Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
22:03, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ
    

     ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
     Բանաստեղծ, բեմադրիչ, դրամատուրգ, ծաղրանկարիչ: Ծնվել է 1947 թվի Մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի (Շիրակի մարզ) Հացիկ գյուղում: 1977-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական (ՀՀ կինոյի եւ թատրոնի) պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Նույն թվին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, իսկ 1980-ին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ» -ը, որը 1992-ին արժանացել է Հայ Գրողների Միության Հովհ.Շիրազի անվան առաջին մրցանակին, 1984-ին՝ երրորդ «Հայրական ժամանակ» -ը, 1986-ին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը: Անվանի գրողն աշխատել է Լենինականի (Գյումրի) Մռավյանի անվան (Վ.Աճեմյանի) պետական դրամատիկ եւ տեկնիկային թատրոններում, ուր բեմադըրվել են «Երեք խոզուկներ» եւ «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները: 1986-88 թ.թ.գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու (մարզ) «Սոյուզպեչա-տի» միավորումը: Երկրաշարժից հետո նա հրավիրվում է աշխատելու Երեւանի հեռուստաթատրոնում իբրեւ խմբագիր, որտեղ էլ բեմադրվում է նրա «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ Երու-խանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի: 1993-94 թ.թ.դասախոսել է հարազատ բուհում եւ ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն:
     Գ.Հարյանցը 1994 թ.աշնանից մինչեւ հիմա ապրում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում, ուր 2000թ.հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, իսկ 2007-ին «Հազար եւ մեկ համա-զարկ» քառյակների հատընտիրը, որը արժանացել է «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին՝ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում: Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, սլովակերեն: Իսկ "Fhilantropy" անգլերեն գրված նրա չափածո գործն արժանացել է The International Library of Poetry կազմակերպության "Editor's Choice Award" ամենամյա մրցանակին: Բազմաժանր գրողը 2005 թվից առ այսօր Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) անփոփոխ քարտուղարն է: Այժմ հրատարակության է պատրաստում միանգամից երեք նոր գիրք՝ «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն եւ «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը:

    
    
ԲԱԼԼԱԴ
    
     Նոր տուն գնալիս՝
     հին տան ամեն մի ծանոթ անկյունը նորից նայում ես,
     մտնում մտազբաղ կերպարանքի մեջ լուրջ հեռացողի,
     տարտղնում հինը:
     Մեկնողի նման
     պոկում ես ձիու ժանգոտած պայտը դռան ճակատից,
     ճամպրուկի վրա նստում ես վերին, շեկ սովորույթով՝
     մի բան հիշելու:
     Գյուղի տուն լիներ,
     Խնոցին հաստատ կմոռանայիր հացատան խորքում,
     նարդին կմնար դարն ապրած թախտի փոշիների տակ,
     դուռը կճռռար...
     Բայց մարդ չէր լսի,
     ո՛չ Եսենինը կգար օգնության «սեւ մարդուց» գաղտնի,
     ո՛չ էլ Բայրոնը կմխիթարեր իր «Դոն Ժուանով»,
     թե ապրե՜լ է պետք...
     Նոր տուն գնալիս՝
     անկյունի սարդը կրկին կդառնա ավելի բաժին,
     պատուհանների նեղ-նեղ գոգերին չես կարող դնել
     ծաղկամաններդ:
     «Բարի գալուստ» քեզ
     կասի փալասը՝ աստծո փեշի պես դռան դեմ փռված,
     իսկ Հոլիվուդյան կարմիր գորգն անվերջ հեռու կմնա
     պանդխտությունից:
     Աստղերը շատ են,
     դու չես երեւա նրանց շվաքում... Ավելի լավ է՝
     հին տանից բերած «Նարեկը» սրբես խալաթի թեւքով
     եւ «Հայր մեր» հեգես:

    
    
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
    
     Եթե մի ուշացած լրագրող ինձ հարցնի,
     թե ես ի՞նչ եմ ուզում, վերջապես կասեմ,
     որ գերադասում եմ լինել ժամանող՝
     կարոտաճռինչ հանդիպման առանցք,
     քան թե՝ անհասցե հեռուներ մեկնող
     հրաժեշտի սրտաճմլիկ շոշափող,
     որը քաղաքավարությունից դրդված է
     ետ նայում գորշ կառամատույցին
     կամ էլ արեւկող օդանավակայանում
     անհույս մեխվածներին, որոնք դեռեւս
     ճերմակ թաշկինակ են թափահարում՝
     անտարբեր երկնքի ու երկրի երեսին:
     Կարծում եմ, երկուսի պարագայում էլ
     թարմ ծաղկեփունջն ավելորդ չի թվա,
     մանավանդ՝ դաշտային անթառամ,
     անտուն, անքուն, վայրի ծաղիկների:
     Չնայած որ առավել պատվաբեր են
     տաք հանդիպումները, որովետեւ
     հրաժեշտը սառնարցունքից բացի
     շուկայական ոչինչ ունի թաքցրած:
     Մեկնողը երկնքում իրեն աստված է կարծում:
     Դիմավորո՛ղը թող մտածի հաջող վայրէջքի,
     վայրի ծաղիկների ու ծաղկեփնջի մասին,
     եթե չդավաճանող հիշողություն դեռ ունի:

    
    
ՎԱՂՎԱ ՇԵՄԻՆ
    
     գեղանկարչի աչքերով երբ տեսա
     մայրամուտի կորիզով ծիրանը՝
     բիբերիս զուգահեռ կախված,
     հասկացա, որ ես էլ եմ կնքահայր՝
     մայր մտնող արեւի եւ ինքս իմ
     դեմ դիմաց չոր աչքով կանգնած,
     բարձրագլուխ լեռնաշղթայի պես
     անշարժ, աննահանջ, ամրակուռ,
     ծնվելիք լուսաբացին ընդառաջ,
    
     անմեղի երկվորյակ հայացքով՝
     մեծ լույսի եւ մեծ ջերմության
     ազգային հաշտարարի դերում:

    
    
ԱՆԳԱՄ 150 ՏՈՆԱՆՈՑ ԿԵՏԻՑ
    
     հիմա ոչ մի բան այլեւս չի շարժվում՝
     անդուլ կապտականաչի միջով անարգել,
     հարկավոր են զուգահեռ գծեր վերելքի՝
     երկկողմանի ընթացքներով բեռնված:
     Մի բան կատարվել է ըստ Հեմինգուեյի,
     որ նահանջել է ծովը ծերունուց առաջ,
     թառափն էլ ուռկանից հետընթաց է ապրել,
     որ չհայտնվի «Առաջընթաց» ճաշարանում:
     Ոչ ոք դեռ չի գրել «Ծերունին առանց ծովի»
     կամ էլ «Ծերունին ու կրկեսն անցյալի»,
     բայց սիրով են գրել «Հեղնար աղբյուրն» ու
     «Ֆայտոն Ալեքը» պոեմը պանծալի:

    

    

    
    
ՓՈՒՇ ԵՒ ԲՈՒՅՐ
    
     Հնդկական շարժանկարի վերնագիր եղավ,
     բայց ոչինչ, անարդարությունը միշտ էլ
     փշերի կողմնակիցն է՝
     չարագուշակ լեզվի նմանությամբ,
     որ միայն հալածել գիտե:
     Երբ գողացվում է թանգարանից
     որեւէ մեկ գեղեցկություն, կամ կեսը դրա,
     սահմանվում է արագ պատժաչափ՝
     ավազակին բանտ գործուղել՝ զրկելով բույրից,
     իսկ կտավը՝ կրկին թանգարան:
     Հենց այս առումով էլ արդարությունը
     փշերի վրա է միշտ էլ՝ անհանգիստ,
     ինչպես չակաչք հարեւան,
     անհանդուրժող, սակայն զոհառումի
     պատրաստակամ լրիվ:
     Հակառակն էլ է պատահում թղթի վրա՝
     փուշն առաջ է ընկնում հանուն ծակծկելու,
     իսկ բույրը հապաղում է քարշ գալ
     անխոստում վարդի ետեւից՝
     որպես կույր փոստատար:

    
    
ԲԱԼԼԱԴ ԱՆՁՆԱԿԱՆ
     (Մայիսի 7, 2011)
    
     Ծնունդս շնորհավոր թող լինի այսօր,
     ձուկ չեմ, որ անիծեմ ուռկանը ձկնորսի,
     ինձ տրված է տարածության գահը հզոր,
     իմ կյանքը ժամանակից առաջ պիտի հոսի:
     Հայտնվել է սերս գոտում վտանգավոր,
     իրերը հնազանդ են իրեն շան նման,
     վաթսունն անց, սե՜ր իմ, էլ ի՞նչ թագավոր,
     թեւաթափ գերին եմ երանելի շարժման:
     Մայրամուտի արեւը սեպ է օգտագործված,
     շաղ եմ տվել իմ բարեւը ես աջ ու ձախ,
     սարերը ծապլիներ են իմ հայացքում կործված,
     ես հիշողությունն իմ կծկում եմ հաճախ:
     Տարտղնում եմ արդեն ողջն ինձ շրջապատող՝
     բանաստեղծն է տիեզերքի պահակն արթուն,
     ես չեղա իմ պատկերով դրամ հատող,
     բայց տեսա իմ մեջ պատսպարված մարդուն,
     ում ծնունդն այսօր ասուպներ է հաշվում,
     իսկ սերը քարկտիկներ է խաղում դրանցով,
     շաքարաքլորի պես հուշիկ ապագան է մաշվում,
     ես տերն եմ սխալներիս ու մեղքերիս ծով:
     Մողեն էլի քրմապետն է արեւկող քարափի,
     որտեղից որ հույսն է բուրում մանկության,
     կորցրել եմ իզուր բանալին տեղատարափի,
     հնաձնվել եմ լրիվ անղեկ տեղատվության:
     Այսօր իմ ծննդյան Մայիսի յոթն է ամենուրեք՝
     վարդաթաթախ, շաղոտ եւ դեռ արեւածին,
     սրբեր, հերոսներ, հանճարներ, էս ու՞ր եք,
     որ չեմ տեսնում ձեզ ճամփիս առանձին:

    

    
Երգ
    
     Ասողի շատախոսությունը
     լսելու դատապարտվածի
     առաջին պատիժն է,
     երկրորդը՝
     իմաստ որոնելու
     անհարմար վիճակը,
     իսկ երրորդն էլ՝
     պաշարող ձանձրախտին
     ու գերեվարող
     քաղաքավարությանը
     զոհ գնալը...
     Մինչեւ վերջ:

    
    

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ


    
Այս էլ
     քանի՜ ամիս
     քսու մահն է
     տոնում
     մեղավոր
     կյանքի
     հետ
     մեղրամիս

    
    
Լոս Անջելեսում
    
     կեսգիշերվա պաղ
     ժամի հազարն է՝
     4 անց
     14...
     Հորդ ու ուշացած
     անձրեւ է գալիս:
     Իր բախտի վրա
     Աստվա՞ծ է լալիս...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4604 | 0 | 0
Facebook