Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Վրեժ Իսրայելյան

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:52, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Վրեժ Իսրայելյան
    

| Մեկին գումարած մեկ


    

– Հայրիկ, եթե արև չլինի, արևածաղիկ կլինի՞:
     – Եթե արև չլինի, արևածաղիկ չի լինի:
     – Իսկ եթե արև լինի՞:
     – Եթե լինի՛, կլինի՛:
     – Իսկ եթե չլինի՞:
     – Արևն այնպիսի բան է, որ վաղ թե ուշ կլինի, ուրեմն արևածաղիկ էլ կլինի:
     – Հայրի՛կ, վաղ թե ուշը ե՞րբ է:

– Եվ այսպես, – ասաց Մերուժան հորեղբայրս, – այսօր մեր «Առյուծ» ընդհատակյա խումբը հարստացավ ևս մեկ առյուծով: Բոլորդ ուշադիր նայեք նրան: Խոնարհվի՛ր, դմբո՛, – կողքս բոթեց նա, – իր հորթային գոյությամբ Հրահատը ապացուցել է (շատ վատ անուն է, փոխել է պետք), և այսպես, այս հորթը ապացուցել է, որ արժանի է «Առյուծ» պատվավոր կոչմանը: Բոլորը չէ, որ արժանանում են նման վստահության: Սատանա՛, կարդա մեր օրենսգիրքը:
     Սատանան ինձնից երկու տարով մեծ էր և, ինչպես երևում էր, առյուծների մեջ իրեն լավ էր զգում: Իր անունը լսելուն պես նա ճպճպացրեց նեղլիկ աչքերը, գրպանից հանեց խնամքով ծալված մի թուղթ և հանդիսավոր կեցվածք ընդունելով, առանց թղթին նայելու սկսեց կարդալ: Թղթի վերևում կարմիր մատիտով առյուծների գլուխներ էին նկարված: Երբ Սատանան սկսեց, բոլորը զգաստացան: Մերուժանը կրունկները իրար խփեց:
     – Օրենք առաջին. « «Առյուծ» խմբի ոչ մի անդամ լաց լինելու իրավունք չունի, թեկուզ նրան դանակով կտրատեն»: Օրենք երկրորդ. «Նա պարտավոր է այրել նույնիսկ իրենց տունը, եթե խումբը հարմար է գտնում»: Օրենք երրորդ. «Նա պարտավոր է ականջը նվիրել ընկերոջը, եթե ընկերոջ ականջը վնասվել է»: Լրացում` այս օրենքը վերաբերում է նաև մարմնի մյուս մասերին:
     – Իսկ այժմ, – ասաց Մերուժանը, – մի գեղեցիկ անուն գտնենք մեր նոր առյուծին, որից հետո նա կհանձնի առաջին քննությունը:
     – Լպստրուկ, – ասաց Սաքոն, նույն ինքը` Սատանան և աչքերը ճպճպացրեց:
     – Չանցավ, – ասաց Մերուժանը, – շատ փափուկ է հնչում:
     – Ճարպագունդ, – առաջարկեց Լևոնիկը, որը կրում էր Զանետո պատվավոր անունը:
     – Հիմարությո՛ւն է, – ասաց Մերուժանը, – այս հորթի միայն ոսկորներն են երևում:
     – Ճանճ, – ասաց վերին թաղի Սերգոն, որին Սատանայի առաջարկությամբ Պարկապզուկ անունով էին կնքել:
     – Այսօր բոլորդ էլ բթացել եք, հավի պես եք մտածում: Առյուծին արժանի անուն է պետք, ա՛յ, օրինակ, Բմբլափրչո: Ե՛վ գեղեցիկ է, և՛ բարեհնչյուն, և ամենակարևորը` «չ» հանճարեղ տառը կա մեջը:
     – Բը՜մբ-լա՜-փը՜ր-չո՜…
     – Իսկական առյուծի անուն է:
     – Ավելի լավ է Ճանճ, – խեղճ-խեղճ ասացի ես:
     – Թո՛ւ, – ասաց Մերուժանը, – զզվելի կենդանի է: Անցավ միաձայն, սրանից հետո, դու մեր բմբլափրչոն ես:
     Ես ամոթից կարմրել էի, բայց «առյուծ» դառնալու գայթակղությունը այնքան մեծ էր, որ հաշտվեցի իմ Բմբլափրչո անվան հետ, որի իմաստը չէի հասկանում, և, երևի, ոչ ոք էլ չէր հասկանում:
     – Այժմ ծափահարություննե՛ր, – ասաց Մերուժանը, – արտահայտվողներ` կողմ-դեմ չկա՞ն, չկա՛ն: Բայց այս հորթը, այսօրվանից արդեն այս Բմբլափրչոն, մոռացա ասել` շեշտը ընկնում է «չ» տառի վրա, թող չմտածի, որ ամեն մի շարքային հորթ կարող է դառնալ «Առյուծ» ընդհատակյա խմբի անդամ: Դժվարությունները առջևում են: Եվ այսպես, առաջին փորձությունը. «Առյուծ» խմբի պատվավոր անդամներից մեկը պետք է փորձի խեղդել այս հորթին, ուզում եմ ասել այս բմբլափրչոյին, կոկորդից, այնքան ժամանակ, մինչև դեմքը կապույտ գույն ստանա, իսկ աչքերը բարձրանան ճակատին: Պայմանները` խեղդվողը չպետք է դիմադրի, իբր իր համար խեղդվելը մեկին գումարած մեկ է, իսկ խեղդողը չպետք է թուլացնի ձեռքերի մկանները և ամենակարևորը` պետք է ժպտա, իբր իր համար էլ ամեն ինչ մեկին գումարած մեկ է: -Այդ խոսքի հետ Մերուժանը խաղալիքի պես թռցրեց Պարկապզուկ-Սերգոյին և ձախ ձեռքով աքցանեց նրա կոկորդը: Մերուժանը ժպտում էր` ցուցադրելով առողջ, գեղեցիկ ատամները:

Տարիներ հետո, երբ ես նույն ժպիտը դեմքիս կբռնեմ որդուս կոկորդը` կինս մի այնպիսի ճիչ կարձակի, որ կարթնացնի քաղաքի մյուս ծայրում բազկաթոռի մեջ ննջած իր թոշակառու հորը:

– Այսպե՛ս, – ասաց Մերուժանը` բաց թողնելով մեռելի գույն ստացած Պարկապզուկի կոկորդը, ապրե՛ս, բայց վազիր տուն, տրուսիկդ փոխիր և աշխատիր սրանից հետո ձմերուկ քիչ ուտել:
     Սատանան փռթկացրեց, բայց Մերուժանը այնպես նայեց նրան, որ քիչ մնաց Սատանան էլ գնա տուն տրուսիկը փոխելու: Պարկապզուկ Սերգոն վախից ու ամոթից գունատվել էր, բայց ժպտում էր` իբր ամեն ինչ կարգին է, իբր ինքը արհամարհում է և՛ խեղդվելը, և՛ տրուսիկ փոխելը: Այսպես, թե այնպես, նա չդիմադրեց, նա հաղթեց, լաց չեղավ, դուրս պրծնելու շարժումներ չարեց, թողեց, որ իրեն խեղդեն, և, ինչպես Մերուժանն էր ասում, խեղդվողը հաղթեց իրեն խեղդողին:
     – Այժմ խեղդվելու պատիվը այս Բմբլափրչոյինն է, – ասաց Մերուժանը, – Սատանա, սրի՛ր եղունգներդ:
     Սատանան սկզբում վարանեց, բայց որպեսզի ցույց չտա իր շփոթմունքը, ուրախությամբ կլանչեց և նայեց ինձ որպես իր զոհի: Զանետո-Լևոնիկի հայացքը առավ Մերուժանին, և նա արագ գլուխը շուռ տվեց:
     – Իսկ դո՛ւ, – Զանետոյին դարձավ Մերուժանը, – պետք է հորթի պես թռչկոտես, իբր թե` Հովիվյանը գոլ է խփել:
     Եղավ մի պահ, որ ես «առյուծ» դառնալս փոշմանեցի և ոչ այն է վախից, ոչ այն է շփոթմունքից, տատիս գոգնոցի հետ խաղալը գերադասեցի այս ամենից: Հիշեցի պապիս հետ կապված մի պատմություն: Պապիս մի աչքը չկա: Պատմում են, իբր էրգրում մեկը պապիս սպառնացել է. «Աչքդ կհանեմ, Մգրո»: Ասում են, պապս այնքան է զայրացել, որ դաշույնը հանած հարձակվել է նրա վրա և ասել. «Հանի՛ր, եթե չհանես` կսպանեմ»: Հակառակորդն ընկրկել է, բայց պապս դաշույնը դեմ է արել կոկորդին. «Եթե աչքս չհանես` կսպանեմ»: Եվ իբր այդպես, պապս զրկվել է իր աչքից, և իբր հետո նա երդվել է, որ եթե Գևոն իր աչքը չհաներ, դաշույնը կոկորդը կխրեր: Հետո ես այդ մասին հարցրեցի պապիս, իսկ նա ասաց. «Ուշադրություն մի դարձրու, պատմություննե՜ր են»:
     Ես նայեցի Սատանային և մտքումս ասացի. «Եթե չես խեղդել, կսպանեմ»: Մերուժանը նշան արեց Սատանային: Ես ինքնակամ պառկեցի գետնին և նկատեցի, որ իմ այդ քայլը դուր եկավ Մերուժանին: Հենց Սատանայի ձեռքերը դիպան կոկորդիս, մարմնովս սարսուռ անցավ: Զանետոն, ինչպես Մերուժանն էր ցուցում տվել, սկսեց հորթի պես թռչկոտել ու բղավել: Սատանան աստիճանաբար ուժեղացնում էր: Ես աչքերս փակեցի, որպեսզի չտեսնեմ Սատանայի ժպիտը: Մի պահ ուզեցի բղավել, ոտքով հարվածել Սաքոյին, բայց մտքումս, ասացի. «Եթե չես խեղդել` կսպանեմ»: Սատանան թուլացրեց մատները, և դրա համար շնորհակալ եմ նրան, բայց հետո Մերուժանի սաստող հայացքը նրան ստիպեց ավելի ուժգին սեղմել: Ես ընկել էի մի հաճելի թմբիրի մեջ, և ամեն ինչ լավ կգնար, բայց ահա թուք կուլ տալու ցանկությունը, որը մեջս առաջացավ վայրկենական, ստիպեց ինձ միմիայն մտածել այդ մասին: Եթե միայն հաջողվի թուքը կուլ տալ, գոնե մեկ անգամ: Ես փորձեցի աչքերս բանալ, բայց ապարդյուն: Միայն կոպերի տակ բացված ծերպից կարծես մշուշի մեջ տեսա կիսաբաց շուրթեր: «Եթե չես խեղդել, կսպանե՛մ: Եթե չես խեղդել… եթե…»:
     Տատիս գոգնո՜ցը, որով սրբվում էի լվացվելուց հետո, պա՛պս, որ միշտ ինձ կշտամբում էր աչքաչափ չունենալու մեջ, «Հարյուր գրամ ջուր բեր… շա՛տ է… քի՛չ է»: «Մարդասպան» պապս, որ ոչխարը խուզելիս միշտ կտրում էր մաշկը… «Նունե» ոչխարը, որ ցավից ինձ էր օգնության կանչում. «Հրահա՜տ, Հրահա՜տ… Հրա… Զանետոյի ձայնը` աչքերը արդեն ճակատին են: Մերուժանի ձայնը` Հովիվյանը գո՛լ է խփել, հո՛րթ»:
     Զանետոն լաց է լինում: «Լաց չլինե՛ս, հո՛րթ, Հովիվյանը գոլ է խփել», – Մերուժանը խփում է Զանետո-Լևոնիկին` լաց չլինես, նա լաց է լինում, Մերուժանը խփում է ավելի ուժեղ` լաց չլինե՛ս, Զանետոն լաց է լինում, Մերուժանը խփում է` լաց չլինե՛ս, Զանետոն լաց չի լինում: Մերուժանը ժպտում է: Աչքերս թույլ բացվում են, ես տեսնում եմ այդ ժպիտը: Ինքս էլ եմ ժպտում, ինչպես քիչ առաջ Պարկապզուկ Սերգոն: Ես հաղթեցի Սատանային: Ես թույլ տվեցի, որ նա ինձ խեղդի, չդիմադրեցի, լաց չեղա, հավի պես չթպրտացի: Պապս հաղթեց իր աչքը հանող Գևոյին, ես` Սատանա-Սաքոյին: Մերուժանը ժպտում է, հիացմունքից աչքերն է թարթում: Սատանան կուչ է եկել պատի տակ և գունատվել է: Զանետոն քիչ առաջվա իր թուլության համար ամաչում է և կոշիկի անցքից դուրս ընկած բութ մատով գետինն է փորում:
     – Դու իսկական առյուծ ես, – ասաց Մերուժանը, – քո պապը, նույն ինքը` իմ հայրը, իրավունք ունի իր մի աչքով երդվելու, որ իր թոռը շա՛տ ավելի ինքն է, քան իր երկու որդիները: Քո պապը երջանիկ մարդ է, եթե նույնիսկ մյուս աչքն էլ չունենար:
     – Այս ամենի ընթացքում ես առաջին անգամ մտաբերեցի, որ Մերուժանը իմ հորեղբայրն է և ինձ հպարտ զգացի: Իրենց հպարտ զգացին Սատանան, Զանետոն և Պարկապզուկ Սերգոն, որ տրուսիկի պատմությունից հետո վերադարձել էր: Մերուժանը նույնքան նրանց հորեղբայրն էր, որքան և իմը:
     – Դու էլ ապրես, Սատանա, – ասաց Մերուժանը, – եթե խեղդելու պես խեղդվել էլ իմանաս, ապրե՛ս:
     Սատանան տեղում փքվեց, իբր իր համար և՛ խեղդելը, և՛ խեղդվելը մեկին գումարած մեկ է: Զանետոն խեղճ-խեղճ նայեց Մերուժանին:
     – Դու էլ ապրես, Զանետո, բայց դեռ խակ ես, դու գիտե՞ս որտեղ է պապդ:
     – Մեռել է, – ասաց Զանետոն:
     – Չի՛ մեռել, հո՛րթ, – զայրացավ Մերուժանը, – դու տեսե՞լ ես, որ մեռել է, հայրդ տեսե՞լ է, որ մեռել է, ո՞վ է տեսել:
     – Չգիտեմ, – խեղճացավ Զանետոն:
     – Ես էլ չգիտեմ, – ասաց Մերուժանը, – բայց արևածաղիկները այնպես են հասել, որ եթե հենց վաղը մենք պապիդ վրեժը չլուծենք, բոլորս էլ հորթ կլինենք:
     Մենք բոլորս սսկվել էինք և չգիտեինք, թե ինչ կապ ունեն արևածաղիկները Զանետոյի պապի հետ, որի մեռնելը ոչ ոք չէր տեսել:
     – Իսկ այժմ, – ասաց Մերուժանը, – Զանետոն կգնա տուն, այնպես, որ ոչ ոք չիմանա: Կքրքրի բոլոր ալբոմները, իր պապի լուսանկարները կգտնի: Կնայի, լավ կնայի: Այնպես որ ոչ ոք չիմանա: Կընտրի ամենալավ լուսանկարը, որտեղ իր պապը բեղեր կունենա, ծայրերը վեր ոլորած բեղեր, որտեղ իր պապը ժպտալիս կլինի տղամարդու պես, իբր իր համար ամեն ինչ մեկին գումարած մեկ է: Որտեղ իր պապը ամենաերիտասարդը կլինի և ամենագեղեցիկը, բայց անպայման բեղերը ոլորած և ժպտալիս: Զանետոն կընտրի այդ լուսանկարը և այնպես, որ ոչ ոք չիմանա, կբերի այստեղ: Ի՞նչ ես շվարել, հո՛րթ:
     Մերուժանը մոտ քաշեց Զանետոյին և ապտակեց նրան: Զանետոն աչքերն էլ չթարթեց և պոկվեց տեղից: Սատանան, Պարկապզուկն ու ես լեզուներս կուլ էինք տվել, որովհետև Մերուժանը նույն Մերուժանն էր, բայց ուրիշ օրերի պես չէր: Զանետոն արդեն մոտ հիսուն մետր հեռացել էր, երբ Մերուժանը նրան հետ կանչեց: Մի անգամ էլ ապտակեց ու մարմինը ցնցելով ասաց.
     – Մի բան էլ հիշիր, եթե մեծանաս ու պապիդ պես բեղերդ չոլորես, փսլնքոտ աչքերդ մինչև վերջ չբացես, որտեղ բռնել եմ, կսպանեմ: Դե՛, հիմա գնա:
     Զանետոն գնաց, իսկ Մերուժանը նայեց մեզ ու ժպտաց, ինչպես ժպտում էր Պարկապզուկ Սերգոյին խեղդելիս: Հետո նա ինձ մոտեցավ:
     – Իսկական Բմբլափրչո ես, – ասաց և ապտակեց, – քեզ էլ է վերաբերում, հո՛րթ, եթե պապիդ պես մի աչքդ չհանես, որտեղ բռնել եմ, կսպանեմ:
     Արդեն իրիկուն էր: Հավաքատեղին գյուղի ծայրին էր: Մի ժամանակ այստեղ էր Պարկապզուկ Սերգոյենց տունը: Տան հատակը գետինն էր, գերանակապ առաստաղ ուներ, բայց գերանները այնքան էին ճկվել ու սևացել, որ թվում էր` սկզբում առաստաղն է եղել, հետո նոր շարել են պատերը: Բաց երդիկի վրա սարդոստայն էր կապել: Պարկապզուկենք հին տունը ընդհանրապես չէին օգտագործում, բայց նրա մայրը երեք օրը մեկ գալիս տունը ավլում էր: Այսօր առաջին անգամ Մերուժան հորեղբայրս ինձ այստեղ բերեց: Հայրս միշտ ինձ ասում էր, որ Մերուժանը խելառ է, որ նրան նույնիսկ հովվություն չի կարելի վստահել: Մեր տան կողքով անցնում էր գյուղի, այսպես ասած, կենտրոնական ճանապարհը: Մերուժանը ճանապարհի հիսուն մետր երկայնքով այս ու այն կողմից գծեր էր քաշել, և իր հասակակից ու իրենից մի քանի տարով մեծ տղաները այդ ճանապարհը պետք է սողալով անցնեին: Նրա կատաղի ուժի ու խելառության մասին բոլորը գիտեին, դրա համար խուսափում էին այդ ճամփով անցնելուց կամ էլ ենթարկվում էին: Մերուժանից տարիքով փոքրերը իրավունք ունեին այդ ճամփով անցնելու, և նրանք հպարտությամբ էին օգտվում այդ իրավունքից: Նրանք, Մերուժանի հովանավորությունը ունենալով, արհամարհանքով էին նայում իրենցից մեծերին և, պատահում էր, սպառնում էին: Ավելի հաճախ հովանավորությունը օգտագործում էր Սատանա Սաքոն և այնքան կռիվներ էր սարքում, որ Մերուժանը երբեմն ստիպված էր լինում նրա ականջը ոլորելու:
     Զանետոն քիչ անց վերադարձավ: Նա ծանր հևում էր:
     – Ոչ ոք չիմացավ, – ասաց նա և Մերուժանին մեկնեց լուսանկարը… որ փաթաթել էր մի լաթի մեջ և թաքցրել ծոցում: Մերուժանը նայեց լուսանկարին:
     – Ես այդպես էլ գիտեի, – ասաց նա և մեկ առ մեկ բոլորիս ցույց տվեց այն: Ճիշտն ասած, սովորական լուսանկար էր: Ոլորած բեղեր ուներ, ինչպես մեր պապերից շատերը, և ժպտում էր, ինչպես մեր պապերն էին ժպտում:
     – Հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչ մարդ է այս հորթի պապը: Իսկ սա ասում է` չգիտեմ: Ճիշտն ասած, ոչ ոք չգիտի, բայց բոլորն էլ մի բան գիտեն ու ձևացնում են, որ չգիտեն: Իսկ ամենակարևորը, որ արևածաղիկները հասնում են, մեկն իր անատամ բերանով չրթում է, բոլորը տեսնում են, և իբր ոչ ոք ոչինչ չգիտի: Ես քեզ կխեղդեմ, հո՛րթ: – Մերուժանը բռնեց Զանետոյի կոկորդը, հետո բաց թողեց:
     – Պարկապզուկ, հայրդ դպրոցի դիրեկտոր է, սոսինձ կունենա: Եթե չորացած եղավ, տաք ջրով կբացես: Եվ ամենակարևորը, որ վաղը, այս նույն ժամին հավաքվում ենք այստեղ, և որ ոչ ոք չիմանա:
     Նա լուսանկարը դրեց վերնաշապիկի գրպանը:
     – Մինչև վաղը: Վաղը արևածաղիկները մեկ օրով էլ կհասունանան:

Մի օր մի մարդ մոտենում է մեկ ուրիշ մարդու.
     «Ես քեզ ինչ-որ տեղ տեսել եմ», – ասում է նա:
     «Հավանաբար դուք շփոթել եք», – պատասխանում է մարդը:
     Տասը օր հետո այդ մարդը նորից է մոտենում. «Ես ձեզ ինչ-որ տեղ տեսել եմ»: «Ես արդեն ձեզ ասացի, որ դուք հավանաբար սխալվում եք, – պատասխանում է մարդը, – այսինքն, սխալվում էիք առաջին անգամ և այսօր էլ կրկնում եք…»:
     Տասը օր հետո նույն մարդը նորից է մոտենում նրան.
     «Ես ձեզ ինչ-որ տեղ տեսել եմ»:
     «Ես ձեզ արդեն ասացի… հավանաբար դուք… հավանաբար ես… ես հավանաբար սխալվել եմ»:

«Վաղը արևածաղիկները կհասունանան», – անկողնում պառկած կրկնում էի Մերուժանի խոսքերը: Որտե՞ղ է Լևոնիկի պապը: Մեռե՞լ է, թե չի մեռել: Եթե մեռել է, ինչպե՞ս է մեռել, որ ոչ ոք չի տեսել: Եթե չի մեռել, ո՞ւր է: Ո՞ւր է Լևոնիկի պապը: Եթե չի մեռել, ո՞ւր է: Եթե մեռել է, ո՞ւր է: Իսկ գուցե խեղդե՞լ են: Գուցե պառկել է գետնին և թողել է, որ իրեն խեղդե՞ն: Գուցե խեղդվելով հաղթել է իրեն խեղդողի՞ն: Իսկ եթե խեղդվել է, ո՞ւր է: Ո՞ւր է Լևոնիկի պապը: Մեռե՞լ է, թե չի մեռել: Ահա՛ նա…
     Արևածաղիկնե՜րը… մեկը մյուսից բա՜րձր, մեկը մյուսից գեղեցի՜կ, հպարտ ցողուններով և ամոթխած գլուխները խոնարհած: Արևի ճաճանչների տակ հուրհրատող արևածաղիկնե՜րը ամոթխած հարսների պես: Անսահման արևածաղիկների դաշտ: Անսահմա՜ն արև և անսահմա՜ն հպարտ ցողուններ, և անսահմա՜ն ամոթխած հարսներ: Ահա՜ նա… բեղերը ոլորած և արևածաղիկների պես հպարտ: Նա՞ է, թե՞ արևածաղիկ է: Քայլո՞ւմ է, թե՞ արևի տակ ճոճվում է: Արևածաղի՞կ է, թե՞ Լևոնիկն է: Լևոնի՞կն է, թե՞ իր պապն է: «Վաղը արևածաղիկները կհասունանան»: Իբր Լևոնիկը չգիտե, թե ուր է իր պապը, իբր ոչ ոք չի տեսել, իբր ոչ ոք չգիտի: Մերուժանը, ահա՜ նա: Անսահմա՜ն հեռվից և անսահմա՜ն բարձր: Արևածաղկի սերմերը խշշալով թափվում են: Արևածաղիկը` առանց սերմերի: Լևոնի՞կն է, թե իր պապն է` ժպտում է, իբր իր համար ամեն ինչ մեկին գումարած մեկ է: Անատամ ու գունդուկծիկ մի ծերունի չրթում է, և իբր ոչ ոք չի տեսնում, իբր ոչ ոք չգիտի: Մերուժանը ապտակում է Լևոնիկին: «Ո՞ւր է պապդ»: Լևոնիկը լաց է լինում, Մերուժանը ապտակում է, Լևոնիկը լաց չի լինում: Մերուժանը ժպտում է, իբր բոլորն էլ գիտեն, բայց ձևացնում են, որ չգիտեն: Արևածաղիկները` մերկ: Անատամ ու գունդուկծիկ` ո՞վ է, ո՞վ է…
     Մյուս օրը նույն ժամին բոլորս հավաքատեղում էինք: Միայն Մերուժանը չկար: Քիչ հետո նա էլ երևաց: Ժպտում էր:

(Հինգ տարի հետո մենք նրա այդ ժպիտը կտեսնենք հեռուստացույցի մեջ, և ամեն ինչ մեզ համար մեկին գումարած մեկ կդառնա):

– Եվ այսպես, – ասաց Մերուժանը, – արևածաղիկները հասունացել են: – Նա գրպանից հանեց մի փաթեթ:
     – Երեսուն հատ, – ասաց նա, – իսկ այս մեկը տեղը կդնես, այնպես, որ ոչ ոք չիմանա:
     Զանետո-Լևոնիկը այն իր ծոցը դրեց:
     – Ճանաչո՞ւմ եք այն անատամ ծերունուն, որն ամբողջ օրը արևածաղիկ է չրթում: Լևոնիկի պապը չկա, իսկ նա քսան տարի է չրթում է: Ուրեմն այսպես, երբ այդ անատամը սկսի խռռացնել անկողնում, այնպես, որ ոչ ոք չիմանա, և այնպես, որ արևածաղիկների ցողունները չվնասվեն, բոլոր սերմերը թափում եք, շաղ եք տալիս, ոչ մի հատ չեք չրթում: Ոչ մի սերմ չեք թողնի: Այս լուսանկարները Պարկապզուկի հոր սոսնձով կպցնում եք արևածաղիկների գլխարկներին, այնպես, որ լուսանկարները չվնասվեն, և նկարը լինի ճիշտ կենտրոնում: Բոլոր գլխարկների վրա: Անխտիր: Պա՞րզ է:
     Ճիշտ է, նրա միտքը չէինք հասկանում, բայց ասացինք, որ պարզ է:
     – Հիմա հասկացա՞ր, հորթ, – Զանետոյին ապտակելով` ասաց նա, – հիմա հասկացա՞ր, թե որտեղ է պապդ: Անատամը քսան տարի է չրթում է, և իբր ոչ ոք ոչինչ չի տեսնում: Չրթո՛ւմ է, հո՛րթ, կսպանե՛մ, եթե պապիդ պես բեղեր չթողնես:
     Ինչ-որ բան գլխի էինք ընկնում, բայց չէինք հասկանում, թե ինչու անատամը քսան տարի է չրթում է և ինչ կապ կար Լևոնիկի պապի, արևածաղիկների և, ընդհանրապես, այն ամենի միջև, ինչ այսօր մենք արեցինք: Իմացանք մյուս օրը, երբ մեր արարքը մեծ աղմուկ բարձրացրեց գյուղում: Գյուղացիք քչփչում էին իրար մեջ և ասում, որ վերևում Աստված կա: Եվ հետո, ասում էին, որ եթե անատամը մի քիչ մարդ է, չի դիմանա:
     Նույն օրը մենք նորից հավաքվեցինք: Մերուժանը գովեց մեր սխրանքները և ասաց, որ «Առյուծ» ընդհատակյա խումբը ցրվում է: Ասաց, որ բոլորս էլ հիմա առանձին-առանձին «առյուծներ» ենք և հետո ավելացրեց, որ եթե երբևէ, հարյուր տարի հետո էլ, տեսել է, որ լաց ենք եղել, մեկին գումարած մեկի պես բոլորիս էլ կսպանի:
     Երեկոյան մեր տանը աղմուկ-աղաղակ էր բարձրացել: Տատս ասում էր, որ մեր ամբողջ ցեղը խելառ է, որ Աստված անիծեց` այդ ցեղի հետ իրեն կապելով: Մերուժանն ասաց. «Որ տնով-տեղով տրաքեք էլ, քաղաք եմ գնալու: Հենց վա՛ղը գնալու եմ»:
     Նա իր խոսքի տերը եղավ: Նույնիսկ չթողեց, որ տատս իրեն համբուրի: Երբ ավտոբուս էր բարձրանում, ինձ մոտ կանչեց և իր ծանր թաթով հարվածեց դեմքիս. «Եթե լսել եմ, կսպանեմ»:

Հարյո՞ւր, թե՞ հարյուր հազար տարի հետո, ե՞ս, թե՞ թոռնիկս, ի՞մ, թե՞ իր թոռնիկի ձեռքը բռնած, կանցնենք Սայաթ-Նովա փողոցով: Արևոտ օր կլինի, և փոքրիկը, արևածաղիկի գլուխը գրկած, կթռչկոտի շուրջս: Եվ հենց այդ պահին, երբ կմտածեմ, որ իբր ամեն ինչ բնականոն է` և՛ արևը, և՛ Սայաթ-Նովա փողոցը, և՛ արևածաղիկը, և, ընդհանրապես, այն ամենը, ինչ եղել է ու պիտի լինի, հենց այդ պահին մի ծանր թաթ կիջնի ուսին` ի՞մ, թե՞ թոռնիկիս, և մեկը վաղեմությունը չկորցրած ժպիտը կնճիռների մեջ թաքցրած, կորոտա՛. «Ես քեզ ասացի, չէ՞…»:

Երեք տարի նա ընդհանրապես գյուղ չեկավ: Քաղաքից լուրեր էին գալիս, որ ինչ-որ տեղ աշխատում է և բռնցքամարտով է պարապում: Հետո ասում էին, որ նրա հարվածից հետո հակառակորդին պատգարակով են հանում ռինգից: Նրա մասին գրում էին «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում: Գյուղացիք հավաքվում էին խանութի շեմին, որը գյուղամեջն էր, ու բարձրաձայն կարդում էին: Երեք տարի անց նա եկավ գյուղ և դարձյալ չթողեց, որ տատս իրեն համբուրի: Մեկ օր մնաց և գնաց: Գնալիս չմոռացավ մի հատ էլ ինձ հասցնել: «Չունենայի, ավելի լավ էր, – նրա մասին ասում էր տատս, – գազան է, հո մարդ չի»: Պապս ուրախ էր, բայց թաքցնում էր ուրախությունը և այդ պահին տրորում էր միակ աչքը: Երկու տարի հետո, փետրվար ամսին ամբողջ գյուղը Մերուժանի մասին էր խոսում: Եվրոպայի ինչ-որ քաղաքում նա իր բոլոր հակառակորդներին նոկաուտով է հաղթել և ահա, հասել է եզրափակիչ: Եթե հաղթի, Եվրոպայի չեմպիոն է: Գյուղը հպարտանում էր, նրա հաջողությունները իրեն էր վերագրում: Այդ մարտը ցուցադրելու էին հեռուստացույցով: Մոտ քսան հոգի հավաքվել էին մեր տանը: Տաք-տաք վիճում էին: Ասում էին, որ Մերուժանը չի թողնի, որ բանը հասնի երկրորդ ռաունդին, իտալացու ճաշը կեփի: Մեկն ասաց, որ այդ իտալացիները զարմանալի ժողովուրդ են, քթները ամեն տեղ խոթում են: Թող գնան երգեն Օպերայում, նկարեն, ի՞նչ են իրենց զոռով փորձանքի մեջ գցում: Առաջին մարտում մի ֆրանսիացի էր: Նրա բախտը չբերեց: Ընկել էր լեհ բռնցքամարտիկի հետ, որի տիտղոսները մեկ րոպեի չափ թվարկում էր մեկնաբանը: Լեհը հեշտությամբ հաղթեց, բայց մարտը ձանձրալի էր թվում: Երբ խաղավարը բարձրացրեց լեհի ձեռքը, բոլորս ծափահարեցինք: Բայց ծափահարությունները նրա համար էին, որ մարտը շուտ ավարտվեց: Հաջորդը Մերուժանն էր: Բոլորս սսկվել էինք: Տատս գոգնոցը վեր բարձրացրեց: Պապս ասաց, որ բռնցքամարտը հիմարություն է, և ինքը դրա հետ գլուխ չունի: Նա դուրս գնաց: Մերուժանի հայացքը անվրդով էր: Դահլիճում հավաքվածները աղմկում էին, սուլում: Երևում էր, որ բոլորը երկրպագում են իտալացուն: Մերոնցից մեկը առաջարկեց ձայնը կտրել: Այդպես ավելի լավ կլինի: Մարտը սկսվեց: Տատս խաղում էր գոգնոցի փեշերի հետ, ի՞նչ էր տեղի ունենում: Երևի Մերուժանը հաղթում էր: Պապս հետ եկավ, ձեռքը թափ տվեց, գնաց: Մեկն առաջարկեց ձայնը միացնել, այդպես ավելի լավ կլինի: Ո՞վ է հաղթում: Ահա՛ Մերուժանը` արևածաղկի պես հպարտ… ահա՛ Լևոնիկի պապը, Մերուժանը հարվածում է Զանետո-Լևոնիկին` ո՞ւր է պապդ: Լևոնիկը լաց է լինում: Մերուժանը նորից է հարվածում. «Լաց չլինե՛ս» … Լևոնիկը լաց չի լինում: Պապս դանակը դեմ է արել Գևոյի կոկորդին. «Եթե աչքս չես հանել` կսպանեմ»: Ես հայհոյում եմ Սատանա-Սաքոյին. «Եթե չես խեղդել` կսպանեմ»: Պարկապզուկ-Սերգոյի հոր սոսի՜՛նձը, և գյուղացինե՛րը, որ տեղի-անտեղի գոռգոռում են, իսկ ամենակարևոր բաների մասին` լռում: Մեր տանը հավաքվածները ձայները կտրել են: Իտալացի՞ն է հաղթում, թե՞ Մերուժանը: Ո՞վ է հաղթում: Ի՞նչ է եղել: Մերուժանը կանգնել է դեմքով դեպի մեզ, ձեռքերը թուլացրած վար է կախել: Իտալացին հարվածում է, մեկ անգամ, երկու, երեք… Մերուժանը չի դիմադրում, չի ցնցվում, նա իր վրա է ընդունում հարվածները: Տատս լաց է լինում: Պապս դուռը կիսաբաց է արել ու գոռում է տատիս վրա. «Լաց չլինե՛ս, լաց չլինե՛ս»: Մերուժանը անշարժ կանգնել է դեպի մեզ և ժպտում է: «Լաց չլինե՛ս», – տատիս վրա բարկանում է պապս: Մերուժանը ժպտում է հակառակորդին և նրա հարվածներից նույնիսկ չի ցնցվում: Ես այդ ժպիտը ճանաչեցի: Լուսանկարո՞ւմ եմ տեսել, արևածաղիկների՞ վրա եմ տեսել, որտե՞ղ եմ տեսել: «Լաց չլինես, Մերուժ, լաց չլինես», – գոռում եմ ես: «Մերուժ, լաց չլինես»: Մերուժանը ժպտում է: «Լաց չլինե՛ս», – տատիս վրա գոռում է պապս: Մրցավարը բարձրացնում է իտալացու ձեռքը: Մերուժանը ժպտում է` իբր իր համար և՛ հաղթելը, և՛ պարտվելը մեկին գումարած մեկ է:
     1977թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2210 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ