Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հսկա պետության բռնապետ առաջնորդի դժբախտ կինը (նախորդի շարունակությունը)

08:51, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Հսկա պետության բռնապետ առաջնորդի դժբախտ կինը (նախորդի շարունակությունը)

Կինը Ստալինին գոհացրել է: Հեղափոխական ամուսնու համար նա եղել է այն մարդը, որին նա վստահել է: Իսկ Ստալինը եղե՞լ է արդյոք նրբանկատ ամուսին: Հավանաբար՝ ո՛չ: Նա բնույթով կոպիտ, կամակոր ու դաժան անձնավորություն է եղել, և այդ հատկությունները բազմիցս «թափվել են» իր մերձավորների, առավել ևս` կնոջ վրա: Եվ դա իմացել են շատերը, այդ թվում նաև Լենինը:

Պահպանվել է 1967 թվականին գրող Ա. Բեկի հետ Լիդիա Ֆոտիևիայի (Լենինի անձնական քարտուղարը 1918- - 1924 թվերին) հարցազրույցը.


     Ա. Բեկ – Նադեժդա Սերգեևնան ձեզ մոտ աշխատել է: Ինչպիսի՞ն է եղել:

Լ. Ֆոտիևա - Գեղեցիկ էր, շա~տ գեղեցիկ: Վրացական աչքեր (պապը վրացի էր), գրեթե միշտ գեղեցիկ, բայց երբեմն՝ անհետաքրքիր… Ստալինը նրա հետ շատ կոպիտ էր վարվում:

Ա. Բեկ – Ի՞նչ է նշանակում կոպիտ: Ասել է՝ «Ռա՞դ եղիր», «Գնա գրողի ծո՞ցը»:

Լ. Ֆոտիևա - Ո՛չ, դա կոպտություն չէ: Իմիջիայլոց, Ստալինը միշտ հանգիստ է խոսել:

Երբ Վասիլին ծնվեց, Ստալինը դադարեց Նադյայի հետ խոսել: Ստալինը նրան «դու» -ով էր դիմում, իսկ Նադեժդան՝ «դուք» -ով: Մի ամբողջ ամիս իրար հետ չէին խոսում: Նադեժդան որոշեց հեռանալ նրանից ու ապրել հոր տանը: Ի վերջո նրանք բացատրվեցին: Ստալինն ասաց, թե նրանից նեղացած է այն պատճառով, որ նա իրեն «դուք» -ով է դիմում: Դրանից հետո նա «դու» - ի անցավ, ու հաշտվեցին:

Նա Նադյային տարբեր գործերով էր բեռնում, նրան էր թելադրում իր հոդվածները: Նա պետք է և՛ նրա հյուրերին ընդուներ, և մեքենագրուհի աշխատեր Լենինի քարտուղարությունում: Մի անգամ Նադեժդան եկավ և հուզված ասաց, թե աշխատանքից ազատվում է: Ստալինն էր նրան այդպես կարգադրել: Ամուսնուն հատկացնելու ժամանակ կնոջը չէր մնում: Ես գնացի Վլադիմիր Իլյիչի մոտ և նրան ամեն ինչ պատմեցի: Վլադիմիր Իլյիչն ասաց. «Եթե վաղն աշխատանքի չգա, ինձ տեղեկացրեք, ես նրա հետ կխոսեմ»:

Բայց նա աշխատանքից ազատվեց: Ես այդ մասին տեղեկացրի Վլադիմիր Իլյիչին: Նա արտաբերեց՝ «Ասիացի»:

Բայց ամեն ինչ կարգավորվեց, և Վլադիմիր Իլյիչի միջամտության կարիքը չզգացվեց: 1921 թվականին նրանց ընտանիքը երկրորդ երեխայի սպասման մեջ էր: Բնական է, որ Նադեժդան չէր կարող ո՛չ աշխատել, ո՛չ էլ մասնակցել կուսակցական կազմակերպության գործունեությանը: Դա կրավորականություն որակեցին ու նրան հեռացրեցին կուսակցությունից:

Դրան Լենինը արձագանքեց 1921 թվականի դեկտեմբերի 20-ին: Կուսակցության զտման Կենտրոնական հանձնաժողովի անդամներ Պ. Զասլուցկուն և Ա. Սոլցին հասցեագրված հետևյալ գրությունը հեռախոսով թելադրեց. «Ինձ լուր է հասել կուսակցությունից Նադեժդա Ալիլուևային հեռացնելու մասին: Ես անձամբ հետևել եմ Ժողկոմխորհի գործերի կառավարչությունում որպես քարտուղարուհի նրա աշխատանքին, այսինքն՝ շատ մոտիկից: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ալիլուևների ամբողջ ընտանիքին, այսինքն՝ հորը, մորը և երկու դստերը, ես ճանաչում եմ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, հուլիսյան օրերին, երբ ես և Զինովևը ստիպված էինք թաքնվել, և վտանգը շատ մեծ էր, ինձ թաքցրել է հենց այդ ընտանիքը, և բոլոր չորսն էլ, վայելելով այդ ժամանակվա բոլշևիկ-կուսակցականների լիակատար վստահությունը, մեզ ոչ միայն թաքրեցին, այլև բազմաթիվ գաղտնի ծառայություններ մատուցեցին, առանց որոնց մեզ չէր հաջողվի խույս տալ Կերենսկու խուզարկուներից: Շատ հնարավոր է, որ Նադեժդա Ալիլուևայի երիտասարդ լինելու պատճառով այդ հանգամանքը հանձնաժողովին անհայտ է մնացել: Ես նաև չգիտեմ, թե Նադեժդա Ալիլուևայի գործը քննելիս հանձնաժողովն հնարավորություն ունեցե՞լ է համադրել նրա հոր մասին տեղեկությունները, որը հեղափոխությունից դեռ շատ առաջ կուսակցությանն օժանդակող բազմաթիվ բազմատեսակ գործառույթներ է կատարել՝ ցարիզմի ժամանակ ընդհատակում գտնվող բոլշևիկներին, որքան ես լսել եմ, լուրջ ծառայություններ մատուցելով:

Պարտքս եմ համարում այս հանգամանքների մասին տեղեկացնել Կուսակցության զտման կենտրոնական հանձնաշողովին»:

Բայց Նադեժդա Ալիլուևան կուսակցության շարքերում վերականգնվում է 1924 թվականին:

Պահպանվել է նրա նամակը՝ հասցեագրված Ի. Ի. Ռադչենկոյին, որում նա խնդրում է իրեն երաշխավորագիր տալ:

«Սիրելի Իվան Իվանովիչ,

Մեծ խնդրանքով եմ ձեզ դիմում, եթե ձեզ հաճո չէ ինձ երաշխավորագիր տալ՝ կուսակցության անդամության թեկնածու դառնալու համար, ապա շատ եմ ձեզ խնդրում ինձ սովորական երաշխավորագիր տալ: Ես ուզում էի անձամբ գալ ձեզ մոտ, բայց ուղիղ ժամը 9-ին պետք է Ժողկոմխորհում լինեմ, և չէի հասցնի ժամը 9-ին վերադառնալ: Իմ երաշխավորագիրը պետք է գրել ամենասովորական, բայց առանձին թղթի վրա: Ձեզ մոտ ես անպայման կգամ, բայց հիմա ոչ մի կերպ չեմ կարող: Ներեցեք, որ անհանգստացնում եմ, ու կանխավ շատ շնորհակալություն: Ողջույններս՝ Ալիսային, Իվ.-ին և Ալյոշկային:

09. 08. 24 թ.

Նադյա Ալիլուևա»:

Նադեժդան չափազանց համեստ կին է եղել: Նրա թոռը՝ Ա. Բուրդոնսկին, «Վեչերնայա Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մի շատ բնութագրական օրինակ է ներկայացրել.

«Հիսունական թվականներին տատիկի քույրը՝ Աննա Ալիլուևան, մի սնդուկ հանձնեց մեզ, որում պահվել էին Նադեժդա Սերգեևնայի իրերը: Ինձ ապշեցրել էին նրա շատ հասարակ զգեստները: Հնամաշ կոֆտա՝ թևատակերի կարկատաններով, կոշտ բրդից մաշված շրջազգեստ, որի աստառն ամբոջովին կարկատաններով էր պատված: Եվ այդ ամենը հագել էայն երիտասարդ կինը, որի մասին ասել են, թե նա գեղեցիկ արդուզարդի սիրահար էր»:

Ստալինի հետ ամուսնությունը Նադեժդային բացարձակապես չի երջանկացրել: Նա երեխաների՝ Վասիլիի ու Սվետլանայի հետ մի քանի անգամ հեռացել է նրանից, իսկ մահվանից ոչ շատ առաջ նույնիսկ արտահայտվել է Արդյունաբերական ակադեմիան ավարտելուց հետո նրանից վերջնականորեն հեռանալու մտադրության մասին: Ստալինը կնոջը, ամենայն հավանականությամբ, միշտ շատ խիստ է վերաբերվել, ամենևին հաշվի չի առել նրա շահերը: Իշխանության մղվող Ստալինն իմացել է, թե ինչ է անում: Բազում դժվարություններ հաղթահարած ու շատերին հաղթած այդ մարդը չէր կարողանում հասկանալ, թե ինչու իր կինը, իրեն աստվածացնելու փոխարեն, իրեն դատապարտում է, ասում է, թե ինքը սխալվում է, որ իրեն լավ մարդկանցով չի շրջապատել…Նա՝ մի քանի դասարանի հոգևոր կրթություն ստացած հայտնի հեղափոխականը, ինչպես երևում է, զգացել է, թե իրեն որքա՜ն է պակասում գիտելիքը, լայնախոհությունը, հասկացել է, որ ապրում է կրթված ու եռանդուն մի անձնավորության հետ, որն ուզում է լինել ոչ միայն երկրի առաջին մարդու կինը, այլև օգնականը:

Իմիջիայլոց, Նադեժդայի ներկայությամբ Մ. Վոլոդիչևան Ստալինին է փոխանցել Լենինի «կտակ» -ի առաջին մասի պատճենը, իսկ Լ. Ֆոտիևային` երկրորդ պատճենը: Ահա թե այդ մասին ինչ է հիշում Վոլոդիչևան ինքը.

«Հետագայում ես հաճախ էի հիշում այդ պահը և հասկանում, որ Լենինի նամակն իզուր ցույց տվեցի Ստալինին: Չնայած դրանում կուսակցության Կենտկոմի Գլխավոր քարտուղարի պաշտոնից Ստալինին հեռացնելու մասին առաջարկ դեռևս չկար, բայց և այնպես այդ նամակը նրան զգոնացրեց: Հիմա նա նախազգուշացված էր առ այն, որ կուսակցության համագումարին Լենինը մի շարք փոփոխություններ է առաջարկելու: Հետագայում Նադժդա Ալիլուևայի հետ մի խոսակցությունից ես հասկացա, որ Ստալինը վախեցել է, թե համագումարի պատգամավորներին ես կարող եմ տեղեկացնել Լենինի նամակի մասին:

…Ստալինն ինձ հայհոյեց, նա մտածեց, թե ես այդ նամակը կհանձնեմ համագումարին: Եվ նա ինձ հայհոյեց իր հակումներին համապատասխան»:

Այդ նամակում Լենինը տվել է Ստալինի կատարելապես ճշգրիտ բնութագիրը` ընդգծելով, որ նա չափից դուրս կոպիտ է, ընկերների նկատմամբ բավարար աստիճանի հոգատար չէ, կամակոր է ու չարաշահում է իրեն տրված իշխանությունը: : Այս բնութագիրը համապատասխանում է ոչ միայն նրա քաղաքական, այլև հոգեբանական դիմանկարին: Ընտանիքում նա եղել է նվազ զուսպ, նա տանը զգուշանալու կարիք չուներ, և դա է, ինչպես երևում է, եղել ընտանեկան բազում վեճերի ու նույնիսկ սկանդալների պատճառը: Դրանցից մի քանիսը քիչ է մնացել ամուսնալուծությամբ ավարտվեն:


     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7054 | 0 | 0
Facebook