Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Պաշտոնական ընդունելություն՝ Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ

15:49, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Պաշտոնական ընդունելություն՝ Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու և Մարսել այցելելու համար, քաղաքապետ Գոդենը նկատել է, որ այս այցը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Մարսելի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից՝ Մարսելի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
     «Վստահորեն կարող ենք փաստել, պարոն քաղաքապետ, որ Երևանի և Մարսելի համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն, անշուշտ, ոգևորիչ է ու պարտավորեցնող, որ մենք շարունակենք մեր ջանքերը՝ երկուստեք համագործակցությունն ավելի ընդլայնելու ուղղությամբ: Նաև պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ առիթ է ընձեռվել անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերություններին, միշտ հպարտորեն եմ նշել մեր երկու քաղաքների արդյունավետ համագործակցության մասին՝ շեշտելով, որ այդ հարցում շատ մեծ է անձամբ Ձեր ներդրումը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ձեր այս այցը ևս մեկ ապացույցն է այն խորը հարգանքի և բարեկամության, որ փոխադարձաբար կա մեր երկու քաղաքների միջև, ու ես վստահ եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև այս այցի ընթացքում, անպայման կյանքի կկոչվեն», - նշել է Ժան-Կլոդ Գոդենն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել առավելագույնը՝ երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
     Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես կարևորում է երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, և իր հերթին վերահաստատել է Երևանի և Մարսելի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու անկեղծ պատրաստակամությունը:
     «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այսօր լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 25-րդ տարեդարձը: Անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ: Մարսել քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Անցյալ տարի Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ Երևան-Մարսել համագործակցության ծավալներն այդ համաժողովի համատեքստում իսկապես ներկայանալի էին», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում:
     Առանձնակի կարևորելով հայ-ֆրանսիական ներկայիս բարձր մակարդակով հարաբերություններում Ֆրանսիայի ու, մասնավորապես, Մարսել քաղաքի հայ համայնքի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս հանգամանքը լրացուցիչ խթան է երկու քաղաքների միջև տարիներ ի վեր հաստատված կապերն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
     Երևանի քաղաքապետն իր ելույթում անդրադարձել է նաև հաջորդ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին և Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Առիթն օգտագործելով Տարոն Մարգարյանը բոլորին սիրով հրավիրել է Երևան՝ վստահեցնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի հյուրընկալ դռները միշտ բաց են բարեկամների համար:
     «Պարոն քաղաքապետ, կրկին շնորհավորելով մեր համագործակցության հոբելյանական այս տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ հրավերի համար, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Համոզվա՛ծ եղեք, որ Դուք միշտ ցանկալի և սպասված հյուր եք Երևանում», - նշել է Տարոն Մարգարյանը:
     Պաշտոնական ընդունելության շրջանակում, Երևանի և Մարսելի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և համագործակցության 25-րդ տարեդարձի առթիվ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Ժան-Կլոդ Գոդենին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
365 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ