Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է ՊՆ նախարարը կղերականության հետ միաձուլված, սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր». Իրավապաշտպաններ

Միքայել
Հեղինակ`
Միքայել
19:15, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է ՊՆ նախարարը կղերականության հետ միաձուլված, սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր». Իրավապաշտպաններ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավորի դերում հանդես գալը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները միջնադարյան հետամնաց քաղաքականություն են վարում։

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա նկատեց, որ Հայաստանում եկեղեցին ներթափանցել է բանակ ու կրթության համակարգ, իսկ նման իրավիճակ Եվրոպայում տիրում էր միջնադարում:

«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է երկրի պաշտպանության նախարարը կղերականության հետ միաձուլված: Սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր: Այսօրվա Հայաստանի պետական քաղաքականությունն է այդպիսին: Եվ դա կախված չէ ո՛չ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից, ո՛չ էլ ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանից: Նույնը վերաբերում է կրթության նախարարությանը, որովհետև նույն բանը կատարվում է կրթության համակարգում: Դա Սերժ Սարգսյանի քաղաքականությունից է բխում», - «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ գուցե նախարարներից որևէ մեկը ներքուստ համաձայն չէ այդ քաղաքականությանը, բայց հանուն պաշտոնի որևէ մեկը դրան չի ընդդիմանում, որովհետև Հայաստանում ընդունված չէ հանուն գաղափարի հրաժարական տալը:

Իշխանյանը հիշեցրեց, որ միջնադարյան Եվրոպայում կրոնն ու եկեղեցին միշտ ծառայել են իշխանությանը: Քրիստոնեական եկեղեցիները բոլորն էլ միշտ եղել են իշխանության կողքին, և պատահական չէ, որ այն ժամանակ նման խոսք կար, որ իշխանությունն Աստծուց է տրված:

«Նրանք միջնորդի դեր էին խաղում հասարակության և ֆեոդալների ու թագավորների միջև, ժողովրդին քարոզում էին հնազանդություն իշխանության նկատմամբ՝ դրանով ստանալով իշխանությունների հովանավորությունը, քանի որ միջնադարում չկային կուսակցություններ, գաղափարախոսություններ, ժողովրդավարություն: Հատկապես եվրոպական ռեֆորմացիայից հետո պետությունները դարձան աշխարհիկ և սկսեցին զարգանալ: Սա պատմական իրողություն է, որ այս ճանապարհով են երկրները զարգացել: Եթե այդ տեսանկյունից ենք նայում, թե Հայաստանում ի՛նչ է կատարվում, ապա ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի իշխանությունների մտածողությունը տիպիկ միջնադարյան ֆեոդալական մտածողություն է», - ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ գաղափարախոսություն, կուսակցությունների միջև բախում՝ ձախակողմյան և աջակողմյան, պետության տեսլական գոյություն չունեն: Միայն փողի գաղափարախոսությունն է տիրում իշխանությունների համար, որպեսզի իշխեն: Այսինքն՝ նույն միջնադարյան մտածողությունն է:

«Եվ այս պարագայում, ինչպես միջնադարում էր, այնպես էլ այսօր իշխանությունների դաշնակիցը դառնում է եկեղեցին, որը մի կողմից ժողովրդին հնազանդության կոչ է անում, մյուս կողմից էլ՝ իշխանությունների կողքին է: Հայաստանում տիրում են միջնադարյան բարքեր են, արդյոք կարո՞ղ ենք սա թոթափել՝ կախված է մեր հասարակությունից», - շեշտեց Իշխանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ երբ ժամանակին այդ դերը կատարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դա որոշ չափով անձնական նախաձեռնություն էր:

«Բայց Վիգեն Սարգսյանի դեպքում, երբ նա հրապարակային ներկայացրեց Ազգ-բանակ հայեցակարգը, Ազգային ժողովում հայտարարեց, որ եկեղեցին ու բանակը պետք է միասնական դիտարկել, դա արդեն ոչ թե քայլ է անհատի մակարդակով, այլ քաղաքականություն է: Ազգ-բանակի հետ մեկտեղ նաև բանակ-եկեղեցի գաղափարն են բերում, գալիս ու ամբողջանում է ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնությունը, որը գալիս է փոխարինելու սահմանադրական կարգին: Եվ սա «հանրապետություն» գաղափարի ոչնչացում է», - «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա դիտարկմամբ՝ այս քաղաքականությունը դեմ է և՛ սահմանադրական սկզբունքներին, և՛ «հանրապետություն» հասկացությանը: Եվ սրա հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քանի որ պաշտպանության նախարարն իր այդ դերով նպաստում է Հայաստանում կղերականության դերի բարձրացմանը և պետության՝ եկեղեցուց ու դպրոցից անջատ լինելու սկզբունքի ոտնահարմանը:

«Ես գտնում եմ, որ չնայած այս ջանքերին, այս քաղաքականությունը չի արմատավորվի հանրության մեջ, որովհետև մենք 21-րդ դարում ենք ապրում, ոչ թե 16-րդ: Բայց դա շատ ավելի մեծ խնդիրներ կառաջացնի հենց Հայաստանի Հանրապետություն հասկացության զարգացման համար: Դա մտքի աղավաղում է, քաղաքացիական մտքի, գիտակցության և քաղաքացիական հասարակության սկզբունքների աղավաղում է, որը կյանքի ներկա խնդիրների համար ոչ թե լուծում է առաջարկում, այլ ընդհակառակը՝ ավելի է խորացնելու հիվանդությունը», - հավելեց Սաքունցը:

Ի սկզբանե ձախողման դատապարտված այս քաղաքականության հետևանքները, նրա խոսքով, կարող են շատ ավելի ողբերգական լինել, և դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու են նախևառաջ Սերժ Սարգսյանը և անմիջական կատարողը՝ հանձինս Վիգեն Սարգսյանի:

«Մենք նման քաղաքականության դրսևորումներով առավել համոզվում ենք, որ կառավարող խավը գաղափարական փակուղու առաջ է, ոչինչ այլևս չունի առաջարկելու և փորձում է ժամանակը հետ շրջել: Բայց ոչ մեկի չի հաջողվել ժամանակը հետ պտտել», - ասում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3340 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ