Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարօրինակ Դիոգենեսը

20:30, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Տարօրինակ Դիոգենեսը

Նա ցինիզմի դպրոցի հիմնադիր Անտիսթենեսի աշակերտներից ամենահռչակավորն է, որն իր հերթին եղել է Գորգիասի աշակերտն ու Սոկրատեսի հետևորդը:

Նրա կյանքի, գրվածքների, իսկական ուսմունքի մասին քիչ բան է հայտնի: Նրա առանձնահատուկ փիլիսոփայության, ճակատագրի և անսովոր գաղափարների մասին տեղեկությունները առասպելախառն են. նրան է վերագրվում հազար ու մի սխրանք, հազար ու մի արտահայտություն: Նրա մասին մեզ հասած ամենալուրջ աղբյուրը «Դիոգենես Լաերսցի երևելի փիլիսոփայի կյանքն ու վարդապետությունը» (3-րդ դար) մոնումենտալ աշխատությունն է:


    

Ասում են, թե իր ապագայի մասին տեղեկություն ստանալու համար հարցում անելով Ապոլոնի պատգամախոսին` նա ստանում է հետևյալ զարմանալի պատասխանը. «Դառնալու ես դրամանենգ»: Դիոգենեսը տառացիորեն հետևում է այս խորհրդին: Եվ, ահա, այս երիտասարդ փառասերը մարզվում է իր հոր` Հիսեսիասի արհեստում, պատրաստում է կեղծ դրամներ, բայց հոր և որդու բախտը չի բերում, և նրանք ստիպված են լինում փախչել:

Աքսորյալ դառնալու համար իրեն հանդիմանողներին նա պատասխանել է. «Հենց այս աքսորի շնորհիվ է, որ ես սկսեցի փիլիսոփայել»:

Մայրաքաղաք (Աթենք) գալուց որոշ ժամանակ անց, մի մարագում հանգստանալիս, Դիոգենեսը հանկարծակի հայտնաբերում է կյանքի գաղտնիքը, երբ ուշադիր հետևում է մի մկան գործողություններին: Նա արձանագրում է, որ կենդանին լիովին ազատ անցուդարձ է անում, ուտում է այն, ինչ գտնում է իր ճանապարհին, քնում է՝ ուր որ պատահի և ինչքան ուզի՝ համաձայն իր բնույթի ու իր հաճույքի: Ահա՛, ասում է նա ինքն իրեն, թե ինչպես կարող է ինքն ազատ ապրել և գոհանալ եղածով՝ առանց անդամագրվելու քաղաքակրթության սահմանումներին կամ հնազանդվելու հզորների կամքին:

Բոկոտն փիլիսոփան

Ապրելով չքավորի նման` Դիոգենեսն առաջինն է եղել, որ խնամքով ծալել է իր վերարկուն, որովհետև նա քնելիս դրանով է փաթաթվել: Նա է մտցրել նաև մախաղ բռնելու սովորույթը, որից կախել է իր սնունդն ու անձնական իրերը դեգերումների ընթացքում:

Ձմեռային ապաստանի համար մի բարեկամ նրան կացարան է խոստանում, բայց խոստումը կատարելն ուշացնում է, և Դիոգենեսը կացարան է ընտրում Ագորայից ոչ հեռու գտնվող Սիբելի տաճարի կողքին գտնվող «տակառը», որն իրականում իրենից ներկայացնում էր հացահատիկի մի մեծ կարաս:

Ծայրահեղ աղքատությունը, սակայն, փիլիսոփային չի խոչընդոտում իր ամենակծու պերճախոսությունը գործադրել ուրիշներին ծաղրելու, ուրիշների հանդեպ ամբարտավանանալու համար: Նա չի խնայել Էվկլիդեսին և նրա «մաղձոտ մաթեմատիկոսների» դպրոցը, իսկ Պլատոնի դասախոսությունները լսելն համարել է «ժամանակի վատնում»: Ինչ վերաբերում է Դիոնիսոսի պատվին կատարվող սրբազան ծեսերին, ապա նա դրանք անվանել է «ամբոխավարների ու ամբոխի խփնված ծառաների ներկայացումներ»:

Նա ասել է, թե մարդկանցից ամենախելացիները բժիշկներն են, ծովագնացները և տաղանդավոր փիլիսոփաները, իսկ գուշակները, պայծառատեսները, երազահաններն ու նրանց օգնությանը դիմողները մարդկային ցեղի ամենահիմար տեսակներն են: Նա արհամարել է նաև իրենց հարստությամբ հրճվող մարդկանց` պնդելով, որ այս աշխարհում գոյատևելու համար բավական է մի քիչ ըմբռնողություն, իսկ երկրից արժանապատվորեն վերանալու համար՝ ընդամենը պարան:

Դիոգենեսը նաև սիրել է խոսքով գրգռել իրեն այցի եկած փիլիսոփաներին, և առիթը բաց չի թողել խայթելու հատկապես Պլատոնին, որին նա համարել է անուղղելի դատարկաբան: Մի օր նա նրանից գինի ու թուզ է խնդրում: Հարուստ Պլատոնը նրան մի մեծ սափոր գինի է ուղարկում, բայց մոռանում է թուզ ուղարկել: Դիոգենեսը չի հապաղում ասել. «Դու խնդրածից ավելին չես տալիս ու չես լսում քեզ ուղղված խոսքն ամբողջությամբ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8569 | 0 | 0
Facebook