Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:11, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ /պատմվածք/

- Եթե մի փոքր ուշ գայիք, գնացած կլինեի:

- Ինը չկա:

- Մոռանո՞ւմ եք` նախատոնական օր է:

- Հակառակը չպիտի՞ լիներ. համոզված էի` մինչև տասներկուսը կաշխատեք:

- Բոլորը ձեզ նման վերջին պահին չեն թողնում: Վարպետն ո՞վ էր` Արկո՞ն:

- Առաջին անգամ է: Սովորաբար կենտրոն եմ իջնում, ասի` ժամանակ շահեմ:

- Մեքենայո՞վ եք, - վարսավիրուհին պատուհանից նայեց: - Մոտիկ պիտի կանգնեցրած լինեիք:

- Որքա՞ն կտևի:

- Ինքս չեմ սպասարկում, բայց որ եկել եք... Ի՞նչ է հարկավոր. եթե միայն մազերը` կես ժամ:

- Ոչ միայն. մորուքիցս հիմնավոր ձանձրացել եմ: Նոր տարին ուզում եմ սափրված դիմավորել:

- Ձեզ սազում է:

- Առանց մորուքի էլ տանելի եմ:

- Կուշանամ, սակայն մինչև Սուրբ Ծնունդ դժվար թե բաց վարսավիրանոց գտնեք, հո այդպես չե՞ք մնա: Վերարկուն այնտեղ կախեք, - նա մատնացույց արեց անկյունի կախիչը:

Սրահում տաք էր. այցելուն հանեց նաև բաճկոնը:

- Քունքերի, ծոծրակի հատվածը լավ կխուզեք` կարճ:

- Հիմա անգամ տարիքով մարդիկ են նորաձևությանը հետևում: Վերջերս մեկը եկել էր` վաթսունն անց, ստիպեց ջահելավարի կտրենք, - կինը հաճախորդին օձիքն ի վար ծրարեց մուգ, ծնկները ծածկող լաթով: - Երևակայեք` չէր սխալվում:

- Քահանայի նմանվեցի: Տեր, գթա մեղավորիս, - այցելուն փորձեց շորի տակ խաչակնքել: - Խանգարում է:

- Սկսեցինք, այլևս չշարժվեք:

Առաջին կտրած մազափնջին հաջորդեց երկրորդը:

- Այսօր եք լվացել:

- Ի՞նչ իմացաք:

- Սանրի տակ ցցվում են. ստիպված եմ թրջել, - վարսավիրուհին ջուր սրսկեց:

Մի քանի կաթիլ տղամարդու ճակատն ի վար ծորաց` ստիպելով փակել կոպը:

- Մա՞զ ընկավ, - կնոջ հարցում հոգողություն կար:

- Երկրորդ անգամ լողացա:

Կինը տեսավ կաթիլքը, բամբակով մաքրեց.

- Հետ եմ վարժվել:

- Ձե՞րն է:

- Տարածքը` չէ, վարձել եմ:

- Տակը հազիվ բան մնա` ծայրամաս է: Տուն պահել լինու­՞մ է:

- Ոչինչ` դժգոհ չեմ:

- Եթե լավ կտրեք, այսուհետ ձեզ մոտ կգամ:

- Կաշխատեմ, ափսոս ժամանակն է քիչ:

- Տանը եփութափի գործ շա՞տ կա, տոլման...

- Կթողնե՞ն մոտ գնամ: Եղբայրս ուր որ է պիտի գա` ուշացավ:

- Ես կտանեմ. իմ պատճառով մնացիք: Որտե՞ղ եք ապրում:

- Երկու կանգառ ներքև:

- Զանգեք` չանհանգստանան: Վարսավիրանոցը հեռախոս ունի՞:

- Կա:

- Վերջում համարը կասեք, որպեսզի հետագայում` նախքան գալս ժամ պայմանավորվեմ:

- Եթե հավանեք:

- Իմ կարծիքով հոյակապ է ստացվում:

- Հաճոյախոսում եք: Մինչև չսափրեմ, լավն ու վատը չեն երևա: Վաղո՞ւց եք միրուք պահում:

- Շարժման առաջին իսկ տարուց: Իսկ ձեր եղբայրն ի՞նչ մեքենա է վարում:

- Ընկերոջ հետ է գալու, կարծեմ` «Ժիգուլի» է: Իրենը, կլինի մի տարի, ծախել է:

- Հասաք բեղ-մորուքի՞ն, փակեմ աչքերս:

- Հեշտ լինելու համար սկզբում կխուզեմ:

- Միևնույն է` չեմ ուզում տեսնել այլանդակ կերպարս:

- Եթե ափսոսում եք, ուշ չէ:

- Որքան շուտ, այնքան լավ: Որոշված է:

- Ես էլ եմ ձեզ պես. մի բան մտավ գլուխս` վերջ, - մկրատով խռիվ մազածածկույթը կարճելուց հետո նա անցավ օճառելուն:

Տղամարդը բացեց աչքերը: Դեմքը փրփուրի մեջ էր:

- Հիմա պետք է խնդրեմ լռել, - կինն ածելին մոտեցրեց հաճախորդի քունքին, զգույշ փորձեց: - Կոշտություն կա, թող փափկի: Սուրճ դնե՞մ, - ընթացքում չոր խոզանակով հեռացրեց օձիքին, լաթին կպած մազերը, ոտնատակից ավլեց թափվածը:

- Ընդհանրապես չեմ խմում:

- Թե՞յ...

- Հազվադեպ, սակայն ոչ հիմա:

- Խմիչք առաջարկեմ, կասեք` մեքենայով եմ:

- Դա` ինձ վրա, եթե չեք առարկի:

- Հրավիրո՞ւմ եք` որտե՞ղ:

- Ուր կամենաք` մեր տուն, ռեստորան...

- Եղբայրս խանդոտ է, նկատի ունեցեք:

- Թող ինքը ևս գա:

- Մնացին մայրս ու հարսս: Տեսնեմ ի՞նչ են անում:

Հայելու մեջ արտացոլված պատկերն ուսումնասիրելու հնարավորություն տղամարդը լիուլի ուներ: Կինը (թե՞ օրիորդը) կլիներ առավելագույնը երեսուն տարեկան: Հարթ, ուսերն ի վար թափվող սրճագույն ծամեր ուներ, անթերի ճերմակ մաշկ, դեմքը, որքան էլ տարօրինակ թվաց, անշպար էր, մարմինը` կառուցիկ: Մինչևիսկ աշխատանքային գոգնոցի տակ, որն սպասարկելուց առաջ հագավ, ընդգծվում էին կոնքերը: Թիկունքով այցելուին էր կանգնած: Շրջվելով` նկատեց զարդահայելում բևեռված հայացքը, ձգվեց, բայց և շարունակեց զրուցել, հավանաբար` մոր հետ:

- Համաձայնեցի՞ն, - երբ ետ եկավ, հարցրեց:

- Եղբայրս տանը չէ, իսկ մայրս, - կինը երկդիմի ծիծաղեց, - խորհուրդ չտվեց անծանոթի հետ տեղ գնալ:

- Բայց նա չգիտի` ինչ պարկեշտի է վստահում դստերը:

- Բոլոր տղամարդիկ մի սանրի կտավ են. նրա սիրած խոսքն է:

- Ախ այդպե՛ս: Ուրեմն` ես ձեզ հյուր կգամ:

- Կատակին` վերջ, - նա վերստին օճառ քսելուց հետո ձեռքն առավ սայրը:

- Մնաս բարով, իմ քնքուշ գազան, - հաճախորդը վրա բերեց կոպերը:

- Միշտ կամեցել եմ իմանալ` ինչո՞ւ են պահում:

- Որպեսզի ազդեցիկ տեսք ունենան, շուք է տալիս:

- Իսկապե՞ս:

- Չե՞ք նկատել` արվեստագետները խոհուն հայացք են ձեռք բերում, կռված տղերքը` խրոխտություն:

- Լղպորներ նույնպես կան:

- Այդպիսիք իգությունն են թաքցնում:

- Դուք ո՞ր ցուցակում եք:

- Համենայնդեպս` ոչ վերջին:

Գործի բնո՞ւյթն էր պահանջում, թե՞ ակամա, կինը սափրելու ընթացքում խիստ մերձ էր կանգնել, այնքան, որ թվում էր այցելուի գլուխը չափից ավելի է սեղմել մարմնին, իսկ ազատ ձեռքի մատները, որոնցով ուղղություն էր տալիս, շոյում են պարանոցը: Նա վերջում տաք, խոնավ սրբիչով մանրակրկիտ մերսեց հաճախորդի դեմքը: Կնոջից արտածվող ջերմությունը, փաղաքուշ շարժումները հաճելի թմբիր էին բերում:

- Կարող եք բացել, ավարտեցի, - վարսահարդարն զգույշ արձակեց կաշկանդող լաթը:

- Չե՞մ հիասթափվի:

- Նախկին խրոխտ տեսքը չունեք, բայց խոհեմությունը պահպանվել է:

Այցելուն սարտչած` ձեռքը տարավ, շոշափեց այտերը.

- Տարօրինակ ողորկ են: Թեթևություն եմ զգում, ասես...- նա հարմար բառ էր փնտրում, չգտավ, - կարծես մերկ լինեմ: Գլուխս էլ չսափրե՞մ:

- Այդ մեկը` չէ: Ժամանակ չունեմ, բացի դա... շատ տպավորիչ եք:

- Ավելի, քան առանց մորուքի՞:

- Այնպես էլ վատ չէր:

- Ընդամե՞նը: Իսկ ես սպասում էի «հրաշալի», «փառահեղ» բառերին:

- Սիրում եք գովաբանե՞ն: Ի՞նչ օծանելիք շաղ տամ:

- Թա՞նկ հաճույք է:

- Նայած՝ ում համար:

- Քանի որ առանձնահատուկ օր է, օծեք աշխարհիկ կյանք վերադարձածիս անուշաբույր յուղերով, որպեսզի մեկ անգամ ևս վայելեմ ձեր նրբին մատների շոյանքը, - տղամարդը ձայնին հանդիսավորություն հաղորդեց:

- Հատուկ սպասարկման համար, ուրեմն, սակագինը կբազմապատկեմ, - մեկ անգամ ևս հայելու մեջ այցելուին հայացքով տնտղելուց, սանրով վերջին շտկումները կատարելուց և օծանելիք շաղելուց հետո կինը հանեց գոգնոցը: - Վե՛րջ:

- Որքա՞ն եմ վճարելու, - հաճախորդը ձեռքը գրպանը տանելու համար ոտքի ելավ: - Բավակա՞ն է, - և պարզեց հինգ հազարանոցը: Նույն պահին էլ լուսամուտից նայելով, տեսավ` մեքենան տեղում չէ: - Ավտոս տարել են:

- Ի՞նչ...

- Չկա...- նա մղվեց դեպի ելքը:

- Ներսից փակել եմ, սպասեք` ինքս:

Բանալին դռան վրա էր: Կինը մնաց հարթակին, տղամարդն իջավ փողոց: Մայթեզրին երկու մեքենա կար, մեկի լույսերը վառվում էին: Նկատելով անծանոթի մոտենալը` վարորդն իջեցրեց ապակին:

- Վաղո՞ւց եք սպասում:

- Դո՞ւք եք պատվիրել:

- Սպիտակ 07 տեսե՞լ եք, - և ցույց տվեց իր մեքենայի կայանատեղը:

Պատասխանը հուսադրող չէր:

- Ավտո չի եղել. կլինի հինգ րոպե կանգնած եմ:

- Լավ...

Դիմացինի մոլոր պահվածքը վարորդին, ըստ երևույթին, տարօրինակ թվաց.

- Բա՞ն է պատահել:

- Մեքենաս գողացել են, - ակամա բացվեց:

- Ո՞նց...

- Հա՛: Մտել էի մազերս կտրել տալու:

- Զանգիր միլիցիա:

- Կգտնե՞ն որ...- երկբայեց:

- Ուղևորի եմ սպասում, թե չէ... Հրեն, եկան:

Բնակելիի մուտքից ելած տարեց զույգը նստեց: Վարորդը գործի գցեց շարժիչը, սակայն առժամանակ չէր շարժվում, ապա երկարեց գլուխը.

- Միլիցիան, ասում են, երկու շենք այն կողմ է` դպրոցի մոտ:

Նրանք մեկնեցին: Վարսահարդարը սանդուղքով իջել, կտրում էր փողոցը:

- Հետ գնացեք, գալիս եմ:

- Ի՞նչ ասաց:

- Տաքսի էր` չի տեսել:

- Ո՞վ տարած կլինի, - կինն իրար էր խառնվել: - Գոնե Գնելը գար, ո՞ւր մնաց: Վարդուշը...- նա ուղղվեց խմորեղենի կրպակի կողմը: - Փակ է, այս ժամին ի՞նչ գործ ունի: Գնանք ներս: Թա՞նկ մեքենա է, ի՞նչ կարժենա:

- Ահագին:

- Նոր էր` չէ՞: Սպիտակ գույնն աչքիս առաջ է:

- Երկու տարվա: Ցերեկն էի լվանալ տվել` նախքան ձյան գալը. ասի` մաքուր լինի:

- Ո՞նց են տարել: Բանալին...

- Գրպանումս կլինի:

Վերադարձան սրահ: Տղամարդն ստուգեց բաճկոնի, վերարկուի գրպանները.

- Երևի վրան եմ թողել:

- Նման բան կանե՞ն:

- Մոռացա, - նա վերջապես վերստին ժպտաց: - Ձեզ տեսնելուց հետո խելք չմնաց գլխիս:

- Պիտի շուտ-շուտ աչքս վրան գցեի: Սկզբում ուզում էի ասել` այս մայթը տեղափոխեք, ձայն որ չհանեցիք...

- Ո՞նց էլ նկատել են: Տեղը թեք է, երևի հրելով հեռացրել են, որպեսզի շարժիչի ձայնը չլսենք:

- Ի՞նչ միլիցիայի մասին էր տաքսիստն ասում: Դպրոցի տեղը գիտեմ` հինգ րոպեի ճամփա է:

- Զանգեմ 1-02:

Կինը մոտեցրեց հեռախոսը: Համարն զբաղված էր:

- Ժամանակ չկորցնենք:

Տղամարդն օգնեց կնոջը, ինքը ևս հագավ:

- Քանի՞սը կլինի:

- Տասն անց քսան:

- Դռան վրա գրություն կթողնեմ: Հնարավոր է շարժվենք, ու Գնելը գա: Ընկերը ծանոթներ շատ ունի. գուցե հետքի վրա ելնեն:

Հնի վրա նստած նոր ձյան միջով քայլելը, մանավանդ սառցակալած տեղերով, դժվար էր: Երկուսն էլ մեկմեկուց բռնվելու պահանջ, նաև կարիք ունեին, սակայն մտերիմ չլինելը կաշկանդում էր:

- Շա՞տ եք վատ զգում:

- Եթե ասեմ` չէ, թաքցրած կլինեմ:

- Կգտնվի, չվախենաք:

- Մխիթարո՞ւմ եք: Ուղղակի տրամադրությունս գցեցին. հրաշալի օր էր սկսվում:

- Ձեզ խրոխտ պահեք և... խոհեմ:

- Առանց մորուքի և մեքենայի՞:

- Սիրտս վկայում է` մինչև տասներկուսը կգտնենք:

- Անպայման ռեստորան կհրավիրեմ:

- Հնարավոր է և գամ:

Տղամարդու ընկճվածությունն աստիճանաբար անցնում էր.

- Ոչինչ, մի դուռ կբացվի: Գտածս, իմ սիրտը նույնպես վկայում է, շատ ավելի թանկ է:

Կինը ձայն չհանեց:

- Ձեզ նկատի ունեմ:

Վերստին լռություն:

- Երախտապարտ կլինեմ, եթե բռնվեք, - տղամարդը բացեց թևքը:

- Շուտ պիտի առաջարկած լինեիք:

Թև-թևի էլ մտան ոստիկանական բաժանմունք: Հերթապահը խաչբառով էր զբաղված: Ընդմիջելով` ներկայացրին պատահարը: Ոստիկանը մատյանում գրանցեց մեքենատիրոջ անունը, ազգանունը, տան, գործատեղի հեռախոսահամարները, դիմելու ժամը, փոխադրամիջոցի մակնիշը, պետհամարանիշը, առևանգման վայրը, մի խոսքով` հնարավոր ամեն տեղեկություն քաղեց: Դա բավական չէ, թուղթ տվեց, որպեսզի խնդրարկուն անձամբ դիմում գրի:

- Կարգ է, - ասաց:

- Հույս կա՞, - հարցրին:

- Ես կենտրոնին կփոխանցեմ, նրանք` պետավտոտեսչությանը: Հնարավոր է, եթե չեն հասցրել թաքցնել, բռնեն: Վատն այն է, տոնական օրեր են սկսվում: Ինքներդ լավ գիտեք, չնայած ուժեղացված ռեժիմ ասվածին, աշխատանքը գրեթե մի շաբաթ կազմալուծվում է: Իմ խորհուրդը` եթե կարող եք, թաղի «հեղինակություններից» մեկ-երկուսին գտեք: Դժվար պատահական մարդ լինի տարած: Մենք, իհարկե, գործ կբացենք, թաղայինի միջոցով, եթե նորություն լինի, լուր կտանք:

Շնորհակալություն հայտնելով` դուրս եկան:

- Վերադառնանք վարսավիրանոց, եղբայրս եկած կլինի:

- Գուցե տո՞ւն ճամփեմ:

- Հետո կորոշենք:

- Գլխացավանքի մեջ գցեցի:

- Ի՞նչ եք կարծում` մի բան կանե՞ն, - կինը թեման փոխեց:

- Եթե իրար հետ կապված չեն:

- Օրինավոր մարդու տպավորություն թողեց:

- Դրա համար էլ Նոր տարով հերթապահ են կարգել:

Վարսավիրանոցի շրջակայքում մարդ, մեքենա չկար: Չբացած` կինը նկատեց գրության բացակայությունը:

- Եթե Գնելը եկած լիներ, կսպասեր:

- Գուցե ուրիշ ճամփո՞վ է գնացել:

- Գրել էի, որ հետ եմ գալու, ընդամենը` դա:

Մտնելու պահին հեռախոսը ծլնգաց: Կինը երկրորդ զանգին հասցրեց վերցնել. նա էր:

- Ի՞նչ եղար, - վրա տվեց քույրը:

Գնելը երկար` բան էր բացատրում: Հետո կապն ընդհատվեց:

- Ընկերոջ հետ լռվել են կենդանաբանականի ձորում` խցանում է: Ոչ վերև, ոչ ներքև, - ասում է, - հնարավոր չէ քշել: Ինչ-որ մեկի բջջայինով էր խոսում: Չհասցրի բան ասել: Չեմ հասկանում` ի՞նչ գործ ունի քաղաքում: Վալերի հետ է: Վերջերս են մտերմացել: Ինձ դուր չի գալիս. մի տեսակ մութ տղա է... Գուցե նորից միանա, մի քիչ սպասե՞նք:

- Ձեզ համար եմ անհանգիստ:

- Իսկ ձերոնք... Ինչո՞ւ չեք զանգում:

- Մենակ եմ ապրում: Կոլեկտիվով պիտի «Հին Հռոմում» հավաքվենք. ամանորի առթիվ է: Տասնմեկն անց է, դեռ ժամանակ կա: Եթե թույլ տան, ձեզ իսկապես հետս կտանեմ: Երևի մինչ այդ խցանումը բացվի:

- Այսքանից հետո տրամադրություն ունե՞ք:

- Նոր տարի է գալիս, հո սուգ չե՞մ անի: Չծանոթացանք էլ...

- Ձեր անունը ոստիկանությունում լսեցի` Մուշեղ է, չէ՞: Իմն Արուս է:

- Հնչեղ անուն է: Արուսյակը Վեներան է: Լուսաստղ ենք ասում:

- Գիտեմ` մոլորակ է, այդքան:

- Եթե մի օր պարզ եղանակ լինի, ցույց կտամ: Ջերմ օրերն առջևում են:

Զանգը վերստին հնչեց:

- Գնելը կլինի, - Արուսյակն առպահ ունկնդրելուց հետո, սակայն, խոսանցքը փակելով և փոքր ինչ երկյուղած` շշնջաց: - Ձեզ հետ են կամենում խոսել:

Մուշեղը տարակուսած` վերցրեց ընկալուչը:

- Ուզո՞ւմ ես ավտոդ բերենք, - հարցրեց ձայնը:

- Գտա՞ք, - կարծեց ոստիկանությունից են, սակայն նույն պահին մտաբերեց` հերթապահությունում վարսավիրանոցի համարը չթողեցին, թեև նրանց ի՞նչ...

- Հա՛, մեզ մոտ է:

- Որտե՞ղ էր:

- Հարցիս պատասխանիր` ուզո՞ւմ ես:

- Պարզ չէ՞, - խոսքի հնչերանգը` անդուր, պահանջկոտ, շփոթեցնող էր, բայց այն միտքը, որ մեքենան կա, հույս էր: - Ու՞ր գամ:

- Հարցեր կան, ճշտենք` նոր. ետ վերցնելու համար փող է պետք:

- Մաղարի՞չ: Կտամ, իհարկե, - Մուշեղը ժպտաց բան ըմբռնել ձգտող Արուսյակին: - Հիսունը բավակա՞ն է:

- Հինգ հարյուր, - հնչեց պատասխանը:

- Դրամ, թե՞ դոլար:

Հեռախոսի մյուս ծայրում քմծիծաղեցին, այնուհետ խոսափողը մեկ ուրիշը վերցրեց.

- Կանաչ, ապեր, կանաչը գիտե՞ս որն է:

- Հինգ հարյո՞ւր, - Մուշեղն ապշեց, - այդքան շա՞տ: Դուք ո՞վ եք:

- Ինչ կասեմ, լավ լսիր. ավտոդ մեզ մոտ է` մագով, ամեն բան տեղն է: Մեր ասած թիվը տուր, բերենք Հայկի արձանի մոտ, թե չէ կմախքը կգտնես:

Նոր համոզվեց, որ գործ ունի առևանգողների հետ: Ձայնի խռպոտ լինելն էլ, հասկացավ, չճանաչվելու համար է: Թաշկինակ, բան կլինեն անցքին պահած` մտածեց: Ծանրութեթևի ժամ չէր. նրանից վճիռ էին սպասում:

- Ինչքա՞ն ժամանակ եք տալիս:

- Քեզնից է կախված: Եթե շուտ բերես, թիվը չի փոխվի:

- Ճարելու խնդիր կա:

- Կունենաս: Տասը րոպեից կզանգենք, որոշիր: Իմացած լինես, - վերջին պահին ձայնն զգուշացրեց, - եթե միլիցիա ես դիմել, մարդ մեջ գցել, ավտո չես տեսնի: Եղա՞վ:

- Գողացողներն էին, - Մուշեղը դրեց լսափողը:

- Իրենք են պոկել գրությունը, - Արուսն ընթացքում սուրճ էր դրել: - Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ, - նա սառնարանից տուփով հյութ հանեց: - Գոնե սա` բնական է: Ստոր սողունները... Շատ-շատ են ուզում: Գնելը, Վալերը դրանց հաստատ կճանաչեն: Հնարավոր է անգամ դիմացի շենքից լինեն: Որ իջաք, տղաներ չկայի՞ն կանգնած:

- Ուշադիր չեմ եղել, - Մուշեղը հայացք գցեց բնակելիին. բոլորի լույսերը վառվում էին: - Էլ ուշ է, - նա ձեռքը գրպանը տարավ: - Հարյուր հիսուն դոլար ունեմ, - հաշվեց նաև դրամը, - և երեսունհինգ հազար` մերով: Հինգը մազերի վարձն է:

- Մնացածը ես կտամ:

- Ոչ մի դեպքում. փեսայիցս կվերցնեմ` քրոջս ամուսնուց:

- Ինչո՞ւ մտահոգվի` քույր է...

Տղամարդը մտմտուքի մեջ էր.

- Հայկի արձանի մոտ են ժամադրում:

- Մեր կողքի շենքն է:

- Հիմա են ուզում, թե չէ, ասում են, գինը կբարձրացնենք:

- Ստոր սողուններին տես... Փողը տանն է:

Հեռախոսազանգն ընդհատեց զրույցը:

- Ես կվերցնեմ, - Մուշեղն արտորաց:

Նրանք էին.

- Ի՞նչ որոշեցիր:

- Պակաս հնարավո՞ր է` այդքան չունեմ:

- Ամենացածր թիվն է: Մենք էլ մարդ ենք. դեմը Նոր տարի է, թե չէ հինգով չէիր պրծնի:

- Կես ժամից կգամ:

Պահանջեցին սպասել. ինչ-որ բան էին որոշում, հետո ձայնը նախկին հանգույն`

- Տասներկուսից տասը պակաս` Հայկի մոտ: Կմոտենաս արձանին, ոտերի դեմ սիգարեթի տուփ կլինի, կդնես մեջը, կիջնես: Ավտոն կգտնես թերթի կրպակի մոտ:

- Բա բանալի՞ն:

- Վրան կլինի:

- Եթե մի թեթև ուշանամ, սպասեք:

- Պայմանը չխախտես` մարդ-մուրդ հետդ չլինի: Լավություն ենք անում, տես, քթիցդ կհանենք: Ուղիղ կես ժամ ունես:

Դուրս եկան գլխավոր փողոց: Կանգառում սպասող չկար, երթևեկը սակավ էր: Այս ժամին ի՞նչ խցանում, - մտածեց Մուշեղը, - տարօրինակ է, - սակայն չարտահայտվեց:

- Մեկ շաբաթով հինգ հարյուր դոլար պարտք եմ խնդրում, - նա խաղի կանոններում վճռեց որոշակիություն մտցնել: - Մինչև տոներից հետո բանկի բացվելը, չեմ ուշացնի:

- Կտամ, բայց ինչո՞ւ այդքան. հարյուր հիսուն ունեիք:

- Գրպանինս ռեստորանի համար է:

- Արժե՞ որ...

- Սրանից լավ առի՞թ. մեքենան գտնվեց:

Տաքսու, երթուղայինի սպասելն իմաստ չուներ: Երկու կանգառ ճեպեցին:

- Չեմ ուշանա, - Արուսյակը քանդեց վզնոցը: - Շոգեցի:

Մինչ նրա գալը, մեկը ելնելով մուտքից` փութանակի դիմեց շենքի մյուս երեսը: Վերարկուի վրա բերած կնգուղը սքողել էր դեմքը: Տպավորությունն այնպիսին էր` հանդիպման է շտապում:

Պարապությունից Մուշեղն սկսեց հաշվել բնակելիի հարկերը: Չկարողացավ. խոշոր փաթիլները` կտրվելու նշան, խանգարում էին: Նույնը փորձեց վերևից, որպեսզի հայացքը չշաղվի, աչքերը կկոցած: Շենքը տասներկու հարկանի էր` քառաթև:

- Մերը հինգերորդ հարկում է, ա՛յ, այն պատուհանները, - Արուսյակն էր վերադարձել:

- Այդպես էլ գիտեի. լավագույն հարկում պետք է ընտրագույնն ապրի:

- Հինգ հարյուր է, - Արուսը գումարը տվեց Մուշեղին:

- Տնեցիները հե՞շտ համաձայնեցին. իրար գրեթե չենք ճանաչում:

- Սա մեր գաղտնիքն է: Ոչ մեկին չեմ ասել, անգամ` եղբորս: Քիչ առաջ իջավ, չհանդիպեցի՞ք: Ընկերոջ հետ իր գործով շտապ մեկին պիտի տեսնեն: Կես բառով պատմեցի: Ասում է` լավ թիվ է, կարող էին նաև հազար ուզել:

- Պայմաններից մեկն այն է, որ մենակ լինեմ, - իսկ մտքում «թիվ» բառն էր` ոճի նմանությունը:

- Չխաբե՞ն ստոր սողունները:

- Եթե մեքենան չտեսնեմ կանգնած, պարզ է, փողը չեմ թողնի:

- Ես մերոնց հետ Նոր տարին կդիմավորեմ, չնայած, - Արուսյակն անսպասելի անցավ մտերմիկ տոնի, - կուզեի քեզ հետ լինել: Անց տասնհինգ` ոչ ուշ, կիջնեմ, - նա բռնեց Մուշեղի դաստակը, սեղմեց: - Կսպասե՞ս:

- Ինչ խոսք, բայց եթե Գնելը հետո տեսնի տանը չե՞ս:

- Ես իմ կյանքն ունեմ, - աներկբա կտրեց, ասես եղբորը պատասխանելիս լիներ, հետո ժպտաց: - Դեհ, նախապես շնորհավոր:

- Փոխադարձում եմ, քոնը` նմանապես:

Նա գնաց: Մուշեղն իջավ փողոց: Լուսասյան տակ կանգնելով` ծոցատետրից թերթ պոկեց` գրառելու գլխում առկայծած խոհը. «Գնել, քրոջդ հինգ հարյուր դոլար պարտք մնացի, կվերադարձնես», սակայն նույնքան արագ էլ վանեց այն, չթողեց միտքն արմատ գցելով` ընձյուղի. եղբայրն արժանի չէր Արուսյակի գաղտնիքին: Նայեց ժամացույցին. տասներկուսին տասը րոպե էր մնում: Թուղթը հենեց սյանը, խազխզեց` ԳՆԵԼ, ՎԱԼԵՐ, ՍՏՈՐ ՍՈՂՈՒՆՆԵՐ... Ապա ծալելով` դրեց կանաչ հարյուրանոցների մեջ, շտկեց ուսերը, հայացքը:

Ճամփի մյուս եզրին` թմբի վրա ուրվագծվածը նետաձիգ նահապետի խրոխտ անդրին էր` մորուսով, ջլապինդ ձեռքերում` պրկած աղեղ, ներքևում` ձյան տակ կքած կրպակից քիչ այն կողմ` ճերմակ 07-ը: Քաղաքի կենտրոն տանող մայրուղին ազատ էր:


    
     «OPEL-ի աղջիկը» շարքից
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4486 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ