի զինվորներին կոտորելու համար:

Ահա Վարանդայի այս Ավետարանոցը կարճ ժամանակ անց ամբողջովին կերպարանափոխվում է ու դառնում է հայրենիքը կործանող մի ուժանակ:


     Մելիք Հուսեինին, ինչպես կարգն էր, հաջորդում է նրա ավագ որդին՝ բնավորությամբ թույլ, բայց սաստիկ գրասեր Հովսեփը: Նրա կրտսեր եղբայրը՝ Շահնազարը, որը, ընդհակառակը, ուժեղ կամք է ունեցել ու սաստիկ փառասեր է եղել, վճռում է եղբորից խլել իշխանությունը: Նպատակին հասնելու համար նա չի խորշում նույնիսկ ամենաքստմնելի ոճիրը գործելուց: Մի գիշեր նա հարձակվում է մելիք Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանում է եղբորը և հրամայում է կոտորել նրա ամբողջ ընտանիքը:

Ահա այսպիսի արգահատելի եղանակով նա դառնում է Վարանդայի տերը: Ղարաբաղի քայքայման համար աշխարհ եկած այդ մարդը, դժբախտաբար, երկար կյանք է ունենում, որը լիովին բավարար էր երկիրը կործանման վերջնակետին հասցնելու համար:

Այս եղբայրասպանությունը, այս կայենությունը Խամսայի մյուս մելիքները չեն կարողանում ներել: Նրանք միավորվում են՝ ոճրագործին պատժելու և հին ժառանգական կարգը վերականգնելու համար (մելիք Հովսեփի ընտանիքի կոտորածից փրկվել էր մի մանուկ, որին փախցրել էին Խաչեն՝ իր պապի տուն):

Սպանված մելիք Հովսեփը Հասան-Ջալալյանների նշանավոր գերդաստանի փեսան էր, և ավագ եղբորը սպանած մելիք Շահնազարի դեմ ծավալված գործողությունների հրահրիչն ու ոգեշնչողը դառնում է Խաչենի մելիքական տոհմը: Հետևանքը լինում է այն, որ Խամսայի երկրում ազգամիջյան պատերազմ է սկսվում: Մնալով մենակ՝ մելիք Շահնազարը փակվում է Ավետարանոցի բերդում: Գյուլիստանի մելիք Հովսեփը, Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլի սուլթանը, Խաչենի մելիք Ալլահվերդին և Դիզակի մելիք Եսային միավորվում են ու պաշարում բերդը:

Պաշարումը այնքան է երկարում, որ ձմեռը վրա է հասնում, և պաշարողները վերադառնում են իրենց տները՝ հընթացս ավերելով Վարանդայի շատ (ուշադրությո'ւն) հայկական գյուղեր:

Մենակ մնացած մելիք Շահնազարը հպատակվում է Փանահ խանին, որպեսզի նրա օգնությամբ կարողանա դիմադրել իր թշնամի մելիքներին:

Վարանդայի տիրոջ այս արարքն էլ ավելի է խորացնում նրա նկատմամբ թշնամանքը, և ազգամիջյան պատերազմն առավել անզիջում ու անշրջելի է դառնում: Մելիք Շահնազարի գործած ոճիրը` եղբայրասպանությունը, երկրորդ պլան է մղվում ու մոռացվում է, որովհետև այս դավաճանական դաշնությունն արդեն սպառնում էր Խամսայի մելիքությունների բուն գոյությանը: Մելիքները տեսնում էին, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե միատարր հայ բնակչության մեջ ստրկություն և դժբախտություն բերող թշնամի ուժ է ներխուժում: Սկսվում են երկարատև կռիվները, որոնք, դժբախտաբար, բարեհաջող ելք են ունենում թշնամիների համար: Կիսավայրենի, թափառական ցեղի առաջնորդը` հայ մելիքներից ավելի հնարամիտ ու ճարպիկ Փանահ խանը, կարողանում է իր նպատակներին ծառայեցնել հենց հայերի ուժերն ու հնարավորությունները:

Մելիք Շահնազարի դավաճանությունն արդեն ճեղք էր բացել հայոց միասնական ճակատում: Դիզակ գավառը զրկվել էր միաբան մնացած մելիքների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Հարձակվելով մելիքական կազմակերպության կենտրոնի` Խաչենի վրա, Փանահն այդ ճեղքն էլ ավելի է խորացնում ու ընդլայնում: Խաչենցիներն սկզբում ջարդում են Փանահի զորքերին ու բավականին հեռու են շպրտում, բայց երբ նրանք մտնում են դաշտավայր, թուրքերը հետ են դառնում ու այս անգամ իրենք են ջարդում իրենց հետապնդողներին: Մելիք Ալլահվերդին ստիպված նախանջում է ու ապաստանում Ուլուպապ (թուրքերեն` Բալլուղայա) բերդում: Այս բերդի մոտ տեղի է ունենում վճռական ճակատամարտը: Հայերն, ավաղ, պարտվում են` կորցնելով 300 մարդ: Պարտության առավել կորստաբեր հետևանքն այն էր, որ Փանահ խանը Խաչենի մելիքությունը խլում է Հասան -Ջալալյաններից և տալիս է իր կողմնակից մի հայի` Միրզախանին, որը Խնձորստան գյուղից էր: Այսպիսով, խանի դրոշի տակ էր արդեն երկու մելիքություն: Ուժերի անհավասար վիճակ էր ստեղծվել. Դիզակն առանձնացած, մեկուսացված էր, ո'չ կարող էր օգնել Ջրաբերդին ու Գյուլիստանին, ո'չ էլ նրանցից օգնություն ստանալ:

Այս խոշոր հաջողությունից Փանահը առավելագույն օգուտ է քաղում: Նպատակ ունենալով հետագա նվաճումների համար ռազմական ամուր հենակետ ստեղծել, նա, ինչպես վկայում են թուրքական աղբյուրները, գլխավոր խորհրդատու է դարձնում մելիք Շահնազարին: Շահբուլաղի ամրոցը բավարար չէր անկասելիորեն և արագ ընդարձակվող խանության հարաճուն կարիքները բավարարելու համար, և մելիք Շահնազարը Փանահի ուշադրությունը հրավիրում է իր անմատչելի լեռնային տեղանքներից ամենաանմատչելիի վրա ու խորհուրդ է տալիս այդտեղ բերդամրոց կառուցել: Փանահը հանձնարարում է հետազոտել հայաբնակ Շոշ գյուղի մերձակա այդ տեղանքը, որը բոլոր կողմերից լավ պաշտպանված էր ուղղաձիգ ժայռերով, անդնդախոր ձորերով, բլուրներով ու լեռնաշղթաներով: Խանի հանձնարարությունը կատարողները շատ են հավանում տեղանքը, որ, սակայն, ընդամենը մեկ թերություն ուներ: Թեպետ կային մի քանի աղբյուրները, սակայն տեղանքը հիմնականում զուրկ էր առատ ջրից: Իսկ այդ մի քանի աղբյուրը բավարար չէր մեծ բերդի համար: Բայց շուտով պարզվում է, որ եթե հորեր փորվեն, դրանց ջուրը բավարար կլինի:

Այս ամենը հաշվի առնելով` հեռատես Փանահն ընդունում է մելիք Շահնազարի հրամցրած տարածքն ու իր ձեռքով դնում է այն բերդի հիմքը, որը սկզբում, խանի հրամանով, անվանվեց Փանահբադ: Հետագայում տարածում գտավ Շոշվա ղալա («ղալա» նշանակում է բերդ) անունը:

Բայց առավել հավանական է, որ բերդի հիմքերը դրել է Ավան յուզբաշին, 1724 թվականին, իսկ Փանահը 1752- 1754 թվականներին այդ հիմքերի վրա ավարտել է բերդի շինարարությունը: Ռուսաստանից օգնություն մուրալու համար այդ երկիր ուղարկված Քյոխվա Չալաբին, տանելով ռուսաց կառավարության պատասխանը հայ մելիքներին և յուզբաշիներին, նրանց բանտարկված է գտնում Շոշու գյուղի մոտ:

Հետագայում, ռուսական կառավարությանը ներկայացված զեկուցագրում նա հետևյալն է նշել. «Շոշու գյուղը շրջապատված է բարձր ժայռերով»: Կնշանակի Ավան յուզբաշու ժամանակ Շոշուն գտնվել է այն ժայռապատ բարձրության վրա, որը հետագայում «Շոշվա ղալա» է դարձել: Ուրեմն ոչ թե այժմյան Շոշ գյուղն է իր անունը բերդին տվել, այլ հակառակն է եղել:

Մի խոսքով, Ղարաբաղի լեռներում մելիք Շահնազարի կամոք, մելիք Շահնազարին պատկանող տարածքում Փանահ խանի կառուցած բերդը դառնում է մի հզոր պլացդարմ հետագա նվաճումների համար: Շուշու սարսափազդու ամրություններից երևում էին նվաճելիք հորիզոնները, հարավում՝ մինչև Նախիջևան, արևմուտքում՝ մինչը Սևանա լիճ, հյուսիսում՝ մինչև Գանձակ, արևելքում՝ Կուրի և Արաքսի միախառնման տեղը: Հորիզոնից հորիզոն ընկած տարածքների նվաճումը Փանահի համար երազանք չմնաց, այլ իրագործվեց, որովհետև Շուշիի բերդի գերիշխող դիրքն այդ հնարավորությունն ընձեռում էր:

Փանահի նվաճողական ձգտումների առաջին զոհերը պետք է դառնային Խամսայի երեք մելիքները: Շուշին դառնալու էր նրանց գերեզմանափորը:

Խաչենի մելիքությունը ոչնչացնելուց հետո Փանահ խանը հարձակվեց Ջրաբերդի վրա, որի մելիքն էր Նադիր շահի համակրանքին արժանացած Ալլահ Ղուլի Սուլթանը: Մի քանի բախումները Փանահին հաջողություն չբերեցին, և կողմերը որոշեցին հաշտվել: Թուրքական աղբյուրների վկայությամբ՝ Ալլահ Ղուլին գնում է Փանահ խանի մոտ, և նրանց միջև բարեկամական հարաբերություն է հաստատվում: Բայց այն տևական չի լինում: Ինչպես վկայում են այդ նույն թուրքական աղբյուրները, իր կողմնակից հայերի դրդմամբ խանը դավաճանում է պայմանավորվածությանը: Գլխավոր դրդիչը եղել է մելիք Շահնազարը, որը նախանձից պայթել է, որ Ջրաբերդի տերը ճոխ է ապրել ու շրջել է ճոխությամբ զարդարուն շքախմբով: Երբ Ալլահ Ղուլի Սուլթանն այցելում է Փանահին, վերջինիս կողքին նստած մելիք Շահնազարը խանին ասում է. «Դժվար է հավատալ, թե այսպիսի փարթամության մեջ ապրողը կարող է միշտ քեզ հնազանդ մնալ և հոգով ու մարմնով նվիրվել քեզ: Առաջին իսկ հնարավորության դեպքում նա քո թշնամին կդառնա: Ուստի իմացիր, որ սրան ազատել քո դավանած զգուշության կանոններին հակասում է»: Այս սադրանքը կասկածամիտ Փանահին գործողության է մղում, և նա տմարդաբար ձերբակալում է մելիքին և նույն գիշերն իսկ հրամայում է սպանել նրան ու իր ուղեկիցներին:

Հետագայում ոմանք ինչպես հարկն է գունազարդում են մելիքի մահվան հանգամանքները, նրա մահվան մեջ վիպական մանրամասներ են մտցնում, իսկ վիպասան Րաֆին էլ անաղարտ ճշմարտության տեղ է ներկայացրել այդ հորինվածքը, որի համաձայն բանտարկված Ալլահ Ղուլի Սուլթանը օգնության է կանչել իր եղբորը՝ մելիք Ադամին (Հաթամին), կանչել է իր նիզակակցին՝ Դալի Մահրասային՝ հորդորելով նրանց Շուշին քարուքանդ անել, նրա մոխիրն ու հողն արյամբ շաղախել ու իրեն բանտից ազատել: Բայց ո՛չ եղբայր, ո՛չ էլ նիզակակիցը չեն հայտնվում: Օգնության կոչին արձագանքում է նրան սիրող էակը՝ Փանահի հարեմի ամենագեղեցիկ կինը: Գիշերը կալանավորին կերակուր տանելու ժամանակ սիրահարված գեղեցկուհին փլավի մատուցարանի մեջ թաքցնում է բանտի և բանտարկյալի երկաթյա ոտնակապերի բանալիները, որպեսզի նա փախչի: Բայց բանտարկյալը պատասխանում է, թե հայոց քաջերը փախչելու սովորություն չունեն, և եթե ինքը ցանկանա փախչել, ապա այդ բանալիների կարիքը չի ունենա: Այս խոսքերից հետո նա, փղշտացիաների Սամսոնի նման, փշրում է շղթաները և դրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, ետ է ուղարկում՝ ասելով. «Դավաճանությունը կպատժվի…իմ արյունն առանց վրեժխնդրության չի մնա»:

Նրան հաջորդում է եղբայրը՝ մելիք Հաթամը, և Ջրաբերդի մելիքության ու Փանահ խանի միջև կռիվը վերսկսվում է: Այս Հաթամի օգնությամբ Գլուլիստանի մելիք Հովսեփն ազատվում է իր հողեղբորից՝ մելիք Թամազից՝ սպանելով նրան: Դրանից հետո այս երկու մելիքներն սկսում են միասնաբար պայքարել Շուշու խանի՝ Փանահի դեմ: Երկարատև մանր բախումներից հետո Փանահը, բավականաչափ զորք կուտակելով, հարձակվում է Հաթամի նստավայրի՝ Ջրաբերդի վրա:

«Միայն մի հատիկ ճանապարհ է տանում դեպի բերդը, որի մոտով հոսում է Թարթառ գետը - գրում է թուրքական աղբյուրը: - Այդ ճանապարհն էլ անցանելի է միայն հետևազորի համար: Ղարաբաղի հեծելազորը, որ բաղկացած էր ջիվանշիրցիներից, սարուջալիներից, քաբիրլիներից և օթուզիքիներից, աննկարագրելի չարչարանքով անցավ չափազանց դժվարանցանելի տեղերով և ամոթալի պարտության մատնեց մելիք Հաթամ բեկին, որի մարդկանցից շատերն սպանվեցին կամ գերի ընկան: Ջրաբերդի շրջանի պատվավոր մարդկանց մեծ մասը, Փանահ խանի անակնկալ հարձակումից սարսափած, հոժարակամ հպատակվեց նրան: Միայն մի քանի ընտանիք, որոնց թվում նաև մելիք Հաթամ բեկը, կարողացան փախչելով փրկվել»:

Բայց հետագա դեպքերը ցույց են տալիս, որ թուրք պատմիչը որոշ չափով չափազանցրել է: Մելիք Հաթամը ոչ թե փախել է, այլ իր զինուժով և հպատակների մեծ խմբող նահանջել է դեպի Գյուլիստան: Զգալով, որ չի կարողանալու պաշտպանել Ջրաբերդը, նա բերդից ու նաև երկրից դուրս է բերում իր զինվորականությանն ու ժողովրդին՝ հետագայում պայքարը շարունակելու համար:

Ջրաբերդի հաղթանակից հետո Փանահը մարդ է ուղարկում մելիք Հովսեփի մոտ՝ պահանջելով, որ նա հպատակություն հայտնի: Հովսեփը կտրականապես մերժում է, և Փանահը հարձակվում է Գյուլիստանի վրա: Թեպետ խանը մի քանի անգամ պարտվում է, բայց ի վերջո կարողանում է հաջողության հասնել, ու երկու մելիքները, չկամենալով գլուխ խոնարհել խանի առջև, ստիպված հեռանում են Գյուլիստանից՝ ապաստանելով Փանահի թշնամի Գանձակի խանությունում: Շահվերդի խանն ուրախությամբ է ընդունում իր թշնամի խանից պարտված մելիքներին, նրանց և նրանց հպատակներին բնակության տեղեր է հատկացնում Շամքոր գետի վրա և շրջակա լեռներում, և Գանձակի շրջանում կազմակերպվում է Խամսայի երկու մելիքությունների ժամանակավոր գաղութը: Մելիք Հովսեփն ու Հաթամը սպասում են հարմար առիթի, որպեսզի Փանահի դեմ պայքարը վերսկսեն:

Մնում էր Դիզակի մելիք Եսային, որի հետ թշնամությունը հնուց՝ այն ժամանակներից էր գալիս, երբ Փանահը նոր էր սկսում հայտնի դառնալ ջիվանշիրցիների մեջ: Ինչպես վկայում են թուրք աղբյուրները, նրանց միջև պատերազմը շատ անզիջում ու արյունահեղ է եղել: Տող բերդում 3000 զինվորներով ամրացած մելիք Եսային հիմնականում պաշտպանվել է: Փանահն ու մելիք Շահնազարը երկու անգամ պարտվել են մելիք Եսայուց, ճակատամարտերից մեկի ժամանակ Փանահը նույնիսկ վիրավորվում է ու հարկադրված է լինում նահանջել: Մելիք Եսային հետապնդում է նրան` հընթացս թալանելով (ուշադրություն դարձրեք) հայկական գյուղերը:

Այս պարտությունը չի հուսահատեցնում Փանահին, ու նա նորից է փորձում ծնկի բերել Եսայուն: Այս անգամ նա հաջողում է. մելիքը սաստիկ պարտություն է կրում և ստիպված է լինում հաշտություն առաջարկել: Թուրք պատմագիրն ասում է, թե մելիք Եսային գնում է Փանահ խանի մոտ, բայց վերջինս սպանում է նրան: Բայց այս տեղեկությունը բացարձակ սխալ է, որովհետև մելիք Եսայու տապանագիրը վկայում է, որ նա ապրել է մինչև 1781 թվականը, մինչդեռ Փանահ խանը մեռել է 1762-ին; Սա նշանակում է, որ մելիքի և խանի միջև հաշտություն է կնքվել, որի արդյունքում մելիք Եսային անգործության է մատնվում` դադարեցնելով պայքարը խանի դեմ:

Այսպիսի ավարտ է ունենում Փանահի պատերազմը Խամսայի մելիքների դեմ: Թեև նա չի կարողանում նրանց լիովին ոչնչացնել կամ կատարելապես հնազանդեցնել, բայց և այնպես, ձեռքբերումը շատ նշանակալի էր: Խանի տիրույթներին էր միացվել երկու մելիքություն, իսկ մնացած երեքն այնպիսի դրության մեջ էին դրվել, որ երկար ժամանակ չէին կարող վտանավոր լինել խանի համար:

Բայց Փանահի ամենագլխավոր օգուտն այս կռիվներից այն էր, որ նա կառուցում է Շուշու բերդը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8373 | 0 | 0
Facebook