Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«…հաստատված չէ, որ տաք բևեռ գոյություն չունի, ու, բացի այդ, աբբա Ժարին իմ բարեկամն է»

15:37, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«…հաստատված չէ, որ տաք բևեռ գոյություն չունի, ու, բացի այդ, աբբա Ժարին իմ բարեկամն է»

Նախորդ նյութում ներկայացված Ջոն Սթոուի դեպքը ցույց է տալիս, որ գրական պարգևի երկու տեսակ կա: Մի տեսակին իրենց կենդանության օրոք արժանանում են հազվագյուտ բախտավորները, մյուսը հետմահու է տրվում:


     Լավ մեկենաս է եղել Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորը: Թեպետ նա դատապարտելի շատ բաներ է արել, բայց չի կարելի մոռանալ, որ ֆրանսիական գրականության մշտադալար ծառին նրա ժամանակ շատ հիանալի պտուղներ են աճել: «Արև արքա» -ն ոչ թե ժամանակ առ ժամանակ է գրական մրցանակներ շաղ տվել, այլ կարգադրել է ցուցակագրել բոլոր գրողներին ու կանոնավոր տրվող թոշակ նշանակել: Թոշակի չափը տատանվել է տարեկան 800-ից 3000 լիվրի միջև: Գրողների ցուցակը կազմելու գործն հանձնարարվել է նախարար Կոլբերին: Սա այդ գործն հանձնարարել է Շեպլենին` այդ ժամանակների ամենամոդայիկ այն բանաստեղծին, որի անունն այժմ հայտնի է միայն հանրագիտարաններ կազմողներին: Շապլենի կազմած ցուցակը տարօրինակ տեսք է ունեցել: Ամենաապաշնորհները 1000 լիվրից ավելի թոշակի են արժանացել, մինչդեռ Մոլիերին ընդամենը 1000 լիվր թոշակ է շնորհվել, իսկ Ռասինին` 800 լիվր: Ցուցակը գլխավորել է Շապլենն ինքը: Նրա անվան դիմաց հետևյալն է գրվել. «Պարոն Շապլենին` աշխարհում երբևէ ապրած ֆրանսիացի մեծագույն բանաստեղծին – 3000 լիվր»:

Բացի մեկենասների կողմից տրվող հոնորարներից, գրողը երբեմն նաև գրական մրցանակի է արժանացել: Առաջին գրական մրցանակները տրվել են Օկտավիանոս Օգոստոս կայսեր ժամանակ: Դա եղել է կաղնու կամ դափնու ճյուղերից հյուսված պսակ: Դոմիցիանոս կայսեր ժամանակ պսակադրման արարողությունը տեղի է ունեցել Կապիտոլիումում: 1341 թվականին այս նուն Կապիտոլիումում պսակ է դրվել Պետրարկայի գլխին:

Նրան տրված դիպլոմի տեքստում հետևյալն է գրվել.

«Մենք` ներքո ստորագրող սենատորներս, սրանով Պետրարկային մեծ բանաստեղծ ու մեծ պատմաբան ենք հայտարարում և, ի նշան դրա, նրա գլխին դափնեպսակ ենք դնում: Դրա հետ մեկտեղ, Ռոբերտ թագավորի, սենատի ու Հռոմի ժողովրդի անունից նրան իրավունք ենք տալիս` ինչպես այստեղ` Սրբազան քաղաքում, այնպես էլ ցանկացած այլ վայրում զեկուցում կարդալ պոեզիայի ու պատմության ցանկացած հարցի վերաբերյալ, կազմակերպել բանավեճեր, մեկնաբանել հին գրքերը և նորերը գրել, բանաստեղծություններ հորինել, որոնք, Աստծո օգնությամբ, թո'ղ հավերժ ապրեն»:

Այս իրավունքն ավելին էր, քան ողորմություն հավաքելու մասին Անգլիայի Հակոբ թագավորի թույլտվությունը Ջոն Սթոուին: Այդ ժամանակներում գրաքննությունը չէր սահմանափակվում միայն եկեղեցական ու աշխարհիկ կանոններին հակասող գրքերը բռնագրավելով, այլ դրանք այրում էր, իսկ հեղինակին խարույկ էր բարձրացնում: Այնպես որ այս դիպլոմը լիակատար վստահություն էր հայտնում բանաստեղծին: Ներկայում «դափնիներով թագադրված բանաստեղծներ» միայն Անգլիայում գոյություն ունեն: Այդ կոչումը հաստատվում է թագավորական հրամանագրով և տրվում է մեկամյա բավականին մեծ նպաստ: Նախկինում նպաստը բնամթերային էր (մեկ տակառ իսպանական գինի): Սթափ կյանք վարող անգլիացիներն իրենց թույլ չէին տալիս մտովի տեղափոխվել առասպելաբանության մշուշապատ ոլորտներ ու արդարացիորեն համարում էին, որ «կաստալյան աղբյուրը» (Հունաստանի Պառնաս լեռան ընդերքից բխող` Ապոլոն աստծուն նվիրված աղբյուր, որի ջուրը, ըստ հունական առասպելաբանության, ստեղծագործական ներշնչանք է պարգևել բանաստեղծներին և երաժիշտներին), իհարկե, լավ է, բայց իսպանական հրաշունչ գինին ավել հուսալիորեն է բորբոքում ստեղծագործական ներշնչանքը:

Գրական մրցանակների պատմությունն արձանագրել է մի շատ անսովոր դեպք, երբ բանաստեղծական մրցամարտի հաղթողը ոչ թե դափնեպսակի կամ դրամական պարգևի, այլ արքայական թագի է արժանացել: Այդ դեպքի մասին պատմել է 12-րդ դարում ապրած դանիացի տարեգիր Սաքսոն Գրամատիկուսը: Երբ անժառանգ մեռնում է Դանիայի առասպելական Ֆրոտո թագավորը, ժողովրդի առաջնորդները որոշում են, որ գահակալելու արժանի կլինի նա, ով բանաստեղծական խոսքով առավել լավ կներկայացնի մահացած թագավորի փառապանծ գործերը: Հաղթում է թափառաշջիկ ինքնուս բանաստեղծ ու երգիչ Հյարնոն, որն էլ Դանիայի թագավոր է օծվում:

Ի վերջո, հարց է ծագում` արդյո՞ք միշտ է արժանավորին տրվել դրամական պարգևը կամ դափնեպսակը: Ավա'ղ, ոչ միշտ: Կապիտոլիական մրցույթի հաղթողների անունները մեզ գրեթե անհայտ են: Մենք միայն մի բան հաստատ գիտենք, որ նրանք մեծ մեծ բանաստեղծներ չեն եղել: Բայց, ինչպես միշտ, աննշան բանաստեղծները կարողացել են իրենց փառքի ճանապարհը հարդարել, կամ էլ այդ ճանապարհը նրանց զորեղ ու մեծահարուստ հովանավորներն են հարդարել: Օրինակ` մ.թ. 110 թվականին լավագույն բանաստեղծին շնորհվող դափնեպսակը, միաձայն որոշմամբ, տրվել է Վալերի Պուդենսին` տասներեքամյա մի տղայի: 1903 թվականին առաջինը Գոնկուրյան մրցանակի արժանացած Ջոն Անտուան Նաուի անունը միայն Ֆրանսիայում է հայտնի: 1671 թվականին Ֆրանսիական ակադեմիան անցկացրել է առաջին գրական մրցանակաբաշխությունը, բայց ավելի քան 3, 5 հարյուրամյակի ընթացքում այս հեղինակավոր հաստատության շնորհած մրցանակներին արժանացածների աննշան մասի անունն է այժմ հայտնի, որովհետև մեծ մասն ապաշնորհ հանգավորողներ են եղել: Ափսո'ս այն թուղթը, որ նրանք մրոտել են, ափսո'ս այն թանաքը, որ նրանք վատնել են, ափսո'ս այն հսկայական միջոցները, որ տրամադրվել են դրանց բանաստեղծական ժողովածուները հրատարակելու համար:

Պատմեմ մի բնորոշ դեպք, որը կապված է Վոլտերի անվան հետ: Մի անգամ ներբողների մրցույթ է անցկացնում: Մրցույթին մասնակցում է նաև տասնութամյա Վոլտերը: Բայց մրցանակի է արժանանում ոչ թե նա, այլ ոմն աբբա Ժարի` բոլորովին անհայտ մի հանգավորող: Թե ինչպիսին է եղել նրա ներբողը, կարելի է դատել Վոլտերի կատարած մեջբերումից: Արդ, այդ մրցանակակիրն այսպիսի տող է գրել. «Հարավային տաք բևեռներից մինչև սառցապատ Հյուսիսային բևեռներ»: Ակադեմիայի քարտուղարին մեղադրում են, որ նա անարդարացի որոշում է կայացրել ու բացատրում են, որ Հարավային բևեռում ոչ միայն տաք չէ, այլ նույնքան ցուրտ է, որքան Հյուսիսային բևեռում: Իսկ քարտուղարն ամբարտավանորեն պատասխանում է. «Դա ոչ թե ինձ է վերաբերում, այլ Բնական գիտությունների բաժանմունքին, հետո հաստատված չէ, որ տաք բևեռ գոյություն չունի, ու, բացի այդ, աբբա Ժարին իմ բարեկամն է»:

Այսպիսի բաներ, իսկ թե մեր երկրում ինչ չափորոշիչներ են գործում և ինչ արժանիքների հիման վրա են տրվում մրցանակներն ու դրամական պարգևները, կարծում եմ, բոլորիդ է հայտնի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8416 | 0 | 0
Facebook