Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբները

21:20, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական առաջին ֆուտբոլային ակումբները

1910 թվականի լուսանկարում՝ Պոլսի (ներկայումս՝ Ստամբուլ) «Տորք» ֆուտբոլային հայկական ակումբի մարզիկների խմբանկարն է։
     Հայ ժողովրդի արևմտյան հատվածի՝ արևմտահայության ազգային, մշակութային, քաղաքական ու մարզական կենտրոնը Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն էր՝ Պոլիսը: 19-րդ դարի վերջին Պոլսի հայկական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ներառվեց մարմնամարզական ուսուցումը և հայերենով տպագրվեցին մարմնամարզությամբ զբաղվելու մի քանի ուղեցույցներ: Այդպես հիմք դրվեց հայկական սպորտի զարգացմանը:
     Ներկայացվող պատկերում 1908 թվականին Պոլսում ստեղծված և հայ առասպելաբանության դյուցազնի անունով անվանակոչված «Տորք» հայկական ֆուտբոլային ակումբի մարզիկներն են: Կենտրոնում նստածը ակումբի հիմնադիր և առաջատար խաղացող Վահան Չերազն է, որը ոչ միայն հայկական սպորտի, այլ նաև Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մեկն է հանդիսանում:
     Բացի ֆուտբոլից, «Տորք» մարզական ակումբի անդամները 1910-ականների սկզբին Պոլսում մասնակցում էին նաև լողի, թենիսի և հեծանվավազքի մրցումներին: 1910 թվականին արված լուսանկարը տպագրվել էր Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» հայկական մարզական թերթի 1911 թվականի 1-ին համարում: Թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր Շավարշ Քրիսյանը:
     Օսմանյան կայսրությունում հայկական, հունական և թուրքական ֆուտբոլային թիմերը սկսել են կազմավորվել 20-րդ դարասկզբին, սկզբնական շրջանում Պոլսում և Իզմիրում, իսկ հետո այլ քաղաքներում: Հայկական թիմեր էին ձևավորում նաև Թուրքիայի տարածքում գործող տարբեր եվրոպական քոլեջների հայ ուսանողները: Առաջին հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներն են համարվում «Բալթա-Լիմանը», «Արաքսը», «Տորքը», «Արմենիան», «Վասպուրականը», «Կիլիկիան» և մյուսները:
     Նշենք, որ հայկական ակումբները կազմակերպված կառույցներ էին և գործում էին հաստատված կանոնակարգերի հիման վրա: Մեծ կարևորություն էր տրվում ֆուտբոլիստների հանդերձանքին. բոլոր թիմերի մարզիկները դաշտում պարտադիր պետք է կրեին իրենց ակումբների տարբերանշաններով միատեսակ մարզահագուստներ:
     Հայտնի է նաև, որ անդրանիկ պաշտոնական խաղը հայկական ու թուրքական ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, այդ խաղում Պոլսի հայկական «Բալթա-Լիման» թիմը 5-0 խոշոր հաշվով հաղթում է թուրքական «Գալաթասարային»: 1908-ին «Բալթա-Լիմանը» վերակազմավորվում է երկու առանձին թիմերի՝ ստեղծվում են «Արաքսը» և «Տորքը»:
     Հետագայում «Արաքսը» դարձավ լավագույն հայկական ֆուտբոլային թիմը, որն իր մարզումներն անցկացնում էր Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»: Ի դեպ, Ստամբուլի ներկայիս թուրքական առաջատար թիմերը հստակ ֆիքսել են իրենց հիմնադրման տարեթվերը. «Գալաթասարայը» հիմնադրվել է 1905-ին, «Ֆեներբախչեն» ՝ 1907-ին, իսկ «Բեշիկթաշը» ՝ 1903-ին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2580 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ