Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության կապի ամրապնդման այլընտրանքային մեխանիզմների կարիք կա. ԵՈՒԻ հետազոտություն

17:28, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության կապի ամրապնդման այլընտրանքային մեխանիզմների կարիք կա. ԵՈՒԻ հետազոտություն

Միևնույն հաստիքի համար մրցող միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներից գործատուն նախընտրում է բարձրագույն կրթություն ստացածին։ Աշխատանքի ընդունելիս գործատուների 24.6%-ը հատկապես ուշադրություն է դարձնում պրակտիկ հմտությունների վրա, 23.9%-ը՝ տեսական գիտելիքների, 20.3%-ը՝ աշխատանքային փորձի, 18.2%-ը՝ աշխատանքի ընդունվողի պոտենցիալի, 10.4%-ը՝ աշխատանքի ընդունվողի մոտիվացիայի:
     Ներկայացնում ենք «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» հետազոտության արդյունքները:
     Հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈՒԻ) ՝ ՀՀ Սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Հետազոտության նպատակներն են՝ ուսումնասիրել գործատուի ակնկալիքներն ու պատկերացումները երիտասարդ դիմորդներից, մի քանի վարկանիշային մասնագիտության օրինակով՝ հարաբերությունների կայացման վրա կրթական համակարգի ազդեցությունը, նկարագրել գործատու-մուհ-երիտասարդ հարաբերությունների ինստիտուցիոնալիզացման մեխանիզմները, և բացահայտելու, թե որքանո՞վ է այսօր աշխատաշուկան պատրաստ ներգավելու հաշմանդամություն ունեցող անձանց:
     Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համատեքստում առկա են հետևյալ խնդիրները՝ ՀՀ-ում մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի շահերի վեկտորները տարբեր ուղղություններ ունեն, արդյունավետ չի գործում մասնագետների պատրաստման պետական պատվերի համակարգը, ինչի հետևանքով Հայաստանի աշխատաշուկայում առկա է որակական և քանակական շարունակական անհավասարակշռություն, որն արտահայտվում է գործազրկության բարձր իրական մակարդակով, ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգը արդյունավետ չի գործում, հետազոտության մասնակիցները փաստում են, որ մասնագիտական կողմնորոշումն է այն անկյունաքարը, որից բխում են մյուս խնդիրները:
     Հայաստանում դեռ քիչ են այն աշխատատեղերը, որոնցում մարդիկ պետք է կիրառեն մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մյուս կողմից էլ աշխատաշուկայում միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերը միասին վերցրած ավելի շատ են, քան բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակ պահանջող աշխատատեղերը: Մարզերում միտում է նկատվում, որ մասնագիտական կրթություն չունեցող երիտասարդների պահանջարկը գնալով մեծանում է:
     Գործատուների 35%-ը հավաստիացնում է, որ բոլոր աշխատակիցներն ունեն բարձրագույն կրթություն, 52%-ը նշել է, որ բարձրագույն կրթություն ունեն աշխատակիցների կեսից ավելին, 13%-ի մոտ աշխատակիցների կեսից ավելի չունի բարձրագույն կրթություն:
     Հարցված երիտասարդների մոտ աշխատանք գտնելու վրա ամենաորոշիչ ազդեցություն թողնող գործոններից են՝ ծանոթություններ՝ 13.2%, կարողություններ, ունակություններ՝ 13.2%, կրթություն՝ 11.3%, մասնագիտական կարողություններ՝ 9.4%, աշխատանքային փորձ՝ 7.5%, անձնական ծանոթություն գործատուի հետ՝ 6.6%:
     Որպես մասնագիտության ընտրության վրա ազդող հիմնական գործոն՝ երիտասարդները նշել են ակնկալվող աշխատանքի աշխատավարձի չափը, որպես աշխատանքի փնտրման վրա ազդող առաջնային կողմնորոշիչ՝ նույնպես նշվել է ակնկալվող աշխատավարձի չափը։
     Գործատուները և երիտասարդները կրթական հաստատությունից սպասում են ավելի պրակտիկ կիրառական գիտելիքների տրամադրում, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան տրամադրվող գիտելիքների և հմտությունների թարմացում ուսումնառության ընթացքում, ԲՈՒՀ-երին կից կադրային կենտրոնների արդյունավետ գործառնություն: Իրենց հերթին գործատուները կցանկանան ունենալ համագործակցություն գործատուների հետ ուսումնական պրոցեսի ընթացքում, ուսման ընթացքում/ավարտին պարտադիր երկարաժամկետ պայմանագրերի կնքում՝ կադրերի հոսունությունը կանխելու նպատակով: Երիտասարդները կրթական հաստատությունից սպասում են ուսման ընթացքում գործատուների հետ շփման և աշխատանքային պայմանագրեր կնքելու հնարավորություն, առաջարկվող ընկերությունների ցանկ, որոնց հետ կարելի է համագործակցել ուսումն ավարտելուն պես՝ բարձր առաջադիմություն ունենալու դեպքում:
     Հաշմանդամություն ունեցող հարցված երիտասրադները նշել են աշխատաշուկայում առկա իրենց հանդիպող հետևյալ խնդիրները՝ աշխատանքային փորձի բացակայություն՝ 20.4%, խտրականություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ՝ 17.9%, աշխատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն՝ 11.1%, կանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցողների նկատմամբ՝ 8.6%, համագործակցելու ցանկության բացակայություն՝ 7%, ընդունակությունների գիտելիքների անճանաչելիություն՝ 6.4%: Մինչդեռ գործատուին կաշկանդում է հոգեբանական ճնշումը, աշխատանքային մթնոլորտը, նյութատեխնիկական պայմանների առկայությունը, ֆիզիկական և մտավոր կարողությունների անհամապատասխանությունը աշխատանքին, աշխատանքային փորձի բացակայությունը:
     Ըստ հետազոտության արդյունքների՝ որոշ վարկանիշային մասնագիտությունների գծով, ինչպիսիք են՝ ծրագրավորում, տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն, մեկ տեղի համար դիմող երիտասարդ մասնագետների թիվը էականորեն աճել է: Աշխատաշուկան վերածվել է «գործատուին պատկանող շուկայի», որտեղ գործատուն հնարավորություն ունի ընտրելու լավագույն մասնագետներին, ինչը նշանակում է, որ գործատուները սկսել են խստացնել աշխատանքի ընդունման չափանիշները: Այժմ արդեն գործատուները ոչ միայն ուշադրություն են դարձնում, թե ի՞նչ ուսումնական հաստատություն է ավարտել դիմորդը, այլև լրացուցիչ քննություն կամ թեստային համակարգ են կիրառում պարզելու համար, թե ի՞նչ գիտելիքներ և հմտություններ ունի նա:
     Մասնագիտական կրթության համակարգը հիմնականում ուղղորդված է դեպի սեփական ծառայությունների առաջնային (ներքին) սպառողը՝ ուսանողներին և ոչ թե երկրորդային (արտաքին սպառողը) գործատուն: Երբ կրթական հաստատությունները կողմնորոշված են միայն դեպի մասնագիտությունների առկա շրջանակը, ապա որոշ մասնագիտացումների համար աշխատաշուկայում առաջանում է աշխատուժի ավելցուկ, իսկ մյուս մասնագիտությունների համար զգալի պակասորդ է նկատվում: Մեր երկրում բարձրագույն կրթական համակարգը հիմնականում ակադեմիական/ տեսական, քան պրակտիկ կողմնորոշում ունի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում աշխատաշուկայում՝ երիտասարդ կադրերի ներգրավման հետ կապված:
     Դասավանդող կադրերի ցածր աշխատավարձը և մոտիվացիայի պակասն առանձնացվում է որպես կրթական համակարգին առնչվող խնդիր, որակյալ դասախոսները նախընտրում են իրենց դասավանդման պրակտիկան փոխարինել առավել բարձր վարձատրվող աշխատանքով: Կադրերի պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը (թանկարժեք տեխնոլոգիաների ներմուծում, նյութատեխնիկական թարմացված բազա) լրացուցիչ խնդիրներ են ստեղծում կրթական համակարգի համար:
     Ուսումնառության ընթացքում ունեցած պրակտիկան հիմնականում ձևական բնույթ է կրում, երիտասարդները չեն ստանում կիրառական և հետազոտական անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև խնդիր է աշխատաշուկայի պահանջների իրական կանխատեսումների բացակայությունը. մասնագիտական կրթական համակարգը չի կարողանում արդյունավետ արձագանքել արտաքին պատվերին և կրթական գործընթացի համապատասխան պլանավորում իրականացնել:
     Մասնագիտական կրթության և աշխատաշուկայի համագործակցության արդյունավետ մոդելներ կարող են լինել՝ Ճյուղային պատվերները ըստ ոլորտների/ կոնկրետ գործատուի, պրակտիկայի, դիպլոմայինների և կուրսայինների կազմակերպումը իրական գործատուի կողմից կամ մասնակցությամբ, ինտեգրացված կրթական-արտադրական ծրագրերի մշակումը:
     Հետազոտությունն իրականացվել է փաստաթղթերի ուսումնասիրության, երկրորդային վերլուծության, փորձագիտական հարցազրույցների, գործատուների հետ որակական հարցազրույցների, ֆոկուսխմբային քնարկումների մեթոդաբանությամբ: Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և այլն, ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:
     Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը հիմնադրվել է 2013-ին՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում, գործում է Երիտասարդական միոցառումների իրականացման կետնրոնին կից:
     Հետազոտությանն ամբողջապես ծանոթանալու համար այցելեք մեր կայք՝ www.ystudies.am, Վերլուծություններ բաժին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
401 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ