Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը հեղինակ՝ Ալեքսանդր Պուշկին

05:02, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը հեղինակ՝ Ալեքսանդր Պուշկին

Ժլատ տերտեր,
     Հարուստ, տնատեր,
     Վաղ գնաց շուկա,
     Որ գործը հոգա,
     Ետ դառնա տուն գա
     Էդ տեր ժլատին
     Պատահեց Բալդին,
     Ասավ «Օրհնիր, տե՛ր,
     Ի՞նչ կուզես, տերտեր» ․
     — Կուզեմ մի ծառա,
     Շատ բան իմանա,
     Ապրի չոր հացով,
     Լինի խոհարար,
     Ձիապահ, դուրգար
     Շատ էժան վարձով
     «Ա տեր, ինձ վարձիր,

Կուզես քար բարձիր․
     Մի կլոր տարի
     Ինձ տանդ պահի․
     Թե՛ ուտիս, թե՛ պաս,
     Տուր ինձ լոկ սպաս,
     Ու տարվա վերջին
     Քո տանը միջին
     Թող միջամատով
     Երեք հատ կըտտոց
     Տամ քո ճակատով,
     Ահա իմ վարձը,
     Վերջացա՞վ հարցը» ։
     Տերտերը խորհեց,
     Ճակատը քորեց․
     Կըտտոցները իրա մեջ
     Բան չըհաշվեց, ասավ՝ հե՛չ
     Կըտտոց էլ կա, կըտտոց էլ,
     Եվ մոռացվեն գուցե էլ։
     Համաձայնեց պայմանին
     Եվ տուն բերեց ծառային։
    
     Ինչպես ցույց տվավ փորձը,
     Բալդին գիտեր իր գործը,
     Արի էր մարդը,
     Վարում էր արտը,
     Պահում էր նա ձին,
     Հասնում էր հնձին,
     Նա քիչ էր քնում,
     Շուտ էր վեր կենում,
     Շուկա էր գնում,
     Տան պաշար առնում,
     Տանը ջուր կրում,
     Օջախը վառում,

Վրան ձու խաշում,
     Խաշում ու կճպում,
     Երբեք չէր վիճում։
     Հիացել էր իրիցկինը,
     Վրան ցավում էր աղջիկը,
     «Հայրիկ» կանչում տան փոքրիկը․
     Որ նստում էր Բալդու գիրկը․
     Տերտերը միայն
     Չէր սիրում նրան.
     Երբ հիշում էր Բալդու մատը՝
     Ճըքճըքում էր ծեր ճակատը․
    
     Տարին անցնում էր օրեցօր,
     Իսկ տերտերը, մտամոլոր,
     Ո՛չ ուտում է, ո՛չ էլ խմում,
     Տարվա վերջին էր սպասում։
     Ահա մի օր
     Խեղճ ու մոլոր
     Էն քահանան
     Իրիցկնկան
     Խոստովանեց
     Ամեն մի բան․
     Իրիցկինը՝ «Ես թույլ չեմ տա,
     Ա՛ տեր, Բալդին ճակատիդ տա,
     Ե՛կ դիր նրան այնպես գործի,
     Որ նա իրա ուժը փորձի,
     Էն գործն անել չկարենա
     Ու ամոթով դատարկ գնա» ։
     Ուրախացավ էն տերտերը.
     Իսկույն ևեթ, հենց նույն օրը
     Ասավ․ «Բալդի, սատանեքը
     Դեռ չեն տվել տնօրհնեքը,
     Գնա-ուզի ապառիկս,

Երեք տարեն առնելիքս» ։
     Բալդին մի հեզ
     Ծառայի պես
     Կեսը կամա,
     Կեսն ակամա
     Ելավ գնաց ծովի քովը։
     Թոկն ոլորեց, կախեց ծովը,
     Խիստ փոթորիկ ծովում հանեց,
     Ափը ափին տվեց խառնեց։
     Մի քիչ հետո հանկարծ-ահա,
     Ծովից ելավ մի սատանա․
     — Ի՞նչ ես ուզում, Բալդի՛, մեզնից,
     Թոկդ քաշիր, հանիր ծովից։
     — Չէ՛, ձեր ծովը ես կխառնեմ
     Ու բոլորիդ դուրս կհանեմ,
     Ձեր վրայի ապառիկը,
     Իմ տերտերի առնելիքը
     Էսպես երկար երեք տարի
     Ինչո՞ւ համար դուք չեք բերել։
     — Հերիք խառնես ծովը, Բալդի՛,
     Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դի․
     Շուտով կըտանք մենք քո հարկը,
     Էսա կըգա իմ թոռնիկը։
     Գնաց պապը, եկավ թոռը,
     Եկավ տվավ գլխին զոռը,
     Մլավելով ինչպես կատուն․
     — Բարև քեզի, — ասավ Բալդուն, —
     Էս ի՞նչ կարգ է,
     Էս ի՞նչ վարք է,
     Քո ուզածը
     Էս ի՞նչ հարկ է,
     Էս ի՞նչ լուր է․
     Մեզ չարերիս

Ի՜նչ տխուր է,
     Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
     Հարկ վճարեն սատանեքը,
     Է՛, ինչ անենք, կուզես՝ կտանք,
     Բայց մի պայման չըմոռանանք․
     Մինչև ժողվի պապս հարկը,
     Բերի լցնի կաշե պարկը,
     Արի վազենք մենք միասին
     Ծովի շուրջը․ ճամփի կեսին
     Ով որ հոգնի ու ետ ընկնի,
     Թող նա ոսկու պարկը տանի։
     Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
     Ծաղրի տալով չարի ճուտին․
     «Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
     Բալդին վազի քեզպեսի հետ․
     Քիչ սպասի թող լըղպորը,
     Գնամ բերեմ իմ եղբորը» ։
     Բալդին անտառ գնաց արագ,
     Բռնեց երկու հատ նապաստակ,
     Եվ գցելով նրանց պարկը՝
     Դարձավ եկավ ծովի ափը․
     Հանեց մեկին պարկի միջից
     Ու, բռնելով ջուխտ ականջից,
     Ասավ չարին․ «Վախկո՛տ ճուտիկ,
     Խոսքիդ տե՛րն ես՝ արի մոտիկ․
     Առաջ վազիր դեռ եղբորս հետ․
     Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
     Դե՛հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
     Դուք իրարի լավ կըսազեք» ։
     Ու վազեցին, նապաստակը
     Փախավ անտառ, մտավ ծակը․
     Իսկ սատանեն տնկած դունչը՝
     Շրջան տալով ծովի շուրջը,

Քրտնաթաթախ և վազեվազ,
     Շունչը կտրած և հազիվհազ,
     Քարին տալով իր մի ոտը՝
     Իրան գցեց Բալդու մոտը։
     Եվ ի՜նչ տեսավ էն լղպորը—
     Բալդին շոյում է եղբորը․
     «Ապրի՛, ապրի՛, իմ մոր բալեն,
     Խիստ հոգնել է զիլ վազելեն» ։
     Սատանեն էլ, փոքրիկ ճուտը,
     Փորին տալով երկար տուտը,
     Ասավ․ «Գնամ բերեմ հարկը,
     Որ լցրել է պապս պարկը» ․
     Գնաց թոռը պատմեց պապին,
     Թե հաղթվեց ծովի ափին։
     Բալդին նորից
     Թոկն ոլորեց․
     Կախեց ծովից,
     Խիստ փոթորկից,
     Ձայներ եկան
     Ծովի տակից
     Մի այլ հնարք գտավ պապը
     Եվ ուղարկեց թոռին ափը․
     Թոռը եկավ, ասավ Բալդուն․
     «Հերիք խառնես մեր ծովը դուն,
     Էս ի՞նչ կարգ է,
     Էս ի՞նչ վարք է,
     Քու ուզածը
     Էս ի՞նչ հարկ է,
     Էս ի՞նչ լուր է.
     Ի՜նչ տխուր է։
     Իմացած կա գոնե մեկը—
     Հարկ վճարեն սատանեքը․
     Է՛, որ կուզես՝ մենք էլ կտանք․

Բայց մի պայման չըմոռանանք։
     Մեզնից հեռու գետնի վրա,
     Որտեղ կուզես նշան արա․
     Ձեռքիս փայտը ով մեզանից
     Դեն շպրտի էն նշանից,
     Թող նա տանի ոսկու պարկը՝
     Երեք տարեն ժողված հարկը։
     Հը՛, լռվեցա՞ր։
     Տե՛ս, վախեցար,
     Թևդ ջարդի,
     Վախկո՛տ Բալդի» ։
     «Հա, վախեցա՝ թևս ջարդի,
     Հլա՜ լեզվին էս լակոտի,
     Հլա՜ մտիկ պուճուր շանը։
     Ա՛յ, էն ամպն է իմ նշանը։
     Փայտդ էնտեղ ես կընետեմ,
     Այնուհետև ես ձեզ գիտեմ» ․․․
     Սատանեն էր, փոքրիկ ճուտը,
     Փորին տալով երկար տուտը,
     Լեղապատառ ընկավ ծովը,
     Շունչը առավ պապի քովը,
     Եվ եղածը ծովի ափին
     Նա կցկտուր պատմեց պապին։
    
     Բալդին նորից
     Թոկն ոլորեց
     Կախեց ծովից,
     Խիստ փոթորկից
     Ձայներ եկան
     Խոր հատակից։
     Դարձյալ եկավ էն լղպորը,
     «Այ անիծվի էս մեր օրը․
     Բալդի՛, ունեմ և մի նոր բան» ․․․

«Սուս, կաթնակե՛ր, չքոտ, անբան,
     Հերթը իմն է, — ասավ Բալդին
     Էն աներես չարի ճուտին․—
     Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին
     Արածում է ջոկ, առանձին․
     Եթե նրան բարձրացնես,
     Ձեռքերովդ կես վերստ տանես,
     Ձեզ կըբաշխեմ էդ ձեր հարկը,
     Դատարկ կերթամ մեր աշխարհքը» ։
     Սատանեն էր, էդ խոսքի հետ
     Հասավ ձիուն, իսկույն ևեթ
     Առավ նրան իր ձեռքերին,
     Զոռը տալով ջուխտ ծնկներին։
     Բայց երկու քայլ դեռ չըփոխած,
     Փռվեց գետնին, սաստիկ դողաց․
     «Է՛յ դու, խարդախ, չար սատանա,
     Վրադ հոգոց ո՞վ կկարդա,
     Վե՛ր կաց, վե՛ր կաց, չարի ճուտիկ,
     Աչքերդ բաց ու ինձ մտիկ։
     Դու չտարար ձին ձեռներով,
     Ես կըտանեմ էս ոտներով», —
     Ասավ Բալդին ու ձին հեծավ,
     Ոտների մեջ նրան առավ,
     Մի վերստ տեղը իսկույն անցավ,
     Փոշին ելավ, դուման դարձավ։
     Էստեղ դարձյալ չարի ճուտը,
     Չըհասկանալով Բալդու սուտը,
     Լեղապատառ ընկավ ծովը,
     Շունչը առավ պապի քովը,
     Իր տեսածը ծովի ափին
     Նա կըցկըտուր պատմեց պապին։
     Բալդին նորից
     Թոկն ոլորեց,

Կախեց ծովից,
     խիստ փոթորկից
     Ձայներ եկան
     խոր հատակից․
     Հնարք չըկար, սատանեքը
     Հավաքեցին իրանց հարկը,
     Շալակած բերին Բալդու մոտը,
     Մեղա գալով ընկան ոտը
     «Առ ուզածդ, գնա, — ասին, —
     Միայն հանգիստ տուր մեր դասին» ։
    
     Բալդին եկավ տնքտնքալով,
     Ոսկին մեջքին զընգզընգալով։
     «Վայ իմ օրին», — տերտերն ասավ,
     Թռավ տեղից, տեղ չըգտավ,
     Կնկա փեշի տակը մտավ.
     Բալդին նրան փեշի տակից
     Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
     Ասավ. «Բերի ես քո գանձը։
     Տարվա վերջն է, տուր իմ վարձը» ։
     Էն տեր ժլատը
     Բռնեց ճակատը,
     Բալդին մի հետ կըտտացրեց՝
     Նրան օճորքը թռցրեց.
     Մի անգամ էլ կըտտացրեց՝
     Լեզուն բերնում լռեցրեց․
     Վերջն էլ որ չըկըտտացրե՜ց՝
     Խեղճ տերտերին գըժվացրեց
     «Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս,
     Էժանության էլ ման չըգաս», —
     Ասավ Բալդին ուրախ-ուրախ,
     Ելավ գնաց անվարձ, անհախ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
480 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ