Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«…ի պարգևատրություն այդ մեծ աշխատանքի` Մենք նրան ողորմածաբար թույլ ենք տալիս իր անձնական կարիքների համար մեր հպատակներից ողորմություն խնդրել»

13:22, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«…ի պարգևատրություն այդ մեծ աշխատանքի` Մենք նրան ողորմածաբար թույլ ենք տալիս իր անձնական կարիքների համար մեր հպատակներից ողորմություն խնդրել»

Երբ դեռևս գոյություն չեն ունեցել գրական միություններն ու հիմնադրամները, միայն բարձաստիճան պաշտոնատարները, միապետերն ու իշխաններն են հնարավորություն ունեցել գրողների ու բանաստեղծների աշխատանքը վարձատրել: Վարձատրության չափը հաճախ պայմանավորված չի եղել ստեղծագործության գեղագիտական արժեքով: Միակ չափորոշիչը, ինչ խոսք, եղել է վարձատրողի քմահաճույքը: Երբ հռոմեացի գրող, «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ Պետրոնիոսի (մ.թ. 14 - 66) կերտած հերոսներից մեկը՝ բանաստեղծ Էումոլպոսը, մի անգամ պարծենկոտությամբ ասում է, թե իր անունն ամբողջ աշխարհին հայտնի է, և նրան հարցնում են, թե «այդ դեպքում ինչո՞ւ ես պատառոտված հագուստով շրջում, եթե այդքան մեծ բանաստեղծ ես», նա պատասխանում է. «Հենց այդ պատճառով»:


     Բայց որոշ բանաստեղծների պարգևների կամ վարձատրության մասին երևակայությունը կաթվածահարող տեղեկություններ են պահպանվել: Օկտավիանոս Օգոստոս կայսրին այնքան է դուր գալիս բանաստեղծ Լուցիուս Վարիուս Ռուֆուսի ողբերգություններից մեկը, որ նա բախտը բերած բանաստեղծին մեկ միլիոն սեստերցիում (մեկ սեստերցիումով կարել էր գնել 1 լիտր ձիթայուղ, կամ 1 լտր գինի, կամ 1 կգ հաց) է նվիրում: Վարիուսի մտերիմ ընկեր Վերգիլիոսի գլխին նույնպես առատորեն թափվել է կայսերական ողորմածությունը: Մահվանից հետո Վերգիլիոսի ունեցվածքը 10 միլիոն սեստերցիում է կազմել: Հռոմեացի մեկ այլ անվանի գրողը՝ Հորացիուսը, շնորհիվ մեծահարուստ Մեկենասի բարի կամեցողության, մինչև մահ անհոգ ստեղծագործել է: Եվ ինչպես Հորացիոսի անունն է անմահացել, այնպես էլ Մեկենասի անունը դարձել է պոեզիայի ու արվեստի հովանավորության խորհրդանիշ:

Տիրակալի կամակորության կամ քմահաճույքի լավագույն օրինակ կարող է ծառայել մի հույն բանաստեղծի ու Ալեքսանդր Մեծի փոխհարաբերությունների պատմությունը: Այդ բանաստեղծն այնքան է ձանձրացնում Մակեդոնիայի թագավորին, որ նա, ի վերջո, նրա հետ ջենտլմենական պայմանագիր է կնքում: Այս պայմանագրի համաձայն՝ Ալեքսանդրը պատրաստակամություն է հայտնում բանաստեղծին մեկական ոսկի վճարել իր ռազմական սխրանքները փառաբանող յուրաքանչյուր, բայց միայն լավ բանաստեղծության համար: Պայմանագրվում խոսվում է նաև վատ բանաստեղծությունների մասին: Եթե գրվածքն անհաջող լիներ, բանաստեղծը ոչ թե ափը պետք է մեկներ թագավորին՝ վարձը ստանալու համար, այլ այտը. մեկ վատ տողի դիմաց՝ մեկ ապտակ: Ասում են, վերջնահաշվում բանաստեղծի քսակն այդպես էլ չտռզեց, բայց, դրա փոխարեն, երեսն ինչպես հարկն է կլորիկացավ:

Գեղեցիկը գնահատող տիրակալներից ոմանք բանաստեղծներին ըստ տողերի են վճարել: Օրինակ՝ հույն բանաստեղծ Օպպիանոսը Մարկոս Ավրելիոս կայսրին համար ընթերցում է իր երկու պոեմները: Դրանցից մեկը նվիրված էր որսորդությանը, մյուսը՝ ձկնորսությանը: Պարգևած բավականության համար կայսրը նրա յուրաքանչյուր տողի համար մեկ ոսկի է վճարում: Եթե հավատանք ավելի ուշ ժամանակաշրջանի բյուզանդացի մի պատմագրի հաղորդածին, ապա երկու պոեմը միային պարունակել են 20 հազար տող: Խեղճ կայսր, ինչպե՞ս է կարողացել այդքան անհեթեթությունը լսել:

Պարսիկ մեծ բանաստեղծ Ֆիրդուսուն շահը հանձնարարում է չափածո շարադրել Պարսկաստանի շահերի պատմությունը` խոստանալով յուրաքանչյուր երկտողի համար մեկ ոսկի վճարել: Ֆիրդուսին 30 տարի տքնում է պոեմի ստեղծման վրա և ավարտում է 70 տարեկանում: 60 հազար երկտողից բաղկացած հռչակավոր «Շահնամե» -ն հավերժացնում էր պարվիրատու շահի նախնիների հերոսական գործերը: Բայց եթե մարդը նստում է ոսկեկուռ գահին, դա ամենևին էլ չի նշանակում, թե նա խոսքի տեր անձնավորություն է: Ճիշտ է, շահը ըստ երկտողերի վճարելու խոստումից չի հրաժարվել, բայց ոսկով վճարելու խոստման մասին մոռացել է: 60 հազար ոսկու փոխարեն նա բանաստեղծին 60 հազար արծաթ դրամ է տվել: Շահի ժլատությունն ու խոստմնազանցնությունը բանաստեղծին այնքան են դառնացրել, որ նա ամբողջ փողը բաժանել է ծառաներին ու ընդմիշտ հեռացել է շահական արքունիքից:

Բայց, ահա, Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը հավատարիմ է եղել իր խոստմանը: Պարգևատրվողի անունը Ջոն Սթոու է: Նա մի քանի տարի շարունակ ոտքով շրջել է ամբողջ Անգլիայում, կուլ է տվել արխիվների փոշին ու ավարտին է հասցրել իրկյանքի գլխավոր գործը` Անգլիայի պատմության ժամանակագրությունը: Եվ պարգևը չի ուշացվում: Սթոուին տրվում է մի դիպլոմ` հետևյալ բովանդակության.

«Նկատի առնելով, որ մեր սիրելի հպատակ Ջոն Սթոուն 40 տարի նյութեր է հավաքել Լոնդոնի և Վեստմինսթերի պատմության վերաբերյալ, այսինքն ամբողջ կյանքում ծառայել է հայրենիքին, ի պարգևատրություն այդ մեծ աշխատանքի` Մենք նրան ողորմածաբար թույլ ենք տալիս իր անձնական կարիքների համար մեր հպատակներից ողորմություն խնդրել: Թույլտվության տևողությունը մեկ տարի է»:

Թագավորի այս «մեծահոգի» քայլը պարզաբանման կարի ունի: Այն ժամանակների Անգլիայում աղքատության դեմ շատ յուրօրինակ ձևով էին պայքարում` աղքատներին պարզապես կախում էին: Հենրիխ 8-րդ թագավորի գահակալության 30 տարիներին մի քանի հազար մուրացկան է կախաղան հանվել: Հակոբ 1-ինը, ահա, գրողներին ոչ միայն ազատում էր մուրացկանության համար խստագույն պատժից, այլև անգլիացիներին թույլ էր տալիս իրենց երախտագիտությունը հայտնել Փոն Սթունին: Ինչ խոսք, երախտագիտության պտուղները շատ աղքատիկ էին լինում: Օրինակ` Լոնդոնի թեմերից մեկը գիտնականի համար կարողանում է ընդամենը 7, 5 շիլլինգ հանգանակել: Թագավորն ինքը ձեռքը գրպանը չի տանում: Մեծ ողորմածություն էր հենց միայն այն, որ նա բարեհաճել էր ինչ-որ մի թափառաշրջիկ գրողի համար ձեռքը գրիչ առնել:

Ջոն Սթոուն թաղված է այն եկեղեցում, որը նրա համար հանգանակություն էր կազմակերպել ու 7, 5 շիլլինգ էր կարողացել հավաքել: Գրողի շիրմին նրա կիսանդրին է: Ամեն տարի, Սթոուի ծննդյան օրը, նրա շիրմին այցի են գալիս Լոնդոնի նշանավորվ մարդիկ: Պատարագի մատուցումից հետո լորդ-քաղաքապետը մոտենում է կիսանդրուն, նրա մատների արանքից հանում է գրիչ-փետուրը և նորն է դնում: Ամեն տարի նորացվող այդ փետուրը խորհրդանշում է Լոնդոնի պատմագրի անմահությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8143 | 0 | 0
Facebook