Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ո՞վ է իսկական ծնողը

18:03, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Ո՞վ է իսկական ծնողը
    
    

    

Երբ փոքր էի, ու ինձ հարցնում էին, թե ծնողներիցս ում եմ շատ սիրում, միշտ այդ հարցից նեղվում էի: Նեղվում էի ոչ այն պատճառով, որ մտածում էի՝ ում էլ նշեմ, մյուսը նեղանալու է, այլ այն պատճառով, որ ինքս էլ չգիտեի, թե ում եմ շատ սիրում: Ախր երկուսին էլ հավասար էի սիրում ու սիրում եմ: Երբ հիվանդ էի լինում, երկուսն էլ գիշերուզօր կողքիցս չէին հեռանում, երբ խաղալ էի ուզում, երկուսն էլ ընկերակցում էին ինձ, երբ սոված էի, կերակրում էին, հարց էի տալիս, պատասխանում էին, ինչ-որ հարցում օգնության կարիք էի ունենում, գիտեի, որ ամեն հարցում կաջակցեն ու կօգնեն: Ու այդպես է մինչև այսօր… Երևի հենց դա է եղել պատճառը, որ մինչ հիմա էլ, նայելով իմ շրջապատում եղած հայրերի մի ստվար բանակի, միշտ զարմացել եմ իրենց երեխաների հանդեպ ցուցաբերած անտարբերությունից: Այո՛, այո՛, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ: Դժվար կգտնվի մեկը, ով երբևիցե նման տեսարանի ականատես եղած չլինի. հյուրերի մոտ հայրը հպարտանում (պարծենում) է երեխայի ձեռքբերումներով, իրեն լավ է զգում, երբ երեխային գովում են, բայց բավական է երեխան սկսի լացել (ինչ-որ տեղը ցավում է, սոված է կամ քնել է ուզում), հայրը լավագույն դեպքում անտարբերությամբ ձայն է տալիս կնոջը կամ լացող երեխային մայրիկի մոտ է ուղարկում… Դասարանում միայն իմ հայրն էր ծնողական ժողով գալիս, մյուս աշակարտների մայրերն էին գալիս: Մի օր էլ մեր դասղեկը մի բան պատմեց, որ երբեք չեմ մոռանա: Զանգել էր աշակերտներից մեկի տուն, հայրն էր վերցրել, ներկայացել էր՝ ով է՝ ասելով, որ վաղը ծնողական ժողով է, անպայման ներկայանան, տղամարդը պատասխանել էր, որ հիմա հեռախոսի մոտ կկանչի երեխայի ծնողին ու կնոջն էր ձայն տվել… Այս ամառ մի դեպքի ականատես եղա, որի մասին չգրել չեմ կարող: Երեխայի հետ կանաչ լույսին էի սպասում, որ փողոցն անցնեմ, կողքիս էլի սպասողներ կային: Մի տղամարդ հեռախոսով բարձրաձայն խոսում էր ու ծխում: Նրան նույնիսկ չէի նկատի, եթե 2-3 տարեկան մի աղջիկ լացակումած չգոռար. «Պապա՛, գրկի՜, հոգնեցի գրկի՜…» ։ «


     Մորդ ասա՛», - առանց երեխային նայելու պատասխանեց տղամարդն ու սկսեց փողոցն անցնել: Երեխայի մայրն ինձնից առաջ սկսեց փողոցն անցնել: Մի ձեռքին մրգերով լի տոպրակ էր, մյուսով էլ մեծ դժվարությամբ երեխային էր գրկած պահում: Փողոցի կեսին չհասած՝ նա տոպրակը գցեց ձեռքից, երեխան գրկին ծնկի եկավ ու գոռաց. «Վա՜խ մամա՜ ջան, սկսվեց…» ։ Երկու կողմից փողոցն անցողները կնոջը օգնության շտապեցին, պարզվեց՝ նա հարգելի վիճակում է գտնվում: «Ա՜րտ, օգնի՜, Ա՜րտ», - լացելով գոռում էր խեղճ կինը, երբ անցորդ երկու տղամարդ նրան իրենց ձեռքերի վրա փողոցն էին անցկացնում: Իսկ այդ ժամանակ նրա Արտը փողոցի մյուս կողմում կանգնած դեռ ծխում ու հեռախոսով խոսում էր… Տաքսիստներից մեկը մեքենայի դռները բացեց, կնոջն ու երեխային նստեցրին մեքենան, այդ ընթացքում մի տարեց կին էլ, Արտին մոտենալով, տեղեկացրեց կատարվածի մասին: Հեռախոսը ականջին, ծխախոտը բերանին մոտեցավ մեքենային, իրենից գոհ-գոհ նստեց վարորդի կողքին: Տաքսին շարժվեց: Մի քանի րոպե պահանջվեց, որ կատարվածից հետո մարդիկ ուշքի գան: Այդ պահին մտքում ինքս ինձ հարց տվեցի. «Ու սա հա՞յր է կոչվում»: Փողոցում միրգ վաճառող տատիկն էլ բարձրաձայն կրկնում էր. «Թքել եմ քո տղամարդ ասողի վրա, պապիրոզը դնչին դրած հեռախոսով հաչումա, իրա կնգան խալխի տղամարդիկ են օգնում: Ես քո տղամարդ ասողի…»
    

Հ.Գ. Հարգելի՛ տղամարդիկ, այն, որ երեխային մայրն է լույս աշխարհ բերում, դեռ չի նշանակում, որ երեխայի հետ կապված բոլոր խնդիրներով ու երեխայի խնամքով միայն մայրն է զբաղվելու: Ծնող բառի իմաստը ամենևին էլ բառի արմատը չէ… Երկու սեռի ծնողների սերն ու ուշադրությունը հավասարաչափ կարևոր է երեխայի ճիշտ դաստիարակության և նրա առողջ ապագայի համար: Այսօրվա անհամեմատ մեծ չափերի հասած արատավոր և հոգեկան շեղումների պատճառը ծնողների ուշադրության և սիրո պակասի կամ բացակայության հետևանքներն են… Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ ու երեխաներիս բախտը հայրերի հարցում շատ է բերել…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4630 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ