Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

1828 թվականին պարսիկներից խլած Արևելյան Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագիրը (նախորդի շարունակությունը)

21:15, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
1828 թվականին պարսիկներից խլած Արևելյան Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագիրը (նախորդի շարունակությունը)

Արևելյան Հայաստանում առաջին ռուսաբնակ գյուղերը հիմնվում են իշխան Վորոնցովի փոխարքայության տարիներին: 1844 թվականին հիմնադրվում է Վորոնցովկան, իսկ մեկ տարի անց՝ Նովո-Միխայլովկան: Դժվար չէ նկատել, որ առաջին գյուղը կրել է փոխարքայի ազգանունը, իսկ երկրորդ գյուղն էլ արժանացել է նրա տոհմանունը կրելու «պատվին»: Այս բնակավայրերը հիմնվում են Թիֆլիս-Ալեքսանդրապոլ ճանապարհին, Լոռու դաշտում: Ժամանակի ընթացքում այս երկու գյուղը տնտեսապես շատ բարգավաճեցին, քանի որ դրանց բնակիչները, ի հաշիվ հայ գյուղացիության, ընդարձակ և բարեբեր հողատարածքներ էին ձեռք բերել, մինչդեռ հայ գյուղացիները հարկադրված են եղել հեռանալ իրենց պապենական հողերից:


     Այս առաջին ռուսական գյուղերի հիմնումից հետո այս վայրերում հիմնվում են Պրիվոլնոյե, Պոկրովկա, Ալեքսանդրովկա, Նիկոլաևկա, Ռուս-Գերգեր մեծ բնակավայրերը՝ բոլորն էլ ռուսական:

Նախորդիվ հիշատակված Ֆադեևը մտադիր է եղել ռուսական գաղթավայրեր հիմնել նաև Ախուրյանի միջին հոսանքի ձախափնյա սևահողային տափարակում, սակայն ոռոգման համակարգի բացակայության պատճառով այդ ծրագիրը, բարեբախտաբար, կյանքի չի կոչվում: Ֆադեևը ծրագրել էր ռուսներով բնակեցված գյուղեր հիմնել նաև Ալեքսանդրապոլ-Մեծ Ղարաքիլիսա-Ջալալօղլի և Ալեքսանդրապոլ- Մեծ Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհների վրա, սակայն տեղական բնակչության դիմադրությունը խափանում է այդ ծրագրի կենսագործումը: Միայն Համզաչիման գյուղի աջ և ահյակ կողմերում է հաջողվում հիմնադրել ռուսական երկու գյուղ՝ Նիկիտինոն և Վոսկրեսենովկան:

Երևանի գավառապետ Բլավատսկու առաջարկությամբ հիմնադրվում է Միխայլովկա (Միսխանա) գյուղը: Նախատեսված էր այս գյուղի վրայով Ալեքսանդրապոլն անմիջականորեն կապել Սևանա լճի ավազանի հետ: Նա նաև ծրագրել էր Սևանա լճի ափերի ամբողջ երկայնքով ռուս գաղթականներ բնակեցնել և լիճն օղակել նրանց գյուղերով: Սակայն, բարեբախտաբար, այս ծրագիրը մասամբ կենսագործվեց, հաջողվեց հիմնել միայն Ալեքսանդրովկա, Նադեժդինո (Շորժա), Ելենովկա, Սեմյոնովկա և Կոստանտինովկա գյուղերը:

Նախատեսված էր չորս գյուղ էլ հիմնել Ելենովկայի և Նոր Բայազետի միջև: Ռուս գաղթականների համար հիշյալ տեղի ընտրությունը հիմնավորվում էր նրանով, որ կլիման առողջարար է, հողը՝ բարեբեր, ջուրը՝ առատ, անտառը՝ մոտիկ:

Այս գյուղերի հիմնադրումը պայմանավորված էր նաև Սևանա լճի հետ կապված որոշակի տնտեսական հեռահար ծրագրերով: Ըստ Ֆադեևի մտադրության՝ չորս գյուղերի հիմնումը կկենդանացներ այդ տարածաշրջանի անապատային հանդակները և կզարգացներ Սևանա լճում ձկնարդյունաբերությունն ու նավագնացությունը: Վերջինը կդյուրացներ լճի արևելյան ափից գյուղատնտեսական ապրանքների փոխադրումը դեպի Ելենովկա և Չիբուխլու, որտեղ հնարավոր կլիներ առևտրային նավամատույցներ կառուցել:

Ռուսական իշխանությունները ռուս գաղթականների համար, տեղացիների համեմատությամբ, արտոնյալ վիճակ էին ստեղծում, նրանց լավագույն հողաբաժիններն էին տրամադրում: Այդ ամենը տեղական բնակչության դժգոհությունն էր հարուցում, բայց Ֆադեևն այն համոզմանն էր, որ տեղացիների գանգատները պետք է անտեսել:

Կովկասի փոխարքայի վարչությանը կից պետական արշավախմբի հանձնարարությամբ՝ հողաչափ Պոլուխտովիչը 1850 թվականին պետք է սահմանագծեր Ելենովկա գյուղը և այդ գյուղին այնքան հողատարածություն տրամադրեր, որքան հնարավոր կլիներ կտրել Ջըրջըր, Քարվանսարա և Ռնդամալ հայկական գյուղերի հողերից՝ իբր թե ռուսների ու հայերի հողերը հավասարապես բաշխելու նպատակով: Սակայն հողաչափը, վերադասի գիտությամբ, չարաշահում է իր պաշտոնեական դիրքը: Այս մասին է վկայում Նոր բԲայազետի գավառապետի հետևյալ գրությունը հիշյալ հողաչափին.

«Դուք, բացի Ձեզ տրված հանձնարարություններից, դիպել եք նաև Օրդախլու գյուղի հողերին, ինչը հրամանում ամենևին չի նշված, և այդ հողերից Ելենովկա գյուղի համար կտրել եք մեծ քանակությամբ վարելահող և արդեն դրել եք սահմանձողեր: Բայցի այդ, նպատակ ունեք նույն կերպ վարվել նաև Շահրիզ, Դդմաշեն, Յաիջի, Վերին և Ներքին Ախտա գյուղերի հետ»:

Նման քաղաքականության պայմաններում ամենևին էլ զարմանալի չէ, որ Երևանի նահանգապետը մերժում է հայ գյուղացիների այն դիմումը, որում նրանք նշում էին այն մասին, որ իրենց ռուս հարևանների մեկ շնչին գրեթե վեց անգամ ավելի հող է բաժին հասնում, քան իրենց:

Այսպես էր դրությունը նաև Սեմյոնովկա և Չիբուխլու գյուղերում, ուստի չիբուխլվեցիները խնդրում էին Սեմյոնովկայի ավելցուկ հողերն իրենց տրամադրել:

Ներքին Ախտայի 95 ծուխ հայերն ավելի վատ հողային պայմաններում էին գտնվում, քան 35 ծուխ մոլոկանները: Ադրբեջանցիներով բնակեցված Բղլու գյուղի համարյա բոլոր հարմարավետ վարելահողերն ու արտերը 1864 թվականին տրվում են ռուսական Ալեքսանդրովկա գյուղին:

Զանգեզուրի սակավահող Անգեղակոթ և մի քանի այլ գյուղերի հողատարածքների հաշվին հիմնվում են Բազարչայ և Բորիսովկա ռուսաբնակ գյուղերը, իսկ Դիլիջանի Ջարխեջ և հարևան մի քանի այլ սակավահող գյուղական համայնքներին հարկադրում են հող հատկացնել Նոր Դիլիջան և Գոլովինո ռուսական գյուղերի համար:

Բարեբախտաբար, չնայած ռուսական իշխանությունների ջանքերին, չհաջողվեց զանգվածային ռուս գաղթականություն հաստատել Արևելյան Հայաստանում ու այդ գաղթականությունը դարձնել ցարիզմի հենարան, որովհետև լինելով աղանդավորներ, նրանք միշտ ընդդիմադիր են եղել ռուսական իշխանություններին ու ռուս ուղղափառ եկեղեցուն: Ավելին, ռուս գաղթականները միշտ երազել են հայրենիք վերադառնալ: Նրանք անընդհատ դիմել են կառավարությանը՝ Ռուսաստան վերադառնալու խնդրանքով, բայց միշտ մերժվել են: 1865 թվականին, վերջապես, թույլատրվում է նրանց վերադարձը, բայց շատերին դա չի հաջողվել, որովհետև տեղական իշխանությունները դրան ամեն կերպ խոչընդոտել են:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2781 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ