Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, ԱՆՎԱՎԵՐ ՄԵՌԵԼՆԵՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
11:52, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ, ԱՆՎԱՎԵՐ ՄԵՌԵԼՆԵՐ


    
    

Երեկ երեկո ուշ ատեն Երևանի գաղթականական կոմիտեն վերին Երուսաղեմեն (երկնային թագավորության մայրաքաղաք) ստացավ սա հեռագիրները (ուշացած) .
     Իրիկնամուտ. - Մենք ստվար խումբ մը գաղթականներ կգտնվինք շատ անմխիթար վիճակի մեջ։ Մինչև օրս մեզ չի հաջողված ահեղ դատավորին ներկայանալ։ Մեր բոլոր թուղթերը նախադատ ատյան են մեզի կվերադարձվին սա պատճառաբանությամբ, թե բոլոր անոնք, որք Երևանի հիվանդանոցներուն մեջ ձրի բժիշկներուն հսկողության տակը մեռած են, անոնց մահը վավերական չի կրնար սեպվիլ։— Այս բանի պատճառը մինչև օրս անհայտ կմնա մեզի, միայն անցողակի կխոսվի, իբրև թե այս արգելքը արդյունք կրնա ըլլալ այն խուզարկության, որ կատարելով երկնային ոստիկանությունը` երևան է բերած քանի մը մեռելոց մեջ կյանքի մնացորդներ... Հոս զայրույթով կխոսվի բժիշկներու մասին: Բայց մեռյալ հասարակության գիտակից մասը չի բաժներ այս զայրույթը։ Վասնզի ի՞նչ խիղճով մեղադրել այդ անխոնջ մշակներուն, որք ժամը երկուքեն մինչև երեքին քառորդ մնացած, հիվանդանոց-կայարանին մեջ զբաղված են հարյուրավոր մեռելներ ճամփու դնելով, և, եթե անուշադրութեն են քանի մը մեռելի մեջ ալ քիչիկ մը կյանք է սպրդել, բժի՞շկն է մեղավոր, մեռելին ազնվությա՞նն ինչ է եղեր։ Եթե ազնիվ մեռելը պարզապես հայտնելու ըլլար բժշկին թե՝ պարոն, սխալմամբ իմ մեջս կյանք մոռցած եք, բժիշկը միթե պիտի ծուլանա՞ր հանել զայն։ Ոչ, բնավ երբեք։ Կբողոքենք այս անարդար հարձակմանը դեմ։
     Կես գիշեր.— (Ուշացած) ։ Հուսահատությունը ալ ծայր չունի։ Դատավորին տանը առջև կտիրե անասելի շփոթ մը։ Ոստիկանությունը իր հետզհետե շարունակվող խուզարկությանց մեջ դուրս է բերեր ամբողջ Կյանքի պահեստներ երիտասարդ ննջեցելոց մեջ։ Երկնային դատարանով 113 մեռելներ ցմահ կյանքի դատապարավեցան. 123 արհեստավորներ ղրկվեցան Երևանի սրճարանները տաժանակիր... պարապության։ Ի՞նչ ընելիքնիս բոլորովին չգիտենք, կեցած տեղերնիս ալ վտանգավոր դարձած է։ Ի տես այս անհուսալի կացության մեզմե խումբ մը երիտասարդ-գաղթականներ որոշում կայացուցած են վերադառնալ ու... նորեն մեռնել, այս անգամ արդեն փաստացի։ Բայց ասիկա ամենուն մատչելի միջոց մը չէ։ Մեզ համար, օրինակ, կխորհինք, բավականին դժվար պիտի ըլլա, նախ այն պատճառով, որ մեր, մեռելներուս անունը նպաստից տետրակեն դուրս նետված է, հետևաբար վերադարձի պարագային անոթութենե պիտի... ապրինք։ Երկրորդ. կմտածենք, քահանաները պիտի սպասե՞ն, որ հավեսով մեռնինք ու իրենց շահուն դեմ չե՞ն հռչակելու մեր դանդաղությունը, ինչպես այդ տեսանք առաջին մեռնելու ատենը։ Երրորդ և ամենեն գլխավորը՝ նպաստաբաշխ մարմինը պիտի համաձայնի՞ երկրորդ պատան մըն ալ տրամադրել մեռյալներուս ճիշտ այն պահուն, երբ կենդանյաց մեկ-մեկ շապիկ և երկուսին մի վարտիք միայն կտրամադրե։ Արդ, քանի չեն լուծված այս եռակի, մեկը մյուսեն կարևոր հարցերը, մենք չենք կարող հետևիլ ետադարձ շարժման մը, որ կրնա աղետաբեր հետևանքներ իսկ ունենալ։
     Օ՜հ, ինչ փորձանքի մեջ ինկանք, աստված իմ։ Երանի էր, եթե փոխանակ հիվանդանոցի՝ տանը, մեր մեկ հարազատին աչքին առջևը մեռած ըլլայինք. հիմա անտրտունջ կընդունվեինք ներս, ինչպես կընդունվին մեր ռուսահայ ննջեցյալները։ Ի դեպ, հարցում մը. հոս սովորական է դարձած տեսնել ռուսահայ ննջեցյալ մը երկու, երեք կառքեր ետևեն պարապ ձգած կուգա. արդյոք այս բանը հաղորդակցության կայանին թույլատվությա՞մբը կըլլա։ Կամ կայանին մեջ կառք սպասող մեռելները չե՞ն խռնվիր տաղտուկ, սպասումի ժամեր ապրելով։ Եվ կամ թե իրենց ճամփուն չե՞ն պատահեր որևէ հետևակ, մենավոր մեռելի մը՝ որ ուժասպառ կհևա հավիտենականության ճամփուն վրա։ Վասնզի կենդանյաց աշխարհին մեջ, ինչքան կհիշենք, հեծյալ մը թե ավելորդ տեղ ունենար, կձայներ, «Եղբա՛յր, քովս համմե, քովնտի երթանք, կառքս պարապ է» ։ Ինչևէ, անոնց վրա նկատողություն ընելը մեզի չիյնար։ Հաղորդեցեք միայն ռուսահայ մեռելոց հանձնախմբին, եթե հանդիպելու ըլլաք։
     Լուսաբացին.— (Ուշացած) ։ Մեր հարցին այս աստիճան ձգձգումը հառաջ կուգա գիտնական մեկի մը պակասեն։ Իրար չենք հասկնար։ Ինչո՞ւ բնավ գաղթական վարժապետ չի մեռնիր, չըլլա՞ թե հոգաբարձությունը անոնց ամսականները 30-են 35 ռուբլիի բարձրացուցած է... օրերնիս կանցնի միապաղաղ և ձանձրալի։ Կպտտինք արքայության պատուհաններուն տակը... Ի դեպ, հայտնեցեք հրեաներուն, որ ալ հայր Աբրահամին գոգը բազմելու հույս չունենան, վասնզի աս եղավ երկու շաբաթ, որ անիկա քարերեն իրեն որդի կշինե...
     Այսօր, կեսօրին, կոմիտեն նյութ ունենալով վերոգրյալ երեք հեռագիրներ, խորհրդածած և հետևյալ որոշմանց հանգած է.— ա) Ժխտել զհետևություն. բ) Խնդրել հիվանդանոցի բժիշկներուն՝ լավ հսկեն և ուղղություն տան սկսնակ մեռելներուն, առանց ռոճիկի հավելման. գ) Հայտնել գաղթականական զգեստաբաշխ մարմնույն, որ թեև վարտիքը ըստ երևույթին երկու հատվածի կբաժանվի, սակայն պետք է անբաժանելի քանակություն նկատել զայն և տալ յուրաքանչյուր գաղթականի մի վարտիք միանվագ. դ) Մեռելոց վերադարձի պարադային մերժել զանոնք կատեգորիկ կերպով. ե) Ջանալ անդիի աշխարհի մեջ անոնց մխիթարության պունկտեր հաստատել...
     1916 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1531 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ