Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Անցյալի հռչակավոր գրողներից ո՞վ է ավելի շատ փող վաստակել

12:21, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Անցյալի հռչակավոր գրողներից ո՞վ է ավելի շատ փող վաստակել

Գրողի վաստակը պայմանավորված է եղել նրանով, թե ինչպիսի արտադրողականությամբ է նա աշխատել, ինչ հեղինակություն է ձեռք բերել, ունեցե՞լ է արդյոք գործարարի ջիղ, կարողացե՞լ է սև թանաքը ոսկեբեր վտակի վերածել:


     Կսկսեմ արտադրողականությունից: Աշխարհի ամենաարտադրողական, ամենաբեղուն գրողներից մեկը եղել է իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան: Հինգ տարեկանից արդեն նա բանաստեղծություններ է հորինել, երբ նույնիսկ կարդալ ու գրել չի կարողացել: Նա իր բանաստեղծությունները թելադրել է իր այն հասակակիցներին, որոնք գրաճանաչ են եղել ու դրանց դիմաց նրանցրից մրգեր, քաղցրավենիք ու խաղալիքներ է ստացել: Այդ մանկական բանաստեղծությունները, իհարկե, սերունդներին չեն հասել, և գրականության պատմությանը հայտնի են միայն հասուն տարիքում գրած նրա ստեղծագործությունները: Դրանց արժանիքներն այս հոդվածում քննարկելու հարկ չկա, որովհետև Լոպե դե Վեգայի պիեսները պերճախոս վկայություններն են նրա տաղանդի: Նա 1800 պիես է գրել, և դրանք բոլորը չափածո կառուցվածք ունեն: Մի գիտնականի հաշվումների համաձայն՝ իսպանացու բոլոր գործերը միասին 21 316 000 տող են կազմում: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի արագությամբ է նա իր բանաստեղծությունները թղթին հանձնել: Նա իր բոլոր պիեսներն առավելագույնը 3 օրում է գրել, իսկ շատ պիեսներ էլ՝ ընդամենը 24 ժամում: Դերասանները նրա «շնչին կանգնած»` սպասել են, ու թանաքը թղթի վրա դեռ չչորացած, նրա հետ թատրոն են վազել:

Դե Վեգայի վաստակի մասին ճշգրիտ տեղեկություններ մեզ չեն հասել. միայն հայտնի է, որ գրական աշխատանքը նրան 105 հազար ոսկեդրամ եկամուտ է ապահովել: Իսկ դա նշանակում է, որ նա, այն ժամանակվա չափանիշներով, մուլտիմիլիոնատեր է եղել:

Ինչ վերաբերում է հանրահայտությանը, ապա բնական է, որ գրողի եկամուտներն աճել են նրա ստացած դափնեպսակներին համապատասխան: Սկսնակ գրողը, հնարավոր է, իսկական գլուխգործոց է ստեղծել, բայց հրատարակիչը նրան շատ քիչ է վճարել: «Կորուսյալ դրախտ» -ի հեղինակ Միլթոնը մի քանի հրատարակչի դուռ է թակել, բայց նրան քաղաքավարությամբ մերժել են: Ի վերջո նրանցից մեկը համաձայնել է տպագրել նրա ստեղծագործությունը, բայց պարտավորվել է ընդամենը հինգ ֆունտ վճարել: Վիկտոր Հյուգոն իր գրական գործունեության սկզբում «Իսլանդացի Հանը» վեպը հրատարակչին ընդամենը 300 ֆրանկով է վաճառել: Ավելի ուշ, փառքի գագաթնակետի շրջանում, նա «Թշվառները» վեպի համար 400 հազար ֆրանկ է ստանում:

Ինչ խոսք, գրողի ժողովրդականությունը պայմանավորված է եղել նաև նրա հայրենիքի պայմաններով: Գյ ոթեն 37 տարի շարունակ իր գործերի տպագրությունը վստահել է հրատարակիչ Կոտտային ու այդ ընթացքում նրանից 401 090 մարկ հոնորար է ստացել: Այսինքն, ստացվում է, որ Գյ ոթեն իր ամբողջ կյանքում ավելի քիչ է վաստակել, քան Հյուգոն իր ընդամենը մեկ վեպով:

Այժմ գործարար ջղի մասին: Այն առավել լավ է դրսևորվել հատկապես ֆրանսիացի գրողների մոտ: Այդ նրանք են մտահղացել շարունակական վեպի գաղափարը: Սկզբում վեպը տպագրվել է թերթում, այնուհետև այն ամբողջացել է մեկ գրքում:

Պարբերական մամուլն այդ ստեղծագործությունների համար վճարել է ըստ տողերի քանակի: Դյումա Կրտսերի և Էժեն Սյուի ժամանակներում մեկ տողի արժեքը կազմել է 1 ֆրանկ 25 սանտիմ, ընդ որում կիսատ տողերը ամբողջական տող են համարվել: Ավելին, քիշ աշխատանքով շատ վաստակելու համար գրողցներից ոմանք նույնիսկ երկխոսություններն են մասնատել: Օրինակ՝ վեպի հերոսներն այս կերպ են զրուցել.

«-Այսպիսով, դուք պնդո՞ւմ եք, որ տեսել եք մարդասպանին:

-Այո՛:

-Բայց դա հնարավոր չէ:

-Ես ձեզ վստահեցնում եմ:

-Կրկնե՛ք:

-Այո՛, ես տեսել եմ մարդասպանին:

-Պարզապես անհավանական է:

-Երդվո՛ւմ եմ:

-Կնշանակի՝ այդ ամենը ճշմարի՞տ է:

Այո՛»:

Ահա ձեզ տասը տող, որը գրողին 12, 5 ֆրանկ աշխատավարձ է ապահովել:

Բայց թերթերի սեփականատերերը շուտով հասկանում են, որ գրողները փորձում են քիչ աշխատանքով շատ վաստակել: Նրանք Դյումայի հետ պայմանագիր են կնքում, որի համաձայն գրողը վարձատրվելու էր ոչ թե տողերի, այլ տառերի քանակի դիմաց: Յուրաքանչյուր տառի համար նա երկու սանտիմ է ստացել, ու մեկ տարում սանտիմները գումարվելով, կազմել են 200 հազար ֆրանկ:

Մոդայիկ գրողները կարողացել են ոչ միայն լավ վաստակել, այլև ծախսել: Երբ ֆրանցիացի գրող Լամարտինի հոնորորները սկսել են գետի պես նրա գրպանը հոսել, նա նավ է գնել, այն կահավոր է ու կնոջ և դստեր հետ մեկնել է Փոքր Ասիա: Կառանելով փոքրասիական նավահանգիստներում՝ նա օթևանել է այն տներում, որոնք նրա գործակալները նախապես վարձակալել էին: Նա սեփական քարավանով ճանապարհորդել է այս երկրամասում, այցելել է ցեղերի առաջնորդների ու նրանց թանկարժեք նվերներ է տվել:

Իսկ այդ ժամանակների անգլիացի ամենահայտնի գրողը՝ Վալտեր Սքոթը, թեպետ անգլիացի գրողներից ամենաշատն է վաստակել, այնուամենայնիվ ստիպված է եղել գիշեր ու զոր աշխատել՝ պարտքերը մարելու համար: Նա դարձել է երկրի խոշոր հրատարակչություններից մեկի գործընկերը, բայց մի օր էլ իմացել է, որ այդ հրատարակչությունը սնանկացել է, և որ ինքը վարկատուներին 130 հազար ֆունտ է պարտք: Այդ հսկայական գումարը նա պետք է գրչով աշխատեր: Այս սարսափելի թակարդում գրողն ապրել է մինչև կյանքի վերջը: Երկու տարում (1826-ի հունվարից մինչև 1828-ի հունվար) նա վաստակում և վարկատուներին է հանձնում 40 հազար ֆունտ: Բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը կոտրում է նրան: Էլի՛ մի քանի տարի տաժանելի աշխատանք, էլի՛ մի քանի ոսկով լի քսակ, և գրիչն ընկնում է ուժասպառ գրողի ձեռքից: Ծանր հիվանդ Սքոթը նստում է աթոռին, վերցնում է գրիչը, բայց չի կարողանում ձեռքում պահել: Նա ասում է. «Հիմա իմ տեղն անկողնում է», իսկ կարճ ժամանակ անց անկողնուն դագաղն է փոխարինում: Մնացած պարտքը վճարելու համար համազգային հանգանակություն է կազմակերպվում, և պարտքը մարվում է:

Ամերիկյան մի հրատարակչություն Ատլանտյան օվկիանոսն առաջինը ինքնաթիռով հատած Լինդբերգին երկու միլիոն դոլար է առաջարկում, որպեսզի վերջինս իր այս թռիչքի մասին 50 հազար բառից բաղկացած գիրք գրի: Այսինքն՝ յուրաքանչյուր բառի համար նա 40 դոլար էր ստանալու: Լինդբերգը մերժում է առաջարկը՝ ասելով, թե ինքը միայն թռչելու է ունակ և գրելն իր խելքի բանը չէ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3964 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ