Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՐԱՖՖԻ , ԿԱՅԾՐ ա/

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:21, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
ՐԱՖՖԻ , ԿԱՅԾՐ ա/

Ա

ԸՆՏԱՆԻՔ

Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում:

Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ տխուր և հիմարություններով լի անցյալը, կրկին զարթնում են վաղեմի հիշողությունները, և որպես մթին խավարի միջից, նկարվում է իմ առջև մանկությունը իր անմեղ-երեխայական կերպարանքով:

Ահա մինը մյուսի ետևից երևան են գալիս ծանոթ պատկերները. —

Ես տեսնում եմ հայրենի տնակը իր հին, ժամանակի ավերմունքից մաշված պարիսպներով: Դեռ նույն տերևախիտ ծառերը հովանավորում են նրան իրանց հսկայական ճյուղերով, դեռ նույն ճնճղիկները երգում են ոստերի վրա, ինձ թվում է, որպես թե ծանոթ լինեին նրանց խորամանկ երեսիկները:

Կարծես, շատ ժամանակ չէ անցել, կարծես, հենց երեկ լիեներ այդ, — ես տեսնում եմ իմ պառավ տատին, նստած իր սովորական տեղում, մեր խրճիթի դռան հանդեպ: Դարձյալ նույն ընկուզենին պատսպարում է ալևոր գլուխը ամառային արեգակի կրակոտ ճառագայթներից: Նա նստած է, որպես միշտ, լուռ և մտախոհ կերպով: Նրա ծնկների վրա մրափում է իր մտերիմ` ահագին մազոտ կատուն, երևի, քաղցր երազներ է տեսնում:

Սիրելի տատ, և այս րոպեիս քո երեսի մուգ-դեղնագույն խորշոմների մեջ ես տեսնում եմ նույն բարությունը, որպես առաջ, և այժմ քո լի գթով աչքերը նայում են իմ վրա վաղեմի սիրով: Ինձ թվում է, որպես թե դեռ լսում եմ քո իմաստալից խրատները. — «Ֆարհատ, որդի, բաց գլխով մութի մեջ ման չգաս, չարքերը կզարկեն գլխիդ... հորանջելու ժամանակ երեսիդ խաչ հա՛ն, որ սատանան չմտնե փորդ... գիշերը մաստաք չծամես, մեռելները կնեղանան» ... Այսպիսի շատ խրատներ տալիս էիր դու ինձ, զգուշացնում էիր, որ ավերակների մեջ չմտնեմ... զգուշացնում էիր, որ գերեզմանատան մոտից մենակ չանցնեմ... ու սև կատվի հետ չխաղամ...

Տատս կոչվում էր Շուշան: Նա ժառանգել էր իր մոր անունը: Թե քանի՞ տարեկան էր, — ես հիմա էլ չգիտեմ: Բայց նա ականատես էր եղած այնպիսի անցքերի, որոնց վրայից դարեր էին սահել: Այսուամենայնիվ, նա բոլորովին չէր կորցրել իր ժրությունը: Կտեսնեիր, մի անվաստակելի մեքենայի պես, առավոտից մինչև երեկո, անդադար շարժման մեջ է: Նրա ամենատես աչքերը ամեն բանի վրա կնայեին և ամեն բան կդիտեին. նրա անհանգիստ լեզուն ամեն բանի մասին հարցմունքներ կաներ և անվերջ հաշիվ ու համարներ կպահանջեր: Մինչև մահ նա չթողեց ձեռքից իր կառավարության գավազանը — ահագին փայտյա շերեփը, որով նա ընթրիքի և ճաշի ժամանակ կերակուր էր բաժանում: Մինչև նրա մահը մեր տան թե մեծը և թե փոքրը ամենայն խոնարհությամբ հպատակում էին նրա հեղինակությանը:

Տատս շատ աշխատասեր կին էր: Ես դեռ հիշում եմ, թե որպես գիշերի մեծ մասը, նստած այծի մորթի վրա, դնում էր իր առջև մանելու մեքենան, և ոսկրացած ձեռքով, պտույտ տալով ճախարակի թևքը, բամբակից թել էր պատրաստում: Ինձ թվում է, թե դեռ զարկում է իմ ականջներին պառավի դողդոջուն մեղեդին իր տխուր, մելամաղձական հնչյուններով. ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա նահապետական մեքենայի խուլ ճռճռոցը:

Մեր գյուղում տատս համարվում էր խելացի պառավներից մեկը, իսկ իր տան մեջ նրա իմաստությունը հասնում էր անսխալականության: Ճշմարիտն ասած, ես էլ փոքր ժամանակս հիացած էի նրա իմաստությունով: Նա ամեն բան գիտեր: Նա գիտեր, թե ի՛նչ նշանակություն ունեն այս և այն երազները: Նա գիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունեն, երբ մարդու մարմնի այս ու այն մասերը «խաղում են»: Նա հասկանում էր կաչաղակի լեզուն, և բացատրում էր, թե ի՛նչ լավ խաբարներ է բերում նա, երբ մեր պատի վրա նստած կչկչում է: Նա լսել չէր կարող բուի չարագուշակ ձայնը, և պատվիրում էր ինձ` քարով սպանել նրան, երբ կնստեր մեր պատի վրա: Նա գիտեր, թե ինչո՞ւ Սողոմոն իմաստունը անիծեց ճնճղիկին, կամ ո՞վ դրեց հոպոպի գլխի վրա այն գեղեցիկ փետուրե սանդրը:

Այո՛, տատս շատ բան էր իմանում: Նա պատմում էր ինձ, թե ինչպես կհասնի աշխարհի վերջը, կամ երբ կհայտնվի Նեռը: Նա ասում էր, թե անիծյալ Նեռը կգա, մի ահագին էշի վրա նստած, թե նրա ավանակի ականջները այնքան երկար կլինեն, որ մի ականջի ծայրը կհասնի մինչև արևմուտք, իսկ մյուսինը` մինչև արևելք: Նա ասում էր, թե այն ժամանակ կհայտնվին «աջուջ-մաջուջները», թե դրանք այնքան փոքրիկ թզուկներ են, որ իմ կոշիկները կարող էին նրանց համար բնակարաններ լինել:

Բայց ես ավելի սիրում էի տատիս հեքիաթները:

Ես դեռ հիշում եմ մի քանի հեքիաթներ, որ գիշերները պատմում էր նա: Երբեմն, մի անգամ սկսած հեքիաթը վերջացնում էր մի ամբողջ շաբաթվա ընթացքում: Ա՜խ, ինչպես լավ պատմում էր նա: Ես բոլորը, բոլորը հասկանում էի և միշտ ուրախությամբ էի լսում: Բայց երբ պատմում էր դևերի, սատանաների, գրողների և դժոխքի մասին, — ես սարսափում էի, և ավելի շատ էի վախենում, երբ խոսում էր մեռելների մասին:

Իսկ երբ տատս մեռավ, նրանից չէի վախենում: Նա խիստ հանգիստ կերպով պառկած էր դագաղի մեջ, կարծես քնած լիներ: Նրա դեմքը էլի այնպես բարի էր, որպես առաջ: Ես մտածում էի, թե նա հրեշտակների մոտ կգնա, նրա համար, որ ինձ երբեք չէր ծեծում: Երբ նրան թաղեցին, ես շատ լաց եղա: Մայրս ասում էր, թե նա մի օր գերեզմանից կվերկենա. ես ուրախանում էի:

Իմ մորը կոչում էին Նիգյար: Դուք տեսե՞լ եք դեռ նոր բացված մի ծաղիկ, որ թառամել էր իր կոկոնի մեջ, — այդ իմ մայրն էր: Խե՜ղճ կնիկ, ես երբեք չեմ կարող մոռանալ քո միշտ տխուր և գունաթափ դեմքը: Ինչո՞ւ դու ուրախ լինել կարող չէիր... Ինչո՞ւ այնպես սպանված էին քո գեղեցիկ աչքերը, որոնցից արտասուքը շատ քիչ էր պակասում...

Մայրս մի բարձրահասակ կին էր, նիհար և թույլ կազմվածքով: Ոտքի վրա նա միշտ հիվանդ էր, բայց երբեք չէր պառկում: «Ո՞վ պիտի պահե իմ երեխաներին» — պատասխանում էր նա, երբ նրան ասում էին, թե պետք է փոքր-ինչ հանգստանալ, թե պետք է փոքր-ինչ կազդուրել սպառված ուժերը: Ամբողջ օրը դադարում չուներ: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, նա էր կարում և կարկատնում մեր հագուստը: Բայց տնային հոգսերը չէին, որ մաշում էին նրան, — նրա ցավը սրտիցն էր... Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ...

Մեր գյուղում գովասանված էր մորս վարպետությունը կարելու և ձևելու մեջ, բայց շատ քիչ էին վճարում նրա աշխատությունների համար: Շաբաթական մի քանի շահի հազիվ էր վաստակում, և նրանցով ապրում էինք: Տատիս մեռնելեն հետո տան հոգսը բոլորովին մնաց մորս վրա: Քույրերս` Մարիամը և Մագթաղը, դեռ փոքրիկներ էին. դրանք ավելի խանգարում էին մորս, քան թե օգնում էին:

Մարիամը և Մագթաղը երկվորյակներ էին, այնքան նման միմյանց, որ ես շատ անգամ սխալվում էի մինը մյուսից որոշել: Մայրս նրանց ճանաչելու համար կարել էր զանազան գույներով գդակներ, — Մարիամինը կանաչ գույնով, իսկ Մագթաղինը կարմիր: Ես դեռ հիշում եմ այն անմեղ կռիվները, որ ծագում էին այդ երկու հրեշտակների մեջ իրանց գդակների մասին: Պատճառները շատ ծիծաղելի էին, օրինակ, երբ Մարիամին սիրում էին, Մագթաղը խլում էր նրա գդակը, դնում էր իր գլխին, որ ինքն էլ Մարիամ դառնա և նրան էլ սիրեն:

Ես շատ անհանգիստ երեխա էի, բայց դարձյալ մայրս ինձ չէր ծեծում, որովհետև նրա մի հատիկ տղան էի: Մորս սերը հասնում էր մինչև այն թուլությանը, որ շատ անգամ ներում էր իմ անկարգություններին: Կպատահեր վաղ առավոտյան, ամենևին երեսս չլվացած ու մազերս չսանդրած, տանից դուրս կգայի, և ամբողջ օրը կխաղայի, կթափառեի դատարկաշրջիկ երեխաների հետ: Մայրս մասամբ գոհ էր լինում, երբ ես տանը չէի գտնվում, նրա համար որ, եթե տանը մնայի, անպատճառ կամ մի բան կկոտրեի, կամ մի բան կվիթեի, և եթե ոչինչ չլիներ, կսկսեի քույրերիս ծեծել: Խե՜ղճ երեխաներ, ի՜նչպես համբերում էին չար եղբոր կոպտություններին: Կարծես նրանք զգում էին, թե իրանք աղջիկներ էին, իսկ ես — տղա, կարծես, մտածում էին, թե ես շատ բանով բարձր էի նրանցից, ուրեմն, իրավունք ունեի տանջելու: Եվ այսպես, մանկությունից պատրաստվում էին լինել տղամարդի ստրուկներ... Ո՞վ մտցրեց նրանց մեջ այդ զգացմունքը:

Մեր դրացիները հանգստություն չունեին ինձանից: Նրանց մեջ կազմվել էր մի այսպիսի համոզմունք, թե մայրս ինձ ծնելու միջոցին ոգիները գողացել էին նրա տղան և փոխարենը մի դև էին դրել: Բայց իմ և դևի մեջ ոչինչ նմանություն չկար. ես բավական գեղեցիկ երեխա էի, ի՞նչ անենք, որ չար էի: Բայց դարձյալ մայրս չէր հավատում այդ զրույցներին, նա ասում էր, եթե մի այնպիսի բան լիներ, տատս կգիտենար: Նա դևերի հանգամանքները լավ էր հասկանում:

Իմ հորս հիշում եմ որպես մի երազ: Այսքանը միտքս է գալիս, որ նա մի չոր ու ցամաք մարդ էր, մորս նման բարձր հասակով և դեպի ցած կռացած մեջքով: Նրա գլուխը պատած էր տարաժամ ալևորած, սպիտակ մազերով: Նրան կոչում էին Հայրապետի տղա Սհակ: Երեսուն և վեց տարեկան տղամարդ էր նա, բայց վաղահաս ծերությունը բոլորովին փոխել էր նրա երիտասարդական դեմքը: Ինչու՞ այնպես շուտ ծերացավ նա, ինչո՞ւ մորս նման նա էլ միշտ տխուր էր, և երբեք ուրախ լինել կարող չէր:

Մեր տանը խիստ սակավ էի տեսնում հորս: Նա, որպես սովորաբար ասում են, դաշտի մարդ էր: Տարվա երեք եղանակներում` գարուն, ամառ և աշուն — նա մշակում էր իր հողերը և փոքրիկ այգին, ձմեռը իր ջուլհակի խորի մեջ կտավ էր գործում: Բայց դարձյալ մնում էր միշտ աղքատ: Հայրս շռայլ մարդ չէր, ոչ արաղ էր խմում, ոչ ծխում էր և ոչ էլ լավ ուտում կամ հագնվում էր: Ես դեռ չեմ մոռացել նրա բազմամյա հողաթափները, որոնք ստեպ կարկատվելուց այնքան ծանրացել էին, որ հազիվ կարելի էր շարժել: Նրա մորթե գդակը բոլորովին կորցրել էր իր մազերը: Էլ ինչո՞վ պետք էր բացատրել այդ խնայող և աշխատավոր մարդու դառն աղքատության պատճառները:

Լինում էր, շատ անգամ տանը հաց չունեինք ուտելու, քույրերս լաց էին լինում սովից: Եվ ահա՛, գիշերային տարաժամ պահուն հայտնվում էին հարկապահանջները: Սկսում էին դուռը զարկել: Կկոտրեին, եթե իսկույն չբաց անեինք: Ներս էին թափվում մի խումբ կատաղի ֆերրաշներ: Բոլորովին դժոխք էր դառնամ այն ժամանակ մեր տունը: Ամենքս սարսափում էինք: Հայրս մեռելի գույն էր ստանում, իսկ մայրս երկյուղից սկսում էր դողալ: Ես և քույրերս փախչում էինք ու մտնում մեր քնաշորերի մեջ, թեև երբեք քնել կարող չէինք, բայց սուս էինք կենում:

Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ: Նրա մոտ դիզվում էր մի ահագին խուրձ դալար ճիպոտների` սկսում էին ծեծել հորս: Նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում — բայց ո՞վ էր նրա ձայնը լսողը...

Ֆերրաշները հարկ էին պահանջում: Եվ եթե մի փոքր ուշանում էր, սկսում էին հորս մերկ ոտների տակ կրակ լցնել, այդ բավական չէր, նրա մարմինը այրում էին տաքացրած շամփուրներով: Այդ սոսկալի տանջանքների ժամանակ ինչ որ իմ մոր դրությունն էր, աստվա՜ծ ազատե, ես անկարող եմ նկարագրել: Նա բոլորովին գժվում էր, նա կտրում էր իր գլխի և պարանոցի զարդերից ամենաթանկագինը և տալիս ֆերրաշներին: Նա աղաչում էր, պաղատում էր, որ չծեծեն հորս, որ չսպանեն նրան, որ սպասեն մինչև առավոտ, մինչև լույսը ծագի, որ հայրս կարողանա մի տեղից պարտք անել և պահանջած հարկը վճարել:

Այս րոպեիս էլ իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ այն սարսափելի գիշերները... Ֆերրաշները գալիս էին միշտ գիշերով, ինչպես չար երեխաները միշտ գիշերային մթության ժամանակն են քանդում խեղճ ծտի բույնը, և գիշերով են բռնում նրան, որովհետև գիտեն, որ ողորմելի թռչունը այն ժամանակ մի ուրիշ պատսպարան չունի, բացի իր օթևանը:

Զարհուրելի գիշերներ... Որքա՜ն արտասուքի և որքա՜ն տանջանքների պատճառ էին դառնում նրանք մորս... Նա գիշերային այն մթին խավարի մեջ, մենակ դուրս էր գալիս տունից, առնում էր իր հետ մի պղինձ կամ մի ուրիշ բան, և տանում էր գինետուն, որ գրավ դնե և նրանց համար ըմպելիքներ բերե: Նա մորթում էր մեր հավերը և նրանց համար կերակուրներ էր պատրաստում, բայց անողորմ հյուրերի ուտելուն և խմելուն չափ չկար:

Այսպիսի դեպքերը պատահում էին համարյա միշտ, որովհետև հարկերը վերջ ու սահման չունեին: Ամեն բանի համար պահանջվում էր, թե ցանքի համար, թե անասունների համար և թե մեր ընտանիքը կազմող հոգիների համար: Հաշիվ չկար. հաշիվը կախված էր պահանջողի կամքից միայն: Վերջապես հարկերը կարող էին ծագել հազար ու մեկ հանգամանքներից, և այնքան զանազան միմյանցից, որ շատերի անունները մոռացել եմ: Ո՞րտեղից պետք էր վճարել: — Պետք էր տունից մի բան ծախել, մի բան գրավ դնել: Բայց մեր տանը ոչինչ չէր մնացել. մեր տունը նմանում էր մերկ գերեզմանի: Այդ կարո՞ղ էր հասկանալ ֆերրաշը: Նա ինքն էր ծախել տալիս մեր կովը, մեր եզը և մեր գոմեշը, ամենևին չմտածելով, թե վաղը մեր արորը կդադարե գործելուց և մի ամբողջ ընտանիք կզրկվի ապրուստի միջոցներից:

Հայրս վերջին ժամանակներում բոլորովին թողեց իր հողերի մշակությունը, որովհետև ստացած արդյունքը մինչև անգամ չէր լրացնում հարկերի վճարը: Բայց այսպիսով նա դարձյալ չազատվեցավ ֆերրաշներից, նրանց այցելությունները դարձյալ շարունակվում էին:

Ի՞նչով պետք էր ապրել: — Մնում էր մի բան, որ սոված չմեռնենք` միշտ պա՜րտք և պա՜րտք անել... Բայց որքան ծա՜նր էին տոկոսները... ես այն ժամանակ երեխա էի, իհարկե, հաշիվներ չէի կարող հասկանալ, բայց դեռ չեմ մոռացել մեր անիրավ վաշխառուի վայրենի դեմքը: Նրան կոչում էին Հաջի-Բաբա. դա մի հարուստ մահմեդական էր, բայց հոգեառ հրեշտակը ձեզ օրինակ, երբ հայտնվում էր տոկոսները հավաքելու: Նա գրել-կարդալ չէր իմանում և ոչ տված փողերի համար պարտամուրհակ էր պահանջում: Նրա պարտամուրհակը իր խղճմտանքն էր, իսկ ամսաթիվը կամ տարեթիվը հաշվում էր եղանակների փոփոխության վրա: Նա մի տոպրակի մեջ իր հետ ման էր ածում փայտի զանազան կտորներ, երկայն և կարճ, բարակ ձողերի նման, որոնց վրա նշաններ էին արած գույնզգույն դերձաններով, — դրանք նրա հաշվամատյաններն էին: Ձողերի վրա կային շատ և փոքր թվով խազեր, որ նշանակում էին գումարների որքանությունը, իսկ գույնզգույն դերձանները պարտականների անուններն էին որոշում:

Հաջի-Բաբան գանգատ անելու սովորություն չուներ, երբ նրա պարտականներից մեկը իր ժամանակին փող չէր վճարում կամ ուշացնում էր. — նա իր դատաստանը իր ձեռքովն էր անում: Ամենին հայտնի էր Հաջի-Բաբայի ահագին մահակը, որով նա ջարդում էր իր պարտականների ոսկորները: Նա մինչև անգամ իր հրամանով բանտարկում էր շատերին և ծախել էր տալիս նրա տան կայքը:

Ես դեռ հիշում եմ անգութ վաշխառվի խոսքերը, երբ նա տոկոսները առնելու համար մեր տունն էր գալիս: — «Սհակ, ասում էր նա իմ հորը, — գիտե՞ս ո՛րքան է անցել, տե՛ս, այս ծառը դեռ նոր էր տերև բացել (նա ցույց էր տալիս մեր բակի ընկուզենին), հիմա կրկին կանաչել է նա, ուրեմն, անցել է մի բոլորակ տարի: Թե գլուխքը չես կարող տալ, գոնե կաթը (տոկոս) տուր, թե չէ, այդ ջուխտ աղջիկներիդ կտանեմ, կթուրքացնեմ» ...

Մարիամը և Մագթաղը, երբ այդ խոսքերը լսում էին կուչ էին գալիս և միմյանց գրկելով, սկսում էին լաց լինել: Անմե՜ղ արարածներ, կարծես, նրանք հասկանում էին, թե ինչ սարսափելի բան է թուրքի հարեմը...

Ահա այսպես էին անցնում մեր սև օրերը:

Հայրս, չկարողանալով հայրենի երկրում իր ընտանիքը պահել, ստիպվեցավ դիմել դեպի պանդուխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու: Մենք տարանք նրան մինչև գյուղից դուրս ճանապարհ գցելու: Ես և քույրերս շատ ուրախ էինք, երբ նա գնում էր, կարծում էինք, թե բազարն է գնում, որ մեզ համար չամիչ կամ խուրմա բերե: Բայց մայրս լաց էր լինում: Տխուր էր և հայրս. մահվան չափ տխուր էր նա: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ բաժանման րոպեում ասաց նա մորս. — «Ամանաթ քեզ որդիքս, Նիգյար, եթե կենդանի կմնամ, թող չեմ տա, որ նրանք սոված մնան» ... «Շուտ ե՛կ, շո՛ւտ, հայրիկ, — կանչում էինք ես և քույրերս նրա ետևից, — մեզ համար չամիչ և փշատ բե՛ր»:

Բայց նա գնաց, էլ չվերադարձավ...

Տարի չանցավ, հորս մահվան լուրը մեզ հասավ: Այդ ցավալի մահը, որի մանրամասնությունները ես կպատմեմ հետո, ամենասաստիկ ներգործություն ունեցավ մեր դժբախտության վրա: Այն ժամանակ հայտնվեցավ Հաջի-Բաբան, տիրեց մեր բոլոր կայքերին և մեզ մերկ ու ոտաբոբիկ դուրս արեց հայրենական տնակից: Մայրս բռնելով իմ և քույրերիս ձեռքից, գնաց քեռուս տունը, այնտեղ ապրելու: Միակ ժառանգությունը, որ մնաց մեր հոր հարստությունից, էին` Մըրոն — մեր ահագին շունը և Նազլուն-տատիս մտերիմ կատուն, դրանք չբաժանվեցան մեզանից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3015 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ