Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:17, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
     ԼՈՒՅՍԸ


     Եվ իմ մենության փութանցիկ ժամին
     աշքերիս շուրջը լույսն ահագնանում,
     լույսը շրջվում, գնում է երկինք։

Գնում է վարձ տա ու վերադառնա,
     գնում է աստղի ընթացքը իր մեջ կարգավորելու,
     գնում է հողին բազմաբեղուն օր հայցելու համար։

Նրան ուղեկցող աչքերիս շոգը
     պարզում է նրան
     առավոտների ու առատության գունանկարներ։

Նա գնաց հուշի ու պայծառացման մենանվագով-
     կանայք ասում են – զարդ ուներ կրծքին,
     նա գնաց ցավի ու թռչունների երգեցիկ ձայնով,
     կանայք ասում են – վիշտ ուներ դեմքին։

Նրան ուղեկցող ծառը նվիրեց խնձորի արյուն,
     կանայք ասում են – շատ էր գեղեցիկ,
     նրան ընդառաջ գնացող լեռը
     իր դեմքն հիշելու մոգություն տվեց –
     կանայք ասում են – շատ էր ահարկու,
     հյուրընկալելու պատրաստ խաղողը
     գինու թովչանքը նրա հետ դրեց –
     կանայք ասում են – շատ էր ոգելից:


    

ԱՍՏԵՂՆԱԳՈՐԾԻՐ

Ասեղնագործիր մանկան անունը
     կանաչ դաշտի մեջ
     ու պսակազարդ դափնին մոտեցրու նրա մազերին:
     Նրան տուր ծաղկի գեղեցկությունը,
     ծաղկի անունը պահիր երկնքում,
     ու ծաղկի նման հավիտենության ներսում սրբացիր:

Տուր նրան բառը,
     որ զույգ ձեռքերով գրկելուց հետո միայն թոթովի,
     ու քեզ ընծայի այն հրաշք բառը,
     որ դու երազում ասեղնագործել ցանկացար մի պահ:

Ի՜նչ զնգուն ձայն է լցվել դաշտի մեջ,
     ի՜նչ մանրիկ ծիծաղ,
     շուրթերի խաղը տալիս է հիմա բազմաբեղուն օր,
     իսկ դու կարող ես ընթացքը որսալ գույների խաղով.
     ասել — կարմիրը շատ է կամակոր թռչունի ներսում,
     ասել — կապույտը շատ է լեզվանի ջրերի ձեռքում,
     ասել — ցորենը դեղնակտուց է ու շատ սիրելի,
     իսկ սևը՝ լեռան հավիտենության նշանն է միայն:
     Ասեղնագործիր մանկան շշուկը
     քո դեմքի վրա,
     ու ծառից խնդրիր՝ յոթերորդ ճյուղի պտուղը տա քեզ:

* * *

Եվ զարդարիր պատկերը քո
     հիշողության տարերքի մեջ,
     և ձայն փնտրիր, որ ուղեկցի քեզ ամենուր։
     որ ամենուր լինի ձայնդ` իբրև խմբերգ,
     որ ամենուր լինի աչքդ` հանց ծիսարան,
     որ ամենուր լինի քամին` հանց խաղընկեր,
     որ զրույցներ թերթես` իբրև սաղմոսարան։

Եվ թող ձայնը լսվի խորքից`
     տաղարանից, պաղ մատյանից
     և հուշերի զարդատուփից։

Եվ երբ օրը մի պահ մտնի հանդերձարան,
     և երբ կանայք լսեն բառեր հիշատակի,
     և երբ հողը ծառզարդարի պատրանք բերի,
     և աղջիկը գտնի արյան հիշողություն-
     թող ծաղիկներ լինեն շուրջը ու հարսանիք,
     թող ծառերը լինեն զարդը արդարների,
     բերի հոգին, ի հիշատակ մեռյալների,
     ի հշատակ հնձված դաշտի
     ու հնձվորի:

ՈՒԺԸ
     Օ, մուտքը բաց է
     Աշխարհի, սիրո ու դատաստանի,
     իսկ ես ընծաներ ունեմ տեսիլքը սանձահարելու:
     Ամենավերջում կանգնած է ուժը
     իր առանձնության և իր սկզբի ձայնանիշերով:
     Հազարապետը կարող է նրա աչքից վրիպել,
     և թագավորը կարող է ողբալ ազատության մեջ:
     ուժը, որ ունի բառի գրագետ ուղղագրություն,
     բառամթերքի հարուստ զինանոց,
     չարը սաստելու հզոր վերջապահ:
     Քառասուն օր է ավետարան է ընթերցում քամին,
     քառասուն օր է մարգարեները ասում են, լռիր, -
     օ, մութը բաց է
     աշխարհի, սիրո ու դատաստանի:
     Իսկ ես ընծաներ ունեմ տեսիլքը սանձահարելու:
     ու հավաքվում են բարձրագույն դռան քարոզիչները՝
     աղմուկ, աղաղակ, հետո կնոջը սիրահետող ձայն,
     հետո երկփեղկված դռների վրա գրում են գրեր,
     ու երբ սատանան ընթերցում է լուռ-
     խելագարի է փախուստը նրա:
     Իսկ ես լսում եմ ինչ-որ խոհերի չարագուշակ ձայն,
     որն ինձ հուշում է, թե Ուժը դու ես,
     դու ես կանգնելու
     և արևելքից մինչև արևմուտք ձայնելու՝
     -երգեք ու փառաբանեք երկնքի գույնը,
     մարդու հասակը, կնոջ գալուստի յոթերորդ օրը:

* * *

Ես եմ ծնվել, ես կլինեմ այս աշխարհից հեռացողը,
     Թեև կյանքը հեռացումն է մեր մտքերի կշտամբանքից,
     Բայց մարդկային լեզուն նաև խրատներ է ուզում հողից,
     Մինչև այսօր հավատալով, որ դեռ կգա հասկացողը։

Անիրական արցունքի պես թափառում ենք գիշեր ու զօր`
     Հավատալով, որ չի մեռնի մեր աչքերի գուրգուրածը,
     Թռչունները հագնում են սև, իսկ դաշտերը կարմիր հագած,
     Սպասում են կարոտի մեջ, որ հագնվի այգաբացը։

ՈՒ շվարած ես էլ անցա իմ դաշտերին հավատալով,
     Ծիածանի առողջությամբ մրափելով կապույտի մեջ,
     Որոնելով այն երկինքը, որ քնում է կալերի մոտ։

Եվ ինձ կարծես հավատալով շրթունքներս պաշարվեցին,
     Եվ լեռների հոգնած շղթան հարմարեցրի պարանոցիս,
     Մատնելով իմ տագնապները ինքնամեծար վերջալույսին։

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3680 | 0 | 0
Facebook