Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ոստիկանությունը Ճըվճվ Արոյի որդիների նկատմամբ «վենդետա» օպերացիա է սկսել

Միքայել
Հեղինակ`
Միքայել
18:36, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Ոստիկանությունը Ճըվճվ Արոյի որդիների նկատմամբ «վենդետա» օպերացիա է սկսել
    
Նախանցած գիշեր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը խլեց երկու երիտասարդների՝ ՃՈ աշխատակիցների կյանք: Մամուլը հեղեղված է ավտովթարի հեղինակ Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի (ձախ նկարում), մեղմ ասած, «հարուստ» կենսագրության մասին տեղեկություններով: Պակաս «հարուստ» չէ նաեւ նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի կենսագրությունը: Նրանց «կյանքի ու գործունեության» յուրաքանչյուր դրվագ ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ այդ երիտասարդները կարող էին հիմա լինել ճաղավանդակների ետեւում, բայց ամեն անգամ հայկական արդարադատությունն ու իրավապահ համակարգը խիստ մեղմ են գտնվել նրանց նկատմամբ: Եղբայրների անունները նախկինում էլ հաճախ են շոշափվել տարատեսակ հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություններում:

    
Սա արդեն իսկ տարակուսելի է դարձնում մեր իրավապահների անաչառությունն ու օբյեկտիվությունը: Բայց տվյալ դեպքում կարելի է նման ենթադրություններին հակադարձել, թե կա անմեղության կանխավարկած, պատժի համաչափություն եւ իրավական այլ տերմիններ: Շատ լավ: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ավտովթարից անմիջապես հետո, ցույց է տալիս, որ այս ավտովթարում մեղքի իրենց բաժինը ունեն նաեւ իրավապահները: Խնդիրն այն է, որ վթարից անմիջապես հետո վթարի հեղինակի եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ իրավապահները հայտարարեցին հետախուզում, հայտնաբերեցին ու ձերբակալեցին: Եվ դա, ուշադրություն, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:

    
Ըստ իրավապահների, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին «Երեւան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարեւանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Արայի Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա վզնոցը: Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կողոպուտ) հարուցվել է քրեական գործ: «Կատարած հանցավոր արարքի համար Սերժ Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

    
Երկրորդ դրվագով դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 26-ին «մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետեւանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը»:

    
Ուրեմն ի՞նչ է ստացվում: Իրավապահները նախկինում հիմքեր ունեին Սերժ Վարդանյանին ձերբակալելու, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ձերբակալել, այլ բավարարվել են չհեռանալու մասին ստորագրությամբ: Կամ հիմա չունեն հիմքեր, բայց ձերբակալել են, քանի որ նրա եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, երկու ոստիկանների մահվան պատճառ է դարձել: Իհարկե, պաշտոնական ձեւակերպմամբ Սերժ Վարդանյանին կանչել են, ու նա չի ներկայացել: Բայց, թերեւս, ոչ ոք չի հավատա նման զուգադիպության. հենց այդ օրը նրան կանչել են հարցաքննության, ու հենց այդ օրը նա չի ներկայացել:

    
Ակնհայտ է, որ իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ անձնական վրեժ են լուծում: Ու այս դեպքում շատ դժվար է ասել՝ եթե ավտովթարի հետեւանքով զոհվեին ոչ թե ոստիկաններ, այլ, ասենք, բժիշկներ, ուսանողներ կամ թափառաշրջիկներ, իրավապահները նույնկերպ կգործեի՞ն: Թե հերթական անգամ կգտնեին որեւէ իրավական ձեւակերպում չբացակայելու մասին ստորագրություն վերցնելու եւ նրանց ազատ արձակելու համար:

    
Սա կրկին անգամ ցույց է տալիս, թե որքան աղճատված է մեր իրավապահ համակարգը: Որքան հեռու են մեր իրավապահներն իրենց իրական դերի ու գործառույթների գիտակցումից: Բավական է թերթել մամուլը, եւ կհամոզվենք, թե որքան հանդուրժող ու մարդասեր են մեր իրավապահները տարատեսակ պաշտոնյաների, օլիգարխների, քրեական հեղինակությունների ու նրանց «դաստիարակված» զավակների նկատմամբ, ու որքան խիստ ու անհանդուրժող են, օրինակ, հասարակական կարգը բողոքի ակցիաներով խաթարող երիտասարդների նկատմամբ:

    
Խաղաղ ցույցերից հետո հարյուրավոր երիտասարդների բաժիններ տանելու, նրանց նկատմամբ վարույթներ մոգոնելու, երբեմն նույնիսկ քրեական գործեր հարուցելու վրա մեր իրավապահներն այնքան ռեսուրս ու էներգիա են ծախսում, որ հասարակության համար իրոք վտանգ ներկայացնողների համար հավես ու ժամանակ չի մնում:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3607 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ