Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է․ «Ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:

21:32, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է․ «Ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:
     «Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է», այսպես է բնութագրել ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան-Լյուք Գոդարը 20-րդ դարի հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանյանին։
    
     Կենսագրությունը․
    

    

Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց) ծնվել է 1924թ․ հունվանրի 9-ին, Թիֆլիսում քաղաքում, հնավաճառի ընտանիքում։ Մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց) . դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
     1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով:
     1966 թ-ին սկսել է «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի աշխատանքները, սակայն այն արգելվել է (պահպանվել են մի քանի կադրեր): Փարաջանովը և մշակույթի ու գիտության մի շարք այլ գործիչներ նամակ են հղել կուսակցական և պետական բարձրագույն ատյաններ. բողոքել են 1960-ական թվականներին Ուկրաինայում մտավորականների համատարած բանտարկությունների համար:
     1966 թ-ին Փարաջանովին հրավիրել են աշխատելու Հայֆիլմ ստուդիայում: 1967 թ-ին նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969 թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: Ֆիլմի գունագեղ կտավներ հիշեցնող կադրերը վերակերտում են աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությունը, բացահայտում նաև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգը, սերն ու հավերժությունը:
     1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
     1983–88 թթ-ին Փարաջանովն աշխատել է Վրացֆիլմում. 1984 թ-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դավիդ Աբաշիձեի հետ), 1986 թ-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988

Ս. Փարաջանովի մահարձանը Երևանի Կոմիտասի անվան
     զբոսայգու պանթեոնում (1999 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ)
     թ-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկե» մրցանակ՝ 1999 թ., հետմահու) կինոնկարները:
     Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992 թ.):
     Փարաջանովը նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր», երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, 1957 թ.): Փարաջանովն իր մի քանի և այլ ռեժիսորների կինոնկարների սցենարիստն է («էտյուդ Վռուբելի մասին», 1989 թ., «Կարապի լիճ: Զոնա», 1990 թ.):
     Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:
     Մահացել է 1990թ․ հուլիսի 20-ին։

Փարաջանովին նվիրված նկարահանվել է շուրջ 20 ֆիլմ: 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:
     Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
     Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:


    
Փարաջանովն իր մասին․
Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար:
     Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
    
    
Փարաջանովը սիրո մասին․
    
    
«Սերը գեղեցիկ ու հմայիչ է, քանի դեռ նվաճված չէ լիովին»
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2066 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ