Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՄԻ ԼԱ, ՆՈՐԸ ԿԱՌՆԵՄ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
11:04, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
ՄԻ ԼԱ, ՆՈՐԸ ԿԱՌՆԵՄ /պատմվածք/

-Մեսրոպ, Մարգոն թեյի սպասքի տեղ է արել:

-Ամուսինը հայացքը կտրեց թերթից:

-Ո՞ր Մարգոն:

-Մեր հարևանուհին: Գերմանական է՝ երկու հարյուր ռուբլիանոց:

-Պետակա՞ն արժեքն է:

-Չէ, հիմա իր գնով կարգին ապրանք որտեղի՞ց կառնես: Տնաշենն ասես այս աշխարհից չլինի:

Ամուսինն անորոշ դավադրության հոտ առավ: Կնոջ մտքին կարծես բան կար:

-Իսկ խանութի գինը որքա՞ն է:

-Հարյուր հիսուներեք ռուբլի՝ գտածի հաշիվ:

-Ոչինչ, առանձնակի թանկ չէ:

Նա լրագիրը վերստին ձեռքն առավ: Կարդալու բան առանձնապես չկար: Թե լիներ, էլի վերջին էջում: Նայեց մարզական բաժինը: Թարմությունը կորցրած երկու-երեք օրվա լուրեր էին: Տեսնես հեռուստատեսությամբ ի՞նչ կա: Ըհըն, «Համաշխարհային կինոյի վարպետները»: Վատ չէ, «Ժամանակ» ծրագրից հետո կարելի է նայել: Համեմատաբար հետաքրքիր հաղորդաշար է, ափսոս, լավ չեն մատուցում: Տպավորությունն այնպիսին է, թե պատրաստվելու ժամանակ չեն ունեցել, ցուցադրում են՝ ինչ պատահի, ինչ ձեռքերն ընկնում է:

-Մեսրոպ, ուզու՞մ ես տեսնել:

-Ի՞նչը, Մանե:

-Սպասքը: Մարգոն ասում է՝ քառասունհինգ կտոր է:

-Ինչի՞ս է պետք: Լավ, մի օր հիշեցրու, կնայեմ:

-Հետո չի լինի: Սպասքն իրենց տանը չէ:

-Բա որտեղի՞ց ես բերելու:

Նա թերթը մի կողմ դրեց. չէ, մտքին հաստատ բան կա:

-Կտորներից մեկը Մարգոն հետն է բերել: Հիմա կգամ, -ու, առանց Մեսրոպի համաձայնությունն առնելու, գնաց:

Մարգոյենք նույն հարթակում էին ապրում: Իսկական անունը Մարգարիտ էր: Մանեն վերադարձավ՝ ձեռքին փոքրիկ փաթեթ: Դուռը գոցելուց հետո նա զգուշորեն բացեց բերածը: Թեյաման էր՝ ինքնատիպ, ի տարբերություն մյուսների, քառակուսի, շատ կարճ ծորակով: Վրան դաշտային ծաղիկներ էին դաջված: Մեսրոպը հիշեց՝ նման ծաղիկ գյուղի սարերում էր լինում: Նայում էր ճենապակուն, իսկ հայացքի առջև քարքարոտ բլրակներ էին, ապարների արանքում՝ դեղնագլխիկ անթառամի այդ տեսակը՝ կծու, գրգռիչ բույրով: Նա թեյամանը շուռումուռ տվեց: Կապույտ ծաղիկները մանուշակ էին հիշեցնում, սակայն ավելի խոշոր: Հավանաբար անտառային մանուշակ էր՝ արգավանդ տեղանքի: Իրենց կողմերում այդպիսիք չեն աճում: Մանուշակ ընդհանրապես չէր սիրում. Այնքան քնքուշ է, չես կարող մինչևիսկ մատներով բռնել, բուրմունքը, հո, վախենում ես քաշել. մեկ էլ տեսար թոշնեց: Իսկ գույնը… Չէ, գույնի մասին խոսք չունի: Թեյնիկի վրա էլ կապույտն ու դեղինը որքա՜ն են դիտվում:

-Լավն է:

-Դու որակին ուշադրություն դարձրու, ինչքան նուրբ է:

-Շատ լավն է:

-Գիտե՞ս հետն ինչ կա՝ վեց թեյի ափսե, վեց գավաթ, էլի մի թեյնիկ՝ մեծը, մեղրաման, շաքարաման, հետո… Մի խոսքով, քառասունհինգ կտոր: Հա, ամենագլխավորը, տեսա՞ր, մոռացա, զակուսկի տարելկեք…

-Մանե, հազար եմ ասել՝ հայերեն խոսիր: Տարելկային պնակ են ասում, զակուսոչնի տարելկային, -նա առպահ դադար վերցրեց, -երեսափսե:

Բառը չհնչեց, ու դրանից Մեսրոպը ջղայնացավ:

-Մի բան ասա, միայն թե՝ հայերեն: Մեծ ափսե ասա, փոքր ափսե, ափսեիկ, պնակիկ:

-Դե լավ, զուր տեղն ինչու՞ ես ներվայնանում:

-Նյարդ…

-Նյարդային համակարգդ խնայիր, Մեսրոպ, սիրելիս:

Տես, իր վրա է ծիծաղում: Թե դու ե՞րբ ես ինձ սիրելիս ասել: Հիշեց տանտիրոջ խոսքը՝ ղանջղ: Ութսունամյա ջլապինդ տղամարդ էր՝ ոտուձեռը տեղը: Զայրանալիս կնոջը «ղանջղ» էր ասում: Տեսնես բառացի ի՞նչ է նշանակում. անառակ, լիրբ, անզգամ, թե՞ նման մի բան: Թուրքերեն կամ արաբերեն կլինի, մեջը հայերենի համ ու բույր չկա: Էս ի՜նչ ժողովուրդ ենք:

-Չի ճարվում, գիտե՞ս:

-Բա նա որտեղի՞ց է գտել:

-Ընկերուհին դասավորեց: Խանութում ծանոթ ունեն: Հիշում ես, չէ՞, ասպիրանտուրայում է սովորում: Ղեկավարի ծննդյան օրվա առթիվ էր ուզում առնել: Խանութում հա էսօր-էգուց գցեցին, ինք էլ վերցրեց ու կոմիսիոնից մեկ ուրիշը գնեց: Ոնց որ հակառակ, մյուս օրը ծանոթը գալիս է, թե՝ ճարել եմ, արի տար: Հիմա չգիտի՝ ինչ անի, խնդրել է սպասել: Ամաչում է հրաժարվել, հետո հաշիվ կա՝ հաջորդ անգամ ապրանք չի տա:

-Թող իրենց համար վերցնեն:

-Ձեռքներին թող չկա:

-Մարդկանց մեծ մասն այդպես է. բերանից կկտրի, ուրիշին կտա: Նախորդներն են սովորեցրել, դարձել է կյանքի դրվածք:

-Ասում եմ՝ մենք առնենք:

-Էլ ի՞նչ ես հեռվից գալիս:

-Ուրիշ անգամ չի պատահի:

-Չլինի՞ լուրջ ես ասում:

-Ի՞նչ կա որ:

-Մեզ այդքան փող որտեղի՞ց:

-Վերևի հարևանուհուց՝ Հասմիկից կվերցնեմ:

Չէ, հաստատ խելագարվել է կինը: Արդեն երկու հազար պարտք ունեն, երկրորդ տարին է չեն կարողանում տալ: Լավ է, պարտքատերերը մոտիկ են, դրության մեջ մտնող:

-Չի լինի:

-Երկու ամսում կտանք: Մի քիչ նեղ կապրենք, բան չկա:

-Մանե, հոգնել եմ գոյություն քարշ տալուց, բեր հիմա էլ ապրենք:

-Կարծես ինձ համար է:

-Մեր ինչի՞ն է պետք սպասքը, չեմ հասկանում:

-Մարդ է գալիս տուն, ամաչում եմ թեյ հյուրասիրել: Վա՞տ կլինի սիրուն բաժակով խմես:

-Հետո: Պարտքերից պրծնենք, նոր: Սպասք է, չփախավ:

-Այսօր երկու հարյուր է, մի տարի անց ձեռքի վրա կլինի երկու հարյուր հիսուն: Համոզված եղիր:

-Մենք էլ չենք առնի, տեղականն ի՞նչ վատ է:

-Դաշնամուրի համար ևս նույն էիր ասում․ սկզբից լսել չէիր ուզում, հետո թե՝ «Կոմիտաս» առնենք: Վա՞տ եղավ՝ «Պետրոֆ» բերել տվինք: Քեզ մնար, մահճակալ չէինք ունենա:

Մանեն խռոված մտավ խոհանոց:

Գնա՜ց: Միշտ այդպես է. սկսում են խաղաղ, ավարտում վեճով, մեկմեկու նեղացնելով: Զարմանալի կին է Մանեն, ոտքը վերմակից միշտ երկար է մեկնում: Ամուսնանալու օրվանից խրվել մնացել են, վերջ չկա առնելուն: Ամեն անգամ թվում է՝ այլևս ոչինչ պետք չէ, կարելի է անվրդով ապրել, սակայն չանցած մի շաբաթ, ամիս, դարձյալ որևէ բան պետք է լինում: Միշտ լավը, գեղեցիկը: Մեկ անգամ ենք առնում, գոնե հաճելի, մնայուն բան լինի, -ասում է: Առարկություն չունի, բայց թե կյանքն էլ է մեկ անգամ տրվում, շարունակ գնելով ու՞ր կհասնես: Եղած-չեղած երեք հարյուր հիսուն է ստացածները՝ այլոց մեկ օրվա ծախսի փող:

Սկզբում չորս պատ էին փափագում: Ուսանող էին: Ինքը հանրակացարանում էր ապրում, Մանեն՝ վարձով: Շրջում էին փողոցներում, նայում պատուհաններին, վարագույրներից այն կողմ առկայծող լույսերին: Չէին խոսում, սակայն երկուսի ցանկությունն էլ նույնն էր: Հետո ամուսնացան, տուն վարձեցին: Դարձյալ նախկին երազանքը: Վերջապես բնակարան ստացան: Ինքը եղածով գոհ էր: Ավելի շուտ, համոզված էր, որ լավ օրերը հետո կգան, անպատճառ կգան: Ընդամենը սպասել է պետք, համբերել: Իսկ Մանեն՝ չէ, բացվել էր: Կահույք՝ անպայման: Հայրը մի քիչ փող էր տվել: Եղբոր հետ գնաց Մոսկվա: Արտասահմանյան կահույք գնեցին: Ապա եկավ խոհանոցի հերթը: Բարեկամներից, դեսից-դենից պարտք վերցրեց: Մոսկվան ջրի ճամփա էր դարձել: Երկու կահույքն էլ գեղեցիկ են, ճաշակով, և թանկ չեն նստել. այստեղ կրկնակի գին կուզեին: Ասելիք չունի: Դաշնամուր ևս գնեցին, գորգ, վարագույրներ: Մի խոսքով՝ տուն-տեղ դրեցին: Տունուտեղը Մանեն դրեց, իսկ ինքն ամեն անգամ զայրացավ, փոթորկեց, բայց տխմար փաստերի ճնշման տակ հանդարտվելով՝ մտավ պարտքերի տակ:

Հա, Մանե, ինձ որ հարցնես, ինչե՜ր չէի կամենա՝ էլ հնաոճ կահույք, արվեստի գլուխգործոցներ, գրապահարանաներ, ինչ կինոնկարներում եմ տեսնում, գրքերում կարդում: Բայց այդ ամենը փող է, շա՜տ փող: Հրեն, հազար անունից շատ գիրք ունենք, ստիպված շարել ենք զգեստապահարանում: Բան է պետք գալիս, հնարավոր չէ գտնել: Չգտնելը՝ ոչինչ, ժամանակի ընթացքում մոռանում ես հեղինակներին, վերնագրերը: Էհ, Մանե, Մանե, ես ևս գիտեմ, որ երեխաներ են, վաղը կմեծանան, թող չամաչեն, թող նվագել կարողանանան: Երաժիշտ չեն դառնա, ճիշտ է, բայց դաշնամուրից վնաս չկա: Միայն նրա ներկայությունը տանն ինչ-որ բան փոխում է: Եվ մարդը նույնպես: Դաշնամուրն իր չէ և ոչ իսկ սովորական գործիք: Դաշնամուրն ավելին է: Այն իր ներկայությամբ զսպում է մարդուն, ու քո մեջ թաքնված մոլի կրքերը, պիղծ մտքերն ավելի խորքերն են իջնում: Իսկ երբ նվագում ես… Պարտադիր չէ, որ նվագել կարողանաս բառի իսկական իմաստով: Բավական է մատներդ դիպչեն ստեղներին, մաքրվում է շուրջդ, կապույտ երկինք ես տեսնում, կանաչ բլուրներ, իջվարող ջուր…

Գուցե Մանե՞ն է իրավացին: Ինչ իմանաս: Թե չէ սպասելով ու՞ր կհասնես: Հանկարծ ու լավ օրերը չգան: Մտքերի նման ընթացքից Մեսրոպը փափկեց: Պատրաստ էր զիջել: Գլուխը քարը՝ երկու հազարի փոխարեն թող երկու հազար երկու հարյուր լինի:

Կինը խոհանոցից դուրս չէր գալիս: Մեսրոպը կտրվեց բազմոցից: Մանեն արդուկ էր անում: դեմքից դժգոհությունը թափվում էր, վիճակ, որն ամուսինն ատելով ատում էր: Ի՞նչ եղավ քեզ: Կարծես միասին չենք տասը տարի ապրել: Հասկացանք, տան մասին ես մտահոգ: Բայց դու էլ իմ դրության մեջ մտիր: Որ շուկայից գալիս ես, թե՝ խնձոր չկարողացա առնել, թանկ էր, հեչ մտածե՞լ ես, վրաս ինչպես է ազդում: Հազար ամոթանք եմ ինձ տալիս: Այդպես էլ կա: Ի՞նչ ծնող եմ, որ երեխայիս համար երկու կիլո միրգ ի վիճակի չեմ գնել:

Պատահել է՝ ինքն է գնացել: Հարցնում ես առաջինի գինը, պատասխանը չլսած՝ փախչում: Նվաստացած ես զգում քեզ, ջախջախված: Թորշոմած, որդնկեր խնձորներ նույնպես լինում են: Առնում ես, թեև դու էլ, վաճառողն էլ գիտեք, որ ուտելու բան չէ: Մտաբերեց անեկդոտը. իր նման մեկը տռուզ խնձորները պլպլացնող մրգավաճառին հարցնում է արժեքը: Վերջինս նայում է նրան, կարմիր, շողշողուն մրգերին ու սպանիչ ծաղրով նետում՝ գնա, գնա, սրա առնողը քնից դեռ չի զարթնել: Ճիշտ որ: Ինքն իբրև լրացում կհավելի՝ դրա առնողը գին չի հարցնում: Իսկ դու, Մանե, եկել ում հետ ես ոտք մեկնում:

-Մանե:

Կինը նայեց Մեսրոպին: Սառնություն կար դեմքին: Ներսում գլուխ էր բարձրացնում դիմադրելու ցանկությունը:

-Բարձրացիր Հասմիկենց տուն:

-Պետքս չէ:

-Հիմա ես եմ ուզում, գնա:

Բառերը կարծր հնչեցին: Կինն զգաստացավ, նաև երկյուղեց: Փորձից գիտեր, նման պահերի ամուսնու հետ չհամաձայնել անկարելի է:

Մանեն գնաց: Մեսրոպը բազմոցում խրված՝ մթնդել էր: Համոզված էր, եթե հարևանը չտա, չունենա, միևնուն է, քարի տակից էլ կգտնի: Ու այդ կերպ կպատժի կնոջը: Բայց կպատժի՞ որ: Հերթական խաղերն են, Մեսրոպ, որոնք դու այդպես էլ չհասկացար: Կանանց հոգին յոթ շերտի տակ է, ու դեռ ոչ ոք վերջին ծալքին չի հասել, ուր մնաց դու՝ միամտի մեկը:

Մանեն ետ եկավ:

-Բերեցի՞ր:

-Հարյուր յոթանասուն ռուբլի:

-Երեխաների մսուրի վարձը դիր վրան: Վեց ռուբլի էլ իմ գրպանում կա:

-Գուցե պետք չէ՞, Մեսրոպ:

Ամուսինը հարցն անպատասխան թողեց:

Ավտոբուսում գրեթե չէին խոսում: Մռայլ եղանակ էր, ուր որ է անձրև էր գալու: Տունը, որտեղից վերցնելու էին, երկու թաղամաս այն կողմ էր: Սկզբում գնացին գրախանութ: Մարգոն ասել էր, որ միջնորդ կինն այնտեղ է աշխատում: Դուռը փակ էր: Ներսում երկու կին սեղան էին բացել: Թարխունի, կանաչ սոխի, ռեհանի շեղջի կողքին չորս-հինգ լոլիկ էին կարմրին տալիս, վաղահաս բողկ:

-Վատ չեն ապրում, -քրթմնջաց Մեսրոպը:

Կինը թակեց դուռը:

-Փակ է, փակ, -ներսից դժգոհ նետեց դեմհանդիման նստածը:

-Գեղեցիկին ենք ուզում, -դռան ճեղքից ձայնեց Մանեն:

Թիկունքով եղողը մատը տնկեց վերև:

-Տու՞ն գնաց:

Ներսից գլխով հաստատեցին: Մանեն պայուսակից հանեց հասցեն՝ իններորդ հարկ:

Մուտքից մտնելիս Մեսրոպը նկատեց աղբատնակում վազվզող առնետին: Ակամա կանգ առավ: Կրծողն զգաց մարդու ներկայությունը, կծկվեց և մի պահ նայեց Մեսրոպին, հետո վտանգ զգալով՝ արագ փախավ: Սրընթաց շարժումից շեղջից խշշոցով հող թափվեց: Ինչ-որ մեկը շինաղբ է լցրել աղբամուղը, -անցավ Մեսրոպի մտքով: Միջանցքում ցուրտ էր: Փշրված ապակիներով լուսամուտներից, մուտքի տեղահան դռնից քամի էր փչում: Հարթակը, երևում էր, վաղուց հավաքարար չէր տեսել: Վերջապես վերելակը եկավ: Մեսրոպն առաջինը կնոջը թողեց: Ամուսնու ասպետական քայլը Մանեի սիրտը շարժեց:

-Որ լավ չլինի, չենք առնի:

-Աղբ էլ լինի, կգնենք, - ասաց ու փոշմանեց. պետք չէ այդչափ դաժան լինել: Վերջին հաշվով կինն է, իր տասը տարվա կինը: Բայց ասվածն այլևս հետ չես բերի:

Դուռը քառասունհինգին մոտ տղամարդ բացեց:

-Բարև ձեզ: Գեղեցիկը տա՞նն է:

-Համեցեք, այո, -մարդը պատրաստակամ՝ հարյուր տարվա ծանոթի պես ձեռքը մեկնեց Մեսրոպին:

Խոհանոցից ընդառաջ եկավ մարմնի թարմությունը կորցրած մի կին՝ դեմքին լրջություն և հարցական հայացք:

-Մեզ Մարգոն է ուղարկել, -նեղվելով՝ շտապ վրա բերեց Մանեն:

-Թեյի սպասքի համար ենք եկել, -հավելեց Մեսրոպը:

-Հա, սերվի՜զը, -ծորուն արձագանքեց կինը: Կոպերի ներքո ժպիտ հայտնվեց, մսեղ մարմինը թուլացավ՝ ընդունելով բնական դիրք: -Խնդրեմ, նայեք: Փորձանք էր Մարգոն, փորձանք: Չկարծեք, թե մեջն օգուտ ունեմ: Շատ խնդրեց, ասի՝ օգնեմ, մոտիկ աղջիկ է: Հիմիկվա դրությամբ էլի հարյուր ուզող կա, չեմ տալիս: Մարգոն խնդրել է սպասել: Մի շաբաթ կլինի բանուգործ թողած սրա հետևից եմ ընկել:

Կինը կարկտի պես բառեր էր թափում: Մանեն կռացավ արկղին: Մեսրոպը շուրջը նայեց: Հյուրասենյակի պատին ծայրից ծայր գրադարակներ էին՝ լի տարակազմ գրքերով, բոլորը՝ նոփ-նոր: Տեսնես կարդացող կա՞, թե հենց այնպես, հնարավորություն ունի, բերում է:

Տանտերն առաջարկեց նստել: Չգիտես ինչու, Մեսրոպը խղճաց նրան: Երևում էր, նրա ու կնոջ ընտանեկան գոտեմարտը շատ կարճ էր տևել: Բազմոցին հասնելու համար Մեսրոպը պետք է առաջանար, մտներ հյուրասենյակ, կոխկռտեր հատակի «Էրեբունի» գորգը: Համոզված էր, իրենց գնալուց հետո տանտիրուհին լավ կմշակի, եթե ոչ կքոթակի ամուսնուն՝ անծանոթին կոշիկներով սենյակ առաջնորդելու համար: Կին արարած, քեզ այդ հաճույքը չեմ պատճառի:

-Շնորհակալություն, նստել չեմ ուզում: Քանի՞ սենյականոց է:

-Երկու՝ պատշգամբը չհաշված:

-Փակե՞լ եք:

-Այո, ուզում եք տեսնե՞լ:

-Կներեք, շտապում ենք:

Չէ, այս մարդու հետ չարժե դուք-ով խոսել:

Անունդ ինչպե՞ս է:

-Հրաչ:

-Հրաշալի անուն է:

-Աղջիկներիս անունները ես եմ դրել: Մեկինը Լիլիթ է, մյուսինը՝ Լուսինե:

-Լավ կլիներ ուրիշ անուն դնեիք:

Մարդը տարակուսանքով նայեց անկիրթ հյուրին:

-Թող մի քիչ առնական անուններ լինեին, ինչպես քոնը՝ Հրաչե: Հոյակապ անուն է, պատկառազդու:

-Ձերի անուննե՞րն ինչ են:

-Իմը ևս աղջիկներ են: Մեկինը Սոսե է, մյուսինը՝ Խանդութ:

-Իսկ եթե տղա ունենայի՞ք:

-Արամ կդնեի, Համազասպ, Հայկ, Թորգոմ, Վահան, Հրայր: Լավ անուններ շատ կան, թեև կարևորն անունը չէ, այլ՝ թե ով է այն կրում:

Գուցե ասածը խի՞ստ հնչեց: Չլինի՞ իր վրա առավ: Հրաչե, մի նեղսրտիր, այդքան միամիտ չեմ, որ քեզնից հերոսական արարք ակնկալեմ: Խաղաղ ապրիր քո իններորդ հարկում, դու նմանապես պետք ես աշխարհին:

Մանեն ճիշտ ժամանակին վրա հասավ.

-Մեսրոպ, չես ուզու՞մ տեսնել:

Կնոջ հայացքում անվճռականություն նկատեց. կողմնորոշվել էր կամենում:

-Հրեն, արկղին դրսի կողմից գինը խփած է, չասեք՝ խաբում եմ: Համ էլ դուք գիտեք, էնքան ուզող կա՜: էդ էլ Մարգոյի խաթեր եմ տալիս:

Ի սեր ծնողներիդ, լռիր: Ի՞նչ ես գին մատնացույց անում: Դու, եթե կամենաս, գինն էլ կփոխես, արկղն էլ, պիտակն ու սպասքն էլ: Բառ չարտասանած՝ գիտեմ, թե ով ես:

-Հավատում ենք: Սպասքն իրոք լավն է: Մենք վերցնում ենք:

Մանեն վերստին հաշվելով դրամը՝ մեկնեց կնոջը: Տանտիրուհին միանգամից փափկեց.

-Նստեք, սուրճ հյուրասիրեմ:

-Շնորհակալություն, հարկ չկա:

-Եթե բան-մանի կարիք ունենաք, եկեք: Տակի գրախանութում եմ աշխատում:

Մեսրոպը նայեց տանտիրոջը: Վերջինս հենվել խոհանոցի դռանը և, պատյանի մեջ քաշված, լսում էր միջանցքում հնչող անշունչ, սրտից չելնող բառերը: Ուզեց հրաժեշտի լավ, ջերմ խոսք գտնել, գլուխը ոչինչ չեկավ.

-Պինդ մնա, Հրաչե, -վերջին պահին ասաց, ամուր սեղմեց ձեռքը:

Մկանների պատասխան խաղ էր սպասում, սակայն՝ զուր: Ձեռքում կարծես սատկած ձուկ լիներ: Տունդ շեն, մի պինդ-պինդ, մարդավարի սեղմիր: Արիությունը սպանվել է ներսումդ: Թշնամանք էր զգում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ձեռք սեղմել չգիտեին: Մի տեսակ նողկանքի զգացում էր ունենում թթխմոր հիշեցնող ձեռքից: Թվում էր, եթե ամուր չսեղմի, կծորա մատների արանքից: Այդպիսիք Մեսրոպի համոզմամբ լավ մարդ չէին: Տրամաբանությունը, հարկավ, հուշում էր, որ դա ամենևին չափանիշ չէ, և բացառություններ ևս լինում էին, ինչպես տանտերը: Սակայն մի բան հաստատ է. նմանների ողնաշարն ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ կոտրել է, սպանել ձգտումը, նպատակը: Եթե դա էլ չէ, ուրեմն՝ արյունն է պաղել, պղտորվել, վախ առել, ծերացել:

Մեսրոպը հաճախ էր զննում մարդկանց՝ հարևանցի, որպեսզի չզգան, չնկատեն՝ լինի փողոցում, ժողովների ժամանակ, գինարբուքներում: Շատերը վախվորած հայացքներ ունեին, ինչը նկատելի էր մասնավորաբար դիմագծերում, մարմնի կառուցվածքում, քայլվածքի մեջ, անգամ ձեռագրերում: Ոմանք բնական կեցվածք չունեին, ինչը, ըստ էության, շարունակ զգաստ լինելուց էր, աներևույթ հայացքից զգուշանալուց: Շատ էր խղճում նմաններին, միաժամանակ՝ զայրանում: Զայրանում՝ նրանց անուժության, հոգեկան կորովի պակասի, անօգնականության վրա: Խղճում էր, որովհետև բոլորն էլ միայնակ էին, անօգ, անզոր, անկար ու անապավեն: Քանի՜ անգամ է օգնության հասել: Զարմանալի էություն ունի. միշտ տկարի, պարտվողի կողմն է անցնում: Գուցե ինքը նույնպե՞ս թույլ է և բնազդո՞վ է նեցուկ դառնում, որպեսզի մի օր էլ նրա՞նք թիկունք կանգնեն:

Մտաբերեց ուսանողական տարիները. հանրակացարանի Կարմիր անկյուն կոչվող սենյակում ժողով էր: Առաջին կուրսեցիներ ևս կային: Այդպիսիք հեռվից են նկատվում: Ուսխորհրդի նախագահը ինքնագոհ երիտասարդ էր: Մեսրոպն ատում էր նրան, թեև առնչություն չէր ունեցել: Պարզապես բնական թշնամանք էր զգում, գիտեր, որ տղայի կուրծքը ցից ման գալը կեղծ խաղ է, քաջությունը՝ ցուցք: Համոզված էր, դուրս պրծած աչքերը կռվի պահին առաջինը ետ կնայեն՝ արանք ճղելու համար: Նմաններին տեսել էր քաղաքի կենտրոնում, անծանոթ թաղերում շրջելիս: Պատերի տակով էին գնում՝ շան նման քսվելով, մինչդեռ հանրակացարանի մերձակայքում կտրիճ էին: Ու՞ր մնաց արիությունդ, շանորդի:

Ուսխորհրդի նախագահը կամենում էր սկսել ժողովը: Մտերիմները միջանցքում վիճում էին, աղմկում, ծխում: Դա նրան չէր անհանգստացնում, թեկուզև քանդեին հանրակացարանը: Նա գործ ուներ միայն Կարմիր անկյունում հավաքվածների հետ, ու ժողովը մի նպատակ ուներ. ցուցադրել իր ուժը, առավելությունը բոլոր առաջին կուրսեցիների, գիրք կարդացողների, չծխողների, իր հաշվով՝ անարժանների նկատմամբ: Կարգի հրավիրելուց հետո հայացքը պտտեցրեց ժամանածների վրա: Պլստան աչքերը կանգ առան առաջին շարքում նստած փոքրիկ-մոքրիկ ուսանողին:

-Ի՞նչ ես ոտքերդ չռել:

Վիրավորանքից տղայի դեմքն ամբողջովին կարմրեց: Վախը, սակայն, զայրույթից ուժգին, հիմնավոր էր նստած մարմնում, ու նա ոտքերն իրար մոտեցրեց, ապա, առանց հայացքը հատակից կտրելու, ինչ-որ բան ասաց, թե ինչ՝ Մեսրոպը չլսեց: Ուսխորհրդի նախագահը, հաղթությանը վստահ, շարունակեց նվաստացնել.

-Քեզ ասինք, հավաքվիր:

Մեսրոպն այլևս չհամբերեց. կպայթեր, եթե լուռ մնար:

-Նրա հետ գործ չունես, -ասաց, հայացքով շամփրեց կարմիր պաստառով ծածկված սեղանին կռթնած փոքրավոր պաշտոնյային:

-Քո բարեկա՞մն է:

Հարցը ծիծաղելի հնչեց: Պարզ երևում էր, դեպքերի նման շրջադարձից նա կորցրել էր ինքնավստահությունը: Բոլորի հայացքներն ուղղվեցին պատշգամբ տանող դռան շրջանակին հենված Մեսրոպին:

-Կարևոր չէ, -պատասխանն այս անգամ նույն կարծրությունը չուներ:

-ժողով է, չասե՞մ ուղիղ նստիր:

-Գուցե ի՞նձ էլ ասես, -նետեց ու, առանց դիրքը փոխելու, թևքերը խաչած նայեց դիմացինի աչքերին:

Մարմինը դողում էր, ոտքերը զսպանակվել էին: Գիտեր՝ վճռական պահն է մոտենում, և դիմացինի պատասխանից է կախված դեպքերի հետագա ընթացքը:

Անհողդողդ հայացքը, խաչած դաստակները, ոստյունի պատրաստ ոտքերն իրենցն արին:

-Ընկեր, թող ժողովն սկսեմ:

-Չեմ խանգարի:

Ներկաների զննող հայացքի տակ դուրս եկավ: Լավ չէր զգում: Լիցքաթափվել էր: Տեսնում էր, որ օտար մարդ է այդտեղ: Վերջին պահին աչքը գցեց առաջին կուրսեցուն: Պատանին հայացքը թեքել, պատուհանն էր ուսումնասիրում: Ակնհայտորեն ամաչում էր. ուրիշն էր պատիվը փրկել: Միաժամանկ գլխի էր ընկել, որ ինքն ընդամենը առիթ է, որ անսպասելի հայտնված պաշտպանն այլ պատճառ ուներ կռվի և նույնքան, եթե ոչ ավելի դաժան է:

Դրսում անձրև էր՝ մանրակաթիլ, միապաղաղ:

-Մեսրոպ, տաքի նստենք: Մի ռուբլի ունեմ:

Չէր կամենում խոսել: Ի՞նչ ասի: Եթե բերանը բացեց, նորից կկոպտի: Մանե, ու՞ր ես փող չունեցողին մտաբերել տալիս իր թշվառությունը: Ասենք թե դրանով տուն հասանք, հետո՞: Վաղն ի՞նչ ենք անելու, մյուս օրը... Գիտեմ՝ իմ մասին ես մտածում, խիղճդ տանջում է, որ ահագին տարողությունը գրկած տանում եմ: Ուզում ես ինչ-որ բանով օգնել: Հոգուդ խորքում վստահ ես, որ մեղավորը դու ես: Այսինքն՝ դու նույնպես մեղք չունես: Մանե, իմ խեղճ կին: Հիշեց Ջոնիի խոսքերը՝ ինչ-որ տեղ մի բան սխալ է: Ընդհակառակ՝ ինչ-որ տեղ մի բանը ճիշտ է: Ճիշտ: Կյանքի օրենքն է դա, որը հարկ է մեկընդմիշտ հիշել: Խեղճն ու թույլը թող իրենց մեջ փնտրեն պատճառը: Ուրեմն՝ նրանք իսկապես անկար են՝ արժանի կյանքում այդպիսին լինելու: Ասվածը թե մարդուն է վերաբերում ու թե բնության մյուս արարածներին և ազգերին: Հապա ի՞նչ: Ու՞մ մեղադրի ինքը՝ առուծախ անող կնո՞ջը, քննիչ հարևանի՞ն, թե՞ մանկավարժական ինստիտուտի դասախոսին, ովքեր գտել են ապրելու կերպը, տուն են պահում: Որտե՞ղ էր սխալը, սիրելի Սարոյան, որ քո ծնողները, թողած հայրենիքը, իրենց վաղնջական հողը, հասել էին հեռավոր Ֆրեզնո: Գոյության կռվում քո ժողովուրդն ինչու՞ թույլ գտնվեց, դարձավ անզոր ու մորթվեց՝ բառի իսկական իմաստով: Պատմությունը քանի՞ անգամ պիտի դաս տա, սովորեցնի: Հերիք չէ՞ ապավինենք ուրիշներին ու մեղքն այլոց վրա բարդենք: Օտարն ի՞նչ անի, ինչու՞ անի, երբ ցեց է ընկել մեջներս ու մեզ է ուտում: «Եթե սա այսպես լիներ, եթե նա այնպես աներ...»: Միայն խոսել գիտենք:

Ավտոբուսում արկղը տեղավորեց ազատ նստարանին:

-Մեսրոպ, ցնցումից կջարդվի, տուր ծնկներիս դնեմ:

-Զգույշ կլինեմ, անհոգ մնա:

Ինքն է բերել, ինքն էլ կհասցնի տուն: Թողնեմ դնես ծնկներիդ... Դա էր պակաս: Ու պատկերացրեց Մանեին՝ արկղը գրկած: Ի՜նչ անճարակ տեսք կունենա: Նայողն ի՞նչ կմտածի: Ով՝ ով, բայց դու չպետք է խեղճ լինես, Մանե: Հպարտ, հպարտ: Գլուխդ միշտ բարձր: Հպարտությունն այսօր մեզ շատ է պետք: Բոլորիս: Իզուր տաքսի չնստեցին: Ճշմարիտն էլի Մանեն է. գործնական ուղեղ ունի: Ոչինչ, որ փող չմնաց: Երկու օր անց աշխատավարձ կստանա: Առաջինը մանկապարտեզի վարձը կմուծեն, հետո...

Կանգառից տուն կլիներ երկու հարյուր մետր: Մանեն առջևից էր ընթանում, Մեսրոպը՝ ետքից: Անձրևն ուժգնացել էր: Տունը բարձունքի վրա էր, թաղամասը՝ նոր, անբարեկարգ, անբարետես: Գոնե վերև տանող աստիճաններ լինեին: Մեսրոպը շրջանցում էր խանդակները, աղբակույտերը, աշխատում չգայթել: Մանեն ստեպ-ստեպ շրջվում էր, մեղքող հայացքով նայում թիկունքից եկող ամուսնուն:

Համառն ես, հա, Մեսրոպ: Ուրիշ կին չէր դիմանա, վաղուց լքած կլիներ: Դու էլ, քո բարդույթներն էլ: Վառեցիր խեղճ աղջկան:

Մնում էր քառասուն-հիսուն քայլ: Արկղը, որ սկզբում թեթև էր թվում, ծանրացել, քաշում էր ցած: Չարժե դադար առնել, կդիմանա մինչև շենք: Լպրծուն կավահողը դժվարացնում էր քայլելը: Արահետի վրա մետաղյա ժանգակեր խողովակ կար ընկած: Մեսրոպը, չդիպչելու համար, սովորականից մեծ քայլ արեց: Ետևի ոտքը սահեց: Անկումը կանխելու նպատակով ինքնաբերաբար առջևինն արագ իջեցրեց, սակայն ջրիկ կավահողը վատ հենարան էր: Չզգաց ինչպես, բերանքսիվայր ընկավ: Անկման ժամանակ արկղը չթողեց: Հակառակի պես խողովակի ծուռ ծայրը տակից առավ արկղին: Մեսրոպի ականջին հասան ճենապակու խշրտոցը և ստվարաթղթի խուլ պատռվելը:

Աղմուկի վրա Մանեն շրջվեց: Ամուսինը հասցրել էր ոտքի ելնել: Տաբատին կավագույն ցեխ էր կպած: Կինը վրա հասավ, բացեց արկղը: Քանդեց փաթեթը: Մեսրոպին թվաց, թե չի ջարդվել, բայց երբ Մանեն թուղթը լրիվ բացեց, պնակը երկու կես եղավ: Մի կեսն ընկավ արկղի մեջ: Մանեն ձեռքը երկրորդ ափսեին մեկնեց: Նույնն էր: Կնոջ աչքերին արտասուքներ հայտնվեցին։ Հեկեկում էր, ողջ կտոր գտնելու հույսով խառնշտորում արկղը: Մեսրոպն անիմաստ հետևում էր կնոջ շարժումներին:

Կարագամանն ու թեյի երկու ափսեները չէին փշրվել: Մեծ թեյնիկի միայն կանթն ու պռունկն էին թռել, մեղրամանի կափարիչը չկար: Մնացյալ սպասքը փշուր-փշուր էր եղել:

Մեսրոպը բռնեց Մանեի ուսերից, ոտքի կանգնեցրեց:

-Մի լա, նորը կառնեմ:

Բառերը տաք հնչեցին, սրտաբուխ: Մանեն փղձկալով փլվեց ամուսնու պարանոցին:

Գարնանային անձրևը թափվում էր, հա թափվում: Նրանց ոտքերի տակ տամկած արկղն էր:


    

«Միայնակ զինվոր» շարքից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3655 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ