Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, Ազգային գործիչ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
11:54, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, Ազգային գործիչ
    
    

ԱՅՍՊԵՍ ԿԿԱՐԾԵԻ ՈՐ ԸԼԼԱՐ
     Ահա, կրկին անցավ առջևես։ Ան է. Ազգային գործիչը տխուր ու մտածկոտ։ Չի խնդար ամենևին, վասնզի ազգը տառապանքի մեջ է. պիտի խնդա ան ատեն միայն, երբ Հայաստանը բաղձալի ազատություն ստանա։ Կյանքին մեջ մեկ անգամ խնդացեր է, մեկ ալ ժպտացեր։ Խնդացեր՝ երբ Բեռլինի մեջ 61-րդ հոդվածը կմտներ հայկական հարցին մասին, ժպտացեր Սան-Սթեֆանոյին դաշնագրին առթիվ։ Ամբողջ կես դարու մեջ երկու անգամ։ Ահավասիկ այս է, որ մտածել կուտա ինձի, թե եթե վաղը Հայաստանն ստանա իր բաղձացածը, մեր ազգասերը պիտի կրնա՞ սպասված խնդությունը ցուցահանել իր երեսին վրա. արդյոք խնդալը մոռցած չպիտի ըլլա։
     Չի արձագանքեր ամենևին ընտանեկան-անհատական ուրախությանց։ Եթե պատահի, որ առ ի քաղաքավարության խնդա իր բարեկամին մեկ ըսածին վրա, ետքը սրտի խորերեն ճամփա կհանե անանկ ծանր համազգային հառաչանք մը, որ կխորհիս ավելորդ էր այս փոքրիկ ժպիտը որսալ, քանի որ այսքան խորը հառաչանքի հետ էր կապված։
     Այսպես, օրինակ՝ իր սրտակից մեկ բարեկամը մոտիկնալով եթե ըսե՝ «երեսուն տարվա ամլութենեն զկնի վերջապես կինս արու զավակ մը ծնավ, լսե՞ր ես» ...
     — Ի՞նչ կըսես, իրա՞վ, ուրախ եմ (և ուրախ կըլլա) ... Բայց աա՜խ, ի՞նչ օգուտ, որ սա Հայաստանը չազատվեցավ, — պիտի պատասխանե մեր Ազգային Գործիչը ու առաջ անցնի գլխերեր։
     Դռան զանգը քաշելուս երբ ան իր տամուկ աչքերը դեպի վերի պատուհանը կուղղե (ստուգելու թե լսեցի՞ն զանգի ձայնը թե ոչ) կըսեմ. ահա վշտակիր Հիսուսը, որ Գեթսեմանին մեջ կաղոթե, իսկ երբ ընթրիքի սեղանին վրա ընկերները գինիի գավաթը տված ձեռքը կստիպեն, որ խմե` ան նույն վշտակիր հայացքը վեր նետելով կմրմնջե. «Տե՜ր, եթե կարելի է աս բաժակը անցուր իմ կոկորդեն վար» ...
     Մեկ հանգամանք կա, որ սակայն դժվար է բացատրել.— բանն այն է, որ սա Ազգային Գործիչը ամուսնացած է ու կին ունի։ Արդյոք պսակված մարդիկ ի վիճակի՞ են իրենց ողջ ժամանակը տրամադրել տխրության ու ազգին, քանի որ հոն սիրելու նման փափուկ գործ մը ունին կատարելիք, որը սակայն առանց ժպիտի չըլլար։ Օրինակ՝ ան ինչպե՞ս կրնա կնոջը սեղմել կրծքին ու չըսել. «Օ՜հ, որքան երջանիկ եմ» ... Իսկ մենք գիտենք, որ ան սկզբունքով որոշել է երջանիկ չըլլալ, քանի ազգը գերության մեջ է...
     Ասկե զատ ինձի անանկ կթվի, թե աս մարդ տանը մեջ կուտե ալ, վասնզի չեմ կարծեր որ մարդս կրնա առանց ուտելու ապրել։ Ահա հարց մը ևս.— ուտելու գործողությունը, որ զուտ անհատական-եսական բնույթ կկրե, ինչպե՞ս պիտի պատշաճեցնե իր համազգային նիստ ու կացին։ Շիտակը ես խիստ պիտի զարմանամ և բավական ալ պիտի հիասթափվիմ, եթե օր մը տեսնեմ զայն ծամելիս։ Տարակույս չունիմ, որ ձեռքեն եկած միջոցները կգործադրե ճաշին զվարճական-վայելչական հանգամանքը ջնջելու և ազգային տխրությամբ համակելու։ Օրինակ, սրբապղծություն պիտի ըլլար կարծել, որ արգանակի պնակը սեղանին վրա դրվելուն պես պիտի գդալը վերցնել փութա. ո՛չ, ան նախ պիտի հանդիմանե զկին, որ այդպիսի յուղալի ու համով կեփե կերակուրները (երբ ազգը գերության մեջ է), որ առնվազն անարգ աձնապաշտություն է: Պիտի պոռա ի տես երկրորդ տեսակին, պիտի գազազի ի տես երրորդին, ու պիտի փրփրի չորրորդ մարսողականը տեսնելով։ Ու վերջեն քանի մը «ա՜խ, վա՜խ» քաշելով քիչ մը ավաղելով ազգին անցյալ փառքը հազիվ պիտի մոտիկնա սեղանին, ու կամքին հակառակ... բոլորն ալ ուտե։ Ու վերջեն սրբելով պեխերը, ըսե պիտի.
     — Կշտացա։ Բայց... ա՜խ, ի՞նչ օգուտ, քանի որ ազգը չազատվեցավ իր տառապանքեն։
     Գիշերները, իմ կարծիքով, պիտի քնե շատ անհանգիստ։ Սպասավորին պատվիրե պիտի, որ գիշերվա որ ժամն ալ ազգը ազատվի, իրեն ձայն տա։ Իսկ առավոտները աչքը բանալուս նախ պիտի հարցնե.
     — Ազատվեցա՞վ ազգը։
     Եթե «ոչ» պատասխանվեցավ, ան պիտի հագնվի ու կլուբը անցնի, վասնզի ի՞նչ սրտով տանը նստե, քանի որ ազգը տառապանքի մեջ է...

ԲԱՅՑ ՀԱԿԱՌԱԿԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
     Դատելով վերոհիշյալ գործիչին արտաքին տեսքեն, ես այդպես կկարծեի, որ ըլլար։ Բայց... ավա՜ղ, դիմակը պատռվեցավ, ես սխալված 1ի չարաչար։ Ատիկա միայն արտաքին երևույթն էր, իսկ ներքուստ, պարոննե՛ր, այնքան տարբեր դուրս եկավ, որ եթե բերեմ փաստեր, անկարելի է, որ հավատաք։ Այդ Ազգային Գործիչ կոչված մարդը կատարյալ դավաճան մըն է եղած։ Ես այս կըսեմ ու պատրաստ եմ ապացուցել ըսածս։ Ես կապացուցեմ, որ ան ոչ միայն ճաշին համաձայն է համեղ կերակուր ուտելուն, այլև ինքն է անուղղակի թելադրողը, որ անուշ եփվին, ան յուրաքանչյուր ճաշեն ետք կուտե միրգ... կրնայի՞ք երևակայել... Ուժեղ փաստեր ունիմ ապացուցանող, որ ան ձմեռն ամբողջ մեղրով կարագ է կերեր առտուներ ու կակաո խմեր վրան, առանց մի րոպե իսկ մտքեն անցունելու, թե ազգը դեռ չի ազատված իր տառապանքեն։ Կա ավելի սարսափելին։ Պարոննե՛ր, ես իմ աչքովս տեսա, որ մութ երեկո մը այր և կին միասին թևանցուկ... (լսեցի՞ք) մտան թուրք նպարավաճառի մը խանութը, մեծ տոպրակով մը չամիչ ու բոված սիսեռ խառը առին ու անմիջապես փողոցին մեջ իսկ ուտելու ձեռնամուխ եղան։ Այս բանին իբր վկա կրնամ կանչել գրագետ մը, կառապան մը ու զինվոր մը, որք նույն ժամուն հոնկե կանցնեին։
     Իսկ գալով անոր չխնդալու պարագային, իմ մոտիկ բարեկամներես մեկը, որուն ճշտախոսության վրա անկարծելի է կասկածիլ, պատմեց ինձի հետևյալը։
     Կիրակի առտու, կըսե, մեր Փեբրոնին ակռաները սաստիկ ցավեցան։ Ելա, ըսի երթամ ատամնաբույժեն խորհուրդ հարցնեմ։ Գացի դեռ վեր չէր ելեր. ըսի մտնեմ զբոսարանը քիչ մը նստիմ մինչև կարթննա ատամնաբույժը։ Հոն, կըսե, պարտեզին հեռավոր անկյուն մը նստեր էին Ազգային Գործիչը և իր կինը։ Այդ միջոցին անոնց առջևեն կանցներ քաղաքիս նոտարը իր շանը հետ, որը քիչ մը ետև էր մնացեր։ Երբ շունն անոնց նստարանին մոտեցավ, Գործիչին կինը խլելով իր մարդու ձեռնափայտը, անցնող շան պոչը մեջն անցուց ու ոլորեց։ Նոտարին շունը ծղրտաց ու փախավ՝ մեր Գործիչը... խնդաց։
     Եվ այս պատմողը պատրաստ է դատարանի առաջ իսկ ապացուցել այս բան...
     Հը՞... վա՜յ, վա՜յ...
     Ասկե առաջներ, երբ դրսե-դուրս մարդիկ ինձի կըսեին Ազգային Գործիչը իր տանը մեջ վալս կերգե, ես չէի հավատար, կըսեի անպատճառ «Մեր հայրենիք թշվառ անտեր» է երգեր, ասոնք անձնական թշնամոլթենեն մղված կուզեն զրպարտել զինքը, բայց ասկե վերջ եթե ըսեն, որ ոչ թե կերգե, այլ վալս կպարե անգամ՝ պիտի հավատամ, վասնզի այն մարդը, որ առտվներ կակաո կգործածե, փողոցին մեջ թևանցուկ չամիչ կուտե և նոտարի շան մը պոչին վրա կխնդա, այդ տեսակ մարդե մը, կըսեմ, ամեն բան կարելի է սպասել։
     — Ո՜վ սուրբ խաբեություն...
     Մինչդեռ ես քանի՜ քանի՜ մը անգամներ փողոցեն անցնելուս տեսեր եմ անոր սև գլխարկը փոշոտ, ուզեցած եմ զգուշացնել, կարծելով որ պատի կամ ցած առաստաղի է քսեր, սակայն միշտ ալ մտածելով, թե կրնա ըլլալ, որ իբրև սգո նշան` իր ձեռքով է հող ցաներ գլխուն` չեմ ըրած այդ քայլը։ Իսկ ասկե վերջ ոչ միայն պիտի զգուշացնեմ, որ մաքրե գլխարկին փոշին, այլև պիտի մոտենամ ու հոտոտամ, եթե մոռցեր է օդեկոլոն ցանել վրան, հիշեցնեմ այդ, որպես կարևոր մոռացում մը։ Ինչո՞ւ կզարմանաք, շա՞տ հեռու է անկե օդեկոլոն գործածելը։ Բարեկամ, մի զարմանար, բարքերու անանկ այլասեռած դարու մը մեջ կապրինք, որ անհավատալի ոչինչ չկա: Հավատա, որ ան կխնդա, կերգե, կուտե, կպարե, գիշերները շատ հանգիստ կքնանա ու երազին մեջ եթե ազգն ալ անոր տեսնե, ան ազգին չի տեսներ...
     1917 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1329 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ