Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:23, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

, , ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ, ,
    
     ԲԱՆ ԿԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, ով որ առնի այս համեստ մատյանի մաղթանքների սպեղանին,
     Նրանով աղոթելու համար, եթե այդպիսին մեղավոր է մի՝
     Ե՛ս էլ թող նրան մասնակից լինեմ իմ այս խոսքերով.
     Իսկ եթե երբեք լինի ոմն արդար այր աղոթարկու,
     Ես էլ նրա հետ թող այս մատյանով գտնեմ գթություն:
     Եվ ապա, եթե այդպիսին իրեն զգա երջանիկ, ինձ համարելով միայն եղկելի,
     Այդ նույնը նաև հաստատում եմ ե՛ս,
     Բայց նա էլ հիշի թող Սողոմոնին և այս հոգեշունչ խոսքերը նրա, –
     «Ո՜վ վստահորեն կարող է ասել, թե ունի սուրբ սիրտ,
     Եվ կամ պարծենալ, թե մաքուր է մեղքերից» .
     Եվ թե՝ «Չի եղել երկրածին մի մարդ՝ զերծ իրեն համար պատասխան տալուց» .
     Ինչպես և ոչ ոք՝ հաղթող համարված՝ ինքնարշավ վազքով,
     Եթե մինչև իսկ ունենա թևեր նա բարձրաթռիչ:
     Ուստի նաև նա՛ թող զգուշանա, երկյուղ կրելով,
     Որ հաստատ վեմի վրա է նույնիսկ, Պողոսից ուսած.
     Որպեսզի միգուցե գետին ընկնելով՝
     Նմանվի այս իրավադատ կանոնը սահմանողին:
     Այլ նույնիսկ և նա՛, որ մաքուր է, թող այս կշտամբանքը դաս անի իրեն,
     Չիջնելու համար անխոհեմ կերպով իր բարձրությունից.
     Իսկ պատժապարտն էլ թող ընդունի այն՝ առիթ ազատության:
     Որով հոգևոր մահվան կործանումից վեր բարձրանալով՝ ապրի լիահույս:
     Իսկ ինձ համար այս պատգամները թող լինեն փորագրված արձանագրություն
     հավերժ անեղծանելի,
     Որ իմ եղկելի և մահկանացու անձի փոխարեն՝
     Հեծության, լացի անդադար հնչմամբ, առանց լռելու միշտ աղաղակի:
     Եվ թող որ լինի, որ բեկբեկված ոսկորներս
     հողապատյան շիրմի ծածկույթի տակ
     Անմռունչ ձայնով՝ խոստովանական այս աղոթքներս եղանակեն.
     Ինչպես և հողում լուծված մարմինս անլուր բարբառով
     Այս պաղատանքներս թող որ առաքի քեզ՝ ծածկատեսիդ․․․:

Դ

Զի եթե շտապի չարն այժմ ևեթ, առաջ քան օրը կատարածի,
     Եվ պատրաստի ինձ համար անելանելի արգելարան,
     Ես տերունական աղոթքն իմ կուղղեմ նրա դեմ, որպես մահացու հարված.
     Եթե կարենա ինձ գցել գետին,
     Արարչին արած իմ ծնրադրությամբ նրան կխոցեմ.
     Եթե հաջողի երկրի մոխրի մեջ գլորել նա ինձ,
     Աստուծո երեսնիվայր ընկնելը թող հալածի նրան.
     Եթե տանջալից ցավեր նյութե ինձ,
     Աշխարհի փրկչի քրտինքը առատ արյամբ շաղախված՝ թող նեղի նրան.
     Եթե շունչս նա պատանդ վերցնի, որպեսզի բարի ճամփով չընթանամ՝
     Ամենաստեղծի կապանքը թող ինձ ազատ արձակի.
     Եթե բռնադատի ինձ ուրանալու լույսի պարգևները,
     Համբերությունդ՝ աստվածամարտների հայհոյության դեմ՝
     Թող որ նրան էլ նրանց հետ մեկտեղ պապանձեցնի.
     Եթե գաղտնապես հարված հասցնող զենքերի նետեր արձակի վրաս,
     Կապարճների հոր շքեղ աղեղի խոցող սլաքը թող դիպչի նրան.
     Եթե խավարած լույսի շղարշով անամոթաμար աչքիս մեջ մտնի,
     Ամենակատարյալի ծածկված գլխի կռփահարումը թող տանջի նրան.
     Եթե մոլեգնի ձեռքիս վստահությունը կաշկանդել,
     Թող ստեղծողի ձեռքը տրված եղեգնը չարչարելով նրան լռեցնի.
     Եթե անամոթ ծաղր ու ծիծաղով ինձ հետ կատակի,
     Ամենազորի՝ ծաղրանք տանելը թող հեգնի նրան.
     Եթե պես-պես հուռութքների բժժանքով խորամանկի,
     Հզոր Աստուծո երեսին տրված ապտակը նրան ամաչեցնի թող.
     Եթե գիշերվա մութը իջնելիս խաμեության խավարով կռվի լկտիաբար,
     Տե՜ր, լույսիդ պայծառ ճառագայթման հետ՝ թող խայտառակվի.
     Եթե հավակնի, թե կկարենա փորձությունների արեգակնակեզ
     Վատնիչ խորշակի կեսօրվա տապով ինձ բոլորովին արմատից խախտել,
     Թող քո լուսեղեն նշանի զորությամμ արմատախիլ՝ չորանա.
     Եթե փորձի նա փչումով տրված շնորհից ինձ զրկել.
     Այն թուքը, որ մեղավորիս փոխարեն քերոբեների Տերն ընդունեց,
     Թող ամոթահար անի նրան.
     Եթե կծոտող ժանիքներ ցույց տա ինձ,
     Երկնավորի բերանի լռությունը թող նրան պապանձեցնի.
     Եթե ցանկական խայթվածքներ պատճառի հոգուս,
     Ամենաստեղծին զարնված բևեռները նրան կսկծեցնե՛ն թող.
     Եթե անիրավ խորհուրդների ճանապարհով ինձ մոլորեցնի,
     Անհասանելու ոտքի մեխերը թող նրան կապեն.
     Եթե հարբեցնի ինձ դժնաբարո հրապույրներով,
     Թող բարերարին տրված լեղիով խառնված քացախը նրան դառնացնի.
     Եթե ծառի առաջին պտղի ճաշակման մեջ գտնի ինձ,
     Խաչի սոսկալի խորհուրդով բռնված՝ թող իսպա՜ռ դատապարտվի.
     Եթե Տիրոջ հրամանին հնազանդվելու դեմ ընդվզել սովորեցնի ինձ,
     Անսահմանելու պարանոցի բերումն թող կործանի նրան.
     Թե սատակամահ անելու համար հալածի նա ինձ և վիրավորի,
     Ադամին ստեղծողի կողքը մխված ահագին տեգը թո՛ղ պատռի նրան.
     Եթե դժոխային վշտերի երկունքներով պաշարի նա ինձ,
     Ամենակալի պատանքի կտավը թող կաշկանդի նրան.
     Թե խարդախությամբ փորձի ինձ մահվան հատակը ձգել,
     Մահվան վեմի մեջ կենդանի Աստուծո բնակվելը թող նրան մեռցնի.
     Եթե մարդկային իմ գայթակղության վրա նա խնդա,
     Թող կարկամ կամքով կորանա կրկին.
     Զի Աստվածն անմահ հարության փառքով՝
     Բոլոր մեռելներին նորոգեց իր հետ:
     Թե հազարամյա փոքր կապանքի լուծումով բերկրի,
     Բայց թող որ իսկույն դողա վերստին
     Անվերջ-անվախճան տանջարանի մեջ սաստիկ կաշկանդող հուսկ
     շղթաների անզերծ տագնապից
     Եթե առաջին իսկ հարվածի հետ նա դժվարանա,
     Մեծ դատաստանի մեծ օրը ահեղ, կորստյան գո՜ւյժը թող տրվի նրան՝
     Նրա և իր հրեշտակների համար պատրաստված անշեջ գեհենով:

Ե

Իսկ ինձ, որ քեզ եմ ապավինել, Տե՜ր Հիսուս,
     Միակ թագավոր, ինքնակալ, զորեղ, Արարիչ երկնի և երկրի,
     Եվ նրանց մեջ եղած բոլոր զարդերի,
     Ինձ, որ աչքս քո գալստյանն եմ հառել
     Եվ փրկչիդ ողորմությանն եմ սպասում հույսով,
     Քո ոտքն եմ ընկնում և համբուրում եմ հետքերը գարշապարիդ,
     Պարտությունս եմ խոստովանում և մեղքերս հրապարակում,
     Կշտամբանքների քարերով ծեծկվում եմ և սրտիս հառաչանքներով այրվում,
     Խղճիս խայթերով խոցոտվում եմ և շնչիս բոցով տոչորվում,
     Այրվում եմ արցունքներիս աղի ցողով ու երիկամներիս կսկծանքով կիզվում,
     Հուսակտուր հոգով ցամաքում եմ և դառնաշունչ հողմով մարում.
     Թախանձանքի խոսքերով երերվում եմ և կողկողագին հեծությամμ դողում,
     Տաժանելի տանջանքներով տվայտում եմ և հոգուս տագնապներով տատանվում,
     Մրրիկների կոծով ծփում եմ և ալիքների բախումից սասանվում,
     Ի լուր համբավի սարսում եմ և վախի հիշատակով՝ կորչում,
     Ատյանի տեսարանով հալվում եմ և մեծիդ սպառնալիքներով մեռնում, –
     Լսի՛ր, բազմագո՜ւթ, քավիչ, մարդասեր և երկայնամիտ,
     Քաղցրություն անճառ, օր բարի և տիվ տենչալի,
     Զի կարող ես դու ամեն ինչի մեջ
     Ինչպես և վերջին շունչս փչելիս ինձ փրկագործել:
     Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն:


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3740 | 0 | 0
Facebook