Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, Մեծ Ցավը

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
12:33, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, Մեծ Ցավը
    
    

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարեւան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ` նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ: Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մե'զ էլ չենք ճանաչում:
     Երկիր ունենք - չենք ճանաչում, պատմություն ունենք - չենք ճանաչում, ժողովուրդ ունենք - չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում:
     Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չե՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում ե'ւ պատմություն, ե'ւ գրականություն, ե'ւ գեղարվեստ, ե'ւ տնտեսական վիճակ, ե'ւ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու` ո'չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո'չ ներկադ հասկանալ, ո'չ ապագադ տնօրինել:
     Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել:
     Եվ ի'նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, եւ շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, եւ կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով:
     Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հպգեւորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է...
     Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի'նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է ՈՒրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:
     Հապա գրականությո՞ւնը:
     Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, եւ, սակայն, քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք` ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի'նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչեւ գերեզմանի եզերքը, մինչեւ թաղման օրը:
     Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՞նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ եւ ի՞նչ հարգանք հենց դեպ իրեն:
     Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը:

1909թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1682 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ