Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ՃՆՃՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
10:02, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ՃՆՃՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ /պատմվածք/

Փոքրիկի հայացքը դիպավ պատուհանին: Թեթևակի քրտնած ապակիներից այն կողմ, լվացքի պարանին ճնճղուկ կար նստած: Աղջնակը լարվեց, չէր շնչում, որպեսզի չվախեցնի թռչնակին: Ճնճղուկը մի տեսակ փքված էր, երբ ավելի ուշադիր նայեց, տեսավ՝ դողդողում է: Առատորեն ձյուն էր թափվում:

-Վայ, մրսում ես, հա՞, ծիտի՛կ…

Թռչնակն ասես զգաց փոքրիկի հայացքը, լսեց կիսաշշուկ ասվածը: Ցատկեց ճաղաշարին, այնուհետ՝

-Տու՛կ, տու՛կ, -կտցահարեց ապակին:

-Ինձ է կանչում, -Տաթը ելավ հատակից, ուր խաղալիքներով շրջապատված՝ իր բանին էր:

Մոտեցավ պատուհանին, դեմքը հպեց ապակուն:

-Ի՞նչ ես ուզում:

Թևավորը բացուխուփ արեց բերանը:

-Ուզու՞մ ես ներս գալ:

Պատասխանը գլխի դրական շարժում էր: Երեխան մոտեցրեց աթոռը, ելավ վրան ու ձգվելով՝ դժվարությամբ բացեց օդանցքը:

-Արի, արի:

Թևերի մի քանի շարժում, և ճնճղուկը հայտնվեց օդանցքում, ապա՝ մահճակալի կողափայտին:

-Ես եկա…

-Եկ, սիրունս: Մրսա՞ծ ես, -աղջնակը փակեց օդանցքը:

-Շա՜տ, -հնչեց պատասխանը, որն այս անգամ ընդամենը ծլվլոց էր:

-Եվ սովա՞ծ, -վազեց խոհանոց, ետ եկավ՝ բռում բրինձ: -Կե՛ր:

Ճնճղուկն սկզբում դժվարությամբ, տաքանալուն զուգընթաց ավելի ու ավելի արագ էր կտցահարում հատիկը:

Հիմա խմիր, -Տաթն ընթացքում բերած գավաթով ջուրը դրեց հատակին:

Թռչնակը կում արեց, նայեց առաստաղին, դարձյալ կում արեց, թափահարեց մարմինը, թռավ պատուհանագոգին:

-Ու՞ր:

Ծիտիկն սկսեց ծլվլալ, ինչ-որ բան էր կամենում հասկացնել:

-Ուզում ես դու՞րս գալ. ինչու՞ չէ՝ կշտացար, տաքացար, -Տաթը դժկամ բացեց օդանցքը:

Ճնճղուկը թևին տվեց:

-Չուզեց Տաթի հետ խաղալ, -սրտնեղած՝ խաղալիքներին բողոքեց երեխան:

Նոր էր տրվել խաղին, երբ ապակին տկտկացրին: Տաթը բարձրացրեց գլուխը: Լվացքի պարանը, պատուհանի վանդակաճաղերը ծեփված էին ճնճղուկներով:

-Քաղցրիկնե՜րս...-աղջնակն այս անգամ ամբողջ փեղկը ետ տարավ:

Ճնճղուկները երամով տուն լցվելով նստեցին՝ ով որտեղ կարող էր, հարմար: Տաթը վազեց խոհանոց: Հին հաց կար՝ գրեթե մի ամբողջ բոքոն: Փշրում էր, լցնում հատակին: Ճնճղուկները շրջապատել երեխային, հավաքում էին հացի մանրոնը: Համարձակներն անմիջապես ձեռքից էին կտցում, պատառիկ պոկում բոքոնհացից: Անպատմելի, անկարագրելի ճլվլոց էր սենյակում: Տեսարանը շունչ, ոգի էր տվել և խաղալիքներին: Ժպտում, ուրախ ծամածռություններ էին անում Արջուկը, Փիսոն, Իշուկը, Կոկոլիս-Կոկորդիլոսը, Ավեսիկ-Աղվեսը, Հաֆոն, Բադոն, մյուսները: Կիսաբաց Աբենին-Այբբենարանից ծիկրակում էին Ջայլամը, Գետաձին, Սարյակն ու Լորիկ-Փորիկը…

Հանպատրաստից հանդեսը երկար կծարունակվեր, եթե միջանցքում չլսվեր բանալու՝ փականքի մեջ մտնելն ու լեզվակի չրխկոցը:

-Մենք թռանք, -ծիտիկներից առավել վախվորածներն արդեն դիմացի բարդուն էին, մյուսները մեկմեկու առաջկտրուկ՝ հետևեցին նրանց:

-Էլի կգա՞ք, -Տաթը փաղաքուշ հարցրեց վերջին թռչնակին, որն իր ճնճղուկն էր, ամենա-ամենա-ամենալավը:

-Իհարկե: Դու ևս արի: Մենք միշտ դրսում քեզ կսպասենք:

Հայրը բացեց դուռը.

-Տա՛թ, ինչու՞ ես հատակին նստել, ձագուկ: Ցուրտ է, ձյուն է գալիս:

-Ցուրտ չէ, տաք է: Ճնճղուկը, տե՛ս, էլ չի մրսում, սոված չէ, -աղջիկը խաղալիք ճնճղուկը մեկնեց հորը: -Ճիշտ եմ ասում:

Ինչ խոսք…-գորովալից հաստատեց հայրը՝ գիրկն առնելով դստերը:


    

«Խարիսխ» ժողովածուի «Ծաղկոց» շարքից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2238 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ