Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Գերեզմանատուն, որը շատ գիտնականների ուսումնասիրության տեսադաշտում է գտնվում

22:20, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Գերեզմանատուն, որը շատ գիտնականների ուսումնասիրության տեսադաշտում է գտնվում

Հայաստանում գտվում է մի գերեզմանատուն, որը շատ գիտնականների ուսումնասիրության տեսադաշտում է գտնվում: Գերեզմանատուն, որ շատ տուրիսների է հետաքրքրել և շատ հրեաններ այցելում են Հայաստան միայն այն պատճառով, որ ցանկանում են տեսնել այդ գերեզմանատունը:

Դա Հրեական գերեզմանատուն է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի տարածքում, Արփա գետի վտակ Եղեգիսի ձախ ափին։ Զբաղեցնում է 1550 մ² տարածք։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է ընդամենը 26 կմ։
    
    

Գերեզմանատան տապանաքարերը հայտնաբերվել են 1997-98 թվականներին։ Դրանք հավաքվել և գերեզմանատան ներկայիս տարածքում տեղադրվել են ՀՀ մշակույթի նախարարության և հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի (այդ ժամանակ) ջանքերով։ Հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարեր և ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։ Ըստ Երուսաղեմի փորձագետների դրանք ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն, դրանցից որոշներն էլ թվագրվում են 13-րդ դարին։ Մինչև գերեզմանատան հայտնաբերումը միջնադարյան Հայաստանում հրեական համայնքի գոյության մասին վկայություններ չկային. դրանցից ճանաչվածները վերաբերում են Ք. ա. 1-ին դարին (Մովսես Խորենացի և Փավստոս Բյուզանդ) ։ Եղեգիսի գերեզմանատունն իր մեջ ներառող հրեական բնակավայրը մի նոր պատմական փաստ է, իսկ տապանաքարերի արձանագրությունները՝ նոր վկայություններ։ Վերջինս բացահայտում է նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը և գալիս է փաստելու Վայոց ձոր մարզի բնակչության բազմազգությունը։ տապանաքարերի արձանագրությունները վերծանելու համար պայմանագիր է կնքվել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության Ինստիտուտի հետ, որպես հնագիտության ղեկավարներ են նշանակվել Հուսիկ Մելքոնյանը Հայաստանից և Դավիթ Ամիթը՝ Երուսաղեմից։ 2000-2003 թվականներին արշավախմբեր ուղարկվեցին Հայաստան, որոնց աշխատանքները հովանավորում էին արևելյան Հրեական Համայնքների հետազոտության Բեն-Ծվի ինստիտուտը, Երուսաղեմի հրեական համալսարանը, Իսրայելի հնագիտական կենտրոնը, Չարլզ և Ագնես Ղազարյան մշտական հիմնադրամը, Աստվածաբանական հնագիտության հիմնադրամը, Դիրբոնի Միչիգանի համալսարանի հայկական հետազոտական կենտրոնը, Դավիթ Զեսելսոն հիմնադրամը և Իսրայելի ճշգրիտ և հումանիտար գիտությունների ակադեմիան՝ Մայքլ Սթոնի տնօրինությամբ։ Ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքի անհետացման հանգամանքները։
    
    

Եղեգիս գյուղի տարածքում հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարեր և ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։

Դրանցից 43-ը գտնվում էին գերեզմանատան տարածքում։ Սակայն ավելի մեծ թիվ էին կազմում երկրորդական օգտագործման նպատակով այնտեղից դուրս տարվածները, որոնք պեղվել են գերեզմանատան համեմատությամբ փոքր-ինչ ավելի նոր կառույցներում։Առնվազն 8 տապանաքարեր էլ ծառայել են որպես Եղեգիսի կամրջի հիմնաքարեր։ Դրանք դեռևս չեն ուսումնասիրվել։ Տապանաքարերի մեծ մասը ունի կլոր սյան ձև՝ մի կողմը հարթ։ Գերեզմանատանը ննջեցյալներին դնում էին հողի մեջ, ծածկում սալաքարերով, իսկ տապանաքարերը դրվում էին սալաքարերի վրա։ Որոշ տապանաքարեր երկար են և պետք է, որ բավական ծանր լինեն։ Դրանցից որոշներն ունեն զարդանախշեր։ Այդ զարդանախշերի նման նախշեր կան նաև Եղեգիսում նույն ժամանակաշրջանի եկեղեցու գերեզմանատան սյունաձև տապանաքարերի վրա։ Հայտնի է, որ 13-րդ դարում Եղեգիսը եղել է Սյունյաց Օրբելյան իշխանների «մայրաքաղաքը»: Եկեղեցու բակի գերեզմանատունը պատկանել է հենց Օրբելյան իշխաններին: Այս ազնվականների տապանաքարերն իրենց տեսքով, մշակմամբ և ձևավորմամբ նման են հրեական տապանաքարերին։ Ե՛վ Օրբելյանների, և՛ հրեական գերեզմանատան քարերն ունեն նույն երկրաբանական առանձնահատկությունները և հավանաբար բերված են նույն քարհանքից։ Երկու գերեզմանատների քարերն էլ տաշվել են նույն արհեստանոցում և նույն արհեստավորների կողմից։ Հրեաների համար պատրաստված տապանաքարերն իրենց ձևով ու չափով պակաս տպավորիչ չեն ազնվական ընտանիքի համար պատրաստված տապանաքարերի համեմատությամբ։ Հրեական ու հայկական տապանաքարերի նույն տեսքն ու ձևավորումը հավաստում են այն մասին, որ հրեական համայնքը բավականին երկար ժամանակ գոյություն է ունեցել այդ տարածքում ու յուրացրել է տեղական մշակույթի որոշակի նորմեր։

Տապանաքարերի վրա բավականին հարուստ են գեղազարդային տարրերը։ Առկա են ինչպես զուտ գեղազարդային, երկրաչափական ձևավորումներ, այնպես էլ պատկերավոր զարդանախշեր։ Այնուամենայնիվ դրանցից և ոչ մեկը չի կարելի զուտ քրիստոնեական համարել։ Գլխամասային ձևավորումները վարդաքանդակներ, միահյուսվածքներ ու պտտվող վարդաքանդակներ են։ Այս երեք զարդանախշային տարրերն առկա են հնագույն հրեական արվեստում։ Մեկ երկրաչափական անկյունային «անվերջության» նշան է օգտագործված և՛ հրեական, և՛ Օրբելյանների տապանաքարերում։ Միայն մեկ կենդանական պատկեր կրող տապանաքար կա, որի երկու կողմերը վեց կտորների են բաժանված։ Դրանցից երեքն իրենց վրա զարդանախշեր են կրում՝ վարդաքանդակներ, պտտվող վարդաքանդակներ ու միահյուսվածքներ, իսկ մյուս երեքը՝ կենդանական պատկերներ՝ արծիվ, ցուլ և առյուծ։ Նշված երեք կենդանիները հատուկ են հրեական հնագույն արվեստին, և դրանք անշուշտ Եզեկիելի առաջին գլխում թվարկվող Չերուբների երեք դեմքերն են։ Չորրորդ՝ մարդկային դեմքը հրեական տապանաքարի վրա չկա՝ հավանաբար կապված Երկրորդ Պատվիրանի հետ։ Հայերի մոտ պտտվող վարդաքանդակը հավերժության ու հավերժական կյանքի խորհրդանիշ է համարվում։ Այն իր հատկանշական տեղն ունի Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Հրեական տապանաքարերի արձանագրություններն արվել են զարդանախշերի քանդակումից հետո։ Տապանաքարերի վրայի մոտ 20 արձանագրություններ, բացի երկու արամեերեն արձանագրություններից, վերծանվել են։ Արձանագրությունները վկայում են աստվածաշնչյան տեքստերի ու նաև Միդրաշիմ ու Ռաբբիական այլ աղբյուրներից մեզ հայտնի ավանդույթների իմացության մասին։ Հայտնաբերվել են նաև մեջբերումներ կրոնական ծիսակարգերից։ Նշմարելի են շատ կայուն բառակապակցություններ, որոնք հատուկ են և՛ արևելյան, և՛ արևմտյան հրեական տապանաքարերին, դրանցից շատերում օգտագործվում են ընդունված հապավումներ։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նրանք ոչ թե Կարաիտներ (Ղրիմի տարածքի հրեաներ), այլ Ռաբինիթ հրեաներ են։ Նշյալ հապավումներն ու բառակապակցություններն առկա են հրեական ավանդույթում, և որոշ արձանագրություններ ոչ թե ուղղակի մահվան կամ հողին հանձնման տվյալներ են, այլ երախտագիտության արժանի գեղարվեստական շարադրանքներ։


     «Թող Տերը իր դրախտային պարտեզի յոթ կարգի բարեպաշտների և արդարամիտների հետ միասին ների և կարեկցի, գթասիրտ լինի առաքինի հոգու, արժանի երիտասարդի՝ սիրելի (ցանկալի) և ... Ծվիի նկատմամբ: Քո մահը կապրի, հոգիդ կհամբարձվի, կարթնանա և ուրախությամբ կերգի, օ, փոշու մեջ բնակվողներ: Ձեր արցունքի կաթիլը մի պայծառ կաթիլ է: Եվ Աստվածը, Իսրայելի Աստվածը վեր բարձրացրեց նրան: Նա ապաստան կտա նրան... և որպես աստծո հրեշտակ՝ իր հոգով, իր մաքրությամբ և սուրբ մարմնով: Ինչպես ասվում է, նրանք կապրեն ձեր արցունքի կաթիլում և երկիրը կբերի կյանքին ստվերներ»:


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2736 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ