Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՎԻԼԻԱՄ ԹԵՆ, Բրուկլինյան նախագիծ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
13:56, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
ՎԻԼԻԱՄ ԹԵՆ, Բրուկլինյան նախագիծ
    
    

Վիթխարի կլոր դուռը անհետացավ խորքում, եւ խամրեցին դարչնագույն առաստաղի վրա առկայծող լույսի թասերը։ Բայց երբ սեւ ջեմպր հագած կլորադեմ մարդը իր հետեւից շրխկացնելով ամուր փակեց դուռը, նորից չորս կողմը ողողվեց սպիտակ լույսի փայլով։ Նա անցավ սրահի առջեւի մասը, մեջքով շրջվեց պատի կեսը գրաված կիսաթափանծիկ էկրանի կողմը, եւ տասներկու թղթակիրները՝ տղամարդիկ ու կանայք, բարձր շունչ քաշեցին։ Իսկ հետո Անվտանգության ծառայության նկատմամբ ունեցած հարգանքից, բոլորը, ինչպես միշտ, եռանդով ոտքի ելան։

Նա սիրալիր ժպտաց, թափ տվեց ձեռքը, որ թղթակիրները նստեն, եւ քիթը քորեց միմոգրաֆով տպագրված թերթիկների կույտով։ Նրա քիթը մեծ էր եւ, թվում էր, էլ ավելի պատկառանք էր հաղորդում նրան։

— Նստեցեք, լեդիներ եւ ջենտլմեններ, նստեցեք։ Մեզ մոտ, Բրուկլինյան նախագծում, ձեւականություններն ընդունված չեն։ Պարզապես փորձի ժամանակ ես, այսպես ասած, կլինեմ ձեր ուղեկցորդը, մամուլի հետ կապի գծով ադմինիստրատորի քարտուղարի պարտականությունները կատարող։ Իմ անունը հարկավոր չէ ձեզ։ Ահա, խնդրեմ, այս թերթիկները վերցրեք։

Յուրաքանչյուրը վերցնում էր մեկ թերթիկ, իսկ մնացածը փոխանցում մյուսներին։ Ետ ընկնելով ալյումինե կիսակլոր բազկաթոռների մեջ, նրանք աշխատում էին ավելի հարմար տեղավորվել։ Կլորադեմ մարդը մի հայացք նետեց վիթխարի էկրանին, հետո պատի ժամացույցին, որի միակ սլաքը սողում էր դանդաղ, ձեռքը ուրախ շրմփացրեց կողքին եւ ասաց․

— Անցնենք գործի։ Այժմ կսկսվի մարդկության պատմության մեջ առաջին հեռավոր ճանապարհորդությունը ժամանակի միջով։ Այդ ճանապարհորդությանը կմեկնեն ոչ թե մարդիկ, այլ լուսանկարող եւ գրառող սարքերը, որոնք մեզ անգին տեղեկություններ կբերեն անցյալի մասին։ Բրուկլինյան նախագիծը այս փորձի վրա ծախսել է տասը միլիարդ դոլար եւ գիտական հետազոտությունների ութ տարի։ Փորձը ցույց կտա, թե որքան գործուն են ոչ միայն հետազոտության նոր մեթոդները, այլեւ այն զենքը, որն ավելի հուսալիորեն կապահովի մեր պանծալի հայրենիքի անվտանգությունը, զենք, որից կդողան (եւ ոչ իզուր) մեր թշնամիները։

Ամենից առաջ զգուշացնում եմ, չփորձեք որեւէ բան գրի առնել, նույնիսկ եթե ձեզ հաջողվել է գաղտնի կերպով թուղթ ու գրիչ, մատիտ բերել այստեղ։ Ձեր հաղորդումները գրի առեք միայն ձեր հիշողության մեջ։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի անվտանգության կոդեքսի մեկ օրինակ, որտեղ անց են կացված բոլոր վերջին լրացումները, ինչպես նաեւ յուրաքանչյուրդ ունեք հատկապես Բրուկլինյան նախագծի համար սահմանված կանոնների բրոշյուրը։ Այս թերթիկների վրա, որ հենց նոր ստացաք, կա ձեր հաղորդումների համար անհրաժեշտ ամեն ինչ, այդտեղ նաեւ կան առաջարկություններ փաստերի մատուցման եւ պարզաբանման վերաբերյալ։ Այն պայմանով, որ դուք դուրս չեք գա վերոհիշյալ փաստաթղթերի շրջանակներից, դուք ազատ կարող եք ձեր ակնարկները գրել ինչպես կամենաք, ամեն մեկդ ձեր ուզածով։ Մամուլը, լեդիներ եւ ջենտլմեններ, պետք է ազատ եւ անձեռնմխելի մնա կառավարման վերահսկողությունից։ Իսկ այժմ, խնդրեմ, տվեք ձեր հարցերը։

Տասներկու թղթակիցները հայացքը գամեցին հատակին։ Հինգը սկսեցին կարդալ հենց նոր ստացած թերթիկները։ Լսվում էր թղթերի շրշյունը։

— Ինչպե՞ս։ Հարցեր չկա՞ն։ Միթե ձեզ այդքան քիչ է հետաքրքրում նախագիծը, որը հաղթահարել է ամենավերջին սահմանը, չորրորդ չափումը՝ ժամանակը։ Դե ասեք, չէ որ դուք ներկայացնում եք ազգի հետաքրքրասիրությունը, չի կարող պատահել, որ հարցեր չունենաք։ Բրեդլի, ձեր դեմքին տարակուսանք կա։ Հը՞, ինչ է պատահել Հավատացեք, Բրեդլի, ես կծան չեմ։

Բոլորը ծիծաղեցին եւ ուրախ նայեցին իրար։

Բրեդլին վեր կացավ տեղից եւ մատով ցույց տվեց էկրանը։

— Ինչո՞ւ է այսպես անթափանցելի։ Ես բնավ չեմ ուզում իմանալ, թե քրոնորն ինչպես է աշխատում, բայց չէ որ մենք այստեղից տեսնում ենք միայն մարդկանց աղոտ, աղավաղված կերպարանքները, որոնք ինչ֊որ սարք են քարշ տալիս։ Եվ ինչո՞ւ ժամացույցը միայն մեկ սլաք ունի։

— Լավ հարց է, — ասաց քարտուղարի պարտականություններ կատարողը, եւ նրա խոշոր քիթը կարծես լուսավորվեց։— Շատ լավ հարց է։ Այսպես, ուրմեն, ժամացույցը մեկ սլաք ունի, որովհետեւ վերջ ի վերջո փորձը վերաբերում է ժամանակին, Բրեդլի, եւ Անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հանկարծ ինֆորմացիայի չնախատեսված հոսքի եւ կամ արտասահմանյան… մի խոսքով, գաղտնիքը չխախտելու համար։ Ձեզ համար միանգամայն բավարար է, որ իմանաք, թե փորձը կսկսվի, երբ սլաքը հասնի կարմիր գծին։ Նույն այդ պատճառով էլ էկրանը անթափանցիկ է եւ նրա հետեւում տեղի ունեցածը աղոտ է երեւում․ այդպիսով քողարկվում են դետալները եւ կարգավորումը։ Ես լիազորված եմ հաղորդելու ձեզ, որ չափազանց… Ինչպես դա ասեմ… Կարեւոր են հատկապես սարքի դետալները։ Կա՞ն էլի հարցեր։ Կալպապե՞ր։ Միացյալ գործակալությունից եք, չէ՞։

— Այո, սըր։ Նորությունների միացյալ գործակալությունից։ Մեր ընթերցողներին շատ է հետաքրքրում քրոնորի գյուտարարների պատմությունը։ Նրանց վարքը եւ մյուս բոլոր բաները, բնականաբար, մեր ընթերցողների մոտ ոչ հարգանք են առաջացնում, եւ ոչ էլ կարեկցանք, բայց կցանկանայինք իմանալ, թե նրանք ի՛նչը նկատի ունեին, երբ ասում էին, թե փորձը վտանգավոր է տվյալների պակասի (թեբիության) պատճառով։ Իսկ դուք չգիտե՞ք, նրանց այդ պրեզիդենտին, դոկտոր Շեյսոնին, գնդակահարելո՞ւ են, թե՞ ոչ։

Սեւ հագած մարդը ձեռքը տարավ քթին եւ մտքերի մեջ ընկած՝ քայլեց թղթակիցների առջեւով։

— Պիտի խոստովանեմ, որ այդ քրոնոր֊գյուտարարները, կամ, ինչպես մենք իրար մեջ անվանում ենք նրանց, քրոնիկ֊երկրպագուները, իմ ճաշակով, շա՜տ էկզոտիկ են։ Համենայն դեպս, դավաճանի հայացքները ինձ քիչ են հուզում։ Այն բանի համար, որ Շեյսոնը գաղտնի չէր պահել իրեն վստահված աշխատանքի բնույթը, հնարավոր է, որ նա կդատապարտվի մահապատժի, իսկ գուցեեւ՝ ոչ։ Մյուս կողմից, նա… ընդհանրապես, գուցե, այո, իսկ գուցեեւ՝ ոչ։ Ավելին ես ասել չեմ կարող անվտանգության նկատառումներով։

Անվտանգության նկատառումներ։ Լսելով այդ մոգական խոսքերը, թղթակիցներից յուրաքանչյուրը ակամա ուղղվեց իր չոր բազկաթոռի վրա։ Կալպեպերը գունատվեց, եւ քրտինք հայտնվեց նրա դեմքին։ «Միայն թե նրանք չկարծեն, թե ես Շեյսոնի մասին հարցրի, որ ավելի շատ բան կորզեմ, — հուսակտուր մտածեց նա։— Որ սատանան ինձ դրդեց հարցնել այդ գիտնականների մասին» ։

Կալպեպերը հայացքը ցած իջեցրցեց եւ իր ամբողջ տեսքով ճգնում էր ցույց տալ, որ ամաչում է այդ ստոր տխմարների պատճառով։ Նա հույս ուներ, որ քարտուղարի պարտականություններ կատարողը կնկատի իր զայրույթը։

Բարձր թկթկաց ժամացույցը։ Սլաքը գրեթե մոտեցել էր կարմիր գծին։ Էկրանի հետեւի վիթխարի լաբորատորիայում լրիվ դադարեց ամեն մի շարժում։ Իրար հենված երկու փայլուն մետաղե գնդերի շուրջը խմբված մարդիկ գաճաճ էին թվում այդ հսկաների համեմատությամբ։ Նրանց մեծ մասը նայում էր թվացույցներին եւ բաշխիչ վահանակներին, իսկ նրանք, ովքեր իրենց անելիքն արդեն վերջացրել էին, զրուցում էին անվտանգության սեւ ջեպրեր հագած աշխատակիցների հետ։

— Րոպե առ րոպե կսկսվի «Շրջադիտակ» գործողությունը։ Անշուշտ «Շրջադիտակ» ․ չէ որ մենք անցյալին խորքերն ենք թափանցելու մի յուրօրինակ շրջադիտակի օգնությամբ֊ որը կնկարահանի եւ կդրոշմի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում՝ տասնհինգ հազար տարուց մինչեւ չորս միլիարդ տարի առաջ։ Միջազգային եւ գիտական մի շարք լուրջ հանգամանքների պատճառով (հանգամանքներ, որ ուղեկցում են այս փորձին), ավելի ճիշտ կլինի այն անվանել «Գործողության խաչմերուկ» ։ Դժբախտաբար, այս անունն արդեն… ը… ը… ը… օգտագործվել է։

Թղթակիրներից յուրաքանչյուրն աշխատեց ձեւացնել, իբր թե չի հասկանում, թե խոսքն ինչին է վերաբերում, չնայած այստեղ նստած բոլոր ժուռնալիստները երկար տարիներ նախանձով էին նայում յոթ փակի տակ պահած գրքերին, որոնք շա՜տ բանի մասին կարող էին պատմել։

— Լավ, դա կարեւոր չէ։ Այժմ ես հակիրճ կպատմեմ ձեզ քրոնորի նախապատմությունը, որ ուսումնասիրել է Բրուկլինյան նախագծի Անվտանգության ծառայությունը։ Ի՞նչ եք ուզում հարցնել, Բրեդլի։

Բրեդլին նորից վեր կացավ տեղից։

— Մեզ հայտնի է, որ մի ժամանակ եղել են Մանհետենյան, Լոնգ֊Այլենդյան, Ուեստչեստերյան նախագծեր, իսկ հիմա էլ Բրուկլինյան։ Եվ այսպես, կուզեինք իմանալ, չի՞ եղել արդյոլ Բրոնքսի նախագիծ։ Ես ինքս Բրոնքսից եմ, գիտեք էլի՝ տեղական հայրենասիրություն։

— Իհարկե։ Միանգամայն հասկանալի է։ Բայց եթե Բրոնքսի նախագիծը գոյություն էլի ունի, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ քանի դեռ այն ավարտված չէ, այդ մասին, բացի նրա մասնակիցներից, գիտեն միայն պրեզիդենտն ու պետական անվտանգության մինիստրը։ Եթե, կրկնում եմ, եթե գոյություն ունի այդպիսի նախագիծ, նրա վերաբերյալ հաղորդումը մարդկության համար կլինի պարզ օրը ճայթած ամպրոպ, ինչպես եղավ Ուեստչեստերյան նախագծի ժամանակ։ Կարծում եմ, որ այդպիսի բանը շուտ չի ջնջվում մարդկության հիշողությունից։

Այս հիշելիս նա ծիծաղեց, նրան անմիջապես արձագանքեց Կալպեպերը մյուսներից մի քիչ ավելի բարձր։ Ժամացույցի սլաքը արդեն բոլորովին մոտեցել էր կարմիր գծին։

— Այո, Ուեստչեստերյան նախագիծը, իսկ հիմա էլ սա։ Այդքանով իսկ մեր պետության անվտանգությունն առայժմ ապահովված է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե քրոնորը ի՜նչ հրաշագործ զենք է տալիս դեմոկրատիայի ձեռքը։ Վերցնենք, թեկուզ մի կողմը, ապա մի մտածեք, թե ինչ տեղի ունեցավ նախագծի Կոնի֊այլենդյան եւ Ֆլետբուշյան մասնաճյուղերի հետ (այդ իրադարձությունները հիշատակվեում են ձեզ տրված թերթիկներում) նախքան քրոնորի համակողմանի փորձարկումը։

Այն առաջին փորձերի ժամանակ դեռեւս չգիտեին, որ Նյուտոնի երրորդ օրենքը՝ գործողությունը հավասարազոր է հակագործողությանը, վերաբերում է նաեւ ժամանակին ճիշտ այնպես, ինչպես որ մյուս երեք չափումներին։ Երբ առաջին քրոնորն արձակվեց դեպի ետ, դեպի անցյալը, վայրկյանի մեկ իններորդական մասով, ամբողջ լաբորատորիան դեպի ապագա նետվեց նույնքան ժամանակով եւ վերադարձավ… ը… ը… վերադարձավ բոլորովին անճանաչելի դարձած։ Ի դեպ, հենց դա էլ խանգարում է դեպի ապագա ճանապարհորդելուն։ Սարքավորումն ապշեցուցիչ կերպով փոխվել է, մարդը չի կարող դիմանալ այդպիսի ճանապարհորդության, բայց դուք պատկերացնո՜ւմ եք, թե ինչպես միայն հենց այդ բանի շնորհիվ մենք կարող ենք գալ մեր թշնամիների հախից։ Բավականաչափ զագվածով քրոնորը կտեղադրենք թշնամի պետության սահմանի վրա եւ նրան կուղարկենք դեպի անցյալը, այդ ժամանակ թշնամի պետությունը կնետվի դեպի ապագան՝ ամբողջությամբ, իսկ ապագայից կվերադառնան միայն դիակները։

Ձեռքերը դնելով հետեւը եւ օրորվելով կրունկների վրա, նա նայեց ոտքերի տակ։

— Ահա թե ինչու եք այժմ երկու գունդ տեսնում ձեր առջեւ։ Քրոնոր կա միայն մեկի մեջ, աջ կողմում դրվածի մեջ։ Երկրորդը պարզապես միակետ է, հակակշիռ, նրա մասսան ճշգրիտ հավասար է առաջինի մասսային։ Երբ քրոնոսը լիցքավորվի, կընկղմվի անցյալը՝ դեպի չորս միլիարդ տարի ետ եւ կլուսանկարի Երկիրը, իսկ Երկիրն այդ ժամանակ գտնվում էր կիսահեղուկ, մասամբ նույնիսկ գազանման վիճակում, եւ արագ խտանում էր․ չէ որ Արեգակնային համակարգությունն էլ այն ժամանակ դեռ նոր֊նոր էր ձեւավորվում։

Նույն այդ ժամանակ մակետը կներխուժի դեպի չորս միլիարդ տարի առաջ՝ ապագա եւ այնտեղից կվերադառնա խիստ փոփոխված, սակայն այդ փոփոխությունների պատճառները առայժմ մեզ լրիվ պարզ չեն։ Երկու գնդերն իրար կբախվեն մեր աչքերի առջեւ ու նորից տարբեր կողմեր կսլանան, մոտավորապես ժամանակային տարածության կեսով, եւ այդ անգամ քրոնորը կգրանցի տեղեկություններ գրեթե պինդ մոլորակի մասին, որը ցնցվում է երկրաշարժներից եւ որի վրա, հնարավոր է, գոյություն ունեն կենդանի կյանքին մոտ ձեւեր՝ հատկապես բարդ մոլեկուլներ։

Յուրաքանչյուր բախումից հետհո քրոնորը կընկղմվի անցյալը այն ժամանակային տարածության կեսով, որով որ ընկղմվել էր նախորդ անգամ, եւ ամեն անգամ ավտոմատ կերպով կհավաքի ամեն տեսակ տեղեկություններ։ Երկրաբանական եւ պատմական այն դարաշրջանները, որտեղ ինչպես մենք ենթադրում ենք, կլինի քրոնորը, ձեր թերթիկների վրա նշանակված են մեկից մինչեւ քսանհինգ համարներով։ Իրականում, նախքան գնդերը հայտնվեն դադարի վիճակում, քրոնորը դեռ շատ անգամ կընկղմվի, բայց մնացած բոլոր դարաշրջաններում կլինի այնպիսի կարճ ակնթարթ, որ, գիտնականների կարծիքով, չի կարողանա այնտեղից բերել լուսանկարներ կամ էլ մի որեւէ այլ ինֆորմացիա։ Նկատի ունեցեք, փորձի վերջում գնդերը, մինչեւ դադար առնելն ընդամենը կցնցվեն տեղում, այնպես որ չնայած նրանք այդ ժամանակ ներկա պահից կհեռանան դարերով, բայց դա հազիվ թե նկատելի կլինի։

Ես տեսնում եմ, որ դուք հարց եք ուզում տալ։

Կալպեպերի աջ կողմում տեղից վեր կացավ մոխրագույն տվիդից կոստյում հագած բարալիկ մի կին։

— Ես… ես գիտեմ, իմ հարցն այժմ տեղին չէ, — սկսեց նա, — բայց ինձ չհաջողվեց հարմար պահին տալ այն։ Պարոն քարտուղար…

— Քարտուղարի պարտականությունները կատարոէ, — բարեհոգաբար ուղղեց նրան սեւ ջեմպրով կլորադեմ կարճլիկը։— Ես սոսկ կատարում եմ քարտուղարի պարտականությունները։ Շարունակեք։

— Ես, ուրեմն, ուզում եմ ասել… պարոն քարտուղար, արդյոք ոչ մի կերպ հնարավո՞ր չէ կրճատել փորձից հետո մեր ստուգման ժամանակը։ Միթե մեզ երկու տարի փակի տակ կպահեն սոսկ այն վախից, որ հանկարծ մեզնից մեկնումեկը չափից դուրս շատ բան տեսած լինի, եւ դրա հետ միասին էլ նա վատ հայրենասեր է ու կարող է վտանգավոր լինել պետության համար։ Երբ մեր հաղորդումները անցնեն ցենզուրայով, ստուգման համար բավական է մի երեք ամիս, հետո մեզ, ըստ իս, կարող էին թույլ տալ վերադառնալ տուն։ Ես երկու փոքրիկ երեխա ունեմ, իսկ մյուսները…

— Միայն ձեր փոխարեն խոսեք, միսիս Բրայանտ, — մռթմռթաց Անվտանգության ծառայության ներկայացուցիչը։— Դուք միսիս Բրայանտն եք, չէ՞։ Միսիս Բրայանտը, կանանց հանդեսների միավորումից։ Ալեքսիս Բրայանտի կի՞նը։— Նա ասես մատիտով նշումներ էր կատարում իր ուղեղում։

Միսիս Բրայանտը նստեց բազկաթոռին Կալպեպերի աջ կողմում, ջղաճգորեն կրծքին սեղմելով Անվտանգության կոդեքսը՝ բոլոր նոր լրացումներով, Բրուկլինյան նախագծի վերաբերյալ բրոշյուրը եւ միմեոգրաֆով տպված բարակ թերթիկը։ Կալպեպերը որքան հնարավոր է հեռու քաշվեց նրանից, այնպես որ բազկաթոռի թեւը մտավ նրա կողքը։ Ինչո՞ւ բոլոր տհաճությունները հենց իր հետ պիտի կատարվեն։ Հիմա էլ այս խելառ կինը, կարծես դիտավորյալ, իրեն է նայում արցունքոտ աչքերով, ասես կարեկցանք է սպասում։ Կալպեպերը ոտքը գցեց ոտքին եւ հայացքը գամեց ուղիղ իր առջեւ մի կետի։

— Դուք կմնաք այստեղ, քանզի միայն այդ դեպքում Անվտանգության ծառայությունը լիովին համոզված կլինի, որ քանի սարքը բոլորովին ուռիշ չի դառնա քան դուք տեսաք, արտաքին աշխարհ չի թափանցի ոչ մի էական ինֆորմացիա։ Չէ որ ոչ ոք ձեզ չի ստիպել, որ գաք այստեղ, միսիս Բրայանտ, դուք ինքներդ եք ցանկացել։ Այստեղ բոլորն էլ իրենք են ցանկացել։ Երբ ձեր խմբագիրներն ընտրեցին հատկապես ձեզ, դուք դեմոկրատիայի օրենքների համաձայն կարող էիք հրաժարվել։ Բայց ոչ ոք ձեզանից չհրաժարվեց։ Դուք հասկանում էիք, որ այսպիսի անօրինակ պատվից հրաժարվելը կնշանակեր պետական անվտանգության գաղափարով համակվելու ձեր անկարողությունը, ցույց կտար, որ դուք, ըստ էության, համաձայն չեք Անվտանգության կոդեքսի այն մասի հետ, որտեղ խոսքը վերաբերում է մեզ մոտ ընդունված երկամյա ստուգմանը։ Իսկ այժմ՝ ի՜նկ կկամենաք, որ ձեզ նման մարդը, ում մինչեւ այժմ համարել են գործունյա, վհտահության արժանի ժուռնալիստ, միսիս Բրայանտ, վերջին րոպեին նման հարց է տալիս։ Ես նույնիսկ…— կարճլիկի ձայնը իջավ մինչեւ շշնջոցի, — ես նույնիսկ սկսում եմ կասկածել, թե արդյո՞ք բավականաչափ գործուն են քաղաքական բարեհուսությունը ստուգելու մեր մեթոդները։

Կալպեպերը գլխով հավանության նշան արեց եւ զայրույթով նայեց միսիս Բրայանտին, իսկ նա կծում էր շրթունքները եւ աշխատում էր ձեւացնել, թե չափազանց հետաքրքրվում է լաբորատորիայում տեղի ունեցածով։

— Անպատեհ հարց։ Չափից դուրս անպատեհ։ Ու զբաղեցրեց այն ժամանակը, որը ես մտադիր էի նվիրել քրոնորի լայն հնարավորությունների եւ արդյունաբերական կիրառման ավելի մանրամասն քննարկմանը։ Բայց միսիս Բրայանտը, ո՜նց չէ, պիտի հագուրդ տար իր կանացի զգացմունքներին։ Նրա ի՜նչ գործն է, որ մեր պետությունը օրեցօր շրջապատվում է էլ ավելի շատ թշնամիներով, որ նրան էլ ավելի մեծ վտանգ է սպառնում։ Դա բնավ չի հուզում նրան։ Միսիս Բրայանտին մտահոգում են սոսկ այն երկու տարին, որ պետությունը խնդրում է նրան զոհել հանուն իրեն, որպեսզի, վտանգից ապահովի նրա իսկ սեփական երեխաների ապագան։

Քարտուղարի պարտականություններ կատարողը ցած քաշեց իր ջեմպրը եւ ավելի հանգիստ խոսեց։

Բոլորն ասես թեթեւացած շունչ քաշեցին։

— Րոպե առ րոպե սարքն արդեն կգործի, այնպես որ ես հակիրճ կանդրադառնամ առավել հետաքրքիր ժամանակաշրջաններին, որոնք հետազոտում է քրոնորը եւ որոնց վերաբերյալ տեղեկությունները հատկապես հետաքրքիր կլինեն մեզ համար։ Նախ՝ առաջին եւ երկրորդ ժամանակաշրջանները, քանզի այդ ժամանակ Երկիրը ընդունում էր իր այժմյան ձեւը։ Այնուհետեւ երրորդը, մինչ֊քեմբրիյան շրջանը պրոտերոզոյան դարաշրջանի, միլիարդ տարի առաջ, այստեղ գտնվել են կենդանի կյանքի առաջին ստույգ հետքերը։ Գլխավորապես խեցգետնակերպեր եւ ծովային ջրիմուռներ։ Վեցերորդ ժամանակաշրջանը հարյուր քսանհինգ միլիոն տարի առաջ, դա մեզոզոզյան դարաշրջանի միջինյուրյան շրջանն է։ Այսպես կոչված սողունների դարաշրջանը կատարած ճանապարհորդությունը կարող է մեզ տալ դինոզավրերի լուսանկարներ (դրանով իսկ հայտնի կդառնա, վերջապես, թե ինչ գույնի են եղել նրանք), ինչպես նաեւ, եթե հաջողվի, առաջին կաթնասունների եւ թռչունների լուսանկարները։ Վերջապես, ութերորդ եւ իններորդ շրջանները, երրորդական ժամանակաշրջանի օլիգոնեցենյան եւ միոցենյան դարաշրջանները, նշված են մարդու վաղ նախնիների հայտնվելով։ Դժբախտաբար, այդ ժամանակ քրոնորի տատանումներն արդեն այնքան կհաճախանան, որ նրան հազիվ թե հաջողվի հավաքել որեւէ էական տվյալներ…

Հնչեց կոչնազանգը։ Ժամացույցի սլաքը դիպավ կարմիր գծին։ Հինգ տեխնիկները միացրին անջատիչը, ժուռնալիստները իսկույն առաջ թեքվեցին, բայց գնդերն արդեն անհետացել էին։ Հաստ պլաստիկից էկրանի ետեւում նրանց տեղը ակնթարթորեն դատարկվեց։

— Քրոնորը մեկնեց անցյալ, չորս միլիարդ տարի առաջ։ Լգդիներ եւ ջենտլմեններ, դուք ներկա եք պատմական իրադարձության, հիրավի պատմական իրադարձության։ Ես կօգտվեմ ժամանակից, քանի դեռ գնդերը չեն վերադարձել, եւ կանգ կառնեմ այդ… ախ քաշողների զառանցանքային գաղափարների վրա։

Ընդհանուր ներվային ծիծաղը որպես պատասխան հնչեց քարտուղարի այդ կատակին։ Տասներկու թղթակիրներն ավելի հարմար նստեցին ու պատրաստվեցին լսել, թե ոնց նա պիտի ջախջախի այդ անհեթեթ գաղափարները։

— Ինչպես ձեզ հայտնի է, դեպի անցյալ ճանապարհորդելու դեմ առարկում են ամենից առաջ այն վախի պատճառով, որ այնտեղ ամեն մի, թվում է, ամենաանմեղ գործողությունները ճակատագրական աղետալի փոփոխություններ կառաջացնեն ներկայում։

Դավաճան Շեյսոնը եւ նրա անօրեն ընկերությունը այդ հիպոտեզը տարածում էին հազար ու մի մտացածին բաների, ինչպես, օրինակ, ջրածնի մոլեկուլի տեղաշարժի վրա, որը իրականում ոչ ոք անցյալում ոչ մի տեղ չի տեղաշարժել։

Կոնի֊այլենդյան մասնաճյուղում առաջին փորձի ժամանակ, երբ քրոնորը հետ վերադարձավ վայրկյանի մեկ իններորդական մասից հետո, ամենաառաջավոր սարքավորումներով կահավորված ամենատարբեր լաբորատորիաները մանրակրկիտ կերպով ստուգում էին, թե արդյո՞ք փոփոխություններ եղել են։ Եվ ոչ մի փոփոխություն չհայտնաբերեցին։ Պետական հանձնաժողովը դրանից եզրակացրեց, որ ժամանակի հոսանքը (հոսքը) խիստ սահմանազատված է անցյալի, ներկայի եւ ապագայի վրա եւ այնտեղ ոչ մի բան չի կարելի փոխել։ Սակայն Շեյսոնին եւ նրա կամակատարներին դա, ըստ երեւույթին, չհամոզեց, նրանք…

I. Չորս միլիարդ տարի առաջ։ Քրոնորը սավառնում է սիլիցիումի երկօքսիդի ամպերում, եռացող Երկրի վերեւում եւ ավտոմատների օգնությամբ անշտապ հավաքում է տեղեկությունները։ Գոլորշին, որ նա սեղմել է, խտացել է եւ ցած է թափվում վիթխարի փայլփլուն կաթիլներով…

— … պնդում էին, որ մենք դադարեցնենք փորձերը, մինչ որ իրենք նորից հաշվումներ անեն։ Եվ հասան այն բանին, որ պնդում էին, իբր եթե փոփոխություններ ղելե են, մենք չէինք կարող դրանք նկատել եւ ոչ մի սարք էլ չէր կարող դրանք ի հայտ բերել։ Նրանք ասում էին, որ իբր թե մենք այդ փոփոխությունները կընկալենք որպես դարեր շարունակ գոյություն ունեցող բաներ։ Լսո՞ւմ եք։ Եվ դա այն ժամանակ, երբ մեր պետությանը, իսկ չէ որ դա եւ նրանց պետությունն է, մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, նաեւ նրանց՝ սպառնում էր մեծագույն վտանգը։ Կարող եք պատկերացնել…

Նա ուղղակի բառեր չէր գտնում։ Նա ետուառաջ էր քայլում, օրորելով գլուխը։ Եվ թղթակիցները, որ շարքով նստել էին փայլուն նստարանի վրա, նույնպես կարեկցանքով օրորում էին գլուխները։

Նորից հնչեց կոչնազանգը։ Երկու աղոտ գնդեր մի պահ երեւացին էկրանի հետեւում, բախվեցին իրար եւ թռան հակադիր ժամանակային ուղղություններով։

— Ահա ձեզ, քարտուղարը ձեռքը թափ տվեց էկրանի կողմը։ — Առաջին տատանումը վերջացավ։ Եվ մի՞թե որեւէ բան փոխվեց։ Մի՞թե ամեն ինչ առաջվանը չէ։ Բայց այդ այլախոհները կպնդեն, թե փոփոխություններ եէել են, միայն թե մենք չենք նկատում։ Այսպիսի հակագիտական, կույր հավատի վրա հենված հայացքների դեմ վիճելը ժամանակի անտեղի կորուստ է։ Այդ հասարակությունը…

II. Երկու միլիարդ տարի առաջ, վիթխարի գունդը սավառնում է ժայթքումներից ցնցվող հրաբորբ Երկրի վերեւում եւ լուսավորում է նրան։ Նրանից պոկվել են մի քանի շիկացած բեկորներ։ Նրանց հետ բախվելուց հինգ֊վեց հազար բարդ մոլեկուլների ստրուկտուրան քայքայվել է։ Իսկ մի հարյուրը անվնաս են մնացել։

… պիտի օրական երեսուներեք ժամից երեսուն ժամը տքնի ապացուցել, որ սեւը՝ սպիտակ չէ կամ էլ որ մենք ոչ թե երկու լուսին ունենք, այլ յոթ։ Նրանք հատկապես վտանգավոր են…

Երկար խուլ թնդյուն— նորից բախվեցին եւ տարբեր կողմեր թռան գնդերը։ Եվ անկյունային լուսամփոփների նարնջագույն լույսն ավելի պայծառացավ։

— … որովհետեւ նրանք տիրապետում են գիտելիքների, որովհետեւ նրանցից սպասում են, որ կնշեն լավագույն ուղիները։— Այժմ կառավարման չինովնիկը սրընթացորեն սողում էր վերեւ ու ներքեւ, թափահարելով իր բոլոր շոշափուկները։— Ներկայումս մենք բախվել ենք չափազանց բարդ մի պրոբլեմի։

III. Մեկ միլիարդ տարի առաջ։ Պարզագույն եռակի տրիբոլիտը, որին մեքենան ճզմել է, երբ նա նոր էր հասցրել կազմավորվել, լորձի լճակ է գոյացրել գետնին։

— … չափազանց բարդ Մեր առջեւ հարց է կանգնած, պե՞տք է արդյոք մենք ստրումպենք, թե չէ։— Նա այժմ կարծես անգլերեն էլ չէր խոսում։ Իսկ հետո բոլորովին լռեց։ Բայց իր մտքերը, բնականաբար, արտահայտում էր, ինչպես միշտ, շոշափուկները իրար զարկելով։

IV. Կես միլիարդ տարի առաջ։ Ջրի ջերմաստիճանը մի քիչ փոխվեց, եւ կործանվեցին բակտերիաների շատ տեսակներ։

— Եվ այսպես, այժմ կիսամիջոցների ժամանակը չէ։ Եթե մենք կարողանանք հաջողությամբ աճեցնել մեր կորցրած շոշափուկները…

V. Երկու հարյուր հիսուն միլիոն տարի առաջ։ VI. Հարյուր քսան միլիոն տարի առաջ։

— … որպեսզի Հինգ Պարույրները գոհ մնան, մենք…

VII. Վաթսուներկու միլիոն տարի առաջ։ VIII. Երեսունմեկ միլիոն…

— … դրանով իսկ կպահպանենք մեր հզորությունը։ Եվ այն ժամանակ…

IX. Տասնհինգ միլիոն… X. Յոթուկես միլիոն տարի առաջ…

— … դրանով իսկ կպահպանենք մեր հզորությունը։ Եվ այնժամ…

XI. XII. XIII. XIV. XV. XVI. XVII. XVIII. XIX…

Բո՛ւմ… բո՛ւմ… բո՛ւմբո՛ւմբո՛ւմբումումումումումում…

— … մենք, բնականաբար, պատրաստ ենք բեկման։ Իսկ դա, կարող եք հավատալ ինձ, բավականաչափ լավ է եւ՛ նրանց համար, ովքեր ուռյում են, եւ՛ նրանց համար, ովքեր ճայթում են։ Սակայն ուռչողների գաղափարները, ինչպես միշտ, կլինեն անհեթեթ, քանզի ով ճայթում է, նա հոսում է առաջ, եւ դա՛ է ճշմարտությունը։ Եվ որովհետեւ ուռչողները վախից դողում են, մենք որեւէ բան փոխելու հարկ չունենք։ Դեհ, վերջապես, ապարատը կանգ առավ։ Ուզո՞ւմ եք, ավելի լավ տեսնել։

Բոլորը ցանկություն հայտնեցին, եւ նրանց ուռած, մանուշակագույն մարմինները հեղուկացան ու հոսեցին ապարատի կողմը։ Հասնելով չորս խորանարդներին, որոնք այլեւս խլացուցիչ սուլոց չէին արձակում, նրանք վեր ելան, թանձրացան եւ նորից դարձան լորձաբշտիկներ։

— Լավ նայե՛ք, — բացականչեց այն էակը, որը մի ժամանակ կատարում էր մամուլի հետ կապի գծով ադմինիստրատորի քարտուղարի պարտականությունները։— Հապա մի լա՛վ նայեք։ Նրանք, ովքեր բողոքում էին, անիրավացի դուրս եկան․ մենք բոլորովին չենք փոխվել։— Եվ հանդիսավոր կերպով առաջ պարզեց տասնհինգ մանուշակագույն շոշափուկները։— Ոչի՛նչ չի փոխվել։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
300 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ