Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվել

20:46, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվել
    

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 5-ին Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
    
     Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
    
     «Սիրելի՛ Սրբազան,


     Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոների առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցական դասին, համայնքային վարչությունից պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:
     Ի լրումն ժամանակի Աստված Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ` հանուն մարդկության փրկության. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ: 16): Միածին Որդու աշխարհագալուստով վերականգնվեց պատվիրանազանցությամբ խախտված հաշտությունը Աստծո և մարդու միջև, մարդկությանը տվեց Աստծու որդեգրության և հավիտենական կյանքի շնորհը: Շնորհ, որ պարգևում է հույս, ամրապնդում հավատքը, առատացնում սերը մարդկանց սրտերում: Շ
    
     Առ Աստված ապավինությամբ մեր ժողովուրդը ապրեց դարերի հոլովույթում, դիմակայեց պատմության փորձություններին: Տիրոջով ազգս հայոց վերապրեց հայոց ցեղասպանությունը և մոխիրներից ու ավերակներից վերստեղծեց իր անկախ պետականությունը, որի հովանու ներքո շարունակեց նոր ձեռքբերումներով նորոգել ու բարեզարդել իր կյանքը:
    
     Փրկչական 2018 թվականին ազգովի պիտի տոնախմբենք ու ոգեկոչենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ու մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձերը: Առաջին Հանրապետությունը ծնունդն էր ինքնիշխան և անկախ պետականություն ունենալու աշխարհասփյուռ մեր ժողովրդի դարավոր ձգտումի, կամքի ու վճռականության: Փառք Տիրոջը` այսօր ունենք անկախ պետություն, որ ամուր պատվարն է մեր ժողովրդի գոյության և հարատևության: Մայիսյան հերոսամարտերը Հայրենիքով համախմբված մնալու, Հայրենյաց սիրով ապրելու և հայոց բանակը զորացնելու պատգամ են մեր ժողովրդին միասնական ջանքերով կառուցելու առավել լուսավոր ու պայծառ ապագա և շարունակելու կերտել մեր երազած հայրենիքը, շենացնել Սփյուռքի մեր համայնքները, հետամուտ լինել մեր ազգային իղձերի ու նպատակների իրականացմանը:


     2018 թվականը Հայրապետական տնօրինությամբ հռչակել ենք Երիտասարդության տարի: Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հոբելյանական այս տարին ոգեշնչող առիթ է Հայրենիքի շուրջ համախմբելու աշխարհասփյուռ երիտասարդ հայորդիներին, որպեսզի հաղորդակցվեն իրենց պատմությանը, սրբազան ավանդներին, ոգեշնչվեն մեր ժողովրդի հերոսական սխրանքներով և նույն ոգով ներշնչված` իրենց մասնակցությունն ու ներդրումը բերեն ազգային-եկեղեցական կյանքին:


     Հայրապետական Մեր հորդորն է, որ շարունակենք ներգրավել հայ երիտասարդությանը եկեղեցական-համայնքային կյանքում, թեմական տարբեր կառույցներում և առաջնորդնել նրանց շաղախելու իրենց հոգևոր կյանքը Ավետարանի լույսով և ճշմարտությամբ:


     Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդացյալ Տիրոջ ողորմությամբ դադարեն պատերազմները և ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում, և մարդիկ շարունակեն ապրել բարօրության մեջ` զորացնելով եղբայրասիրությունը և համերաշխության ոգին:


     Թող մարդացյալ Փրկիչը զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Թեմիդ ուխտապահ եկեղեցականց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին` պարգևելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ` ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր և առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու»:


     Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը փոխանցեց հավատավոր ժողովրդին` ողջունելով. «Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութինն Քրիստոսի»:


     Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ԱՀԹ առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ: Առաջնորդարանի հանդիասասրահում հավատացյալներն առիթ ունեցան շնորհավորելու թեմի առաջնորդական փոխանորդին:


     Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:


     Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:


     http://www.tert.am/am/news/2018/01/05/chragaluys/2580915
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2408 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ