Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Ռոբերտ Շեքլի, Ամենազենքը

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
13:42, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Ռոբերտ Շեքլի, Ամենազենքը
    

թարգմանիչ՝ Ռուբեն Ավետիսյան (անգլերենից)
    

Էդսլը մարդ սպանելու տրամարդություն ուներ։ Արդեն երեք շաբաթ նա, Փարքն ու Ֆաքսընը քարշ էին գալիս ամայի այդ հարթավայրում, զննում ամեն պատահած թումբ եւ, ոչինչ չգտնելով, շարժվում դեպի հաջորդը։ Կարճատեւ մարսային ամառը վերջանում էր, օրերը կամաց֊կամաց ցրտում էին։ Եվ օրըստօրե Էդսըլի նյարդերը, որ առաջ էլ շատ ամուր չէին, ավելի ու ավելի էին քայքայվում։ Ֆաքսընն՝ այդ փոքրահասակ անձնավորությունը, զվարթ էր, նա երազում էր այն դրամի մասին, որ պիտի վաստակեին, երբ կգտնվեին զենքերը, իսկ Փարքը քայլում էր լուռ ու դանդաղ, ասես երկաթից ձուլված լիներ, եւ մի բառ իսկ չէր արտաբերում, մինչեւ իրեն չդիմեին։

Բայց Էդսըլի համբերությունը հատելու վրա էր։ Հերթական թմբի զննումը կրկին արդյունք չտվեց, մարսային զենքերի հետքն էլ չկար։ Գունատ արեւն անսովոր պայծառ էր թվում, իսկ աստղվերը փայլում էին անհավատալիորեն կապույտ երկնքում։ Ցերեկային ցուրտը թափանցում էր Էդսըլի մեկուսացնող հագուստի միջով, փայտացնելով հոդերն ու մկանները։

Միանգամայն անսպասելիորեն, Էդսըլը որոշեց Փարքին սպանել։ Նա չսիրեց այդ լռակյաց մարդուն սկսած այն պահից, երբ Երկրում գործընկերներ դարձան։ Չսիրեց նույնիսկ ավելի, քան արհամարհեց Ֆաքսընին։

Էդսըլը կանգ առավ։

— Դու գիտե՞ս ուր ենք գնում, — հարցրեց նա Փարքին ցածր, չարագույժ ձայնով։

Փարքը բացասաբար թոթվեց նեղ ուսերը։ Նրա գունատ, հյուծված դեմքը բացարձակապես անկիրք էր։

— Գիտե՞ս, — կրկնեց Էդսըլը։

Փարքը կրկին թոթվեց ուսերը։

Փամփուշտ՝ ուղիղ գանգի մեջ, որոշեց Էդսըլը՝ ձեռքը մեկնելով ատրճանակին։

— Սպասե՛ք, — աղաչեց Ֆաքսընը, կանգնելով նրանց մեջտեղը։— Մի՛ կորցրու քեզ, Է՛դսըլ։ Մի րոպե մտածիր, թե ինչքան փող կարող ենք վաստակել, երբ զենքերը կգտնենք։— Փոքրահասակ մարդու աչքերը փայլեցին այդ մտքից։— Դրանք այստեղ, մոտերքում են, Է՛դսըլ։ Երեւի հենց հաջորդ թմբի տակ։

Էդսըլը տատանվեց, խեթ հայացքը Փարքից չկտրելով։ Այդ պահին նա մի բան էր ուզում՝ սպանել։ Եթե այն ժամանակ, Երկրում արշավախումբ կազմելիս, իմանար, որ ամեն ինչ այս ձեւով կդասավորվի։ Ախր այնքան հեշտ էր թվում…

Նրա մոտ էր մետաղե տախտակը, որի վրա գրված էր, թե որտեղ է գտնվում մարսեցիների առասպելական կորած զենքը։ Փարքը մարսերեն կարդալ գիտեր, իսկ Ֆաքսընն ի վիփակի էր ֆինանսավորել արշավախումբը։ Ուստի Էդսըլը ենթադրել էր, որ իրենց մնում է միայն Մարս գալ եւ քայլել դեպի այն թումբը, որտեղ իրենց փնտրածն էր թաքցրած։

Երբեք նախկինում Էդսըլը Երկրից հեռացած չկար։ Նա չէր պատրաստվել շաբաթներով սառել, քաղցել, մնալ կոնցենտրացված մթերաբաժնի հույսին, հաշվի չէր առել գլխապտույտը, որ առաջանում է կուտակիչում շրջանառվող օդի բարակ շիթը ներշնչելուց։ Չէր մտածել, որ մկաններդ ցավում են, երբ ճանապարհ ես հարթում Մարսի խիտ թավուտներով։

Մտածել էր միայն մի բան՝ թե պետությունը, կարեւոր չէ, ո՛ր պետությունը, ինչ գին կտա այդ առասպելական զենքերի համար։

— Ներողություն, — ասաց Էդսըլը, հանկարծ հանդարտվելով։— Այս տեղը հոգիս հանել է։ Կներես, որ տաքացա, Փարք։ Առաջնորդի՛ր։

Փարքը գլխով արեց եւ նորից քայլեց։ Ֆաքսընը թեթեւացած շունչ քաշեց ու հետեւեց նրան։

— Ի վերջո, — մտածեց Էդսըլը, — ես նրանց կարող եմ սպանել երբ ասես։

Նրանք ճիշտ թումբը գտան միջօրեին, հենց այն պահին, երբ Էդսըլի համբերությունը նորից հատվելու վրա էր։ Դա մի արտառոց, խոշոր թումբ էր, ճիշտ այնպես, ինչպես ձեռագրում գրված էր։ Մի քանի մատնաչափ կեղտի ու փոշու տակ մետաղ կար։ Քերեքուց հետո պարզվեց, որ դա դուռ է։

— Հիմա, կրակեմ, թող բացվի, — ասաց Էդսըլը, դուրս քաշելով ատրճանակը։

Փարքը մի կողմ հրեց նրան, պտտեց բռնակը եւ բացեց դուռը։

Ներսում տեսան մի հսկայական սենյակ։ Եվ այնտեղ, մեկը մյուսի վրա, փայլուն շարքերով դարսած էին Մարսի կորած զենքերը՝ մարսային հինավուրց քաղաքակրթության անհետացած մնացորդները։

Երեքը մի պահ կանգ առան հմայված։ Ահա այն գանձը, որը մարդիկ արդեն հույս չունեին գտնել։ Սկսած այն վայրկյանից, երբ մարդկային ոտքն առաջին անգամ դիպավ Մարսի հողին, մեծ քաղաքների ավերակները կրկին ու կրկին հետազոտվել էին։ Այսուայնտեղ, հարթավայրերում, թափթփված էին ջարդուփշուր եղած մեքենաները, արվեստի կոթողներ, գործիքներ, ամեն ինչ խոսում էր մեռած տիտանական քաղաքակրթության մասին՝ երկրային քաղաքակրթությունից հազարավոր տարիներով ավելի հին։ Գրառումների մանրազնին վերծանումը ցույց տվեց, որ մեծամեծ պատերազմներն են ամայացրել Մարսը։

Չհաջողվեց, սակայն, իմանալ գլխավորը՝ թե մարսեցիների հետ ինչ է պատահել։ Մի քանի հազար տարի Մարսի վրա ոչ մի բանական արարած չէր եղել։ Ինչ֊որ ձեւով գլքովին վերացել էր կենդանական կյանքը։

Եվ, թվում էր, մարսեցիները զենքերն իրենց հետ էին տարել։ Էդսըլը գիտեր, այդ կորած զենքերն իրենց քաշով մեկ ռադիում արժեին, քանի որ անսահման հզոր էին։

Նրանք ներս գնացին։ Էդսըլը ձեռքը վերցրեց առաջին պատահած առարկան, որը 45 մմ տրամաչափի ատրճանակ էր հիշեցնում, բայց ավելի մեծ էր։ Նա քայլեց դեպի դուռը եւ զենքն ուղղեց մի թփի։

— Մի՛ կրակիր, — ասաց Ֆոքսընը, տեսնելով, որ Էդսըլը նշան է բռնում։— Մեկ էլ տեսար ես կրակի, կամ մի այլ բան։ Թող պետության մասնագետները կրակեն, երբ կվաճառենք։

Էդսըլը սեղմեց ձգանը։ Յոթանասունհինգ ոտնաչափ հեռավորության վրա գտնվող թուփը բռնկվեց վառ կարմիր բոցով։

— Վատ չէ, — ասաց Էդըլսը, ատրճանակը շոյելով։ Հետո վար դրեց եւ ձեռքը մեկնեց մի այլ ատրճանակի։

— Խնդրում եմ, Էդսըլ, — ասաց Ֆաքսընը, վախեցած նայելով նրա կողմը։— Փորձելու կարիք չկա։ Մեկ էլ տեսար ատոմային ռումբ պայթեցնես կամ մի ուրիշ բան…

— Ձա՛յնդ, — ասաց Էդսըլը, կրակող միացումը որոնելով։

— Այլեւս մի կրակիր, — աղաչեց Ֆաքսընը։— Նա Փարքին նայեց, աջակցություն ակնկալելով, բայց այդ լռակյաց մարդն Էդսըլին էր դիտում։— Ախր այնտեղ մի ինչ֊որ բան մարսեցիների կործանման պատճառ է դարձել, — չէր հանդարտվում Ֆաքսընը։— Հո չե՞ս ուզում նորից գործի դնել այն։

Էդսըլի հայացքն ուղղված էր հողի մակերեւույթին, որը նոր կրակոցի առաջացրած տաքությունից շիկացել էր։

— Լավ բան է։— Նա վերցրեց մի ուրիշ, ձողիկի տեսք ունեցող գործիք։ Ցուրտը մոռացվել էր։ Էդսըլն իրեն երջանիկ էր զգում, խաղալով այդ փայլուն իրերի հետ։

— Գնացինք, — ասաց Ֆաքսընը, շարժվելով դեպի դուռը։

— Գնա՞նք։ Ո՞ւր, — հարցրեց Էդսըլը։ Նա վերցրեց մի ուրիշ փայլուն զենք, որը հարմար նստեց ձեռքի մեջ։

— Դեպի հրթիռակայան, — ասաց Ֆաքսընը։— Վերադառնանք այս ամենը վաճառելու, ինչպես ծրագրել էինք։ Սրա համար մեր ուզած գինը կտան, որքան ասես։ Ցանկացած պետություն միլիարդներ կտա այսպիսի զենքերի համար։

— Ես միտքս փոխել եմ, — ասաց Էդսըլը։ Նա աչքի տակով Փարքին էր հետեւում։ Վտիտ մարդը քայլում էր զենքերի կույտերի միջով, բայց առայժմ ոչ մի բանի ձեռք չէր տվել։

— Հիմա լսիր, — ասաց Ֆաքսընը, զայցալից հայացքը հառած Էդսըլին։— Այս արշավանքը ես եմ ֆինանսավորել։ Մենք ծրագրում էինք գտածը վաճառել։ Ես իրավունք ունեմ… ասենք երեւի ոչ…

Չփորձած զենքն ուղղավծ էր նրա ստամոքսին։

— Ի՞նչ ես ուզում անել, — հարցրեց նա, փորձելով վար չնայել։

— Գրողի ծոցը կորչի վաճառելը, — ասաց Էդսըլը, հենվելով պատի թեք մասին, որտեղից հնարավոր էր Փարքին նույնպես դիտել։— Ինքս էլ կարող եմ այս ամենն օգտագործել։— Նա լայն ժպտաց, աչալրջությունը չկորցնելով։— Ես տանը մի քանի լավ տղա ունեմ, նրանց կզինեմ։ Այստեղի եղածով մենք հեշտ ու հանգիստ կարող ենք գրավել Հարավային Ամերիկայի այն փոքրիկ պետություններից մեկը։ Հետո թող փորձեն ձեռքներիցս խլել։

— Դե, — ասաց Ֆաքսընը, նայելով զենքին։— Ես չեմ ուզում այդ տեսակ բաների մասնակցել։ Ինձ հաշիվ հանեք։

— Եղավ, — ասաց Էդսըլը։

— Մի վախեցի, թե բերանբացություն կանեմ, — շտապ ասաց Ֆաքսընը։— Չեմ անի։ Ուղղակի չեմ ուզում գործ ունենալ կրակոցների ու սպանությունների հետ։ Դրա համար երեւի ետ գնամ։

— Հա, իհարկե, — ասաց Էդսըլը։ Փարքը մի կողմ էր կանգնել եւ եղունգներն էր զննում։

— Երբ այդ թագավորությունը գրավես, ես քեզ հյուր կգամ, — ասաց Ֆաքսընը, թույլ ժպտալով։— Կարող է ինձ դուքս դարձնես, կամ մի ուրիշ բան։

— Ինձ թվում է այո, մի բան կանեմ։

— Հոյակապ է։ Բարով մնաք։— Ֆաքսընը ձեռքով հրաժեշտ մաղթեց ու քայլեց։ Էդսըը թույլ տվեց նրան քսան քայլ հեռանալ, հետո նշան բռնեց նոր զենքով եւ սեղմեց ձգանը։

Զենքը ոչ մի ձայն չհանեց, կրակ չարձագեց, սակայն Ֆաքսընի թեւը մաքուր կտրվեց։ Էդսըլը շտապ նորից սեղմեց ձգանը եւ զենքն ուղղեց Ֆաքսընի մարմնին։ Փոքրահասակ մարդն ուղիղ երկու կես եղավ, իսկ նրա ոտքերի տակ գետինը ճեղքվեց։

Էդսըլը շրջվեց, գլխի ընկնելով, որ անպաշտպան թիկունքը Փարկին է ուղղել։ Փարքին մի բան էր մնում անել՝ վերցնել մւտակա զենքը եւ կրակել։ Բայց Փարքը հանգիստ կանգնել էր, ձեռքերը կրծքին խաչած։

— Այդ ճառագայթն ինչ ասես կարող է կտրել֊անցնել, — ասաց Փարքը։— Շատ օգտակար բան է։


     Հաջորդ կես ժամը հիանալի անցավ՝ Էդսըլը, մեկ այս, մեկ այն զենքը ձեռքին, դուրսուներս էր վազվզում։ Փարքը ոչ մի բանի ձեռք տալու փորձ չարեց, բայց հետաքրքրությամբ հետեւում էր նրա գործողություններին։ Հինավուրց մարսային զենքերը կատարելապես նոր էին մնացել, հազարավոր տարիների անգործությունը, հիրավի, ոչ մի վնաս չէր հասցրել։ Շատ կային տարբեր կառուցվածքների ու հնարավորությունների կործանիչ զենքեր, ինչպես նաեւ ջերմային ու ռադիոակտիվ զենքեր՝ հրաշալի փոքր հրացաններ ու ատրճանակներ։ Կային սառեցնող զենքեր ու այրող զենքեր, զենքեր, որոնք մասնատում էին, կտրում, արյունը մակարդեցնում, կաթվածահարում եւ անում ուրիշ ինչ ասես կյանքին վերջ տալու համար։

Արի այս մեկը փորձենք, — ասաց Փարքը։ Էդսըլը, որն ավարտում էր մի հետաքրքիր երեք փողանի հրացանի փորձարկումը, կանգ առավ։

— Ես զբաղված եմ, — ասաց նա։

— Մի կողմ դիր այդ խաղալիքները։ Արի խելքը գլխին ապրանք նայենք։

Փարքը կանգնել էր մի ցածր ու լայն, սեւ մեքենայի կողքը, որն անիվներ ուներ։ Երկուսով մեքենան քաշեցին֊հանեցին դուրս։ Փարքը դիտում էր, թե Էդսըլն ինչպես է շարժում լծակները։ Մեքենայի խորքում թույլ դզզոց լսվեց։ Հետո շուրջը ինչ֊որ կապույտ մուժ գոյացավ։ Էդսըլը շարունակեց շարժել լծակները, մինչդեռ մուժը տարածվեց այնքան, ու շրջափակեց երկուսին էլ։

— Որեւէ բլաստեր փորձիր դրա վրա, — ասաց Փարքը։ Էդսըլը վերցրեց պայթեցնող ատրճանակներից մեկը եւ կրակեց։ Մուժը կլանեց կրակոցը։ Էդսըլն իրար հետեւից երեք ատրճանակ էլ փորձեց, բայց ոչ մեկը չհաղթահարեց կապույտ մուժը։

— Սա երեւի ատոմային ռումբն էլ կկանգնեցնի, — ցածրաձայն ասաց Փարքը։— Ուժային դաշտ է։

Էդսըլն անջատեց մեքենան եւ նրանք նորից ներս գնացին։ Արեւն արդեն հորիզոնին էր մոտենում, եւ անձավի ներսում մթնել էր։

— Գիտես, — ասաց Էդսըլը, — դու կարգին տղա ես, Փարք։ Շատ լավ տղա ես։

— Շնորհակալություն, — ասաց Փարքը, նայելով զենքերի կույտին։

— Հո դեմ չե՞ս, որ Ֆաքսընի հարցերը լուծեցի։ Ուղիղ գնալու էր մեզ ծախեր պետությանը։

— Ընդհակառակը, հավանություն եմ տալիս։

— Հոյակապ է։ Չէ, դու կարգին տղա ես։ Ախր կարող էիր ինձ սպանել, երբ ես Ֆաքսընին էի սպանում։— Էդսըլը չավելացրեց, որ ինքը հենց այդպես կվարվեր։

Փարքն ուսերը թոթվեց։

— Ինչպե՞ս ես վերաբերվում այն թագավորության հարցին։ Հետս կմասնակցե՞ս, — ժպտալով հարցրեց Էդսըլը։— Ինձ թվում է, որ կարող ենք հաջողացնել։ Մի լավ տեղ կճարենք՝ սիրուն աղջիկներ կլինեն, կարգին ժամանակ կանցկացնենք։ Ի՞նչ ես կարծում։

— Իհարկե, — ասաց Փարքը։— Հաշվիր, որ ես մասնակցում եմ։

— Էդսլը թփթփացրեց նրա ուսը, եւ երկուսով քայլեցին զենքերի կույտերի կողքով։

— Սրանք բոլորը պարզ են, — ասաց Փարքը, երբ հասան սենյակի ծայրին։— Նախորդների ձեւափոխված տեսակներն են։

Սենյակի վերջում դուռ կար։ Դռան վրա մարսերեն տառեր էին փորագրված։

— Այդ ի՞նչ է գրած, — հարցրեց Էդսըլը։

— Վերջնական զենքեր, կամ սրա պես մի բան, — ասաց Փարքը, շեղակի նայելով նուրփ նախշանկարներին։— Զգուշացնում են, որ ներս չգնանք։— Նա բացեց դուռը։ Երկուսով ներս քայլեցին ու հանկարծ ետ ընկրկեցին։

Այս մյուսն ընդարձակ մի դահլիճ էր, նախորդից երեք անգամ մեծ։ Եվ այդ ամբողջ հսկայական սենյակը, ինչքան մարդու աչքը կտրում էր, լի էր զինվորներով։ Հոյակապ հագնված, ոտքից գլուխ զինավառված, ինվորներն արձանների նման անշարժ էին։

Նրանք կենդանի չէին։

Դռան կողքը սեղան կար, իսկ սեղանի վրա՝ երեք առարկա։ Առաջինը մոտավորապես մարդկային բռունցքի չափսի գունդ էր, վրան տրամաչափված թվահարթակ։ Երկրորդը փայլուն սաղավարտ էր։ Իսկ երրորդը մի փոքրիկ սեւ տուփ էր, վրան մարսերեն տառեր։

— Սա ի՞նչ է, գերեզմանո՞ց, — շշնջաց Էդսըլը, հարգանքախառը սարսափով նայելով մարսեցի զինվորների ուժեղ, ոչ երկրային դեմքերին։ Փարքը, որը կանգնած էր նրա ետեւում, չպատասխանեց։

Էդսըլը քայլեց դեպի սեղանը եւ ձեռքն առավ գունդը։ Նա զգուշորեն թվահարթակը մի նշան առաջ տարավ։

— Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, — հարցրեց նա Փարքին։— Կարո՞ղ է պատահել, որ… Հանկարծ երկուսն էլ շունչերը պահեցին ու ետ֊ետ գնացին։

Զինվորների շարքերում շարժում էր սկսվել։ Նրանք օրորվելցին, ապա «զգաստ» դիրք ընդունեցին։ Այլեւս մեռածին հատուկ քարացած տեսք չունեին։ Հինավուրց զինվորները կենդանացել էին։

Նրանցից մեկը, զարմանահրաշ վառ կարմիր ու արթաթակար համազգեստով, մոտեցավ Էդսըլին եւ խոնարհվեց։

— Պարոն, ձեր զորքերը պատրաստ են։

Էդսըլը զարմանքից չէր կարողանում խոսել։

— Ինչպե՞ս կարող եք դուք հազարավոր տարիներ անց ապրել, — ասաց Փարքը։— Դուք մարսեցինե՞ր եք։

— Մենք մարսեցիների ծառաներն ենք, — ասաց զինվորը։— Փարքը նկատեց, որ վերջինի շրթունքները չեն շարժվում։ Այդ մարդը տելեպատիայի միջոցով էր հաղորդակցվում։— Պարոն, մենք սինթետիկներ ենք։

— Ո՞ւմ եք ենթարկվում, — հարցրեց Փարքը։

— Ակտիվացնողին, պարոն։— Սինթետիկը խոսում էր ուղիղ Էդսըլի հետ, նայելով նրա ձեռքի գնդին։— Մենք ոչ ուտելիքի կարիք ենք զգում, որ քնելու։ Մեր միակ նպատակը, պարոն, ձեզ ծառայելն է ու կռվելը։— Զինվորները, ի նշան հավանության, գլխով արեցին։

— Մեզ ի մարտ առաջնորդեք, պարո՛ն։

— Անպայման, — ասաց Էդսըլը, վերջնականապես խելքի գալով։— Ես ձեզ, տղերք, կարգին կռիվների կտանեմ, հաստատ հույս ունեցեք։

Զինվորները հանդիսավորությամբ երեք անգամ «ողջույն» գոչեցին։ Էդսըլը ժպտաց, նայելով Փարքին։

— Իսկ մնացած թվերը ինչի՞ համար են, — հարցրեց Էդսըլը։ Բայց զինվորը լուռ էր։ Հարցն ակնհայտորեն վեր էր նրա սահմանափակ գիտակցությունից։

— Գուցե ուրիշ սինթետիկներ են կենդանացնում, — ասաց Փարքը։— Հավանաբար գետնի տակ էլի դահլիճներ կան։

— Եղբայրնե՛ր, — գոչեց Էդսըլը։— Ես ձեզ կառաջնորդե՛մ դեպի մարտ, այո՛։— Կրկին զինվորները ողջունեցին, հանդիսավորությամբ, երեք անգամ։

— Քնեցրու նրանց եւ արի ծրագրեր կազմենք, — ասաց Փարքը։ Ցնցված Էդսըլը ետ տարավ թվահարթակը։ Զինվորները վերստին սառեցին ու անշարժացան։

— Արի դուրս գնանք։

— Ճիշտ է։

— Եվ այդ բաները հետդ վերցրու։

Էդսըլը վերցրեց փայլուն սաղավարտն ու սեւ տուփը եւ հետեւեց Փարքին։ Հիմա արեւը համարյա մայր էր մտել եւ կարմիր հողի վրա սեւ ստվերներ էին հայտնվել։ Ցուրտը խայթում էր, բայց երկուսից ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց։

— Լսեցի՞ր, ինչ ասացին, Փարք։ Լսեցի՞ր։ Ասացին, որ ես իրենց առաջնորդն եմ։ Այդ տեսակ զինվորներով…— Նա ծիծաղեց, նայելով երկնքին։ Այդ զինվորներով, այդ զենքերով ոչինչ չի կարողանա արգելք հանդիսանալ իրեն։ Զավթած պետությունը կլցնի աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով, եւ ա՛յ թե ժամանակ կանցկացնի։

— Ես գեներալ եմ, — գոչեց Էդսըլը եւ սաղավարտը դրեց գլխին։— Տեսքե ինչպե՞ս է, Փարք։ Նմա՞ն եմ…— Նա կանգ առավ, ականջներում ձայն էր հնչում՝ շշնջոց, մրթմթրոց։ Ի՞նչ էր ասում ձայնը։

—… Գրողի տարած ապուշ, թագավորության մասին իր չնչին երազանքով։ Այս տեսակ ուժը հանճարի տեր մարդու համար է, մարդ, որը կարող է վերափոխել պատմությունը։ Ի՛նձ համար։

— Այդ ո՞վ է խոսում։ Դո՞ւ ես, Փարք։— Էդսըլը հանկարծ հասկացավ, որ սաղավարտն իրեն թույլ է տալիս ուրիշի մտքերը լսել։ Նա ժամանակ չունեցավ խշռադատելու, թե դա ինչպիսի զենք կարող է դառնալ տիրակալի ձեռքին։

Փարքը խնամքով կրակեց նրա մեջքին ատրճանակով, որն ամբողջ ժամանակ մոտն էր պահել։

— Ինչպիսի՛ ապուշ, — ինքն իրեն ասաց Փարքը, սաղավարտը հագցնելով իր գլխին։— Թագավորությո՜ւն։ Աշխարհի ողջ ուժը ձեռքի տակ է, իսկ նա երազում է փոքրիկ թագավորության մասին։

Նա ետ նայեց անձավի մուտքին։

— Այս զորքերով, ուժային դաշտով եւ զենքերով ես կարող եմ աշխարհը նվաճել։— Նա այդ ասաց սառնորեն, գիտենալով, որ դա փաստ է։ Ապա շրջվեց, որ գնա անձավ՝ սինթետիկներին կենդանացնելու, սակայն կանգ առավ ու ձեռքը վերցրեց Էդսըլի բերած փոքրիկ սեւ տուփը։

Տուփի վրա մարսային սահուն տառերով փորագրված էր՝ «Ամենազենք» ։

— Տեսնես սա՞ ինչ է, — ինքն իրեն հարց տվեց Փարքը։ Նա Էդսըլին բավականաչափ երկար էր կենդանի թողել, որպեսզի վերջինս փորձարկեր բոլոր զենքերը՝ ի՞նչ կարիք կար պատահական կրակոցի վտանգի ենթարկելու սեփական անձը։

Ափսովո Էդսըլն այնքան չապրեց, որ այս մեկը նույնպես փորձեր։

— Իհարկե, ես սրա կարիքն առանձնապես չեմ զգում, — ասաց Փարքն ինքն իրեն։— Բայց այս մեկը կարող էր գործը դարձնել շատ ավելի հեշտ ու ապահով։ Ինչ որ է, սա լավ բան պիտի լինի։

— Դե, — ասաց նա, — հիմա տեսնենք, թե մարսեցիներն ինչն էին համարում իրենց ամենազենքը։— Նա բացեց տուփը։

Տուփինց գոլորշի ելավ ու Փարքն այն մի կողմ նետեց, մտածելով, թե գոլորշին թունավոր գազ է։

Գոլորշին բարձրացավ, միառժամանակ այսուայնկողմ լողաց օդում, իսկ հետո սկսեց խտանալ։ Ապա տարածվեց, մեծացավ ու ձեւ ընդունեց։

Մի քանի վայրկյանից այն կազմավորվեց, շարունակելով ճախրել տուփի վրա։ Մթնշաղի մեջ նրա փայլը սպիտակ էր, եւ Փարքը տեսավ, որ այն ուղղակի մի հսկայական բերան է, որի վերեւում երկու անթարթ աչք կա։

— Հո հո՛, — ասաց բերանը։— Պրոտոպլա՜զմա։— Այն լողաց դեպի Էդսըլի մարմինը։ Փարքը բարձրացրեց բլաստերը եւ խնամքով նշան բռնեց։

— Հանգիստ պրոտոպլազմա, — ասաց բերանը, հոտոտելով Էդսըլի մարմինը։— Ես սիրում եմ հանգիստ պրոտոպլազմա։— Հետո միանգամից կուլ տվեց մարմինը։

Փարքը կրակեց։ Կրակոցի հետեւանքով գետնի մեջ տասը ոտնաչափ տրամագծով անցք առաջացավ։ Հսկա բերանը հանգիստ մի կողմ լողաց, քմծիթաղ տալով։

— Ինչքա՜ն սպասեցի, — ասաց այն։

Փարքն աշխատում էր նյարդերն ամուր պահել, իրեն թույլ չէր տալիս խուճապի մատնվել։ Նա հանգիստ միացրեց ուժային դաշտը, շուրջը կապույտ գունդ առաջացնելով։

Շարունակելով քմծիծաղել, բերանը լողաց անցավ կապույտ մուժի միջով։

Փարքը վերցրեց այն զենքը, որն Էդսըլն օգտագործել էր Ֆաքսընի վրա, զգալով, որ այդ հարմարավետ ատրճանակը ձեռքի մեջ դողում է։ Բերանի առաջխաղացման հետ նահանջեց դեպի ուժային դաշտի մի կողմը եւ հուպ տվեց ճառագայթ արձակող ձգանը։

Այն շարունակեց գալ։

— Կորի՛ր, սատկի՛ր, — բղավեց Փարքը, նրա նյարդերը չդիմացան։ Բայց այն շարունակեց գալ, լայն ժպտալով։

— Ես սիրում եմ հանգիստ պրոտոպլազմա, — ասաց այն եւ հսկայական բերանը հակեց Փարքի վրա։

— Բայց ես նաեւ սիրում եմ աշխույժ պրոտոպլազմա։

Այն միանգամից կուլ տվեց, հետո լողաց դաշտի մյուս կողմը, անհամբերությամբ իր շուրջը որոնելով պրոտոպլազմայի միլիոնավոր միավորներ, ինչպես եղել էր դարեր առաջ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
184 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ