Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
    
    
     000
    
     Գիտեմ, ազատություն պիտի տեսնեմ ես, բայց չգիտեք թե որքա՜ն, որքա՜ն կուզեի այդ ազատությունը վայելել այն ընկերներով, որոնց հետ սպասեցի ազատությանը, և սակայն որոնք այլևս չկան։
     Դրանցից երկուսին միայն Աստծուն հաջողվեց մեջտեղից վերացնել, իսկ մնացյալ բոլորին, բոլորին բոլշևիկները բանտերում տանջամահ արին։ Դրանցից մեկը Փարիզի Սորբոնի համալսարանն ավարտած ճարտարապետ Տիգրան Ջրբաշյանն էր։ Մի մարդ, որ իր կյանքում ոչ մի հավի քշա՜ չէր ասել։ Կայսերն՝ կայսեր և Աստծոն՝ Աստծուն տվող մի մարդ։ Այնքան միայն գիտնական էր նա, որ ժամանակ չուներ որևէ հանցանք գործելու։ Մի կատարյալ Արքիմեդ։ Եվ սակայն ծեծի տակ մեռավ բանտում։ Ինչո՞ւ, որովհետև օտար լեզու գիտեր և Անգլիայում էլ քեռի ուներ։ Հանգամանքներ, որոնք ով էլ ունենար, պետք է որպես լրտես գնդակահարվեր։ Մի տեսակետ, որով կարելի է սպանել բոլոր լեզու ունեցողներին, որովհետև այդ լեզուն կարող է մի օր հայհոյել Ստալինին։
     Ես նրա ձերբակալվելն իմացա հեռավոր աքսորում։ Կինս գրեց, թե Տիգրանին էլ տարան քո պառկած «հիվանդանոցը*» ։ Հետո էլ գրեց՝ ծանր «օպերացիային*» չկարողանալով դիմանալ՝ մեռավ։
     Այնուհետև կինս իր ամենայն նամակին՝ սկսեց պատգարակով մարդ փոխադրել իմ պառկած «հիվանդանոցը*» և «ծանր օպերացիայի*» ենթարկել նրանց, մինչև որ իմ բոլոր ընկերների շարքը վերջացավ։
     Որպեսզի հասկանաք իմ հոգեկան դրությունը, պատկերացրեք ձեզ որպես երգիչ մի բազմամարդ երգչախմբում։ Համերգի ամենատաք րոպեին մեկ էլ հանկարծ չքանում է ամբողջ երգչախումբը և դու մնում ես սոլո՝ հանդիսատեսների առջև որպես չարագուշակ մի բու։ Մի բու, որը սակայն մենակ չի կարող վայել այս բոլոր ավերածությունները և որի համար հարկավոր են բվի երամներ...
     Գաղափարակից ընկեր հարկավոր է մարդուն թե՛ ապրելիս, և թե՛ մեռնելիս...
     Լեոնիդ Անդրեևի յոթ մահապարտները, զույգ-զույգ կախաղանի գնալիս, յուրաքանչյուր ոք իրեն զույգ էր վերցնում իր սիրած ընկերոջը միայն։ Եթե մահվան համար մտերիմ է պետք, ինչքա՞ն հապա մտերիմ է հարկավոր սպասվող ազատության պահին, երբ մեկ տարեկանից մինչև հարյուր տարեկան մարդիկ, բոլշևիկյան գերեզմանից գլուխները դուրս հանելով՝ նո՜ր պիտի սկսեն ապրել։
     Ա՜խ, որքա՜ն, որքա՜ն կուզեի, որ ընկերներս ապրեին։ Նրանցից մեկի, Արշակի հայացքն սա 15 տարի է՝ դեռ չեմ մոռացել։ Նա բորբոքված, կապիճներից դուրս ցայտող աչքերով հարցնում էր ինձ՝
     - Կտեսնե՞նք, ազատություն տեսնե՞նք պիտի մեռնելուց առաջ։
     Եվ թվում է, թե գալիք ազատությունը նրանք են բերում իրենց կարոտակեզ հայացքներով, զիջում են ինձ միայն ու իրենք անհետանում։
     Որքա՜ն ծանր է այսպիսի ազատությունը վայելել...
     Լեռ Կամսար «Կարմիր օրեր» 1952 թ., փետրվար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3661 | 0 | 0
Facebook