Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ժլատը (Տարբեր հեղինակների գործեր)

05:28, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Ժլատը (Տարբեր հեղինակների գործեր)
    
    

Ժամանակով Մարկո անունով մի հարուստ վաճառական կար, սրանից ժլատ մարդ չկար: Ոնց է լինում, մի անգամ գնում է ման գալու, ճամփին մի ծեր մուրացկան է տեսնում. էս ծերուկը նստած ողորմություն էր խնդրում.

-Հանուն Քրիստոսի, ողորմած եղեք, Քրիստոնյաններ:

Հարուստ Մարկոն բանի տեղ չդրեց, անց կացավ: Էդ ժամանակ էլ դրա ետևից մի աղքատ գյուղացի էր գալիս. մեղք եկավ մուրացկանին ու մի կոպեկ տվեց:

Հարուստն էս բանից ամոթ զգաց, կանգնեց, գյուղացուն ասավ.

-Լսիր, մեր երկրացի, ինձ պարտքով մի կոպեկ տուր: Ուզում եմ մուրացկանին ողորմություն տամ, բայց մանր չունեմ:

Գյուղացին տվեց ու ասավ.

-Բա երբ գամ փողն առնեմ:

-Վաղն արի:

Հաջորդ օրը աղքատ գյուղացին գնաց հարուստի դուռը իր կոպեկն ուզելու.

-Հարուստ Մարկոն տանն է:

_Տանն է, ինչ կա, _-հարցրեց Մարկոն:

_Կոպեկի համար եմ եկել:

_Վահ, ախպեր, հետո արի, ճիշտ եմ ասում մանր չկա:

Աղքատը գլուխ տվեց ու ետ գնաց:

_Ոչինչ, _-ասավ, -վաղը կգամ:

Առավոտը եկավ, նույնը:

-Մանր փող չունեմ, թե կարող ես հարյուրանոց մանրել, վերցրու, թե չէ մի շաբաթից արի:

Երկու շաբաթ անց աղքատը նորից եկավ հարուստի մոտ, իսկ հարուստ Մարկոն պատուհանից տեսավ ու կնոջն ասավ.

-Լսիր, կնիկ, արի ես շորահան պառկեմ էս սրբապատկերի տակ, իսկ դու պատանը քաշիր վըրաս, նստիր իբր ես մեռել եմ, դու էլ լաց ես լինում: Հենց որ գյուղացին ներս գա, ասա էսօր է մեռնել:

Լավ, ոնց որ մարդը խրատեց, էնպես էլ արեց:

Նստել ու աղի արցունք է թափում: Գյուղացին եկավ մտավ ներս, կինը հարցրեց.

-Ինչ ես ուզում:

-Հարուստ Մարկոյի մոտ եմ եկել, պարտք ունի տալու, _-ասաց աղքատը:

-Է, գյուղացի, բա չես ասի, հարուստը հենց նոր մեռավ ու արևը մեզ բաշխեց:

-Երեկնային արքայություն նրան, թույլ տուր, տիրուհի, գոնե իմ կոպեկի փոխարեն նրան ծառայեմ, թեկուզ ճանապարվելուց առաջ օգնեմ լողացնեմ:

Էս խոսքի հետ եռման ջրի պղինձն առավ ու համա թե լողացրեց եռացրած ջրով խաշեց խեղճին: Մարկոն հիմա հազիվ է դիմանում, դեմքը ծռմռել է, ոտները դողում են:

-Դողաս թե չդողաս, կոպեկս պիտի տաս:

Լավ լվաց, ոնց որ պետքն էր հագցրեց, ասավ.

-Դե տիրուհի, մի դագաղ առ ու ասա ժամ տանեն, ես էնտեղ վրան սաղմոս կարդամ:

Հարուստ Մարկոյին դրին դագաղն ու տարան ժամ, գյուղացին էլ սկսեց հանգուցյալի վրա սաղմոս երգելը:

Գիշերը որ ընկավ, հանկած պատուհանը բացվեց ու գող-ավազակները լցվեցին ժամը: Գյուղացին սեղանի ետևը մտավ: Գողերը ներս թափվեցին ու սկսեցին իրար մեջ գողոնը կիսել. լրիվ բաժանեցին, մնաց մի ոսկե թուր, էն էլ ամեն մեկը իրեն էր քաշում ու ոչ մեկին չէր ընկնում: Էս բանի վրա աղքատը դուրս թռավ ու գոռաց.

-Ինչ եք կռիվ գցել, ով էս մեռելի գլուխը մի խփելով կտրի, թուրը նրանը լինի:

Մարկո հարուստը ինքն էլ չիմացավ, թե ոնց վեր թռավ: Գողերը վախից իրենց գանձը թողեցին ու պուկ փախան:

-Դե, մեր երկրացի, -ասաց Մարկո հարուստը, - արի փողը կես անենք:

Հավասար բաժանեցին, երկուսին էլ շատ փող ընկավ:

-Բա իմ կոպեկը, - հարցրեց աղքատը:

-Է~, ախպեր, ինքդ ես տեսնում, որ մանր չկա:

Էդպես էլ Մարկո հարուստը աղքատի կոպեկը չտվեց:

Ռուսական ժողովրդական հեքիաթ
    
     $$$$$$==============================$$$$$
    
    

Եզոպոսի առակներից. «Ժլատը»


     Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
    
     Առակս կցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ:
    
     --------------------------
    
    
    

ԽԵԼՔԻ ԵՄ ԵԿԵԼ

Լինում ա չի լինում մի հարուստ մարդ ա լինում։ Էս հարուստ մարդը հազարներով տավար ու ոչխար, մալ ու դոլվաթ, տուն ու տեղ ա ունենում։ Համա ի՞նչ օգուտ, որ մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ ա լինում, որ կոպեկի համար հոգի ա տալի։ Ոչ տանը, ոչ դուրսը մի մարդ էլա նրանից ոչ մի խեր ու բարիք, ոչ էլ մի պատիվ ու ուրախություն տեսած չի լինում։

Արի տես, որ օրեն մի օր, էս հարուստը գլխացավի ա բռնվում։ Շատ էլ չի ուզում բժշկի ու դեղի փող ծախսի, ամա ճարը կտրած գալիս ա բժշկի դուռը, թե՝ այ բժիշկ, ախր ես մեռա, ինձ մի ճար արա լավանամ։

Բժիշկը սրան, թե՝ քու գլխացավի դեղը ոչխարի գլխի միջին ա։ Մի քանի ոչխար մորթի, գլխների ուղեղը կեր, տեղնուտեղը կլավանաս, թե հու չէ, քեզ ուրիշ ճար չկա։

Հարուստը միտք ա անում, թե ինչի եմ իմ ոչխարներին մորթում, հազիր գնամ միս ծախողիցը ոչխարի գլուխ առնեմ, ուտեմ։ Ձի ա նստում, գնում միս ծախողի մոտ, թե, այ ախպեր, ոչխարի գլուխ ունե՞ս ծախու։

Միս ծախողը, թե բա իմ բանի անունը ի՞նչ ա։ Հրես գլուխ էլ ունեմ, ոտ էլ ունեմ։ Գլխի հատը՝ երեսուն կոպեկ։ Էս հարուստը, թե՝ վա՜յ քու տունը շեն, ես ինչի տեր եմ, որ ոչխարի գլուխը առնեմ երեսուն կոպեկով։ Էդ հո տնաքանդություն ա։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա, — ասում ա միս ծախողը, — էժանն էլ կա, հրեն մեր հարևան գեղումը ոչխարի գլուխը քսան կոպեկ են ծախում։

Հարուստը ձին քշում ա, գալի էս գեղը, տենում ա հրեն միս ծախողը կռները քշտած, ոչխար ա մաշկում։

— Բարի աջողում, ախպերացու, — ասում ա հարուստը, — ոչխարի գլուխը քանիսով ես ծախում։

Սա թե.

— Աստծու բարին, ախպերացու, ոչխարի գլխի հատը քսան կոպեկով եմ ծախում։

— Վայ քու տունը շեն, — ասում ա հարուստը, — էս ի՞նչ ա ես մի բռան չափ գլուխը, որ սրան քսան կոպեկ տամ։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա, — ասում ա միս ծախողը, — սրանից էժանը, մեր մոտիկ քաղաքումը մեծ ղասաբխանա կա, էնդեղ ոչխարի գլուխը հատը տասը կոպեկ են ծախում։

Դե, էլ գլխներդ ի՞նչ ցավացնեմ, հարուստը հասնում ա էդ ղասաբ-խանեն, տասը կոպեկով մի ոչխարի գլուխ ա առնում գցում խուրջինի մեջը, խուրջինը գցում ձիուն, ինքը նստում ձիու վրա։ Ամա մինչև դես ու դենը՝ օրը մթնում ա։ Տեսնում ա, որ չի կարա իրանց տուն հասնի, գիշերով մի դուռ ա ծեծում, ղոնախ ա ընկնում մի հարուստ կնկա տուն։

Մին էլ դուռը բացվում ա, տուն ա մտնում մի սիրուն, բոյ ու բուսաթով ջահել տղա։ Բարով ա տալի, բարով առնում, նստում էդ կնկա կշտին։

Ըստե, կնիկը հարցնում ա ջահել տղին, թե.

— Թակենք նոր ուտենք, թե ուտե՞նք նոր թակենք։

Հարուստի լեղին ճաքում ա` վայ թե ինձ են ուզում թակեն...

Ջահել տղեն ասում ա, «Թակենք նոր ուտենք» ։

Սա որ էս ասեց, կնիկը էն րոպեին գնաց կողքի օթախիցը մի խուրջին բերեց, խուրջինի միջից հանեց, ի՜նչ հանեց, հանեց մի գլուխ, մի տղամարդի գլուխ։ Կնիկն ու տղեն, մի մի ճիպոտ վեր կալած լավ, լազաթին թակեցին էդ խուրջնիցը հանած մարդի գլուխը։ Համ ծեծում էին, համ էլ անպատիվ ուշունց տալի։ Կնիկը հո, յաման էր ծեծում ու թքում։ Վերջը գլուխը էլ ետ գցեցին խուրջինը, տարան կողքի օթախը։

Կնիկը մի սեղան բաց արեց, որ աչքդ էն բարին տեսնի, սուփրեն մեկ, միջինը հազար, էլ ինչ ուտելիքներ, ինչ խմելիքներ։ Նոր սրանք հանգիստ նստեցին սեղան, կերան, խմեցին, ջան ասեցին ջան լսեցին, երգ ու խաղ ասեցին...

Հարուստը մնացել էր բերանը բաց, չէր իմանում ի՞նչ էր իրա տեսածը. երա՞զ էր բալի...

— Այ քույրիկ, — հարցրեց կնկանը, — էս ի՞նչ բան էր, որ տեսա, էն ում գլուխն էր, որ էնպես ծեծում, թքում ու մրում էիք։

Էս կնիկը, թե՝ էս տուն ու տեղը, որ տեսնում ես, իմ մարդուն էր պատկանում, շատ մեծ հարստության տեր էր, էլ ոչխար, էլ տավար, էլ, էլ, էլ ի՞նչ ասեմ ամեն բան ուներ, ամա աստված նրան անիծել էր, թե սատանեն տամարն էր մտել, մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ էր անխիղճը, կոպեկի համար դողդողում ու հոգի էր տալի։ Օր ու գիշեր իր մալի ու ոչխարի մոտ էր անց կացնում։ Ոչ նրա երեսն էի տեսնում, ոչ էլ մի քաղցր խոսք լսում նրա բերանիցը։

Դե, ես էլ տեսա, որ նրան ոչ տուն ա պետք, ոչ կնիկ ու սեր, էս ջահելին առա ինձ սիրեկան ու սրա հետ էի տանը կյանք վայելում, չունքի չուտողի մալը՝ ուտողին հալալ ա։ Վերջը մարդս հիվանդացավ, մեռավ։ Նրա մահից հետո էր, որ ես նոր մի լավ օր ու կյանք տեսա։ Սաղ հարստությունը մնաց ինձ։ Սիրեկանիս հետ օրինավոր պսակվեցի։ Հիմի ուտում, խմում ենք նրա հարստությունը, գլուխն էլ կտրած պահում ենք ու ամեն սեղան նստելուց առաջ մի լավ թակում ենք նրա համար, որ իմ կյանքն էլ իրանի նման սև էր անց կացնում, քանի սաղ էր։ Ի՞նչի չէր շուտ սատկում, որ իմ ջանն էլ ազատվեր նրա ձեռիցը...

Էս որ լսում ա հարուստը, մատը կծում ա։ Գլխի ցավը տեղն ու տեղը կտրում ա։

Հենց որ լիսը բացվեց, բարին բացվի ձեր գլխին, ձեր որդկերանց գլխին, էս հարուստը ձին դուրս քաշեց գոմիցը ու յալլա դբա իրանց գեղը։ Տասը կոպեկանոց ոչխարի գլուխը հանեց խուրջինիցը, դեն շպրտեց, «Այ քու էսենցն ու էնենցը, — ինքն իրան ուշունց տվեց, — էլի ժլատություն կանե՞ս։

Հասավ տուն, կանչեց իր գլխավոր չոբանին, թե` էս րոպեին իրեք հատ լավ ղոչ ջոկիր, որ մորթենք։

— Վա՜յ, աման, տունս քանդեց, — ծղրտաց հարուստի կնիկը, — քեզ ի՞նչ էլավ, այ մարդ, հիվանդ հո, գժվե՞լ ես։ Էսքան տարի մենք մարդ ու կնիկ ենք, էսքան հարստության տեր, մի անգամ էլա էսպես բան չես արած դու։ Մեր կերածը էն ա էլել, որ դու ամիսը մի հետ բազարիցը մի գրվանքա միս ես առել։

Մարդը թե`

— Վախիլ մի, կնիկ ջան, հեչ վախիլ մի։ Ոչ թե գժվել, լափ խելքի եմ էկել։ Ժլատ մարդը շուտ կմեռնի, հետևիցն էլ ուշունց կտան, էսենց ու էնենց խոսք կհիշեն գերեզմանին...

— Այ մարդ, յանի դո՞ւզ ես ասում, թե սուտ, — հարցնում ա կնիկը։

— Սուտ ասողի հերը, մերը... սուտ ասողը խավար-խասին մնա, սուտ ասողը խորով-խորով լինի, աչքը տրաքի, ղարաչի դառնա... Սուտ ասողի... հը, բերանս ինչ ա գալի...
     Ասում ա պրծնում, կնկանը խտտում, պաչպչում։

— Վա՜յ, այ մարդ, մեռնեմ արևիդ, — ձեն ա տալի կնիկը, — հիմի որ տեսնում եմ՝ խելքի ես եկել։— Ինքն էլ ա մարդուն խտտում, պաչպչորում, թե իմ ջան ու ջիգյարն ես, թե իմ բռթոտ շունս ես յանի թե՝ քեզ շատ եմ սիրում։

Դե դրուստ ա էլի՝ ուզում ես շուն ասա, ուզում ես գել ասա, մենակ թե խոսքի տակին սեր ըլնի։
    
     -----------------------------------
    
    
    

Ժլատ մարդը


    

    

Հնդկաստանում մի առակ է պատմվում ինքնահավան ու ժլատ մարդու մասին, որը բրնձի դաշտ ուներ։
     Ամռանը ջուրը ոռոգում էր նրա դաշտը և շարունակում էր հոսել ու ջրել նաև հարևանի դաշտը՝ լավ բերք ու օրհնություն բերելով թե՛ դաշտի տիրոջը և թե՛ հարևանին։ Սակայն, երբ գալիս է հաջորդ ամառը, այդ ինքնահավան ու ագահ մարդն իր սրտում մտածում է․ «Չէ՞ որ ջուրը հարստություն է։ Այն հոսում է իր ետևից բերք է թողնում։ Ինչպիսի հիմարություն էր, որ ես անցած տարի թույլ տվեցի իմ դաշտի ջրով ոռոգվեր նաև հարևանի դաշտը» ։
     Այդպես մտածելով՝ նա փակում և արգելում է ջրի մուտքը դեպի հարևանի դաշտ։ Այդ անելով նա վնասում է և՛ հարևանին, և՛ իրեն՝ փտեցնելով իր սեփական դաշտի բերքը, քանի որ ջուրը չհոսելով լճացել ու նեխել էր։
     Այդպես պատահում է և հոգևոր կյանքում։ Եթե մեր մեջ եղած կյանքը չառաջանա, չհոսի, և այդ օրհնությունը չտարածվի մեր շրջապատի ու մեզ վրա, մենք էլ կնմանվենք այդ հիմար մարդու դաշտին՝ կփտի մեր ներսը և կվնասի նաև մեր շրջապատին։
    
     -------------------
    
    
     Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»: Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ: ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒ ՉԱՊՐԵՍ ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ՆԱԵՎ ՔՈ ՆՄԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ, ՀԻՎԱՆԴԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ, ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ; ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՆՔՈՒՄ ՔՈ ՎԱՐՁԸ ԿՍՏԱՆԱՍ ԱՎԵԼԻՈՎ:
    
     -------------------------------
    

Անեկդոտ ժլատ մարդու մասին


    
     Վանեցու երկհարկանի տան կտուրը վնասվում է, ափսոսում է վարպետ կանչելու վրա փող ծախսի, ինքն է փորձում կտուրը վերանորոգել։ Կտուրի վերանորոգելիս ոտքը սայթաքում է ու ընկնում է։ Երբ ընկնելիս խոհանոցի պատուհանի մոտով է անցնում, գոռում է.
     -Կնիկ, այսօր մենակ մի պորցիա ճաշ կսարքես։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
995 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ