Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Աստծո բույրը

10:47, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
Աստծո բույրը
    
    
    

Անկախ տարիքից ու ունեցած պարտքերի չափից բոլորն էլ Նոր տարվա շեմին սպասում են հրաշքների:

Իսկ հրաշքներ լինո՞ւմ են:

Իհարկե, ուղղակի պետք է դուրս գալ փողոց սպասել ու համբերել:

Սպասելը դժվար է, բայց հնարավոր:

Համբերելը հնարավոր է, բայց դժվար:


    

Այդպես էլ մտածում էր Աստվածավախ Մկրտիչն ու այդ մտքերով էլ ժամը 23.30-ին դուրս եկավ տանից՝ ինչ-որ բան փոխելու մտադրությամբ:

«Ինչ-որ բանը» դա սպասելն ու համբերելն էր, որը փոխարինվեց ընդառաջ գնալու ու անձնապես դիմավորելու հրաշքին:

Հավատո՞ւմ էր, իհարկե հավատում էր ու առաջին փաստը դա նա էր, որ քաղաքը տեսավ մերկ՝ առանց ձնե ծածկույթի:

Երբ հասավ քաղաքի գլխավոր տոնածառին, որի վրա ընդամենը մեկ խաղալիք էր, Աստվածավախ Մկրտիչը տեսավ մի էակի, որը շատ նման էր իր Ձմեռ պապ կոչված հրաշքին:

Էակը ուներ բացարձակ երկրաչափական տեսք, որը հավատ չէր ներշնչում, բայց համոզում էր իր փաստացի լինելը:

Գլուխը շրջան, կազմվածքը քառակուսի, ձեռքերը հավասարասրուն եռանկյունիներ, ոտքերը բեկյալ գծեր…

Էակը զգաց Աստվածավախ մարդու մոտենալը մեջքի կողմից ու դեմքով շրջվեց դեպի նա:

Դեմքը բջջային հեռախոսի նման էր, բայց մորուքով:

Ձեռքում ուներ մի տարօրինակ սարք՝ եկու կոճակով, կարմիր ու կանաչ:

- Դո՞ւ…

- Այո, ես եմ, իսկական հրաշքներ ստեղծողը:

- Որտեղի՞ց…

- Երկար պատմություն է, ժամանակ ես կորցնում: Տեսնում ես այս կոճակները, կարմիրը կարելի է սեղմել ընդամենը մեկ անգամ, այդ դեպքում ես կանհետանամ, իսկ կանաչը - մտածում ես ցանկությունդ ու սեղմում, հետո հաջորդ ցանկությունդ, հետո հաջորդը և այդպես մինչև ցանկություններդ վերջանան:

Ընդհանրապես ցանկությունները լինում են երեքը, բայց այս մոլորակը ինչ որ տարբերվում է:

- Ի՞սկ կլինի ես ցանկություններիս քանակով սեղմեմ կանաչ կոճակն ու հերթով մտածեմ ցանկություններս, խնդրո՜ւմ եմ:

- Կլինի, վերցրու, մի մոռացիր որ ես շտապում եմ ու դեռ պետք է վերադառնամ:

Աստվածավախ Մկրտիչը արագ խլեց սարքն ու սկսեց անընդհատ սեղմել կանաչ կոճակը:

Հետո սկսեց բարձրաձայն մտածել.

«Կարենին գնահատեն աշխատավայրում, բարձրացնեն աշխատավարձը»

«Հարևանուհի Սեդայի ամուսինը թողնի խմելը»

«Ղազարյան Արմենի զոքանչը ապրի առանձին»

«Սամսոնի գոտկատեղի ցավերը դադարեն»

«Գուրգենի տղան այս տարի ընդունվի ինստիտուտ»

«Մանուկի աղջիկը հաջող ամուսնանա»

«Լուիզա Վարդապետովնայի տանը հայտնվի աման լվացող մեքենա»

«Վարորդ Բենոյի ավտոյի ստարտերը…»

«Մամայիս ճնշումը…»

«Պապայիս հոդացավերը…»

- Վե՛րջ: Այսքանը հերիք է:

- Ի՞սկ քեզ, քո մասին ոչինչ չասացիր

- Այս գիշեր անհարմար է մտածել սեփական անձի մասին:

- Ես հաշվել էի, դեռ երկու ցանկություն կա, արագացրու, արդեն 23.55 է, հինգ է պակաս:

Աստվածավախ Մկրտիչը մտածեց ու…»

«Անպայման ձյուն գա, դուստրս շատ է սիրում ձյան թափվող փաթիլները»

«Որ ես անընդհատ զգամ Աստծո բույրը»


    

* * *

- Հայրիկ արագացրու, հինգ է պակաս, կուշանանք:

Աստվածավախ Մկրտիչը զգաց Աստծո բույրը՝ իր դստեր ներկայությունն ու բացեց աչքերը:

Մի պահ նայեց պատուհանին ու տեսավ բակի էլեկտրասյան թույլ լույսի տակ երևացող իջնող գեղեցիկ ձյան փաթիլները, զգաց, իրոք զգաց մոտեցող հրաշքի շունչն ու գրկեց Աստծո բույրն ունեցող դստերը…

Նոր տարին կանգնած էր պատուհանագոգին դրսի կողմից ու պարզ աչքերով նայում էր ներս…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
6791 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ