Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
19:53, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
     ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒՅՈՒՆ
     ____________
    
    

Գործողություն առաջին

Տեսարան 1

(Փոքր քաղաք Բոհեմիայում: Միջօրե: Հյուրատան ընդունարան: Այն մաքուր է ու լուսավոր: Ամեն ինչ այնտեղ կոկիկ է:)

Մայրը- Նա կվերդառնա:

Մարթա- Նա՞ է քեզ դրա մասին ասել:

Մայրը- Այո: Երբ դու դուրս եկար:

Մարթա- Նա մենա՞կ է վերադառնում:

Մայրը- Չգիտեմ:

Մարթա- Նա հարու՞ստ է:

Մայրը- Նրան գինը չի անհանգստացնում:

Մարթա- Եթե նա հարուստ է, շատ ավելի լավ: Բայց նաև կարևոր է, որ նա մենակ լինի:

Մայրը- (հոգնած տոնով) Միայնակ և հարուստ, այո: Եվ հետո մենք դա պետք է նորից անենք:

Մարթա- Այո, մենք դա նորից կանենք: Բայց մենք վարձահատույց կլինենք մեր ցավերի համար: (Լռություն: Մարթան նայում է իր մորը:) Մայրի՛կ, դու տարօրինակ տեսք ունես: Ես արդեն որոշ ժամանակ է նկատել եմ քո մեջ այդ փոփոխությունը:

Մայրը- Ես հոգնած եմ, աղջի՛կս, ուրիշ ոչինչ: Ես ցանակնում եմ հանգստանալ:

Մարթա- Ես կարող եմ ինձ վրա վերցնել այն աշխատանքը, որը դեռ պետք է արվի տան վրա: Այդ ձևով քո բոլոր օրերը ազատ կլինեն:

Մայրը- Դա այն հանգիստը չէ, որի մասին ես խոսում եմ: Ո՛չ, դա ծեր կնոջ երազանք է: Ես պարզապես ձգտում եմ հանգստության, ուզում եմ մի փոքր ազատություն տալ ինձ: (Նա թույլ ծիծաղում է) Ծիծաղելի է նույնիսկ ասել, բայց լինում են գիշերներ, երբ ես զգում եմ որոշակի պահանջ կրոնի հանդեպ:

Մարթա- Մայրի՛կ, դու այդքան ծեր չես, որ բանը դրան հասնի: Ավելի լավ բաներ կան անելու:

Մայրը- Դու լավ գիտես՝ ես կատակում եմ: Բայց, անկեղծ ասած, կյանքի վերջում միգուցե մարդ կարող է իրեն ազատություն տալ: Մարդ չի կարող միշտ այդպես անխիղճ և համառ լինել, ինչպես դու, Մա՛րթա: Դա նույնիսկ քո տարիքի համար ճիշտ չէ: Եվ ես քո հասակակից շատ աղջիկներ գիտեմ, ովքեր միայն զվարճությունների մասին են երազում:

Մարթա- Նրանց զվարճությունները ոչինչ են մերի համեմատ, դու դա գիտես:

Մայրը- Թողնենք դա:

Մարթա- (դանդաղորեն) Կարելի է կարծել, որ կան խոսքեր, որոնք այրում են բերանդ:

Մայրը- Ինչ նշանակություն ունի դա քեզ համար, քանի դեռ ես ետ չեմ քաշվում գործողություններից: Ի՞նչ օգուտ դրանից: Ես պարզապես ուզում էի ասել, որ կցանականյի քեզ երբեմն ժպտալիս տեսնել:

Մարթա- Կտեսնես, երդվում եմ:

Մայրը- Ես երբեք քեզ այդպիսին չեմ տեսել:

Մարթա- Քանի որ ես ժպտում եմ միայն իմ սենյակում այն ժամերին, երբ ես մենակ եմ:

Մայրը- (ուշադիր նրան նայելով) Ինչպիսի՜ խիստ հայացք ունես, Մարթա:

Մարթա- (մոտենալով և հանգիստ տոնով) Չե՞ս հավանում:

Մայրը- (դեռ նրան նայելով, լռությունից հետո) Համենայն դեպս, էդպես եմ կարծում:

Մարթա- (հուզված) Օ՜, մայրիկ: Երբ մենք մեծ գումար հավաքենք և ի վիճակի լինենք թողնել այս երկիրը, երբ մենք մեր հետևում թողնենք այս հյուրատունը և այս անձրևոտ քաղաքը և մոռանանք այս գորշ երկիրը, այն օրը, երբ մենք վերջապես կլինենք այն ծովի ափին, որի մասին ես այդքան հաճախ երազում եմ, դա կլինի այն օրը, երբ դու ինձ կտեսնես ժպտալիս: Բայց մեզ շատ փող է հարկավոր ծովի ափին ապրելու համար: Ահա այդ պատճառով մենք չպետք է վախենանք բառերից. այդ նպատակով մենք պետք է ուշադիր լինենք այն մարդու հանդեպ, որը պետք է գա: Եթե նա հարուստ է, միգուցե իմ ազատությունը սկսի նրանից: Նա շա՞տ է խոսել քեզ հետ, մայրիկ:

Մայրը- Ոչ, ընդամենը երկու նախադասություն:

Մարթա- Ի՞նչ տեսք ուներ նա, երբ քեզ իր սենյակ կանչեց:

Մայրը- Չգիտեմ: Ես լավ չտեսա, ես հազիվ էի նրան նայում: Ես իմ փորձից գիտեմ, որ ավելի լավ է նրանց չնայել: Ավելի հեշտ է սպանել այն, ինչին ծանոթ չես: (Լռություն) Դու կարող ես ուրախանալ, հիմա ես չեմ վախենում բառերից:

Մարթա- Շատ ավելի լավ: Ես չեմ սիրում ակնարկներ: Ոճիրը ոճիր է. մարդ չպետք է տատանվի այդ հարցում: Կարծես թե դու հենց նոր իմացար դրա մասին, քանի որ նման բան մտքովդ անցել է այդ ճանապարհորդին պատասխանելիս:

Մայրը- Ես չէի մտածել դրա մասին: Ես պատասխանեցի ըստ սովորության:

Մարթա- Ըստ սովորությա՞ն: Մինչդեռ դու գիտես, որ մեր հնարավորությունները շատ փոքր են:

Մայրը- Անկասկած: Բայց սովորությունը սկսվում է երկրորդ հանցագործությունից հետո: Առաջինից հետո ոչինչ էլ տեղի չի ունենում, միայն կարծես մի բան ավարտվում է: Եվ հետո, հնարավորությունները քիչ են եղել և մեծ ընդմիջումներով, բայց սովորությունը ժամանակի հետ ավելի է ամրապնդվում: Այո, անկասկած սովորությունը ինձ դրդեց պատասխանել, նախազգուշացրեց չնայել այդ մարդուն և ես համոզվեցի, որ նա զոհի տեսք ունի:

Մարթա- Մայրի՛կ, մենք ստիպված կլինենք սպանել նրան:

Մայրը- (ցածր ձայնով) Անկասկած, մենք պետք է սպանենք նրան:

Մարթա- Դու տարօրնակ ձևով ես դա ասում:

Մայրը- Ես հոգնած եմ, և ամենից շատ ես կցանկանայի, որ այդ մարդը վերջինը լիներ: Սպանելը ահավոր հոգնեցուցիչ է: Ծովի մոտ կամ մեր դաշտերում մահանալն ինձ քիչ է անհանգստացնում, ես պարզապես ուզում եմ, որ դրանից հետո մենք միասին փախչենք:

Մարթա- Մենք կփախչենք, և դա փառահեղ կլինի: Սրտապնդվի՛ր, մայր իմ, շատ բան չկա անելու: Դու շատ լավ գիտես, որ անգամ սպանելու խնդիր չկա: Նա կխմի իր թեյը, նա կքնի, և մենք նրան դեռևս ողջ կտանենք գետի մոտ: Նրան կգտնեն երկար ժամանակ անց՝ ամբարտակին սեղմված, նրանց հետ միասին, ովքեր ջրի մեջ էին նետվել բաց աչքերով: Այն օրը, երբ մենք օգնում էին մաքրել ամբարտակը, դու ինձ ասեցիր, որ ամենաքիչը մեր զոհն էր տանջվել: Կյանքն ավելի դաժան է, քան մենք: Հավաքի՛ր քեզ, դու կգտնես քո հանգստությունը, և մենք վերջապես դուրս կգանք այստեղից:

Մայրը- Այո, ես ինքս ինձ թափ կտամ: Երբեմն, իրականում, ես գոհանում եմ այն մտքից, որ մերը զոհը երբեք շատ չի տանջվում: Դա հազիվ թե հանցագործություն լինի, դա պարզապես միջամտություն է, մատի մի շարժում, որ մարդկային կյանքեր է վճռում: Եվ դա ճիշտ է, որ ակնհայտորեն կյանքն ավելի դաժան է, քան մենք: Միգուցե դա է պատճառը, որ ես դժվարանում եմ ինձ մեղավոր համարել:

(Ծեր սպասավորը ներս է մտնում: Նա նստում է բարի մոտ առանց խոսելու: Մինչև տեսարանի վերջը նա մնում է անշարժ:)

Մարթա- Ո՞ր սենյակում ենք մենք նրան տեղավորելու:

Մայրը- Կապ չունի, թե որ սենյակում, կարևորը այն լինի առաջին հարկում:

Մարթա- Այո, անցած անգամ այն երկու հարկերը մեզ շատ անհանգստություն պատճառեցին: (Մարթան վերջապես նստում է:) Մայրիկ, ճի՞շտ է, որ այնտեղ ավազն այրում է ոտքերը:

Մայրը- Ես չեմ եղել այնտեղ, դու գիտես դա: Բայց ասում են՝ այնտեղ արևը կլանում է ամեն ինչ:

Մարթա- Ես մի գրքում կարդացել եմ, որ այն անգամ լափում է հոգիները և որ այն ստեղծում է շողացող մարմիններ, որոնք թաքցնում են ներսի դատարկությունը:

Մայրը- Դա՞ է քեզ ստիպում երազանքների գիրկն ընկնել, Մարթա:

Մարթա- Այո, ներսս բավականաչափ լիքն է մշտապես հոգիս սնելու համար: Ես տենչում եմ գտնել այն երկիրը, որտեղ արևն այրում է բոլոր հարցերը: Իմ տունն այստեղ չէ:

Մայրը- Ավա՜ղ: Նախևառաջ մենք շատ բան ունենք անելու: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, իհարկե, ես կգամ քեզ հետ: Բայց ես ինքս չեմ ունենա տուն գնալու զգացումը: Գալիս է մի տարիք, երբ չկա մի վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ, և արդեն բավական մեծ բան է, եթե կարողանում ես հարմարվել այն խղճուկ, աղյուսե տանը, որը կահավորված է հիշողություններով, որտեղ երբեմն պատահում է, որ ի վիճակի ես լինում քուն մտնել: Բայց, բնականաբար, վատ չի լինի, եթե ես կարողանամ միաժամանակ գտնել և՛ քուն, և՛ մոռացություն: (Նա վեր է կենում և քայլում դեպի դուռը:) Պատրաստի՛ր ամեն ինչ, Մարթա: (Լռություն:) Եթե իսկապես արժե դա անել:

(Մարթան նայում է՝ ինչպես է մայրը դուրս գալիս: Նա նույնպես դուրս է գալիս սենյակից այլ դռնով:)

Տեսարան 2

Ծեր սպասավորը մոտենում է պատուհանին, տեսնում է Ժանին և Մարիային, հետո թաքնվում է տեսադաշտից: Սպասավորը մնում է բեմում, մենակ, մի քանի վայրկյան: Ներս է մտնում Ժանը: Նա կանգ է առնում, աչքի է անցկացնում նախասրահը և նկատում է ծեր սպասավորին պատուհանի հետևում

Ժան- Այդտեղ ինչ-որ մեկը կա՞:

(Սպասավորը նայում է նրան, անցնում է բեմով և դուրս գալիս:)

Տեսարան 3

(Ներս է մտնում Մարիան: Ժանը կտրուկ նրա կողմն է շրջվում:)

Ժան- Դու հետևու՜մ ես ինձ:

Մարիա- Ներիր ինձ, ես չկարողացա զսպել դա: Ես հիմա կգնամ, բայց թույլ տուր ինձ տեսնել այն տեղը, որտեղ ես քեզ թողնում եմ:

Ժան- Ինչ-որ մեկը կարող է ներս մտնել, և ես չեմ կարողանա անել այն, ինչ ուզում եմ:

Մարիա- Բայց դա մեր միակ հնարավորությունն է: Եվ քանի դեռ ես այստեղ եմ, ես քեզ կստիպես նրանց ասել, թե դու ով ես անկախ նրանից, թե դու ինչ կասես:

(Ժանը շրջվում է: Լռություն;)

Մարիա- (Զննելով սենյակը:) Սա՞ է:

Ժան- Այո, սա է: Քսան տարի առաջ ես դուրս եկա այդ դռնով: Քույրս փոքր էր: Նա խաղում էր անկյունում: Մայրս այդպես էլ հրաժեշտ տալիս չհամբուրեց ինձ: Ես հիշում եմ՝ այն ժամանակ դա ինձ չէր մտահոգում:

Մարիա- Ժան, ես չեմ կարող հավատալ, որ նրանք քեզ չճանաչեցին, երբ դու եկար այստեղ: Մայրերը միշտ ճանաչում են որդիներին:

Ժան- Բայց նա ինձ քսան տարի է չի տեսել: Այն ժամանակ ես պատանյակ էի: Մայրս ծերացել է, նրա տեսողությունը վատացել է: Ես ինքս հազիվ ճանաչեցի նրան:

Մարիա- (անհամբերությամբ) Օ՜, այո: Ես լսել եմ այդ ամենը: Դու ներս մտար, ասացիր «Բարի առավոտ» և նստեցիր: Ոչինչ նույնը չէր:

Ժան- Չգիտեմ: Հիշողությունս լավ չէ: Նրանք ինձ ողջունեցին առանց մի բառ ասելու: Նրանք ինձ տվեցին իմ պատվիրած գարեջուրը: Նայում էին ինձ, բայց չէին տեսնում: Ամեն ինչ ավելի բարդ ստացվեց, քան ես պատկերացնում էի:

Մարիա- Դու ինքդ գիտես, որ դա ամենևին էլ բարդ չէ: Քեզ մնում էր միայն մի բան ասել: Այդպիսի դեպքերում նորմալ մարդը կասի, «Ահա, ես եմ» և ամեն ինչ իր տեղը կընկներ: Ճշմարտությունը կաներ մնացածը:

Ժան- Այո, այո, ես գիտեմ: Մտքովս ինչ ասես անցնում էր: Ես հյուրընկալության նման մի բան էի սպասում, ինչպես անառակ որդու վերադարձը, իսկ նրանք ինձ գարեջուր տվեցին գումարի դիմաց: Այդ ամենը հուզել էր ինձ և ես անկարող էի խոսել:

Մարիա- Միայն մի բառը բավական կլիներ:

Ժան- Բայց ես չկարողացա գտնել այդ անհրաժեշտ բառը: Եվ ինչու՞ շտապել: Ես այստեղ եմ եկել բերելով բավականին գումար ինձ հետ, և եթե կարողանամ, ես ուզում եմ նրանց երջանկություն պարգևել: Երբ ես լսեցի, որ հայրս այլևս չկա, ես հասկացա, որ նրանց երկուսի համար էլ պատասխանատու եմ: Իմանալով այդ, ես արեցի այն, ինչ պետք է անեի: Բայց, միգուցե, տուն վերադառնալն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Ժամանակ է հարկավոր, որ օտար մարդը կրկին դառնա որդի:

Մարիա- Բայց ինչու՞ նրանց տեղյակ չպահել քո գալու մասին: Կան դեպքեր, երբ մարդ պետք է վարվի այնպես, ինչպես մյուսներն են անում: Եթե ուզում ես, որ քեզ ճանաչեն, ավելի լավ է ինքդ քեզ ներկայացնես: Ես մտածում էի, որ դա ակնհայտ էր: Դու ամեն ինչ քաոսի կվերածես, եթե շարունակես ձևանալ մեկը, ով իրականում չես: Ինչպե՞ս քեզ հետ չվարվեն օտարի նման, եթե դու ինքդ ես քեզ ներկայացրել այդպիսին: Քո սեփական տանը… Բայց ոչ, կներես, այս ամենն անիմաստ է:

Ժան- Թո՛ղ դա, Մարիա: Այս ամենն այդքան էլ կարևոր չէ: Բացի այդ, այս ամենը ծառայում է իմ նպատակին: Ես օգուտ կքաղեմ այս հնարավորությունից՝ նրանց կողքից՝ որպես դիտորդ հետևելու համար: Եվ ես կհասկանաամ՝ ինչը կարող է նրանց երջանկացնել: Եվ այդ ամենից հետո ես ինչ-որ ձև կգտնեմ ինձ ճանաչել տալու: Հարցը ճիշտ ձևով ներկայանալու մեջ է:

Մարիա- Ինձ համար միայն մի ձև կա և դա այն է, ինչ դու պետք է արած լինեիր, երբ ոտք դրեցիր այս տուն: Դու պետք է ասեիր, «Ահա և ես», և քո սիրտը կխոսեր քո փոխարեն:

Ժան- Այո: Գիտեմ: Բայց, եթե մի բանում կա սրտի դերը, դա այդքան էլ հեշտ չէ:

Մարիա- Ահա այդտեղ էլ դու սխալվում ես: Սրտից եկող բառերը միշտ էլ պարզ են: Այդքան էլ դժվար չէր կանգնել և ասել «Ես քո որդին եմ և սա իմ կինն է: » Մինչ այժմ մենք ապրել ենք միասին մի երկրում, որը մենք երկուսս էլ սիրել ենք, արևի ներքո, ծովին մոտ: Բայց ինձ այլ բան էր հարկավոր կատարյալ երջանիկ լինելու համար: Իրականում, ես քո կարիքն ունեի:

Ժան- Անարդարացի մի՛ եղիր, Մարիա: Դա արդար չէ: Հարցն այն չէ, որ ես նրանց կարիքն ունեի: Ես առանց հարցնելու գիտեի, որ նրանք ունեն իմ կարիքը, և որ մարդ չի կարող ապրել միայն ինքն իր համար:

(Լռություն: Մարիան շրջվում է:)

Մարիա- Միգուցե դու ճիշտ ես, կներես: Բայց ես կասկածամիտ եմ դարձել, ինչ մենք եկել ենք այս երկիր, որտեղ ես ապարդյուն փնտրում եմ գեթ մեկ երջանիկ դեմք: Այս Եվրոպան այնքա՜ն տխուր է: Ինչ մենք ժամանել ենք այստեղ, ես քեզ չեմ տեսել ուրախ, ինչ վերաբերում է ինձ, ես դարձել եմ կասկածամիտ: Օ՜: Ինչու՞ ստիպեցիր ինձ լքել իմ երկիրը: Արի գնանք այստեղից, Ժա՛ն, մենք այստեղ երջանկություն չենք գտնի:

Ժան- Մենք չենք եկել այստեղ երջանկություն փնտրելու: Երջանկությու՜ն: Մենք արդեն ունենք այն:

Մարիա- (էմոցիոնալ) Ինչու՞ չբավարարվել դրանով:

Ժան- Երջանկությունն ամեն ինչ չէ, և մարդիկ ունեն պարտավորություններ: Իմը մորս ու հայրենիքս վերագտնելն է… (Մարիան շարժում է անում: Ժանը կանգնեցնում է նրան: Լսվում են ինչ-որ ոտնաձայներ: Ծեր սպասավորը անցնում է պատուհանի մոտով:)

Ժան- Ինչ-որ մեկն այս կողմ է գալիս: Հեռացի՛ր Մարիա, խնդրում եմ:

Մարիա- Ոչ այս կերպ: Ես չեմ կարող:

Ժան- (մինչ ոտնաձայները մոտենում են:) Թաքնվի՛ր այնտեղ:

(Նա նրան հրում է դռան հետևը:)

Տեսարան 4

Բացվում է ետնադուռը: Ծեր սպասավորը անցնում է սենյակով առանց Մարիային տեսնելու և դուրս է գալիս մյուս դռնով:

Ժան- Իսկ հիմա, գնա՛: Տեսնում ես՝ բախտս բերեց:

Մարիա- Ես ուզում եմ մնալ: Ես լուռ կմնամ և կողքդ կլինեմ, մինչ քեզ կճանաչեն:

Ժան- Ոչ: Դու կմատնես ինձ:

(Նա շրջվում է, հետո հետ է գալիս և նայում նրա երեսին:)

Մարիա- Ժա՛ն, հինգ տարի է մենք ամուսնացած ենք:

Ժան- Շուտով կլինի հինգ տարի:

Մարիա- (կախելով գլուխը) Սա առաջին գիշերն է, որ մենք միասին չենք լինի: (Նա ոչինչ չի ասում: Մարիան կրկին նայում է Ժանին:) Ես միշտ ամեն ինչ սիրել եմ քո մեջ, անգամ այն, ինչ չեմ կարողացել հասկանալ և ես հաստատ չեմ ցանկանա, որ ինչ-որ բան փոխվի: Ես չեմ ուզում անհաճո կին լինել: Բայց ես վախենում եմ այն դատարկ անկողնուց, ուր դու ինձ ուղարկում ես և ինձ թվում է, որ դու լքում ես ինձ:

Ժան- Դու չպետք է կասկածես իմ սիրուն:

Մարիա- Օ՜, ես այն կասկածի տակ չեմ դնում: Բայց սերը մի բան է, երազանքները՝ այլ, ավելի ճիշտ՝ պարտականություններդ: Դու ինձնից խույս ես տալիս: Կարծես թե ուզում ես հանգստանալ ինձնից: Բայց ես չեմ կարող քեզնից անջատ լինել, և այս գիշեր (նա նետվում է Ժանի վրա լացելով), հենց այս գիշերը ես չեմ կարող լուսացնել:

Ժան- (ամուր գրկելով Մարիային) Այս ամենը երեխայություն է:

Մարիա- Գիտեմ, երեխայություն է: Բայց մենք այնքա՜ն երջանիկ էինք այնտեղ, և դա իմ մեղքը չէ, որ այս երկրում գիշերներն ինձ սարսափեցնում են: Ես չեմ ուզում, որ դու ինձ այստեղ մենակ թողնես:

Ժան- Ես քեզ երկար ժամանակ մենակ չեմ թողնի: Հասկացի՛ր ինձ, Մարիա, ես պետք է խոստմանս տերը լինեմ:

Մարիա- Ի՞նչ խոստում:

Ժան- Խոստում, որ ինքս ինձ եմ տվել, երբ հասկացա, որ մայրս իմ կարիքն ունի:

Մարիա- Դու մեկ այլ խոստում ևս ունես:

Ժան- Ի՞նչ խոստում:

Մարիա- Ինձ հետ ապրելու խոստումը:

Ժան- Ես խորապես հավատում եմ, որ ես ի վիճակի կլինեմ հարթել ամեն ինչ: Ես քեզանից շատ բան չեմ խնդրում: Սա քմահաճույք չէ: Ինձ միայն մի գիշեր է հարկավոր մենակ մնալու համար: Այդ կարճ ժամանակահատվածում ես կկողմնորոշվեմ ինքս իմ մեջ, ավելի լավ կհասկանամ այն կանանց, ում ես սիրում եմ և ուզում եմ երջանկացնել:

Մարիա- (ձեռքը թափ տալով) Բաժանումը միշտ էլ վախեցնում է այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են միմյանց:

Ժան- Դաժան ես: Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ ամբողջ ուժով:

Մարիա- Ոչ մի տղամարդ իրականում չգիտի, թե ինչպիսին պետք է լինի սերը: Ոչինչ չի բավարարում նրանց: Նրանք միայն երազել գիտեն, ինչ-որ նոր պարտականություններ իրենց վրա վերցնել, նոր երկրներ ու տներ փնտրել: Բայց մենք՝ կանայքս, գիտենք, որ սերը չի կարող սպասել, կարևորը նույն անկողինը կիսելն է, մտերմությունը և վախը միմյանց բացակայությունից: Երբ կինը սիրում է, նա ոչ մի ուրիշ բանի մասին չի երազում:

Ժան- Հիմա, ի՞նչ ես ուզում դրանով ասել: Ես միայն խնդրում եմ թույլ տաս վերագտնել մորս և օգնել ու երջանկացնել նրան: Ինչ վերաբերում է իմ երազանքներին և պարտականություններին, դու պետք է դրանք ընդունես այնպիսին, ինչպիսին դրանք կան: Առանց դրանց ես ոչինչ եմ, ու դու կսկսես ինձ ավելի քիչ սիրել, եթե դրանք չլինեն:

Մարիա- (թիկունքը նրան դարձնելով) Ես գիտեմ՝ դու միշտ էլ կգտնես պատճառաբանություններ և կհամոզես ինձ: Բայց ես այլևս չեմ ուզում լսել քեզ: Այսուհետ ես խուլ եմ: Այլևս չեմ կարող լսել քո այդ ձայնը: Ես շատ լավ գիտեմ: Դա քո ներքին աշխարհի ձայնն է և ոչ թե սիրո ձայնը:

Ժան- (կանգնելով նրա թիկունքում) Մի՛ սկսիր, Մարիա: Միակ պատճառը, որ ես ուզում եմ դու ինձ մենակ թողնես այն է, որ ես ցանկանում եմ ավելի մանրամասն ծանոթանալ այս վայրին: Ես շատ բան չեմ խնդրում: Սարսափելի ոչինչ չկա նրանում, որ ես մի գիշեր կքնեմ նույն հարկի տակ, ինչ մայրս: Մնացածն Աստծո ձեռքերում է: Բայց Աստված նաև տեսնում է, որ այս ամենի հետ մեկտեղ ես քեզ չեմ մոռանում: Մարդիկ չեն կարող երջանիկ լինել աքսորի և մոռացումի մեջ: Բայց եթե ուզում ես երջանիկ լինել, դու չես կարոզ քեզ պահել օտարի նման: Սա իմ հողն է և ես պետք է երջանկացնեմ այն մարդկանց, ում սիրում եմ:

Մարիա- Մի քանի բառը կարող էին վճռել այս ամենի ելքը: Բայց դու սխալ ճանապարհով ես գնում:

Ժան- Սա է ճիշտ ճանապարհը: Միայն այսպես ես կիմանամ՝ ինչ արժեք ունեն իմ երազանքները:

Մարիա- Ես շատ եմ ուզում, որ դու ճիշտ լինես: Բայց ես չունեմ ոչ մի ուրիշ երազանք, բացի այն երկրից, որտեղ մենք երջանիկ էինք, և բացի քեզնից ես ոչ մեկի առջև պատասխանատու չեմ:

Ժան- (նրան ամուր գրկելով) Թույլ տուր ինձ գնալ, և ես կգտնեմ անհրաժեշտ բառերն ամեն ինչ կարգավորելու համար:

Մարիա- (զգացմունքներին տեղի տալով) Օ՜, շարունակիր երազել: Ինձ համար նշանակություն չունի, թե դու ինչ ես անում, քանի դեռ դու սիրում ես ինձ: Ես դժբախտ չեմ լինի, քանի դեռ դու ինձ մոտ ես: Ես համբերատար եմ, ես կսպասեմ մինչև դու հոգնես քո երազներից և դու նորից իմը կլինես: Եթե ես հիմա երջանիկ եմ, ապա միայն այն պատճառով, քանի որ գիտեմ՝ դու ինձ սիրում ես: Ես կասկածի տակ չեմ դնում քո սերը, բայց նաև գիտեմ, որ դու ինձ կստիպես գնալ: Ահա այս է պատճառը, որ տղամարդու սերը տառապանք է: Նրանք, միևնույնն է, թողնում են այն, ինչն ամենից շատն են ուզում…

Ժան- (նա ափերի մեջ է առնում Մարիայի երեսը և ժպտում է) Դա ճիշտ է այս պարագայում: Բայց, ի՛նձ նայիր, Մարի՛ա: Ես նմա՞ն եմ վախկոտի: Ես անում եմ այն, ինչ իսկապես ուզում եմ, և իմ սիրտը խաղաղ է: Խոսքը քրոջս և մորս մասին է և այդտեղ ոչ մի սարսափելի բան լինել չի կարող:

Մարիա- (նրանից բաժանվելով) Ուրեմն հաջողություն, և թող իմ սերը քեզ պահապան լինի: (Նա գնում է դեպի դուռը, կանգ առնում, շրջվում և ցույց տալիս նրան իր դատարկ ձեռքերը) Տե՛ս, դու ինձ ոչինչ չես թողնում: Քո արկածախնդրությունն ինձ միայնության մեջ է թողնում: Ես կսպասեմ քեզ: (Նա տատանվում է և դուրս գալիս)

Տեսարան 5

Ժանը նստում է: Ներս է մտնում ծեր սպասավորը, նա դուռը բաց է պահում, որպեսզի Մարթան ներս մտնի և դուրս է գալիս:

Ժան- Բարի օր: Ես սենյակի հարցով եմ եկել:

Մարթա- Այո: Մենք այն նախապատրաստում ենք ձեզ համար: Ես պետք է գրանցեմ ձեզ: (Նա գնում է բերելու գրանցամատյանը և վերադառնում է:)

Ժան- Դուք տարօրինակ սպասավոր ունեք:

Մարթա- Երբեք նրա վերաբերյալ բողոք չենք ստացել նախկինում: Նա միշտ ճշգրտորեն կատարում է իր պարտականությունները:

Ժան- Ո՛չ, սա կշտամբանք չէ: Նա պարզապես նման չէ մյուսներին, այդքան բան: Նա հա՞մր է:

Մարթա- Ես էդպես չէի ասի:

Ժան- Ուրեմն նա կարողանու՞մ է խոսել:

Մարթա- Այո, բայց երբ դա խիստ անհրաժեշտ է: Նա նախընտրում է ոչինչ չասել, եթե չկա դրա անհրաժեշտությունը:

Ժան- Ամեն դեպքում ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նա ոչինչ չի լսում:

Մարթա- Ոչ, դա այդպես չէ: Նա լսում է, բայց նրա լսողությունն այնքան էլ լավ չէ: Այժմ խնդրում եմ ինձ ասել ձեր անունն ու ազգանունը:

Ժան- Հասեկ, Կառլ:

Մարթա- Պարզապես Կա՞ռլ:

Ժան- Այո:

Մարթա- Ձեր ծննդյան ամսաթիվն ու վայրը:

Ժան- Ես երեսունութ տարեկան եմ:

Մարթա- Եվ որտե՞ղ եք ծնվել:

Ժան- (տատանվելով) Բոհեմիայում:

Մարթա- Մասնագիտությունը:

Ժան- Մասնագիտություն չունեմ:

Մարթա- Մասնագիտություն չունե՞ք: Միայն շատ հարուստները կամ շատ աղքատները չեն ունենում մասնագիտություն:

Ժան- (ժպտալով) Ես աղքատ չեմ և ունեմ պատճառներ ուրախ լինելու դրա համար:

Մարթա- (այլ ձայնով) Ուրեմն Դուք ազգությամբ չե՞խ եք:

Ժան- Ճիշտ այդպես:

Մարթա- Բնակության վայրը:

Ժան- Բոհեմիա:

Մարթա- Այնտեղի՞ց եք եկել:

Ժան- Ոչ, Աֆրիկայից եմ եկել: (կարծես թե Մարթան չի հասկանում) Օվկիանոսի մյուս կողմից:

Մարթա- Գիտեմ: (փոքր լռություն) Հաճա՞խ եք այնտեղ լինում:

Ժան- Բավականին հաճախ:

Մարթա- (նա մի քանի վայրկյան երազանքների գիրկն է ընկնում և պատասխանում) Որտե՞ղ եք մտադրվել մնալ:

Ժան- Չգիտեմ: Դա կախված է մի շարք հանգամանքներից:

Մարթա- Դուք ուզում եք այստե՞ղ հաստատվել:

Ժան- Չգիտեմ: Դա կախված է նրանից, թե ինչ կգտնեմ այստեղ:

Մարթա- Դա ոչ մի նշանակություն չունի: Բայց ինչ-որ մեկը սպասու՞մ է Ձեզ:

Ժան- Ոչ, իրականում ոչ մեկ:

Մարթա- Ենթադրում եմ՝ Դուք Ձեզ մոտ ունեք անձը հաստատող փաստաթուղթ:

Ժան- Այո, կարող եմ ցույց տալ:

Մարթա- Հարկ չկա: Միայն հարկավոր է իմանալ արդյոք դա անձնագիր է, թե նույնականացման քարտ:

Ժան- (երկմտելով) Անձնագիր: Ահա այն: Ուզու՞մ եք տեսնել:

(Նա վերցնում է դա, գնում է մի կողմ, որպեսզի կարդա, բայց շեմքին հայտնվում է ծեր սպասավորը:)

Մարթա- Ո՛չ, ես ձեզ չեմ կանչել: (Սպասավորը դուրս է գալիս: Մարթան վերադարձնում է Ժանի անձնագիրն առանց այն կարդալու և մտազբաղ տեսքով:) Դուք այնտեղ ծովի մո՞տ եք ապրում:

Ժան- Այո:

(Մարթան վեր է կենում: Թվում է՝ նա ուզում է մի կողմ դնել գրանցամատյանը, բայց մտափոխվում է:)

Մարթա- (հանկարծակի շտապողականությամբ) Հա՜, մոռացել էի: Դուք ընտանիք ունե՞ք:

Ժան- Ես ունեի: Բայց վաղուց է, ինչ ես նրանց լքել եմ:

Մարթա- Ոչ, ես նկատի ունեմ ամուսնացա՞ծ եք:

Ժան- Ինչու՞ եք ինձ հարցնում դրա մասին: Ոչ մի ուրիշ հյուրանոցում ինձ այդպիսի հարց չեն տվել:

Մարթա- Այս հարցը ներառված է տեղական իշխանությունների կողմից ուղարկված հարցերի շարքում:

Ժան- Տարօրինակ է: Այո՛, ես ամուսնացած եմ: Բացի այդ, Դուք պետք է որ տեսած լինեիք իմ ամուսնական մատանին:

Մարթա- Ես չէի նկատել դա: Կարո՞ղ եք ինձ տալ Ձեր կնոջ հասցեն:

Ժան- Նա ինձ հետ չի եկել:

Մարթա- Օ, շատ լավ: (նա փակում է գրանցամատյանը) Կուզե՞ք ինչ-որ բան խմել, մինչև ձեր սենյակը պատրաստ լինի:

Ժան- Ո՛չ, ես կմնամ այստեղ: Հուսով եմ, ես Ձեզ չեմ խանգարի:

Մարթա- Ինչու՞ պետք է ինձ խանգարեք: Այս սենյակը նախատեսված է բոլոր հաճախորդների համար:

Ժան- Այո, բայց երբեմն մի հաճախորդը կարող է ավելի շատ անհարմարություններ պատճառել, քան մի մեծ ամբոխը:

Մարթա- (սենյակը կարգի բերելով) Ինչու՞: Հուսով եմ՝ Դուք մտադրված չեք պատմություններ պատմել ինձ: Ես ոչինչ չեմ կարող տալ նրանց, ովքեր գալիս են այստեղ շատախոսելու համար: Երկրի այս հատվածում ապրող մարդիկ վաղուց հասկացել են դա: Եվ Դուք շուտով կհասկանաք, որ խաղաղ իջևանատուն եք ընտրել: Գրեթե ոչ մեկ չի գալիս այստեղ:

Ժան- Դա պետք է որ վատ լինի ձեր գործի համար:

Մարթա- Գուցե դա այդքան էլ շահեկան չէ, բայց մենք դրա հաշվին հանգստություն ենք ձեռք բերել, և խաղաղությունը երբեք ըստ արժանվույն չի գնահատվում: Բացի այդ, մեկ լավ հաճախորդը ավելին արժե, քան խառնաշփոթն ու քաշքշուկը, որոնք ոչ մի նպատակի չեն ծառայում: Մայրս նույն կարծիքին է:

Ժան- Բայց… (տատանվելով) Կյանքը երբեմն ձանձրալի և միայնակ չի՞ լինում ձեզ համար:

Մարթա- (կտրուկ նրա կողմը շրջվելով) Լսե՛ք, զգում եմ, որ պետք է Ձեզ զգուշացնեմ: Այստեղ գալով Դուք միայն հաճախորդի իրավունքներ ունեք: Ի պատասխան՝ Ձեր բոլոր իրավունքները կհարգվեն: Ձեզ լավ կսպասարկեն, և ես չեմ կարծում, որ կլինի մի օր, որ դժգոհ կմնաք մեր ընդունելությունից: Բայց մեր միայնակությունը չպետք է ձեզ անհանգստացնի, ոչ էլ պետք է մտածեք, արդյոք անհարմարություններ եք պատճառում մեզ, թե ոչ: Հիշե՛ք՝ Դուք հյուր եք և կարող եք օգտվել Ձեր բոլոր իրավունքներից, բայց դրանից ոչ ավելի:

Ժան- Ներողություն եմ խնդրում: Ես ուզում էի ցույց տալ իմ հետաքրքրությունը Ձեր հանդեպ և ամենևին չէի ցանկանում բարկացնել Ձեզ: Ինձ պարզապես թվաց, որ գուցե մենք այնքան էլ օտար չենք միմյանց:

Մարթա- Տեսնում եմ, որ պետք է հիշեցնեմ Ձեզ, որ այստեղ հարցն ինձ զայրացնել կամ չզայրացնելը չէ: Ինձ թվում է՝ Դուք հակասում եք ինքներդ Ձեզ՝ ընդունելով մի կեցվածք, որը Ձերը չէ: Ես հիմա կփորձեմ բացատրել դա Ձեզ և կանեմ դա առանց զայրանալու: Մի՞թե երկուսիս համար էլ ավելի լավ չի լինի, եթե որոշակի հեռավորություն պահպանենք: Եթե Դուք շարունակեք Ձեզ պահել ոչ այնպես, ինչպես սովորական հաճախորդ, ապա ես ստիպված եմ հրաժարվել, որ Դուք մնաք այստեղ: Բայց եթե Դուք կարող եք ընդունել այն փաստը, որ երկու կանայք, որոնցից Դուք սենյակ եք վարձել, պարտավոր չեն մտերմանալ Ձեզ հետ, ապա ամեն ինչ կարգին կլինի:

Ժան- Պարզ է: Ես շատ լավ գիտակցում եմ, որ դա իմ մեղքն էր, որ Ձեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես չգիտեմ՝ որոնք են կանոնները:

Մարթա- Դրանից վատ բան չկա, և Դուք առաջինը չեք, ով իրեն նման կերպ է պահում: Բայց ես միշտ հստակ բացատրել եմ, որ դա լինելու բան չէ:

Ժան- Դուք շատ պարզ բացատրեցիք, և ես ավելացնելու ոչինչ չունեմ ներկա պահին:

Մարթա- Ինչու՞: Ոչինչ Ձեզ չի խանգարում հաղորդակցվել ինձ հետ որպես հաճախորդի:

Ժան- Եվ ո՞րն է հաղորդակցության այդ ձևը:

Մարթա- Հաճախորդների մեծ մասը մեզ հետ խոսում է ամեն ինչի մասին՝ իրենց ճանապարհորդությունների, քաղաքականության, բացի մեր մասին խոսելուց: Սա ենք ակնկալում մենք: Լինում են դեպքեր, երբ նրանք անգամ իրենց կյանքից են խոսում, թե ինչպիսի մարդիկ են իրենք: Ես դրան դեմ չեմ: Դա աշխատանքի մի մասն է: Մեզ շատ բաների համար են վճարում և դրանցից մեկը լսելն է: Բայց, իհարկե, այդ պարտականությունների մեջ չի մտնում մեր անձնականի մասին հարցերին պատասխանելը: Երբեմն մայրս անտարբերությունից դրդված վարվում է այդպես, բայց ոչ ես: Ես սկզբունքորեն դա չեմ ընդունում: Եթե ամեն ինչ պարզ է, այլևս ոչ մի անհարմար իրավիճակ չի ստեղծվի: Կարիք չկա անհանգստանալու: Շուտով Դուք կտեսնեք, որ շատ բան ունեք մեզ ասելու: Շատ մարդիկ նախընտրում են լսարան ունենալ, միայն թե խոսեն իրենք իրենցից:

Ժան- Դժբախտաբար, ես այդքան էլ հմուտ չեմ այդ գործում: Եվ վստահ չեմ, որ նման առիթ կստեղծվի: Ես երկար չեմ մնալու, և Դուք չեք հասցնի ինձ ճանաչել: Եվ եթե մնամ էլ, Դուք իմ օգնության կարիքը չունեք: Դուք ինքներդ կարող եք ամին ինչ անել:

Մարթա- Շատ լավ, հույս ունեմ, որ իմ ասածները չեն ստիպի Ձեզ թշնամանքով լցվել: Դա իրոք անտեղի կլինի: Բայդ դա մեր մարտավարությունն է միանգամից բացառել ցանկացած խառնաշփոթ: Եթե ես թույլ տայի Ձեզ շարունակել այդ ձևով, ապա վերջում բոլորս էլ զղջալու էինք: Եթե այս ամենին նայեք այդ տեսանկյունից, ապա կհասկանաք, որ իմ խոսքերը տեղին էին: Եվ բացի այդ, մինչ այժմ մենք ոչ մի ընդհանուր բան չունենք Ձեզ հետ: Պահի ազդեցության տակ ընկնելով որևէ մտերմություն զգալը ուղղակի հիմարություն կլիներ:

Ժան- Կարիք չկա զղջալու: Դուք միանգամայն ճիշտ եք: Մտերմությունն օդից չի իջնում: Դրա համար ժամանակ է հարկավոր: Եվ եթե, ինչպես Դուք եք ասում, մեր մեջ ամեն ինչ պարզ է, ապա ինձ մնում է միայն շնորհակալ լինել Ձեզ:

Տեսարան 6

Ներս է մտնում մայրը:

Մայրը- Բարև Ձեզ, պարոն: Ձեր սենյակը պատրաստ է:

Ժան- Շատ շնորհակալ եմ, տիկին:

(մայրը նստում է)

Մայրը- (դիմելով Մարթային) Գրանցումն արդեն կատարե՞լ եք:

Մարթա- Այո:

Մայրը- Կարո՞ղ եմ տեսնել: Կներեք ինձ, պարոն, բայց ոստիկանությունն այստեղ շատ խիստ է: Բայց սպասեք մի րոպե, աղջիկս մոռացել է այստեղ նշել Ձեր ժամանման պատճառը: Եկել եք առողջակա՞ն, գործնակա՞ն հարցերով, թե՞ որպես զբոսաշրջիկ:

Ժան- Կարծում եմ, որ ժամանումս զբոսաշրջության հետ կապ ունի:

Մայրը- Անշուշտ մեր վանքի համար: Շատ մեծ համբավ ունի այն:

Ժան- Անկասկած, լսել եմ դրա մասին: Բացի այդ ես նորից էի ուզում տեսնել այն վայրերը, որոնց ճանաչել եմ նախկինում և որոնց հետ են կապված իմ ամենալավ հիշողությունները:

Մարթա- Այստե՞ղ եք ապրել:

Ժան- Ո՛չ, բայց շատ ժամանակ առաջ ինձ բախտ է վիճակվել անցնել այս կողմերով: Ես չեմ մոռացել դա:

Մայրը- Մինչև այժմ էլ սա մի փոքրիկ գյուղ է:

Ժան- Ճիշտ է: Բայց այն ինձ շատ է դուր գալիս, և քանի որ ես այստեղ արդեն եղել եմ, ինձ զգում եմ ինչպես տանը:

Մայրը- Երկա՞ր եք մնալու այստեղ:

Ժան- Չգիտեմ: Դա կարող է տարօրնակ թվալ Ձեզ: Բայց ես իսկապես չգիտեմ: Ինչ-որ տեղ մնալու համար մարդ պետք է պատճառներ ունենա՝ ընկերներ, մարդկանց, ում հետ կապված է: Եթե ոչ, իմաստ չունի մնալ նման տեղում, ինչպես ցանկացած այլ տեղ: Եվ քանի որ միանգամից չես կարող իմանալ, թե քեզ ինչպես կընդունեն, ես չեմ կարող ասել, թե ինչ եմ անելու:

Մարթա- Դա նշանակություն չունի:

Ժան- Այո, բայց ես չգիտեմ ինչպես այլ կերպ դա բացատրել:

Մայրը- Կարծում եմ այստեղ մնալով շուտով կհոգնեք այդ ամենից:

Ժան- Ոչ, ես շատ հավատարիմ մարդ եմ, և եթե ինձ ընձեռեն հնարավորություն, ես շատ արագ կարող եմ լիքը հիշողություններ կուտակել:

Մայրը- (անհամբերությամբ) Սա ջերմագին զգացմունքների վայր չէ:

Ժան- (ով կարծես թե չէր լսել նրա ասածը) Դուք շատ հիասթափված եք երևում այս վայրից: Երկա՞ր ժամանակ է այս հյուրանոցում եք մնում:

Մայրը- Ժամանակները գալիս ու գնում են: Արդեն երկար տարիներ է, այնքան, որ ես չեմ կարող հիշել՝ երբ է սկսվել էս ամեն ինչը և արդեն մոռացել եմ՝ ինչպիսին էի ես նախկինում: Սա էլ իմ աղջիկն է:

Մարթա- Ընտանիքի կյանքի պատմությունը հիշելու կարիք չկա, մայրի՛կ:

Մայրը- Իհարկե չկա, Մարթա՛:

Ժան- (արագորեն) Թույլ տվեք նրան շարունակել: Կարծում եմ՝ հասկանում եմ ինչ եք ուզում ասել: Դա այն է, ինչ հասկանում ես կյանքի վերջում: Բայց ամեն ինչ միանգամայն այլ կլիներ, եթե Ձեր կողքին լիներ մի տղամարդ, ով նեցուկ կլիներ ձեզ: Երբեմն կինը միայն նման ամուր հենարանի կարիք ունի:

Մայրը- Օ՜, ժամանակին ես ունեցել եմ այդ օգնությունը: Բայց միևնույնն է շատ բան էր լինում անելու: Ես ու ամուսինս հազիվ էինք հասցնում ամեն ինչ և նույնիսկ ժամանակ չունեինք միմյանց համար: Ուստի մինչև նրա մահանալը, ես արդեն մոռացել էի նրա գոյության մասին:

Ժան- Այո, ես Ձեզ հասկանում եմ: Բայց (փոքր-ինչ երկմտելով), երևի թե Դուք չմոռանայիք այն որդուն, ով նեցուկ կլիներ ձեզ:

Մարթա- Մայրի՛կ, դուք գիտեք, որ մենք դեռ շատ բան ունենք անելու:

Մայրը- Որդի՜: Ես արդեն շատ ծեր եմ: Ծեր կանայք անգամ իրենց որդիներին են մոռանում սիրել: Սիրտն ինքն իրեն սպառում է, պարո՛ն:

Ժան- Ճիշտ է, բայց այն երբեք չի մոռանում:

Մարթա- (նրանց միջև կանգնելով և վճռականորեն) Զավակը, ով կգա այստեղ, կգտնի նույնը, ինչ ցանկացած հաճախորդ՝ ջերմ անտարբերություն: Բոլոր այստեղ եկած մարդիկ ստացել են դա: Նրանք վճարել են և ստացել իրենց սենյակի բանալին: Նրանք իրենց սիրտը չեն դատարկել: Դա հեշտացնում է մեր գործը:

Մայրը- Թողեք դա:

Ժան- (մտածելով) Եվ երկա՞ր ժամանակ են մնացել նրանք:

Մարթա- Որոշները շատ երկար: Մենք անում էինք այն, ինչ պետք է, որպեսզի նրանք մնային: Նրանք, ովքեր քիչ հարուստ էին, հեռանում էին հենց հաջորդ օրը: Մենք նրանց համար ոչինչ չէինք անում:

Ժան- Ես շատ փող ունեմ և ուզում եմ որոշ ժամանակ այս հյուրանոցում մնալ, եթե իհարկե դուք ինձ ընդունեք: Ես մոռացա ձեզ զգուշացնել, որ ես կարող եմ նախօրոք վճարել:

Մայրը- Օ՜, մենք ամենևին նման բան չենք խնդրում:

Մարթա- Շատ լավ է, որ դուք գումարի խնդիր չունեք: Բայց, խնդրում եմ, ոչ մի խոսք զգացմունքների մասին: Մենք դրա հետ ոչինչ անել չենք կարող: Ինձ այնքան հոգնեցրեց այս ամեն ինչը, որ ես գրեթե ցանկանում էի խնդրել ձեզ հեռանալ այստեղից: Հիշե՛ք, այս տանը զգացմունքների համար տեղ չկա: Շատ գորշ ամպեր են անցել այս տան և մեր վրայով, և նույնիսկ դրանց թողած ազդեցությունն է անցել: Կարող եք այդ ամենին վերագրել մեր սառնությունը: Բայց դուք չպետք է մտերմության հույս ունենաք: Արդեն ասել եմ ձեզ դրա մասին: Մենք Ձեզ որպես հաճախորդ շատ լավ կսպասարկենք: Բայց համակրանքը բացառված է: Վերցրե՛ք Ձեր բանալին (նա բանալին մեկնում է նրան), և մի՛ մոռացեք, որ Ձեզ լավ ընդունելություն ցույց տալը մեր պարտականությունն է: (Ժանը վերցնում է բանալին: Մարթան հեռանում է: Ժանը նայում է՝ ինչպես է նա հեռանում:)

Մայրը- Նրա վրա շատ ուշադրություն մի դարձրեք, պարո՛ն: Կան թեմաներ, որ նա տանել չի կարողանում: (Նա ուզում է կանգնել և Ժանը փորձում է օգնել նրան:) Թո՛ղ, տղա՛ս, ես դեռ այդքան էլ թույլ չեմ: Տե՛ս, ձեռքերս դեռ ամուր են և մի տղամարդու պես կարող են բեռ բարձրացնել: (Լռություն: Նա նայում է բանալիներին:) Իմ ասածնե՞րը քեզ մտածմունքների մեջ գցեցին:

Ժան- Ո՛չ, ներեցեք ինձ, ես գրեթե չէի լսում Ձեզ: Բայց Դուք ինչու՞ եք ինձ անվանում «տղաս»:

Մայրը- Օ՜, ես շփոթված եմ: Դա մտերմությունից չէ: Դա պարզապես իմ խոսելու ձևն է:

Ժան- Հասկացա: (դադար) Կարո՞ղ եմ բարձրանալ սենյակս:

Մայրը- Անշուշտ, պարոն: Սպասավորը Ձեզ է սպասում միջանցքում: (Ժանը նայում է նրան և ուզում է մի բան ասել) Ինչ-որ բա՞ն է հարկավոր:

Ժան- (երկմտելով) Ոչ, տիկին, բայց… շնորհակալություն ընդունելության համար:

Տեսարան 7

Մայրը մենակ է: Նա նորից նստում է, ձեռքերը դնում սեղանին և սկսում զննել դրանք:

Մայրը- Ինչու՞ ես նրա հետ խոսեցի իմ ձեռքերի մասին: Բայց նա Մարթային ավելի լավ կհասկանար, եթե նայած լիներ դրանց: Եվ եթե հասկանար, ապա կմեկներ այստեղից: Բայց նա չհասկացավ: Ուրեմն նա ցանկանում է մեռնել: Ես ինքս ուզում եմ, որ նա փախչի այստեղից, որ գոնե այս գիշեր ես պառկեմ ու հանգիստ քնեմ: Ծերացել եմ: Ես արդեն շատ ծեր եմ նրա ոտքերը կապելու և նրա ջղաձգումներին դիմադրելով նրան մինչև գետը քարշ տալու համար: Ես շատ ծեր եմ՝ գործադրելու վերջին ջանքերը նրան գետը նետելու համար, և որն ինձ շնչասպառ կանի: Իմ ձեռքերը թուլացած կընկնեն, մկաններս կձգվեն, և անգամ ուժ չեմ ունենա երեսիցս մաքրելու այն ջուրը, որը կցայտի վրաս, երբ քնած մարդուն ջուրը նետեմ: Ես շատ ծեր եմ… Դե՜ վերջացրու: Բայց ինչու՞ է զոհն այդքան կատարյալ: Ինչու՞ սպանեմ նրան, մինչ ինքս եմ երազում մեռնելու մասին: Իմաստ չունի…

(Մարթան կտրուկ ներս է մտնում)

Տեսարան 8

Մարթա- Ինչի՞ մասին ես այդքան մտածում: Դու գիտես՝ մենք դեռ շատ բան ունենք անելու:

Մայրը- Ես մտածում էի այն տղամարդու մասին: Ավելի ճիշտ, մտածում էի ինքս իմ մասին:

Մարթա- Ավելի լավ կանես մտածես վաղվա մասին: Դրակա՛ն տրամադրվիր:

Մայրը- Դրանք քո հոր խոսքերն են, Մարթա՛, ես ծանոթ եմ այդ խոսքերին: Բայց ես ուզում եմ համոզված լինել, որ սա վերջին անգամը կլինի, որ մենք ստիպված կլինենք դրական տրամադրվել: Տարօրինակ է: Հայրդ ասաց այդ խոսքերը, երբ ուզում էր հեռու վանել վախը ոստիկաններից, իսկ դու օգտագործում ես, որպեսզի հեռու վանես ազնիվ գտնվելու ցանկությունը, որն արթնանում էր իմ մեջ:

Մարթա- Այն, ինչ դու կոչում ես ազնիվ լինելու ցանկություն, պարզապես մահանալու ցանկություն է: Մի կողմ դիր քո թուլությունը և հետո դու ի վիճակի կլինես ազատ լինել:

Մայրը- Ես գիտեմ, որ դու ճիշտ ես, բայց խոստովանիր, որ այս ճանապարհորդը նման չէ մյուսներին:

Մարթա- Այո, նա շատ անուշադիր է: Նրա անմեղ պահվածքը չափազանցված է: Ինչ կլիներ աշխարհի հետ, եթե մեղադրյալը սկսեր վստահել իր վշտերը դահիճին: Սա մի սկզբունք է, որը դեմ է ողջախոհությանը: Բացի այդ նրա հանդգնությունն ավելի է դժվարացնում իմ վիճակը: Ես ուզում եմ վերջ տալ այս ամենին:

Մայրը- Քանի դեռ մենք ոչ զայրույթ, ոչ կարեկցություն չէինք խառնում մեր գործին, մենք ունեինք այն անտարբերությունը, որն անհրաժեշտ էր: Ինչ վերաբերում է ինձ, այսօր ես հոգնած եմ, իսկ դու` զայրացած: Պե՞տք է արդյոք մենք համառություն դրսևորենք, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, և աչք փակենք ամեն ինչի վրա մի քիչ էլ գումար վաստակելու համար:

Մարթա- Ո՛չ: Ո՛չ գումարի համար, բայց այս երկիրը մոռանալու և ծովի մոտ տուն ունենալու համար: Ուրեմն դու հոգնել ես քո կյանքից: Ինչ վերաբերում է ինձ, ես մահու չափ հոգնել եմ այս փակ հորիզոնից և զգում եմ, որ անգամ մեկ ամիս ավել չեմ կարող ապրել այստեղ: Մենք երկուսս էլ մաշվել ենք այս իջևանատան ձեռքը, և դու, որ արդեն ծեր ես, ուզում ես փակել քո աչքերը և մոռանալ: Բայց ես, որ դեռ իմ սրտի խորքում զգում եմ քսանամյա աղջկան հատուկ ցանկություններ, ուզում եմ գործն ավարտին հասցնել, որ դրանից հետո ապրեմ առանց դրանց: Միայն հանուն դրա մենք պետք է մի փոքր էլ ապրենք այն կյանքով, որից պատրաստվում ենք հրաժարվել, և դու ես, ով պետք է ինձ օգնի այդ հարցում: Դու ես ինձ ներքաշել այս ամենի մեջ՝ չթողնելով այլընտրանք:

Մայրը- Չգիտեմ, Մարթա, արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, որ ես մոռացված լինեի, ինչպես մոռացված եմ քո եղբոր կողմից, քան թե լսեի քեզնից այդ խոսքերը:

Մարթա- Դու լավ գիտես, որ ես չեմ ուզում քեզ տանջել: (դադար է տալիս, իսկ հետո շարունակում ավելի կատաղի) Ի՞նչ էի անելու ես առանց քեզ, ի՞նչ կլիներ ինձ հետ քեզանից հեռու: Ես, համենայն դեպս, ի վիճակի չէի լինի մոռանալ քեզ, և եթե այս կյանքի ծանրությունը երբեմն ստիպում է անհարգալից լինել քեզ հետ, խնդրում եմ ներիր ինձ:

Մայրը- Դու լավ դուստր ես, և ես հասկանում եմ, որ երբեմն դժվար է հասկանալ ծեր կնոջը, բայց ես ուզում եմ օգուտ քաղել այս րոպեից՝ ասելով այն, ինչ ուզում էի ասել ներս մտածս պահից սկսած: Արի չանենք դա, համենայն դեպս չանենք այս գիշեր:

Մարթա- Ի՞նչ: Սպասե՞նք մինչ վաղը: Մենք երբեք այդպես չենք վարվել, և սխալ է նրան թույլ տալ հանդիպել այլ մարդկանց, և մենք պետք է գործենք, քանի դեռ նա մեր ձեռքերում է:

Մայրը- Չգիտեմ, բայց ոչ այս գիշեր: Թողնենք նրան այս գիշեր: Արի հետաձգենք այս մահապատիժը: Միգուցե նրա միջոցով է, որ մենք կփրկենք ինքներս մեզ:

Մարթա- Մենք կարիք չունենք փրկվելու: Այս խոսակցությունը ծիծաղելի է: Այն ամենը, ինչ դու կարող ես շահել այդ ամենն այս գիշեր իրականացնելով, կլինի վարձատրություն՝ հանգիստ քնելու:

Մայրը- Դա այն է, ինչ ես հասկանում եմ փրկություն ասելով՝ քուն:

Մարթա- Այդ դեպքում ես երդվում եմ, որ փրկությունը մեր ձեռքերում է: Դա կամ պետք է այս գիշեր լինի, կամ պետք է չլինի:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Գործողություն 2

Տեսարան 1

Ննջասենյակ: Երեկոյան լույսը ներթափանցում է սենյակ: Ժանը պատուհանից դուրս է նայում:

Ժան- Մարիան ճիշտ է՝ բաժանումը դժվար է (լռություն): Ի՞նչ է նա անում, ինչի՞ մասին է նա մտածում հյուրանոցի իր սենյակում՝ փակ սրտով, անարցունք աչքերով, ամբողջովին կծկված իր աթոռի մեջ: Այնտեղ անցկացրած գիշերները երջանկություն էին խոստանում: Բայց այստեղ, ընդհակառակը… (նա աչքի է անցկացնում սենյակը) Բայց այս անհանգստությունն անհիմն է: Մարդ պետք է իմանա՝ ինչ է ուզում: Այս սենյակում էլ կվճռվի ամեն ինչ:

(Դուռը թակում են: Ներս է մտնում Մարթան)

Մարթա- Հուսով եմ, պարոն, Ձեզ չեմ անհանգստացնի: Ես ուզում եմ փոխել Ձեր սրբիչները և ջուրը:

Ժան- Կարծում էի՝ արդեն արել եք դա:

Մարթա- Ոչ, ծեր սպասավորը երբեմն շատ ցրված է լինում:

Ժան- Լավ, դա կարևոր չէ: Բայց ես արդեն նույնիսկ չեմ համարձակվում Ձեզ ասել, որ Դուք չեք խանգարում:

Մարթա- Ինչու՞:

Ժան- Համոզված չեմ, որ այն մտնում է մեր պայմանավորվածության մեջ:

Մարթա- Դուք հստակ տեսնում եք, որ, այնուամենայնիվ, Դուք չեք կարողանում պարզապես պատասխանել իմ հարցերին:

Ժան- (ժպտում է) Ես պետք է հարմարվեմ դրան: Ինձ ժամանակ տվեք:

Մարթա- (զբաղվելով իր գործով) Դուք շուտով կմեկնեք և ոչնչի համար էլ ժամանակ չեք ունենա: (Ժանը հեռանում է նրանից և պատուհանից դուրս նայում: Մարթան զննում է նրան: Ժանը դեռ մեջքով է կանգնած: Նա աշխատելու ընթացքում խոսում է:) Ցավում եմ, պարոն, որ այս սենյակն այնքան էլ հարմարավետ չէ, որքան կցանկանայիք:

Ժան- Կարևորն այն մաքուր է: Դուք այն վերջերս եք չէ՞ սենյակ դարձրել:

Մարթա- Այո: Ինչպե՞ս իմացաք:

Ժան- Որոշ մանրամասներից:

Մարթա- Ամեն դեպքում, մեր հաճախորդներից ոմանք միշտ բողոքում են հոսող ջրի բացակայությունից, և չես կարող նրանց մեղադրել: Երկար ժամանակ մենք ցանկանում էինք էլեկտրական լամպ ամրացնել մահճակալի վերևում: Նրանց համար, ովքեր սովորություն ունեն անկողնու մեջ կարդալու, շատ անհարմար է ամեն անգամ վեր կենալ լույսն անջատելու համար:

Ժան- (շուրջը նայելով) Իրականում, ես չէի նկատել դա, բայց հոգ չէ:

Մարթա- Դուք շատ ներողամիտ եք: Ես ուրախ եմ, որ մեր իջևանատան բազմաթիվ թերություններն էական չեն Ձեզ համար: Ես շատերին գիտեմ, ում համար այսքանը բավական կլիներ այստեղից հեռանալու համար:

Ժան- Չնայած մեր պայմանավորվածությանը, թույլ տվեք նկատել, որ Դուք շատ տարօրինակ եք: Ինձ համար զարմանալի է, որ Դուք, որպես իջևանատան տեր, վեր եք հանում դրա բոլոր թերությունները: Տպավորություն է ստեղծվում, որ Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ ես հեռանամ այստեղից:

Մարթա- Ես դրա մասին չէի մտածում: (կարծես հենց նոր որոշելով, թե ինչ ասել) Սակայն ճիշտ է, ես ու մայրս երկար մտածեցինք մինչև Ձեզ այստեղ ընդունելը:

Ժան- Համ

Համենայն դեպս ես նկատել եմ, որ Դուք շահագրգռված չեք, որ այստեղ մնամ: Բայց ես չեմ կարողանում պատճառը հասկանալ: Դուք արդեն հասկացել եք, որ ես վճարունակ եմ և հուսով եմ՝ չեմ թողնում մի մարդու տպավորություն, ով կարող է որևէ սխալ քայլ անել:

Մարթա- Ոչ, այդպես չէ: Դուք բոլորովին նման չեք մի մարդու, ով կարող է որևէ մեղք գործել: Խնդիրն այլ է: Մենք պատրաստվում ենք թողնել այս իջևանատունը, և երկար ժամանակ մտածում էինք հաստատությունը փակելու մասին, որ սկսենք նախապատրաստական աշխատանքները: Եվ մեզ համար հեշտ էր, քանի որ մենք քիչ հաճախորդներ ենք ունենում: Բայց ահա Ձեր գալով մենք հասկացանք, որ, այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում նորից զբաղվել մեր նախկին գործով:

Ժան- Ցանկանում եք, որ ես հեռանա՞մ:

Մարթա- Ես Ձեզ ճշգրիտ ներկայացրի իրավիճակը: Ասում եմ՝ ես ու մայրս տատանվում էինք, հատկապես ես: Իրականում, ամեն ինչ կախված է ինձնից, և ես դեռևս չգիտեմ՝ ինչ որոշում կայացնել:

Ժան- Իմացե՛ք, ես չեմ ուզում բեռ դառնալ Ձեզ համար և կանեմ այնպես, ինչպես ցանկանում եք: Այնուամենայնիվ կասեմ, որ ինձ հարմար կլիներ մեկ-երկու օր այստեղ մնալ: Ես մի քանի գործեր պետք է կարգի բերեմ, մինչև իմ ճանապարհորդությունները վերսկսելը, և հույս ունեի այստեղ գտնել այն հանգստությունը, որի կարիքն ունեմ:

Մարթա- Ես հասկանում եմ Ձեր ցանկությունը և կմտածեմ դրա մասին: (Դադար: Նա մի անորոշ քայլ է անում դեպի դուռը:) Դուք վերադառնալու եք այն երկի՞ր, որտեղից եկել եք:

Ժան- Միգուցե:

Մարթա- Այն գեղեցիկ է, այդպես չէ՞:

Ժան- (Նա պատուհանից դուրս է նայում) Այո, գեղեցիկ է:

Մարթա- Ասում են այդ վայրերում կան ափեր, որոնք ամբողջությամբ անմարդաբնակ են:

Ժան- Ճիշտ է: Այնտեղ ոչինչ չկա, որ կարող է հիշեցնել մարդկանց մասին: Առավոտյան ավազի վրա կարող ես տեսնել միայն ծովային թռչունների թողած հետքերը: Դրանք կենդանության միակ նշաններն են: Իսկ երեկոները… (Նա կանգ է առնում)

Մարթա- (մեղմորեն) Իսկ երեկոներն ի՞նչ, պարոն:

Ժան- Երեկոներն անհանգիստ են: Այո, դա գեղեցիկ երկիր է:

Մարթա- (ձայնի նոր տոնով) Ես հաճախ եմ մտածում դրա մասին: Որոշ ճանապարհորդներ ինձ պատմել են դրա մասին, և ես կարդացել եմ, ինչ կարողացել եմ: Հաճախ, ինչպես այսօր, երբ այս երկրում դաժան գարուն է, ես մտածում եմ այդ երկրի ծովի և ծաղիկների մասին: (Դադար և դառնորեն շարունակելով) Եվ իմ երազանքները ինձ կույր են դարձնում այն ամենի նկատմամբ, ինչը շրջապատում է ինձ: (Ժանը քնքշորեն նրան է նայում և նստում նրա դիմաց)

Ժան- Հասկանում եմ: Այնտեղ, որտեղից ես եմ եկել, գարունը խելքահան է անում: Հազարավոր ծաղիկներ միաժամանակ բացվում են սպիտակ պատերի վրա տարածվելով: Եվ եթե մեկ ժամ քայլես քաղաքը շրջապատող հովիտներում, շորերիդ հետ կբերես ծաղինկների մեղրահոտը, որ բուրում է հազարավոր դեղին վարդերից:

(Մարթան նույնպես նստում է)

Մարթա- Անհավատալի՜ է: Այն, ինչ մենք այստեղ գարուն ենք անվանում, մեկ փոքրիկ վարդն է և երկու բողբոջներ, որոնք վանքի կողքը գտնվող այգում կռիվ են տալիս լույսի շողի համար: (արհամարհական տոնով) Եվ դա բավական է տեղի բնակիչներին: Նրանց սրտերն այնքան ամուր են փակված, որքան այն երկու բողբոջները: Մեկ այլ բույր նրանց շնչասպառ կանի: Նրանք արժանի են այն ամենին, ինչ ունեն: Գարունն է այստեղ ժլատ է, ինչպես իրենք:

Ժան- Արդյո՞ք դա արդարացի է: Դուք մոռացաք աշնան մասին:

Մարթա- Իսկապե՞ս:

Ժան- Այո: Դա կարծես երկրորդ գարուն լինի՝ լի տերևներով, որոնք նման են ծաղիկների: (Ժանն աչքերը չի կտրում նրա հայացքից) Մարդիկ նույնպես փոխվում են, եթե համբերատար ես լինում: Եթե նրանց մասին հոգ ես տանում:

Մարթա- Ես այլևս համբերություն չունեմ այս Եվրոպայի համար, որտեղ աշունն ունի գարնան դեմքը, իսկ գարունը թշվառություն է բուրում: Իմ երևակայության մեջ այլ պատկերներ են: Մի երկիր, որտեղ արևը ոչնչացնում է ամեն ինչ, իսկ ձմռան անձրևները հեղեղում են քաղաքները, և որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի:

(Լռություն: Ժանը ապշահար է եղել: Մարթան նկատում է դա և կտրուկ վեր կենում)

Մարթա- Ինչու՞ եք ինձ այդպես նայում:

Ժան- Կներեք, ես մոռացել էի մեր պայմանավորվածության մասին, բայց Դուք չեք կարող դրա համար ինձ մեղադրել: Հաճելի էր Ձեզ վերջապես լսել խոսելիս այն լեզվով, որը ես հասկանում եմ: Դա ավելի մարդկային է, եթե կարելի է այպես ասել:

Մարթա- (կատաղի պոռթկալով) Ահա այդտեղ Դուք սխալվում եք: Մարդկայնությունը իմ լավագույն հատկանիշը չէ: Ձեզ դուր չի գա, եթե ես իսկապես դրսևորեմ դա: Միակ բանը, որն ընդհանուր է իմ և մարդկանց միջև, իմ նպատակասլացությունն է ուզածիս հասնելու՝ քանդելով և ավիրելով այն ամենը, ինչը կհանդիպի իմ ճանապարհին:

Ժան- (ժպտալով) Հասկանում եմ Ձեր բարկությունը: Բայց կարիք չկա, որ ես դրանից վախենամ, քանի որ ես խոչընդոտ չեմ Ձեր ճանապարհին: Ոչինչ ինձ չի ստիպում հակառակվել Ձեր ցանկություններին:

Մարթա- Դուք, իհարկե, ոչ մի պատճառ չունեք դրանց հակառակվելու: Բայց և ոչ մի պատճառ չկա ինձ օգնել դրանք իրագործելու համար: Իսկ դա որոշ դեպքերում կարող է վճռորոշ լինել:

Ժան- Ո՞վ ասաց Ձեզ, որ ես ոչ մի պատճառ չունեմ Ձեզ օգնելու:

Մարթա- Բանականությունը, ինչպես միշտ: Եվ ես մտադրված եմ իմ բոլոր երազանքները ինձ պահել: Դրանք իմ անձնականն են:

Ժան- Եթե ճիշտ եմ հասկանում, մենք նորից վերադարձանք մեր պայմանավորվածությանը:

Մարթա- Այո, և սխալմունք էր մեր կողմից այն խախտելը: Սակայն, շնորհակալ եմ Ձեզանից, որ պետմեցինք ինձ այդ երկրի մասին և ներողություն եմ խնդրում Ձեր ժամանակը վատնելու համար: (Նա մոտենում է դռանը) Սակայն իմ անունից կարող եմ ասել, որ ես իմ ժամանակը վատնած չեմ համարում: Այս զրույցն իմ մեջ մի շարք ցանկություններ արթնացրեց, որոնք քուն էին մտել: Եվ եթե իրոք Դուք ուզում եք մնալ այստեղ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ոչ կանխամտածված Դուք հասաք Ձեր նպատակին: Երբ գալիս էի այս սենյակ, ես արդեն մտադրվել էի խնդրել Ձեզ հեռանալ: Բայց Դուք ինձ հիշեցրիք իմ մարդկայնության մասին և այժմ ես ուզում եմ, որ Դուք մնաք: Իմ սերը դեպի ծովն ու արևը ի վերջո հաղթեցին:

(Ժանը մի պահ լուռ նայում է նրան)

Ժան- (անշտապ) Ձեր բառերի ընտրությունը շատ տարօրինակ է: Բայց ես կմնամ, եթե իհարկե, Ձեր մայրը դեմ չէ:

Մարթա- Մայրս ինձ նման մեծ ցանկություններ չունի: Նա նույն պատճառները չի ունենա Ձեր՝ այստեղ մնալու: Ծո՞վը: Անմարդաբնակ ափե՞րը: Դրանք ոչ մի նշանակություն չունեն նրա համար: Նա չի զգա Ձեր ներկայության կարիքը նրա համար, ինչի համար ես կզգամ: Բայց մյուս կողմից էլ նա չի հակառակվի ինձ: Նա ոչ մի պատճառ չունի դրա համար: Այսպիսով, հարցը լուծված է:

Ժան- Մի խոսքով, եթե ես ճիշտ հասկացա, մեկդ ուզում է, որ ես մնամ իր հետաքրքրությունից դրդված, իսկ մյուսը դեմ չէ, քանի որ միևնու՞յնն է իր համար:

Մարթա- Դուք ավելի՞ն եք ուզում գտնել մի հյուրանոցում: (նա բացում է դուռը)

Ժան- Լավ, ենթադրում եմ՝ ես գոհ պետք է լինեմ: Ավելի ճիշտ հրճվեմ: Բայց Դուք պետք է հասկանաք, այստեղ ամեն ինչ տարօրնակ է թվում ինձ՝ խոսելաձևերը, մարդիկ: Այս տունն իրոք տարօրինակ է:

Մարթա- Միգուցե դա այն պատճառով է, որ Դուք եք Ձեզ տարօրինակ պահում այստեղ: (Նա դուրս է գալիս:)

Տեսարան 2

Ժան- (նայելով դռան կողմը) Միգուցե, իսկապես… (նա գնում է դեպի մահճակալը և նստում) Բայց այս աղջիկն ինձ մոտ պարզապես ցանկություն է առաջացնում հեռանալու, գտնելու Մարիային և նորից երջանիկ լինելու: Այս ամենը հիմարություն է: Ի՞նչ եմ ես անում այստեղ: Բայց ոչ, ես պատասխանատում եմ մորս ու քրոջս համար: Ես շատ երկար ժամանակ եմ նրանց մոռացության մատնել: (նա վեր է կենում) Այո, այս սենյակում էլ ամեն ինչ կվճռվի: Բայց ի՜նչ սառն է նա: Այստեղ նախկինից ոչինչ չի մնացել: Այստեղ ամեն ինչ նման է տարօրնակ քաղաքների հյուրանոցային սենյակներին, ուր միայնակ մարդիկ գալիս են գիշերելու: Եվ ի՞նչ եմ անում ես այս սենյակում: Փնտրում եմ պատասխան: Եվ միգուցե ես իրոք գտնեմ այն: Ես դեռ հույս ունեմ: (նա դուրս է նայում պատուհանից) Ամպեր են կուտակվում: Եվ նորից իմ հին վշտերը գլուխ են բարձրացնում, ինչպես վաղուցվա վերքն է մզմզում թեթևակի շարժումից ու թվում է՝ այդ ցավը երբեք չի անցնի: Ինչ լինելու է, թող լինի: Բայց մարդ չի կարող ազատվել վախի զգացումից: Միայնակ մնալու վախից: Այն ծնվում է մեզ հետ միասին: Եվ ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ պարզենք, որ ոչ մի պատասխան էլ չկա: Բայց ինչպե՞ս կարելի է պատասխան ակնկալել այս փոքրիկ սենյակում, այս հյուրանոցում:

(Նա գնում է դեպի դռան զանգը: Մի պահ նա վարանում է, հետո զանգը տալիս է: Ձայն չկա: Մի րոպե լռություն, ոտնաձայներ, ինչ-որ մեկը թակում է դուռը: Դուռը բացվում է: Շեմքին կանգնած է ծեր սպասավորը: Նա կանգանծ է անշարժ ու անձայն:)

Ժան- Ոչինչ էլ չկա: Կներեք: Ես պարզապես ուզում էի իմանալ ինչ-որ մեկը կարձագանքի, արդյոք զանգն աշխատում է:

(Սպասավորը նայում է նրան և փակում դուռը: Ոտնաձայները լռում են:)

Տեսարան 3

Ժան- Զանգն աշխատում է, բայց նա չի խոսում: Դա պատասխան չէ: (նա նայում է երկնքին) Ի՞նչ անել:

(Ինչ-որ մեկը երկու անգամ թակում է դուռը: Ներս է մտնում քույրը՝ ձեռքին սկուտեղ:)

Տեսարան 4

Ժան- Ի՞նչ է սա:

Մարթա- Թեյ, որ Դուք էիք պատվիրել:

Ժան- Ես ոչինչ չեմ պատվիրել:

Մարթա- Իսկապե՞ս: Երևի սպասավորը խառնել է ինչ-որ բան: Նա միշտ ինչ-որ բան սխալ է հասկանում: (Մարթան սկուտեղը դնում է սեղանին, Ժանը շարժում է անում) Ուզում եք հե՞տ տանեմ թեյը:

Ժան- Ոչ, ոչ: Ընդհակառակը, շնորհակալ եմ: (Մարթան նայում է նրան և հեռանում:)

Տեսարան 5

(Նա վերցնում է բաժակը, նայում և նորից վայր դնում)

Ժան- Մի բաժակ գարեջուր, բայց փողի դիմաց: Մի բաժակ թեյ, այն էլ սխալմամբ: (Նա վերցնում է բաժակը և լուռ պահում ձեռքում, հետո ավելացնում դառնորեն:) Աստվա՜ծ իմ: Թույլ տուր ինձ գտնել անհրաժեշտ բառեր և կամ ստիպիր ինձ վերջ տալ այս ապարդյուն ձեռնարկմանը և վերականգնել Մարիայի սերը: Ուժ տուր ինձ ընտրելու, թե իրականում ինչ եմ ես ուզում և ուժ տուր դա իրագործելու համար: (Նա ծիծաղում է) Խմենք անառակ որդու վերադարձի համար: (Նա խմում է: Ինչ-որ մեկը եռանդով թակում է դուռը:) Հիմա ի՞նչ է եղել:

(Դուռը բացվում է: Ներս է մտնում մայրը:)

Տեսարան 6

Մայրը- Ներեցե՛ք, պարո՛ն, դուստրս ինձ ասաց, որ Ձեզ թեյ է մատուցել:

Ժան- Այո:

Մայրը- Խմե՞լ եք արդեն:

Ժան- Այո, ինչու՞ եք հարցնում:

Մայրը- Ներեցեք, կարո՞ղ եմ տանել սկուտեղը:

Ժան- (ժպտում է) Ցավում եմ, որ անհարմարություն եմ պատճառում Ձեզ:

Մայրը- Հոգ չէ: Իրականում այս թեյը Ձեզ համար չէր նախատեսված:

Ժան- Օ՜հ: Այժմ հասկացա: Ձեր դուստրն այն ինձ մատուցել էր առանց պատվիրելու:

Մայրը- (հոգնած տոնով) Այո, այդպես էլ կա: Ավելի լավ կլիներ…

Ժան- (զարմացած) Հայցում եմ Ձեր ներողամտությունը, բայց հավատացեք, Ձեր դուստրը ցանկացավ թողնել այն և ես չէի կարծում…

Մայրը- Ես նույնպես ցավում եմ: Բայց հարկ չկա ներողություն խնդրելու: Դա միայն սխալմունք է: (նա վերցնում է սկուտեղը և պատրաստվում է դուրս գալ:)

Ժան- Տիկի՛ն:

Մայրը- Այո:

Ժան- Ես հենց նոր վճռեցի: Կարծում եմ ընթրիքից հետո ես կհեռանամ այստեղից: Բնականաբար, ես Ձեզ կվճարեմ սենյակի համար: (Մայրը լուռ նայում է նրան:) Տեսնում եմ՝ զարմացած եք: Բայց ամեն ինչից անկախ, Դուք ոչ մի բանի համար պատասխանատու չեք: Ես համակրանք են զգում Ձեր հանդեպ, նույնիսկ ուժեղ համակրանք: Բայց, անկեղծ ասած, ես ինձ այստեղ լավ չեմ զգում: Նախընտրում եմ չերկարաձգել իմ այստեղ մնալը:

Մայրը- (անշտապ) Ամեն ինչ կարգին է, պարոն: Իրականում, Դուք լիովին ազատ եք վարվել այնպես, ինչպես կամենում եք, բայց միգուցե մինչև ընթրիքը Դուք փոխեք Ձեր որոշումը: Երբեմն, մարդն ընկնում է պահի ազդեցության տակ, բայց այնուհետև ամեն ինչ կարգավորվում է և դառնում սովորական:

Ժան- Ես այդպես չեմ կարծում, տիկին: Այնուամենայնիվ, չեմ ուզում մտածեք, որ ես դժգոհ եմ հեռանում: Հակառակը, ես շնորհակալ եմ ձեր ընդունելության համար: (Նա երկմտում է) Ես մի տեսակ ջերմություն եմ զգում Ձեր կողմից իմ հանդեպ:

Մայրը- Դա միանգամայն բնական է, պարոն: Ես ոչ մի անձնական պատճառ չունեմ Ձեր հանդեպ թշնամաբար տրամադրվելու:

Ժան- (զսպելով զգացմունքները) Միգուցե, իսկապես: Բայց միակ պատճառը, որի համար ես ասում եմ Ձեզ այս ամենը այն է, որ ուզում եմ բարեկամաբար բաժանվենք միմյանցից: Հետագայում, միգուցե, ես էլի կվերադառնամ, ես համոզված եմ դրանում: Բայց այս պահին ես զգում եմ, որ այս ամենը սխալմունք է և ես այստեղ անելիք չունեմ: Դատելով այն ամենից, ինչ դուք ասում եք, ես զգում եմ, որ սա իմ տեղը չէ:

Մայրը- (անդադար նրան նայելով) Այո, Դուք ճիշտ եք: Բայց, շատ ժամանակ, դա կարող է միայն առաջին տպավորությունը լինել:

Ժան- Դուք ճիշտ եք: Ես մի փոքր ցրված եմ: Եվ հետո, հեշտ չէ վերադառնալ մի երկիր, որտեղից հեռացել ես շատ տարիներ առաջ: Դուք պետք է հասկանաք դա:

Մայրը- Ես հասկանում եմ Ձեզ, պարոն, ես կցանկանամ, որ ամեն ինչ հարթվի Ձեզ մոտ: Բայց կարծում եմ՝ մենք ոչինչ չենք կարող անել Ձեզ օգնելու համար:

Ժան- Օ՜, անկասկած, ես ձեզ ոչ մի բանի համար չեմ մեղադրում: Իմ վերադարձից հետո դուք առաջինն եք, ում ես հանդիպել եմ, և բնական է, այս դժվարություններն անխուսափելի են: Բայց դա իմ խնդիրն է, ոչ ձեր: Ես դեռևս չեմ հարմարվել, այդքան բան:

Մայրը- Երբ ամեն ինչ նախատեսածի պես չի ընթանում, շատ բան անել չես կարող: Ինչ-որ տեղ Ձեր որոշումը տխրեցնում է ինձ: Բայց ես ոչ մի պատճառ չունեմ դրան որևէ կարևորություն տալու:

Ժան- Դուք արդեն շատ բան եք արել ինձ համար՝ փորձելով մտնել իմ դրության մեջ: Բայց այն, ինչ հենց նոր ինձ ասեցիք շարժեց իմ սիրտը, և ես չեմ կարող բացատրել, թե որքան հաճելի էր լսել այդ խոսքերը: (Նա մի շարժում է անում դեպի նա) Տեսնու՞մ եք:

Մայրը- Դա մեր մասնագիտությունն է գոհացնել բոլոր հաճախորդներին:

Ժան- (հուսալքված) Դուք ճիշտ եք: (դադար) Այդ դեպքում ինձ մնում է միայն ներողություն խնդրել և եթե իհարկե թույլ կտաք, առաջարկել փոքրիկ փոխհատուցում Ձեր… (նա ձեռքերով շփում է երեսը, և թվում է՝ նա շատ հոգնած է) Դուք երևի նեղություն եք կրել, որոշ ծախսեր եք արել, և ճիշտ կլինի…

Մայրը- Օ՜, ոչ մի փախհատուցում: Ձեր անորոշությունից մենք ոչ մի վնաս չենք կրել: Բայց ես վախենում եմ, որ այն կարող է Ձեզ շատ անհարմարություններ պատճառել:

Ժան- (հակվելով սեղանին) Մ՛ի մտածեք իմ մասին: Կարևորը, որ մենք բարեկամաբար բաժանվենք և դուք իմ մասին վատ հիշողություններ չունենաք: Ես չեմ մոռանա ձեր տունը, հավատացեք, և երբ հաջորդ անգամ վերադառնամ այստեղ, հուսով եմ ավելի լավ հոգեվիճակում կլինեմ: (Մայրը քայլում է դեպի դուռը առանց որևէ բան ասելու:) Եվ մի բան էլ: (Մայրը շրջվում է: Ժանը կմկմում է, բայց վերջում խոսում է սահուն ու հստակ:) Ես ցանկանում եմ… (նա կանգ է առնում) Ներեցե՛ք, բայց իմ ճամփորդությունն ուժասպառ է արել ինձ: (Նա նստում է մահճակալին:) Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ… Բայց ես ուզում եմ, որ Դուք իմանաք, ես այստեղից չեմ հեռանում ինչպես մի անտարբեր հյուր:

Մայրը- Շնորհակալ եմ, պարոն:

Տեսարան 7

(Ժանը նայում է, թե ինչպես է նա դուրս գալիս: Նա փորձում է շարժվել, բայց հոգնածությունը զգացնել է տալիս: Տեղի տալով հոգնությանը՝ նա նստում է մահճակալին՝ արմունկը հենելով բարձին:)

Ժան- Ես վաղը կվերադառնամ: Մարիան ինձ հետ կլինի, և այս անգամ ես կասեմ «Ես եմ»: Ես նրանց երկուսին էլ կերջանկացնեմ: Մարիան ճիշտ էր: Ամեն ինչ շատ պարզ է: (նա հորանջում է և ոտքերը դնում անկողնուն) Ես չեմ ցանկանում, որ դա լինի այս երեկո, երբ ամեն ինչ այդքան հեռու է թվում: (նա ամբողջությամբ պարկում է մահճակալին և արտասանում հազիվ լսելի բառեր) Այո՞, թե՞ ոչ:

(Նա որոշ ժամանակ շուռումուռ է գալիս ու քնում: Բեմը մթության մեջ է: Երկար լռություն: Դուռը բացվում է: Երկու կանայք ներս են մտնում՝ իրենց հետ բերելով լապտեր: Ծեր սպասավորը հետևում է նրանց:)

Տեսարան 8

Մարթա- (Լուսավորելով նրա մարմինը և հազիվ լսելի ձայնով) Նա քնած է:

Մայրը- (Աստիճանաբար ձայնը բարձրացնելով) Ո՛չ, Մարթա՛: Ես չեմ ուզում սա: Դու ստիպում ես ինձ: Դու ես սկսել այս ամենը, բայց ստիպում ես ինձ ավարտին հասցնել: Ես չեմ կարող ուշադրություն չդարձնել իմ տարակուսանքներին:

Մարթա- Ես փորձում էի գործը հեշտացնել քեզ համար: Դատելով քո տրամադրվածությունից՝ ես ստիպված էի ինքս սկսել ամեն ինչ: Դու ինձ այլընտրանք չթողեցիր:

Մայրը- Լավ: Ենթադրում եմ, որ մենք ստիպված ենք ավարտին հասցնել այս ամենը: Բայց դրանից իմ վիճակը ավելի չի թեթևանա: Այս գաղափարն ինձ, այնուամենայնիվ, դուր չի գալիս:

Մարթա- Վերջացրու՛: Մտածի՛ր վաղվա մասին, և արի ավարտին հասցնենք այս ամենը:

(Մարթան զննում է նրա գրպանները և դուրս հանում դրամապանակը: Նա հաշվում է թղթադրամները: Նա դատարկում է նրա մյուս բոլոր գրպանները: Այս ամենը անելու ժամանակ նրա անձնագիրն ընկնում է հատակին: Ծեր սպասավորը վերցնում է այն, բայց երկու կանայք դա չեն նկատում, և մի կողմ է նետում:)

Մարթա- Ահա: Ամեն ինչ պատրաստ է: Մի քանի րոպեից գետն ամենավարար վիճակում կլինի: Մենք կվերադառնանք նրա ետևից, երբ ջուրը հասնի ջրապատնեշին: Գնացինք:

Մայրը- (հանգիստ տոնով) Արի այստեղ մնանք: (նա նստում է)

Մարթա- Բայց… (նա նայում է մորը և արհամարհանքով ասում) Չկարծես, թե դա ետ կպահի ինձ: Դու կարող ես այստեղ սպասել:

Մայրը- Այո՛, արի սպասենք: Սպասելը լավ է, սպասելը հանգստացնում է: Մեր առջև երկար գիշեր է: Մենք պետք է նրա մարմինը մինչև գետը քարշ տանք: Մեջս այլևս ուժ չի մնացել այս ամենի համար: (նա ճոճվում է աթոռի վրա՝ ասես կիսաքնած) Այժմ նա ոչինչ չի կասկածում: Նա քնած է: Այժմ նա աշխարհի հետ մաքրել է իր հաշիվները: Հետևաբար, ամեն ինչ հեշտ կլինի նրա համար: Նա չի էլ հասցնի երազախառն քնից ընկնել առանց երազների քնի մեջ: Եվ այն, ինչ ուրիշների համար լի է վախերով, նրա համար պարզապես կլինի երկար քուն:

Մարթա- (արհամարհանքով) Ուրեմն արի ուրախանանք: Ես ոչ մի պատճառ չունեմ նրան ատելու համար և ուրախ եմ, որ նա չի տանջվի: Բայց… ինձ թվում է, որ ջուրն արդեն բարձրանում է: (նա ականջ է դնում և ժպտում) Մա՛յր, մա՛յր, շուտով ամեն ինչ կվերջանա:

Մայրը- (նույն ոգևորվածությամբ) Այո՛, շուտով ամնեն ինչ իր տեղը կնկնի: Ջուրը բարձրանում է: Այժմ նա չգիտի՝ ինչ է կատարվում: Նա քնած է: Նա այժմ ոչ մի գործ չունի, ազատ է որոշումներ կայացնելուց, հոգսերից, ավելորդ ջանքերից՝ ինչ որ բան ավարտին հասցնելու, քանի դեռ ուշ չէ: Եվ հիմա շատ ուշ է… Այլևս ոչ մի լարվածություն: Օ՜, ես նախանձում եմ նրա քնին և այն փաստին, որ նա շուտով մահանալու է: (լռություն) Դու ոչինչ չունե՞ս ասելու, Մա՛րթա:

Մարթա- Ո՛չ: Ես լսում եմ: Ես սպասում եմ ջրի բարձրանալուն:

Մայրը- Մեկ րոպեից: Եվ քանի դեռ ձգվում է այդ րոպեն, երջանկությունը մեր ձեռքերում է:

Մարթա- Երջանկությունը հետո է գալիս և ոչ նախապես:

Մայրը- Գիտե՞ս, Մա՛րթա, նա պատրաստվում էր հեռանալ այս գիշեր:

Մարթա- Ո՛չ, չգիտեի: Բայց դա ոչինչ չէր փոխելու: Ես արդեն վճռել էի ամեն ինչ:

Մայրը- Նա ինքն ինձ ասաց: Ես չգիտեի՝ ինչ պատասխանել:

Մարթա- Ուրեմն դու հանդիպե՞լ ես նրան:

Մայրը- Ես այստեղ էի եկել, որպեսզի թույլ չտամ նրան խմել թեյը, բայց արդեն ուշ էր:

Մարթա- Այո՛, շատ ուշ էր: Ես պետք է քեզ ասեմ, նա այդ որոշումն ինձ համար էր կայացրել: Ես ինքս դեռ համոզված չէի, բայց նա սկսեց խոսել այն երկրի մասին, որի մասին ես երազում եմ՝ տալով ինձ այն զենքերը, որոնք անհրաժեշտ էին: Նա դիպավ իմ սրտի լարերին, և այդքանն էլ բավական էր: Անմեղությունն այդպես է վարձատրվում:

Մայրը- Սակայն, Մարթա, ինձ թվում է՝ նա վերջում հասկացել էր ամեն ինչ: Նա ինքն ինձ ասաց, որ այս տունն իրենը չէ:

Մարթա- (ուժգին և անհամբեր) Այս տունը, իսկապես, նրանը չէ, բայց այն իրականում ոչ մեկինն էլ չէ: Ոչ մեկ երբևիցե չի գտնի հանգստություն և ջերմություն այստեղ: Եթե նա հասկացած լիներ դա ավելի վաղ, նա ինքն իրեն կփրկեր, և մենք ստիպված չէինք լինի նրան բացատրել, որ այս սենյակը նախատեսված է քնելու համար, իսկ այս աշխարհը՝ մեռնելու համար: Բավական է արդեն, մենք… (հեռվից լսվում է ջրի ձայնը) Լսի՛ր, ջուրը հասել է ջրապատնեշին: Արի՛, մա՛յր, և հանուն այն Աստծու սիրուն, որին դու դեռ երբեմն ուղղում ես քո աղոթքները, արի վերջ տանք այս ամենին: (մայրը շարժվում է դեպի մահճակալը)

Մայրը- Արի՛, բայց ինձ թվում է, որ այս անգամ լույսը երբեք չի բացվելու:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Գործողություն 3

Տեսարան 1

(Մայրը, Մարթան և սպասավորը բեմում են: Ծեր սպասավորը կարգի է բերում շրջակայքը: Մարթան կանգնած է բարի ետևում և կարգի է բերում մազերը: Մայրը մեկնում է սկուտեղը և շարունակում քայլել դեպի դուռը:)

Մարթա- Դու այժմ հստակ կարող ես տեսնել, որ լույսը բացվեց:

Մայրը- Այո՛: Միայն վաղը ես կարող եմ զգալ, որ այս ամենը վերջացավ, իսկ այժմ ես միայն անհանգստություն եմ զգում:

Մարթա- Ի՞նչ էի անում ես այսքան տարիներ: Միայն այս առավոտ ես կարող եմ շնչել: Ես արդեն կարծես թե լսում եմ ծովի ձայնը: Դա ստիպում է ինձ ուրախությունից գոռալ:

Մայրը- Ուրախ եմ քեզ համար, Մարթա: Բայց ես չափազանց ծեր եմ այն քեզ հետ կիսելու համար: Գուցե վաղն ավելի լավ զգամ:

Մարթա- Հույս ունեմ: Բայց մի՛ խեղճացիր և թույլ տուր ինձ երջանիկ լինել: Ես նորից դարձել եմ այն երիտասարդ աղջիկը, ինչպիսին էի մի ժամանակ: Մարմինս այրվում է: Ես ուզում եմ ինչ-որ բան անել, վազել: Մայրի՜կ… (նա կանգ է առնում)

Մայրը- Ի՞նչ է կատարվում, Մարթա: Դու անճանաչելի ես դարձել:

Մարթա- Մայրի՜կ… (նա տատանվում է և առույգորեն շարունակում) Ես դեռ գեղեցի՞կ եմ:

Մայրը- Այս առավոտ գեղեցիկ ես: Հանցանքը միշտ էլ գեղեցիկ է:

Մարթա- Ի՞նչ կարևորություն ունի հիմա հանցանքը: Ես կարծես վերածնված լինեմ: Ես պատրաստվում եմ հասնել այն երկիրը, որտեղ ես կլինեմ երջանիկ:

Մայրը- Շատ լավ է: Ես պատրաստվում եմ հանգստի անցնել, բայց ուրախ եմ, որ կյանքը դեռ նոր է սկսվում քեզ համար:

(Ծեր սպասավորը կանգնած է աստիճանների վերևում, իջնում է դեպի Մարթան, նրան է հանձնում անձնագիրը և հեռանում՝ ոչինչ չասելով: Մարթան բացում է անձնագիրը և կարդում առանց արձագանքելու:)

Մայրը- Ի՞նչ է դա:

Մարթա- (խաղաղ ձայնով) Նրա անձնագիրը: Կարդա՛:

Մայրը- Դու շատ լավ գիտես, որ աչքերս հոգնած են:

Մարթա- Դու կիմանաս նրա անունը:

(Մայրը վերցնում է նրա աձնագիրը, նստում սեղանի մոտ, բացում և սկսում կարդալ: Նա երկար ժամանակ նայում է իր առջև բացված էջերին:)

Մայրը- (զգացմունքներից զուրկ ձայնով) Ահա՜: Ես գիտեի, որ այսպես է լինելու: Ես զգում էի, որ պետք է կանգ առնել:

Մարթա- (գալով և կանգնելով նրա դիմաց) Մայրի՜կ:

Մայրը- (նույն ձայնով) Օգուտ չկա, Մարթա: Ես երկար եմ ապրել, ավելի երկար քան իմ որդին: Չճանաչելով նրան՝ ես սպանեցի նրան: Եվ հիմա ինձ միայն մի բան է մնում անել՝ միանալ նրան, գետի հատակն անցնել, որտեղ ջրիմուռներն արդեն ծածկել են նրա երեսը:

Մարթա- Մայրի՛կ, դու չես պատրաստվում չէ՞ ինձ մենակ թողնել:

Մայրը- Դու ինձ շատ ես օգնել Մարթա, և ցավում եմ, որ պետք է լքեմ քեզ, և եթե դա դեռ ինչ որ նշանակություն ունի, ես պետք է ասեմ, որ դու լավ դուստր ես եղել: Ես քեզանից ավելին չէի կարող պահանջել, բայց ես ուժասպառ եմ: Ես չափազանց ծեր եմ այս վշտին դիմանալու համար: Ես նրա մայրն էի: Եվ եթե մայրն անկարող է ճանաչել իր որդուն, նա այլևս անելիք չունի այս կյանքում:

Մարթա- Ո՛չ: Դու դեռ պետք է մասնակից լինես քո դստեր երջանկությանը: Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում ինձ: Քո բառերն անճանաչելի են դարձել: Դու ինքդ ես ինձ սովորեցրել արհամարհել ամեն ինչ:

Մայրը- (նույն անտարբեր ձայնով) Այո՛, սովորեցրել եմ: Բայց այժմ հասկացա, որ ես սխալ եմ եղել, և այն աշխարհում, որտեղ ոչինչ հաստատ չէ, կան բաներ, որոնք հստակ են: (դառնորեն) Եվ մոր սերը դեպի իր զավակը այդ անհերքելի փաստերից է:

Մարթա- Իսկ ի՞նչ կասես դստեր հանդեպ սիրո մասին:

Մայրը- Ես չեմ ուզում ցավ պատճառել քեզ, Մարթա, բայց ճշմարտությունն այն է, որ դա նույն բանը չէ: Դստեր հանդեպ սերն ավելի թույլ է: Ինչպե՞ս ես կարող էի աչքաթող անել որդիական սերը:

Մարթա- (պոռթկումնալից) Եվ դու սե՞ր ես կոչում քսան տարիների մոռացությունը:

Մայրը- Այո՛, դա սեր է: Այն, ինչ կարող է լուռ ձգվել քսան տարի շարունակ, արժանի է սեր կոչվելու: Բայց այս ամենն այժմ անիմաստ է: Սեր է դա, թե ոչ, այն ինձ բավարար է, քանզի ես չեմ կարող ապրել առանց նրա: (նա վեր է կենում)

Մարթա- Հնարավոր չէ, որ դու այդպես խոսես, առանց ինքդ քեզ հետ կռիվ տալու և առանց դստերդ մասին մտածելու:

Մայրը- Ես ոչնչի մասին էլ չեմ մտածում և ցանկություն չունեմ ինքս ինձ հետ կռիվ տալու: Սա պատիժ է, Մարթա: Մեր պատիժը: Սա այն զգացողությունն է, որ վաղ թե ուշ ունենում են բոլոր ոճրագործները՝ ներքուստ դատարկված և չունենալով ապագայի ոչ մի հույս: Այս անպիտանության զգացումն էլ վերջ է դնում ամեն ինչին:

Մարթա- Ես երբեք չեմ լսել քեզ այդպես խոսելիս: Դա արհամարհելի է: Եվ ես չեմ կարող լսել, թե դու ինչպես ես խոսում ոճիրի ու պատժի մասին:

Մայրը- Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա պարզից էլ պարզ է: Ես կորցրի իմ ազատությունը և հիմա ես դժոխքում եմ:

Մարթա- (նրան մոտենալով և պառթկումով) Դու երբեք այդպես չես խոսել: Այս տարիների ընթացքում դու միշտ ինձ հետ ես եղել և միշտ կրել ես այն մարմինների ծանրությունը, որոնց վիճակված էր մեռնել: Դու երբեք հետ չես կանգնել: Դու երբեք չես մտածել ազատության և դժոխքի մասին: Դու շարունակել ես անել այդ ամենը: Ինչպե՞ս կարող է քո որդին փոխել այդ ամենը:

Մայրը- Այո, ես շարունակել եմ այդ ամենը, բայց միայն սովորությունից դրդված: Ինչպես կենդանի դիակ: Վշտի այս զգացումը հերիք էր ամեն ինչ տակնուվրա անելու համար: Դա այն փոփոխությունն էր, որն իր հետ բերեց իմ որդին: (Մարթան փորձում է ընդհատել նրան:) Գիտեմ, Մարթա, գիտեմ: Այս ամենն անհիմն է: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ տառապանքը հանցագործի համար: Բայց դու տեսնում ես, որ սա մայրական տառապանք չէ: Ու՞ր են արցունքները: Ոչ, սա ընդամենը ցավ է, որը զգում ես, երբ նորից սեր է ծնվում, բայց դու տեսնում ես՝ ինչպես է այն փլվում քո մեջ: Սա մի այլ տառապանք է, որը չի կարող ողջամիտ համարվել: (այլ տոնով) Բայց ինքնին աշխարհը ողջամիտ չէ: Եվ ես իրավունք ունեմ այդպես ասելու: Որովհետև ես ապրել եմ այդ ամենի միջով՝ սկսած ստեղծումից մինչև կործանում: (Նա կտրուկ շրջվում է դեպի դուռը, բայց Մարթան կանգնում է նրա դիմաց և փակում ելքը:)

Մարթա- Ո՛չ, մայրի՛կ, դու չես կարող թողնել ինձ: Դու չես թողնի ինձ: Հիշի՛ր, ես միակն եմ, որ մնացել էր քեզ հետ: Նա լքեց քեզ: Ես քեզ հետ եմ եղել ողջ կյանքիդ ընթացքում, մինչդեռ նա լուռ հեռացավ: Դա այն է, ինչի համար նա ստացավ իր արժանին: Դա պետք է հաշվի առնել: Եվ դու պետք է վերադառնաս ինձ մոտ:

Մայրը- (հանգիստ) Ես չեմ կարող հերքել քո ասածները, Մարթա: Բայց նա մեռած է, և ես եմ սպանել նրան:

(Մարթան մի փոքր շրջվում է և կանգնում՝ աչքերը գետնին խոնարհած և գլուխը դեպի դուռը հակած)

Մարթա- (երկար լռությունից հետո, ավելի ու ավելի բորբոքվելով) Կյանքը նրան ամեն ինչ տվել էր: Նա հեռացել էր այս երկրից: Նա գիտեր, թե ինչ է ազատությունը: Նա գիտեր՝ ինչ է ծովը: Մարդիկ, որոնց հետ նա ապրում էր, իրենց կյանքն անց են կացնում ազատության մեջ: Իսկ ես մնացի այստեղ: Մի փոքրիկ աղջնակ, որ խրվել մնացել էր մայրցամաքի սրտում, որը խեղդում էր նրան: Ոչ մեկ երբեք չի համբուրել իմ շուրթերը: Ոչ մեկ ինձ երբեք մերկ չի տեսել: Մայրի՛կ, այսքանից հետո կյանքն ինձ պարտք է: Դու չես կարող ինձ հենց այնպես լքել: Ոչ մեկի մահը չի կարող արդարացնել քո այդ որոշումը: Ոչ մի արտասովոր բան չի պատահել նրա հետ: Նա անցավ փորձության միջով, որը սակայն ավարտվեց: Նա ոչինչ չուներ, որի համար շարունակեր ապրել: Իսկ ես ունեմ: Դու ինձ ամեն ինչից կզրկես և չես թողնի վայելել այն, ինչ նա հասցրել էր վայելել: Նորից այնպես է ստացվում, որ նա այժմ էլ խլում է ինձնից քո մայրական սերը և քեզ հավիտյան քաշում իր սառը հոսանքի մեջ: (Նրանք լուռ իրար են նայում: Մարթան աչքերը խոնարհում է:) Ես շատ բան չեմ ուզում: Ես միշտ էլ չեմ գտել անհրաժեշտ բառեր զգացմունքներս արտահայտելու համար, բայց այժմ ինձ թվում է, որ մեզ համար օրհնություն կլինի ամեն ինչ սկսել նորից: (Մայրը շարժում է անում դեպի նա:)

Մայրը- Դու ճանաչե՞լ էիր նրան:

Մարթա- (Կտրուկ գլուխը վեր բարձրացնելով:) Ո՛չ, ես չէի ճանաչել նրան: Ես նրան բոլորովին չէի հիշում: Այս ամենն այնպես պատահեց, կարծես թե ամեն ինչ կանխորոշված էր: Դու ինքդ ասացիր, որ այս աշխարհը ողջամիտ չէ: Բայց հարցդ տեղին էր: Որովհետև, եթե անգամ ես նրան ճանաչած լինեի, դա ոչինչ չէր փոխի: Հիմա ես դրանում համոզված եմ:

Մայրը- Ես կնախընտրեմ կարծել, որ դա այդպես չէ: Նույնիսկ ոճրագործները պետք է չափ ու սահման ունենան:

Մարթա- Ես իմ չափը գիտեմ: Բայց ես չէի պատրաստվում ծունկի գալ եղբորս առջև, որին երբեք չեմ ճանաչել:

Մայրը- Հապա ու՞մ առջև ծունկի կգաս: (Մարթան կախում է գլուխը)

Մարթա- (ծնկի գալով) Քո առջև: Միմիայն քո առջև:

(լռություն)

Մայրը- (դանդաղ) Շատ ուշ է, Մարթա: Ես ոչինչ էլ չեմ կարող անել քեզ համար: (Նա հայացը հառում է իր դստերը:) Չես լացում, չէ՞: Ո՛չ, իհարկե ո՛չ: Դու չգիտես ինչպես են լացում: Հիշու՞մ ես այն ժամանակները, երբ ես քեզ գրկում էի:

Մարթա- Ո՛չ, մայրիկ:

Մայրը- Զարմանալի չէ: Դա շատ վաղուց էր: Եվ ես շուտով մոռացա, թե ինչպես են դստերը գիրկն առնում: Բայց ես երբեք չեմ դադարել քեզ սիրել: (Նա զգուշորեն Մարթային մի կողմ է քաշում, որ կամաց-կամաց տեղի է տալիս ճնշմանը:) Հիմա իմ սիրտն է խոսում, և ես նորից եմ սկսում ապրել հենց այն ժամանակ, երբ այլևս տանել չեմ կարող այս կյանքը:

(Դռան շեմին մարդ չկա:)

Մարթա- (երեսը ափերի մեջ առնելով) Կա՞ ինչ-որ բան ավելի ուժգին, քան դստեր հուսահատությունը:

Մայրը- Ուժասպառությունը: Եվ հանգստի կարիքը:

(Մայրը դուրս է գալիս: Մարթան անգամ փորձ չի անում նրան կանգնեցնելու :)

Տեսարան 2

(Մարթան վազում է դեպի դուռը և կատաղությամբ շրխկացնում այն՝ հենվելով դրան: Նա ոռնում է, ինչպես գազան:)

Մարթա- Ինչու՞ ես: Ինչպե՞ս կարող էի ես իմանալ: Ինչու՞ դա ինձ պետք է մտահոգեր: Նա գողացել էր իմ ապագան, զրկել էր ինձ մայրական սիրուց, միայնակ էր թողել ինձ այն երկրում, որը ես երբեք չկարողացա համարել իմը: Բայց ինչպե՞ս կարող էի ես իմանալ: Ինչու՞ է անմեղությունը միշտ վարձատրվում անարդարության ապտակով: Նա ամեն ինչ ուներ, իսկ ես ոչինչ չունեի: Մի ամբողջ կյանք՝ սպասելով, թե երբ է գալու այն ալիքը, որ պետք է քշի, տանի ինձ: Այժմ այն երբեք չի գա: Ես երբեք չեմ ազատվի: Ես հավիտյան խրված եմ մնալու այստեղ: Քամին ալեկոծում է ծովը, բայց այն միշտ էլ շրջափակված է լեռներով: Ես պետք է շարունակեմ ապրել այս խառնամբոխի մեջ, դաշտավայրերում և լեռներում, որոնք խոչընդոտում են ծովից փչող քամուն և իրենց փնթփնթոցներով և մռթմռթոցներով խլացնում ծովի շարունակական կանչը: (ավելի ցածր ձայնով) Մյուսներն ավելի բախտավոր են: Երեկոյան սյուքը հասնում է նրանց` իր հետ բերելով ջրիմուռների բույրը: Այն նրանց պատմում է ավազի, ծովի վրայով թռչող ճայերի և ծովափերի մասին: Բայց մինչ ինձ հասնելը քամին ուժասպառ է լինում: Ես երբեք վարձահատույց չեմ լինի: Ես շատ հեռու եմ այն ամենից, ինչ ցանկանում եմ և ոչ մի լուծում չկա դրան: Ի՞նչ կարող եմ ես անել: Կլսե՞մ արդյոք ծովի ալիքների ձայնն այսքան հեռավորության վրա: Ա՜խ, ինչպես եմ ատում նրան: Ատում եմ նրան, քանի որ նա ուներ, ինչ ցանկացել էր: Իսկ ես հավիտյան պարփակված կմնամ այս մռայլ պատերի մեջ: Իմ քաղցը միշտ կհագեցնի այս մի կտոր երկնքի տակ հազիվ հասունացած պտուղը, իսկ ծարավս հագեցնող ոչինչ չկա: Իմ թափած արյունը կփոխարինի դրան: Եվ այդ ամենը այն մոր համար, ով նախընտրեց սիրել իր որդուն:

Ուրեմն, թող նա մեռնի, եթե անկարող է սիրել ինձ: Բոլոր դռները կարող են փակվել իմ առջև: Ես միայնակ եմ մնացել իմ հպարտ զայրույթի հետ: Ես չեմ աղոթի: Մահվան հեռանկարը ինձ չի ստիպի աչքերս հառել դեպի երկինք: Ազատությունն ու փախուստը աստվածներ չունեն: Այնտեղ, որտեղ ծովն է թագավորում, աստվածները տեղ չունեն: Բայց այստեղ ամեն կողմից քեզ են ուղղված հայաքցներ, և երկրի դիրքն ինքնին ստիպում է քեզ հայացքդ երկնքին դարձնել, կարծես ողորմություն ես խնդրում: Ի՜նչպես եմ ատում այս աշխարհը, որ հալումաշ է անում մեզ՝ ստիպելով փրկություն աղերսել: Բայց ես, որ տանջվում եմ անարդարությունից, ծնկի չեմ գա: Ես կմնամ միայնակ՝ շրջապատված իմ հանցանքներով: Ես բոլորի կողմից մերժվել եմ, ես զրկվել եմ մորս սիրուց: Ես անտուն եմ: Բայց ես չեմ հանձնվի: Ես կլքեմ այս աշխարհը որպես մի օտարական, ինչպիսին որ միշտ եմ եղել:

(Դուռը թակում են:)

Տեսարան 3

Մարթա- Ո՞վ է:

Մարիա- Ճանապարհորդ եմ:

Մարթա- Մենք չենք աշխատում:

Մարիա- Ես եկել եմ ամուսնուս գտնելու: (նա ներս է մտնում)

Մարթա- (նրան նայելով) Եվ ո՞վ է ձեր ամուսինը:

Մարիա- Նա երեկ էր այստեղ եկել, և պետք է ինձ մոտ գար այս առավոտ: Բայց նա չեկավ: Ես չգիտեմ՝ ինչ է պատահել:

Մարթա- Նա ասաց, որ իր կինն իր հետ չի եկել:

Մարիա- Նա պատճառներ ուներ այդպես ասելու: Բայց ճիշտ ժամանակն է, որ մենք նորից միասին լինենք:

Մարթա- (ով դեռ նայում է նրան) Դա դժվար կլինի: Ձեր ամուսինն այստեղ չէ:

Մարիա- Համոզվա՞ծ եք: Ես կարծում էի՝ նա սենյակ է վարձել ձեզ մոտ:

Մարթա- Նա վարձել էր: Բայց անցած գիշեր նա հեռացավ:

Մարիա- Անհավատալի է: Նա շատ պատճառներ ուներ այստեղ մնալու: Այս ամենն ինձ դուր չի գալիս: Պատմե՛ք ինձ ինչ գիտեք:

Մարթա- Ես քիչ բան գիտեմ: Միայն այն, որ նա այլևս այստեղ չէ:

Մարիա- Բայց նա չէր կարող հեռանալ առանց ինձ: Ես չեմ հասկանում: Նա վերջնականապե՞ս է հեռացել, թե՞ ետ է դառնալու:

Մարթա- Վերջնական:

Մարիա- Երեկվանից սկսած ես համբերատար նրան եմ սպասում՝ միայնակ այս անծանոթ երկրում: Բայց այժմ իմ համբերությունը սպառվում է: Ես այնքան էի անհանգստացել, որ ինքս եկա այստեղ և չեմ հեռանա, մինչև չտեսնեմ նրան, կամ չիմանամ՝ որտեղ է նա:

Մարթա- Ցավում եմ, բայց դա իմ գործը չէ:

Մարիա- Ահա այդտեղ Դուք սխալվում եք: Դա նաև Ձեր գործն է: Ես չգիտեմ, արդյոք իմ ամուսնուն այս ամենը դուր կգա թե ոչ, բայց ես հոգնել եմ այս առեղծվածներից: Այն տղամարդը, որ երեկ եկել էր գիշերելու ձեզ մոտ, Ձեր եղբայրն է: Դուք երկար ժամանակ ոչ մի տեղեկություն չեք ունեցել նրա մասին, բայց նա Ձեր եղբայրն է:

Մարթա- Ես դա արդեն գիտեմ:

Մարիա- (կորցնելով ինքնատիրապետումը) Ուրեմն ի՞նչ է պատահել: Եթե նա Ձեր եղբայրն է և եթե սա Ձեր տունն է, ինչու՞ նա այստեղ չէ: Դուք գիտեք՝ ով է նա: Ուրախ չե՞ք նրան տեսնելու համար: Նա ուրախ չէ՞ր:

Մարթա- Ձեր ամուսինն այստեղ չէ, քանի որ նա մահացել է:

(Մարիան վեր է թռնում և մի րոպե լուռ մնում: Նա հայացքը չի կտրում Մարթայի վրայից: Վերջապես նա մի քայլ է անում դեպի Մարթան և ժպտում:)

Մարիա- Ենթադրում եմ, Դուք կատակում եք: Ժանն ինձ պատմել է, որ Դուք սիրում եք այդպես անել, անգամ երբ դեռ փոքր էիք: Որ Դուք սիրում եք տխրեցնել մարդկանց: Հիմա մենք գրեթե քույրեր ենք և…

Մարթա- Չդիպչե՛ք ինձ: Մնացեք Ձեր տեղում: Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք: (դադար) Ձեր ամուսինն անցած գիշեր մահացավ, և ես Ձեզ վստահեցնում եմ՝ ես չեմ կատակում: Դուք այլևս անելիք չունեք այստեղ:

Մարիա- Բայց Դուք խելագար եք, անասելի խելագար: Այս ամենը շատ անսպասելի է և ես Ձեզ չեմ հավատում: Որտե՞ղ է նա: Ցույց տվեք ինձ նրա դիակը և միայն այդ ժամանակ ես կհավատամ նրան, ինչն անգամ պատկերացնել չեմ կարողանում:

Մարթա- Դա անհնար է: Այնտեղ, որտեղ նա է, ոչ ոք չի կարող տեսնել նրան: (Մարիան շարժում է անում դեպի նրան:) Մի՛ դիպչեք ինձ և մնացեք Ձեր տեղում: Նա գետի հատակում է, այնտեղ, ուր ես ու մայրս քարշ տվեցինք նրան անցած գիշեր, երբ նա քնած էր: Նա չի տանջվել, բայց և ոչինչ չարեց կանխելու համար իր մահը, և մենք՝ ես ու նրա մայրը, սպանեցինք նրան:

Մարիա- (ընկրկելով) Ոչ, ոչ, խելագարը ես եմ, որ լսում եմ բառեր, որոնք դեռ երբեք չեն արտասանվել երկրիս երեսին: Ես գիտեի, որ ոչ մի լավ բան ինձ այստեղ չի սպասում, բայց ես պատրաստ չեմ մասնակից դառնալ այս խելագարությանը: Ես Ձեզ չեմ հասկանում, չեմ հասկանում…

Մարթա- Իմ պարտքը Ձեզ համոզելը չէ, ես միայն տեղեկացնում եմ: Դուք ինքներդ կհամզվեք դրանում:

Մարիա- (խելակորույս) Ինչու՞, ինչու՞ Դուք արեցիք դա:

Մարթա- Ինչու՞ եք ինձ հարցաքննում:

Մարիա- (լաց լինելով) Հանուն իմ սիրո:

Մարթա- Ի՞նչ է այդ բառը նշանակում:

Մարիա- Դա այն է, ինչն ինձ կտոր-կտոր է անում և ներսից ուտում, դա այն մոլեգնությունն է, որ իմ մեջ ծնում է մարդասպանին: Եթե չլիներ այն փոքր թերահավատությունը, որը ես դեռ ունեմ Ձեր բառերի հանդեպ, Դուք կիմանայիք, թե ինչ է նշանակում այդ բառը, երբ ես կծվատեի Ձեր երեսը իմ եղունգներով:

Մարթա- Ես Ձեր լեզուն չեմ հասկանում: Ես վատ եմ հասկանում սիրո, ուրախության և վշտի լեզուն:

Մարիա- (մեծ ջանքեր գործադրելով) Լսե՛ք, դադարեցրեք այս ամենը, եթե սա խաղ է: Թույլ մի՛ տվեք, որ դատարկ բառերը մոլորեցնեն մեզ: Ասե՛ք ինձ այն, ինչ ցանկանում եմ իմանալ, քանի դեռ ես զգացմունքներիս ազատություն չեմ տվել:

Մարթա- Ես սրանից ավելի պարզ չեմ կարող բացատրել: Մենք անցած գիշեր սպանեցինք Ձեր ամուսնուն, որպեսզի հափշտակենք նրա փողերը, ինչպես մենք նախկինում վարվել ենք մի շարք ուրիշ ճանապարհորդների հետ:

Մարիա- Ստացվում է նրա քույրը և մայրը հանցագործնե՞ր են:

Մարթա- Այո:

Մարիա- (դեռևս ջանքեր գործադրելով) Դուք այդ ժամանակ դեռ չգիտեի՞ք, որ նա Ձեր եղբայրն է:

Մարթա- Եթե դա իսկապես Ձեզ հետաքրքրում է, ապա, այո, դա փոքրիկ թյուրիմացություն էր: Եվ որքան քիչ բան իմանաք այս աշխարհի մասին, այնքան ավելի քիչ առիթներ կլինեն զարմանալու:

Մարիա- (թեքվելով դեպի սեղանը, երեսն ափերի մեջ առած և մեռելային ձայնով) Օ՜ Աստված իմ, ես գիտեի, որ այս ամենն այսպես է ավարտվելու: Արյամբ: Այս ամենn անհեթեթություն է և մենք այսպես ենք վարձահատույց լինում, սա մեր պատիժն է՝ երբևէ այս ամենի մեջ ներգրավվելու համար: Ես պետք է գլխի ընկնեի: Անգամ երկինքն էր չարագույժ: (նա կանգնած է սեղանի մոտ և խոսում է առանց Մարթային նայելու:) Նա միայն ուզում էր տուն վերադառնալ, նա ուզում էր, որ դուք ճանաչեիք նրան և ուզում էր երջանկացնել ձեզ: Նա միայն անհրաժեշտ բեռեր էր փնտրում: Բայց մինչ նա կգտներ դրանք, դուք սպանեցիք նրան: (նա սկսում է լաց լինել:) Դուք երկուսդ: Դա անմարդկային է: Դուք չհասկացա՞ք, թե ինչպիսի անձնավորություն է նա: Նա մոլորյալ որդի էր, ով վերադարձել էր: Նա զարմանալի մարդ էր՝ բարեհոգի և մարդկային: Նա կարող էր դառնալ ձեր ուրախությունն ու հպարտությունը, ինչպիսին իմն էր: Բայց դուք սպանեցիք նրան: Դուք նրա թշնամին էիք: Եվ այժմ նույնպես դուք դեռ թշնամիք եք: Դուք կանգնած եք սառը և անտարբեր, հանգիստ խոսելով մի բանից, ինչը պետք է ստիպեր Ձեզ փողոց դուրս վազել և ոռնալ ինչպես վիրավոր գազան:

Մարթա- Մի դատե՛ք, քանի դեռ ամեն ինչ չգիտեք: Մինչ մենք այստեղ խոսում ենք, մայրս պետք է որ գտած լինի իր որդուն: Ջուրը նրանց երկուսին էլ իր շրջապտույտի մեջ կառնի: Գետը նրանց կտանի և կթաղի կողք-կողքի: Բայց ես չեմ հասկանում՝ ինչու պետք է ոռնամ ինչպես գազան անգամ այս ամենն իմանալով: Ես այլ պատկերացում ունեմ մարդկային սրտի մասին և, անկեղծ ասած, Ձեր արցունքները զզվանք են առաջացնում իմ մեջ:

Մարիա- (շրջվում է, որ նրան նայի և ատելությունից պոռթկալով) Սրանք հավիտյան կորցրած երջանկության արցունքներն են: Եվ Դուք պետք է գոհ լինեք, որ տեսնում եք դրանք: Քանզի երբ դրանք դադարեն, ես ի վիճակի կլինեմ Ձեր վերջը տալ առանց մի րոպե անգամ տատանվելու:

Մարթա- Միգուցե: Դա ինձ չի մտահոգում: Ես կայացրել եմ իմ որոշումը: Ես շատ բան եմ տեսել և շատ բան եմ լսել, որպեսզի ինքս պատրաստ լինեմ մահվան: Բայց ես չեմ ցանկանում միախառնվել նրանց: Ես նրանց եմ թողնում իրենց վերագտած քնքշանքն ու մռայլ փաղաքշանքը: Վերագտնելով իրենց սերը՝ նրանք անհավատարիմ դարձան երկուսիս հանդեպ էլ: Բարեբախտաբար, ես իմ տեղն ունեմ: Երջանկության վերջին չափաբաժինը: Մեռնել միայնակ:

Մարիա- Ինչու՞ եք այդ ամենն ինձ ասում: Ինչու՞ պետք է դա ինձ մտահոգի: Մեռե՛ք, եթե ցանկանում եք և թող ամբողջ աշխարհը փուլ գա: Այն մարդը, ում ես սիրում էի, մահացել է և ես չեմ կարող դիմանալ անցյալի հիշողություններին:

(Մարթան կանգնում է նրա հետևում և խոսում)

Մարթա- Եկեք չչափազանցնենք: Դուք կորցրել եք Ձեր ամուսնուն, ես կորցրել եմ մորս: Դրանով մենք նման ենք իրար: Բայց Դուք միայն մեկ անգամ եք կորցրել նրան, իսկ մինչ այդ Դուք վայելել եք նրա ներկայությունը, և նա երբեք Ձեզանից չի հրաժարվել: Մայրս հրաժարվեց ինձնից: Այժմ նա մեռած է, և ես նրան կրկնակի եմ կորցրել:

Մարիա- Նա ցանկանում էր ձեզ տալ իր ունեցվածքը, երջանկացնել ձեզ երկուսիդ: Եվ այդ մասին էր նա մտածում միայնակ նստած իր սենյակում, երբ դուք նախապատրաստում էիք նրա սպանությունը:

Մարթա- (հանկարծակի հուսահատ տոնով) Ես ու Ձեր ամուսինը նույնպես նման ենք: Ինձ հայտնի է նրա հուսահատությունը: Ինչպես և նա, ես կարծում էի, որ տուն ունեմ: Ես հավատում էի, որ ոճիրն է դրա հիմքը, որ ոճիրն է կապում ինձ և մորս, մի կապով, որը երբեք հնարավոր չի լինի քանդել: Նա իմ ուղեկիցն էր: Նա սպանում էր ինձ հետ միասին: Եվ ես սխալվեցի: Ոճիրը նույնպես միայնության մի ձև է, անգամ եթե միավորվում ես հազարավոր մարդկանց հետ այն գործելու համար: Ես ապրել եմ միայնակ, սպանել եմ միայնակ, և այժմ կմահանամ միայնակ:

(Մարիան շրջվում է նրան նայելու համար: Նա դեռ լալիս է:)

Մարթա- (ետ քայլ անելով և իր կոպիտ ձայնով) Ես զգուշացրել եմ Ձեզ ինձ չդիպչել: Արյունը գլխիս է խփում միայն այն մտքից, որ մարդկային ձեռքը ինձ իր ջերմությունն է ուզում պարտադրել մինչ ես կհասցնեմ մեռնել: Մարմինս դող է ընկնում միայն այն մտքից, որ մարդկային նողկալի բարությունը դեռ հետապնդում է ինձ:

(նրանք կանգնած են դեմհանդիման՝ իրար շատ մոտ)

Մարիա- Մի՛ վախեցեք: Ես թույլ կտամ մեռնեք, ինպես ցանկանում եք: Դա ինձ չի մտահոգում: Ես անգամ այլևս չեմ ուզում Ձեզ տեսնել: Ո՛չ դու, ո՛չ մայրդ երբեք ավելին չեք լինի ինձ համար, քան պարզապես ստվերներ: Ես անգամ չեմ կարող ատել ձեզ: Ես այլևս ուժ չունեմ ինչ-որ մեկին սիրելու կամ ատելու: (Նա դեմքն առնում է ափերի մեջ:) Անկեղծ լինեմ, ես անգամ ժամանակ չունեմ ցավ զգալու կամ դրա դեմ պայքարելու համար: Դժբախտությունը հողին է հավասարեցրել ինձ:

Մարթա- (նա գնացել էր դեպի դուռը, բայց ետ է դառնում դեպի Մարիան) Բայց Դուք դեռ ուժ ունեք լաց լինելու: Անգամ այս ամենից հետո: Տեսնում եմ ես դեռ անելիք ունեմ, մինչև վերջնականապես Ձեզ լքելը:

Մարիա- (վախեցած նրան նայելով) Օ՜: Հեռացե՛ք: Ինձ մենակ թողեք:

Մարթա- Իսկապես, ես պատրաստվում եմ թողնել Ձեզ և ինձ համար նույնպես դա ազատում կլինի: Ես տանել չեմ կարողանում Ձեր սերն ու Ձեր արցունքները: Բայց ես չեմ կարող մահանալ, թողնելով Ձեզ այն համոզմանը, որ Դուք ճիշտ եք և որ սերն, այնուամենայնիվ, անօգուտ չէ, և որ այս ամենը պարզապես պատահականություն էր: Ես պարզապես ցույց կտամ իրերն, ինչպիսին նրանք կան իրականում և Դուք ստիպված կլինեք համաձայնել դրա հետ:

Մարիա- Ինչի՞ հետ:

Մարթա- Իրականության: Այն, որ երբեք ոչ մեկ չի կարող դիմացինին մինչև վերջ ճանաչել:

Մարիա- (կատաղի) Ի՞նչ նշանակություն ունի դա: Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը: Դա ինձ չի մտահոգում: Ես այլևս չեմ կարող այսպես շարունակել: Սիրտս երկու մասի է բաժանվել: Ի՞նչ եք ուզում ինձնից: Ի՞նչ եք ուզում գտնել: Ոչ մի բան չի մնացել, որ կարող է հետաքրքիր լինել ինձ: Ոչինչ, լսու՞մ եք: Դուք սպանել եք այն մարդուն, ում ես սիրում էի:

Մարթա- (կատաղի) Հերիք է նրա մասին խոսեք: Այլևս չեմ ուզում լսել: Ես ատում եմ նրան: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նա այժմ Ձեզ համար: Նա Ձեզ հավիտյան լքել է և փակել դռներն իր հետևից: Նա այժմ իր տունն ունի և դա նրա համար ավելի լավ է: Հիմա՛ր: Նա գտավ այն, ինչ փնտրում էր: Իրականությունը մեզ իր ճանկն է առել: Դու պետք է հասկանաս, որ բոլորիս դա է սպասում: Մեզանից ոչ մեկը, ո՛չ կյանքի ընթացքում, ո՛չ մահից հետո, հանգստություն չի գտնում: Աշխարհում ոչ մի վայր չկա, որտեղ կարող ես զգալ ինչպես տանը: (ծաղրալից ծիծաղելով) Չէ՞ որ ոչ մեկ չի կարող տուն կոչել այն խորը փոսը, որ զրկված է լույսից և որտեղ որդերի կեր ենք դառնում:

Մարիա- (լաց լինելով) Օ՜, Աստված իմ: Ի՞նպես ես կարողանում այդպես խոսել: Ես դա տանել չեմ կարող: Նա նույնպես չէր կարող: Այն երկիրը, որ նա փնտրում էր, իր սեփական երկիրը… նա այդ ամենը այս կերպ չէր պատկերացնում:

Մարթա- (ով հասել էր դռանը, բայց կտրուկ շրջվում է) Նա հիմար էր և ստացավ իրեն արժանին: Շուտով նաև Դուք Ձերը կստանաք: (նույն ծիծաղով) Մենք բոլորս էլ խաբված ենք: Մենք լսում ենք կանչերը և հնազանդվում: Դա կարող է լինել սերը, կարող է լինել ծովը: Եվ ինչի՞ համար է այդ ամենը: Ի՞նչ օգուտ մեզ այդ ամենից: Այս ամենը զավեշտալի է: Ծիծաղելի է: Այժմ Ձեր ամուսինը գիտի դա: Նա գտավ պատասխանները: Մեկ տուն կա բոլորիս համար: Եվ դա անքննելի է: Բոլորիս դա է սպասում: (ատելությամբ լցված) Նույն պատասխանը Ձեզ է սպասում: Եվ եթե Դուք հասկանում եք դա, և եթե դեռ Ձեր մեջ ուժ է մնացել, ետ կնայեք՝ կարոտելով այս օրը, որը դեռ համարում եք ամենացավոտ պատիժը: Չե՞ք տեսնում: Անարդարությունը վճիռ է: Բոլորիս համար: Դրա համեմատ Ձեր վիշտը դատարկ բան է: Անկարևոր մի բան: Ի՛նձ լսեք: Ես Ձեզ մի խորհուրդ կտամ: Լսե՛ք այն Ձեր ամուսնու փոխարեն: Ես պարտք եմ Ձեզ, քանի որ ես եմ սպանել նրան: Դուք հավատում եք Աստծուն: Աղոթե՛ք նրան: Խնդրե՛ք նրան Ձեզ քար դարձնել: Դա է միակ իրական երջանկությունը: Եվ նա գիտի դա: Այդ պատճառով նա այդ իրեն է թողել: Ուրեմն վարվե՛ք նրա նման: Անտարբեր եղեք այլոց աղերսանքների հանդեպ: Շատ ժամանակ չունեք: Արեք դա, քանի դեռ կարող եք: Բայց եթե այդ անկոտրում լռությունը չափից շատ է Ձեզ համար, եկեք և միացեք մեզ: Դուք գիտեք մեզ որտեղ փնտրել: Մենք բոլորս միայն մեկ տուն ունենք: Ցտեսություն, քույր իմ: Տեսնու՞մ ես, ամեն ինչ շատ պարզ է: Դու պետք է ընտրություն կատարես քարի կույր երջանկության և այն խոնավ անկողնու միջև, որ բոլորին է սպասվում:

(Մարթան դուրս է գալիս և Մարիան, ով սարսափահար նրան էր լսում, մնում է կանգնած՝ երերալով և ձեռքերը առաջ պարզած:)

Մարիա- (հուսահատությունից լաց լինելով) Օ՜, Աստված իմ: Ես չեմ կարող ապրել այս անապատում: Իմ Փրկիչ, իմ Տեր: Լսի՛ր աղոթքներս: Դու պետք է լսես: (նա ծունկի է գալիս) Ես քեզ եմ դիմում և հույսս քեզ վրա եմ դնում, Տե՛ր: Խղճա՛ ինձ և ձեռք մեկնիր ինձ: Լսի՛ր իմ աղոթքները և երեսդ ինձ դարձրու: Գթա՛ նրանց, ովքեր դեռ սիրում են միմյանց, բայց ում վիճակված է բաժանվել:

(դուռը բացվում է, ներս է մտնում ծեր սպասավորը)

Տեսարան 4

Սպասավոր- (պարզ ու հստակ ձայնով) Դուք կանչու՞մ էիք ինձ:

Մարիա- (դեպի նա դառնալով) Օ՜, ոչ: Միգուցե: Չգիտեմ: Բայց օգնեք ինձ, խնդրում եմ: Ինչ-որ մեկը պետք է օգնի: Խղճացե՛ք ինձ: Ես Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրու՜մ եմ օգնեք:

Սպասավորը- (նույն պարզ ձայնով) Ո՛չ:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Ֆրանսերեն ադապտացված թարգմանությունը՝ Անժելա Գրիգորյանի


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5335 | 0 | 0
Facebook